Ռոմով կոլա

05.01.21

Ֆիլմը գրքի ստեղծման պատմություն է: Գիրքը ճանապարհ է անցնում՝ ներքին ճանապարհը, որը միայն հեղինակի` այս դեպքում Արամ Պաչյանի նախընտրած վայրերում է ձևավորվում: 

Առաջին վայրը, որ բացահայտում է ֆիլմի հերոսը  Հաղթանակ զբոսայգու «Արագիլ» ռեստորանի շրջակայքն է: Իր ուրույն ճարտարապետությամբ աչքի ընկնող «Արագիլ» ռեստորանը տարիներ ի վեր չի գործում, այն գրեթե լքված տարածք է, միայն որպես կենդանի տարածք մնացել է ռեստորանի դիտակետը, որտեղից բացվում է Երևան քաղաքի ողջ համայնապատկերը: Եվ հենց այս տարածքում սիրում են հավաքվել և ժամանակավորապես սոցիումից մեկուսանալ թինեյջերները, արվեստագետները, որոնք լռություն ու խոհեր են փնտրում: Հեղինակը նույնպես համակրում է այս տարածքը և գալով այստեղ մտովի կրկնում է  նախադասություններ, որը հատված է ստեղծվող գրքից:

Հեղինակի հաջորդ նախընտրած վայրը՝ Ռոսիա կինոթատրոնի շենքն է, որը խորհրդային շրջանի մոդեռնիստական ճարատարապետության լավագույն նմուշներից է: Այստեղ հեղինակի որոնած իր և ոչ հեռավոր անցյալի միջև կորսված կապն է: Սովետական շրջանի երևանյան կյանքը նրան ծանոթ է դասագրքերից, արվեստի գործերից, ֆիլմերից: Մի պահ հեղինակը փորձում է ձերբազատվել այս ամենից և իր անձնական, մտավոր կապը ստեղծելով՝ հասկանալ թե քաղաքի պատմությունը և թե իր գիրքը, որ ողջ ընթացքում ստեղծվում է: Հաջորդ վայրը, որտեղ հայտվում է հեղինակը՝ ծնողների տունն է, որը գտնվում է Արզնի գյուղի ճանապարհին: Տունը կիսավեր է, գրեթե փլատակ, 90-ականներին հեղինակի ծնողները լքել են տունը՝ միջոցներ չունենալով դրա կառուցումը ավարտին հասցնել: Հեղինակի համար գիրքը ինչպես և իր մանկության տունը փլատակ է, կիսակառույց շինություն, լքված հուշ ու անկատար երազանք, որը սակայն արթնանում է միայն արվեստի միջոցով, միայն այն ակնթարթում, երբ դարձյալ հեղինակը վերադառնում ու թափառում է իրեն հարազատ կիսավեր շինության տարածքում: 

Վերջին վայրը՝ տպարանն է: Գիրքը ինչպես մարդկային մարմինը ծնվում է առարկայական գործողություններից: Տպագրական սարքերը, կարելու, կազմելու, սոսնձելու ու դակելու գործիքները մարմնավորում են գրքի ծնունդը: Տպագրական սարքի մոտ գրքի լույս աշխարհ գալուն է հետևում հեղինակը և հընթացս լսվում են արդեն իսկ հեղինակի ներսում ամփոփված գրքից հատվածներ:

 

Գլխավոր հերոսի մասին

Ֆիլմում հեղինակը՝ արձակագիր Արամ Պաչյանն է, ով երեք գիրք ունի, թարգմանվել է տարբեր լեզուներով: Այժմ նրա վեպի հիման վրա Մյունխեն քաղաքում գրվում է օպերա: Շուտով լույս կտեսնի նրա նոր P/F վերնագրով փորձարարական վեպը, որից հատվածներ են հնչում ֆիլմում: Վեպը ինքնին ապակառուցողական է, սիստեմներից դուրս, այն պատմողական չէ, բաղկացած է միմյանց հետ տրամաբանական կապեր չունեցող ֆրագմենտներից: Վեպում քաղաքական, սոցիալական կոնտեքստերը ճակատային չեն, սակայն ինչ խոսք դրանք կան՝ հենց տեքստերի ենթաշերտերում են:

Արամ Պաչյանի ՝ իր ստեղծագործություններում արտացոլված թեմաները, ինչպես նաև գրելու յուրօրինակ ոճը և լեզուն ընթերցողի համար նոր հարթություններ են բացում: Նրա պատմությունները շոշափում են խոցելի թեմաներ, սկսած զինծառայությունից ( “ Ցտեսություն, Ծիտ” 2012), վերջացրած ալկոհոլային կախվածությամբ և տառապողի հանդեպ մարդկային կարեկցանքով (“ Թափանցիկ Շշեր”, 2008) և սոցիալական անարդարությամբ։ Վերջերս, նրա “ Թափանցիկ Շշեր” պատմվածքը մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ ընդգրկվել էր միջնակարգ դպրոցի, Հայ ժամանակակից գրողների ցուցակում։ 

 

Ռեժիսոր Արթուր Սուքիասյանը Արվեստի և Ակտիվիզմի մասին

Վերջին տասնամյակում արվեստագետներից քաղաքական և սոցիալական կոնտեքստերի պահանջը գնալով վերածվում է կլիշեի և ոչ առաջադիմական սկզբունքների, ուստի մենք մեր ֆիլմում փորձ ենք արել քաղաքականն ու սոցիալականը խնդրականացնել՝ խոսելով կոնտեքստից դուրս՝ ավելի շատ ցույց տալով պատկերի և տեքստի երկխոսությունը, որը անձնական հայացք է, ակտիվիզմի անձնական եղանակ, որ դրսևորվում է քաղաքի կիսաքանդ՝ ժամանակին ճարտարապետական կարևորագույն նմուշներ հանդիսացող շինությունների բացահայտումով, ինչի մասին էլ պատմում են կադրերը, լռությունը, ֆիլմի հերոսի ճանապարհը:

Հայաստանում քաղաքական, հասարակական հարցերը տարաբնույթ են, կա աղքատություն, սոցիալական անհավասարություն և այս խնդիրները պարզապես չեն կարող չարծարծվել անկախ արվեստագետի ստեղծագործություններում: Վերջին տարիներին Երևան քաղաքում հանրային տարածքները, անցյալի ճարտարապետական արժեքավոր շինությունները փրկելու և դրանք բնակիչներին ազատագրված ու բարվոք վիճակում վերադարձնելու լրջագույն խնդիր է ծագել: Եվ այս խնդրին արձագանքում է նաև մեր ֆիլմը՝ իրեն հատուկ նախընտրելի լեզվով: