Երկու աշխարհ՝ մեկում
Ալինան իմ մյուս դասարանցիներից առանձնանում էր նախևառաջ յուրահատուկ արտաքինով` տիպիկ կովկասյան դիմագծեր չուներ: Ազգանունը երկրորդ բանն էր, որ նրան տարբեր էր դարձնում մյուսներից. «յան»-ով չէր վերջանում, հայի ազգանուն չէր: Ամեն նոր ուսուցչի հետ ծանոթանալիս՝ հերթական անգամ լսում էինք ազգության մասին հարցն ու Ալինայի սիրած պատասխանը՝ կես հայ եմ, կես ասորի: Հպարտանում էր, ակնհայտ էր` ինքն ուներ մի բան, ինչ մենք չունեինք։ Մեր զուգահեռ դասարանի Կարենին «ռուս» էին ասում, իրոք, ռուսի էր նման: Գործընկերոջս՝ Աննային, միշտ օգնության ենք կանչում, երբ վրացերենի թարգմանության կարիք կա. մայրը վրացի է, վրացերենն էլ՝ նրա երկրորդ մայրենին:
Հայաստանում, ինչպես մյուս մոնոէթնիկ հասարակություններում, խառը ընտանիքների երեխաներն առանձնանում են՝ արտաքնապես, աշխարհայացքով, ավանդույթներով, խոհանոցով: Նրանք դա գիտեն: Երբեմն երկու քարի արանքում են հայտնվում, բայց ավելի հաճախ վայելում են երկու կամ ավելի աշխարհների բազմազանությունը:
Սիրուն Մինաս, 26տ.
Մայրս նիգերիացի է, հայրս՝ հայ Հնդկաստանից: Իրականում հայրս կիսով չափ է հայ, տատիկս անգլուհի է, բայց իրեն ամբողջությամբ հայ է համարում: Բժիշկ է, ու մեկնել էր Նիգերիա՝ աշխատելու, որտեղ հանդիպել է մայրիկին: Ես ու մի եղբայրս այնտեղ ենք ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան: Մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ եմ ու շատ եմ սիրում իմ գործը:
Պատիվ է լինել Սիրունը, որովհետև ինքը երկու ռասաների ներկայացուցիչ է, երկուսը մեկում` իրենց առավելություններով ու թերություններով: Այն, որ երկու տարբեր մայրցամաքից երկու տարբեր մարդ միավորվել են ու էդ միությունից ծնվել եմ հենց ես, ինձ համար Աստծո կողմից տրված մի փոքր առավելություն է:
Քանի որ հայրս ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մեր ընտանիքում կար նաև երրորդ՝ հնդկական մշակույթը: Դեպի Հնդկաստան ճամփորդությունների ժամանակ մայրիկը սովորում էր նաև էնտեղի ուտեստները պատրաստել: Այդպես մի օր նիգերիական, մի օր հնդկական ուտելիք էինք փորձում, շատ բազմաբան էր:
Դանիիլ Հարութունով, 22 տ.
Մայրիկս կես հայ, կես վրացի է, հայրիկս՝ կես ռուս, կես ուկրաինացի: Երկուսն էլ զինվորական են եղել, Գյումրիում են ծանոթացել: Հայրիկին համարյա չեմ տեսել. երկու տարեկան էի, երբ մահացավ Չեչնիայում:
Երևանում եմ ծնվել, մի շրջան ապրել եմ Գյումրիում, հետո Վրաստանում, շատ անգամներ եմ եղել Ռուսաստանում, մեկ անգամ՝ Ուկրաինայում, բայց միշտ վերադարձել եմ Հայաստան: Հոգիս դեպի հայկական սարերն է գնում: Էքստրիմի հետ կապված տարբեր սպորտաձևերով եմ զբաղվում՝ ալպինիզմ, սլեքլայն: Երազում եմ մի քանի մեծ սար բարձրանալ, էս տարի՝ Էլբրուսը: Իսկ մի քանի տարի հետո ուզում եմ ավտոստոպով ամբողջ երկրով շրջել:
Փոքր ժամանակ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Երեխա էինք, տեսնում էին ռուս դեմքս, էլ չէին մտածում, որ ուրիշ արյուն կարող է լինել մեջս, իրենց համար ես ռուս էի ու վերջ: Էդ կոնֆլիկտների արդյունքում պաշտպանողական ռեակցիա ձեռք բերեցի. մտածելակերպս ավելի հայկական դարձավ, երևի, որ կարողանայի մյուսների պես ապրել: Հետո հասկացա, որ դա ինձ ոչինչ չի տալիս, պետք չէր ինձնից այլ բան հնարել: Ու նորից սկսեցի ապրել` ինչպես ուզում եմ, ինչպիսին որ կամ:
Աննա Բարսեղյան, 28տ.
Մայրս վրացի է Վրաստանից, հայրս՝ հայ Հայաստանից, հանդիպել են չեզոք գոտում՝ Ռուսաստանում, որտեղ երկուսն էլ ուսանող էին: Մայրս արդեն 31 տարի ապրում է Հայաստանում ու շատ լավ հայերեն է խոսում: Հայրս երբեմն կատակում է՝ ասելով «Դու հաստատ հայկական արմատներ ունես, պարզապես չգիտես այդ մասին»:
Ծնվել ու մեծացել եմ Երևանում: Երբ ինձ հարցնում են՝ ով ես, ասում եմ, որ լրագրող եմ ու հայ, բայց հետո նշում եմ, որ նաև վրացի եմ: Վերջին մի քանի ամիսները Վրաստանում էի բնակվում, ու երբ էնտեղ էին հարցնում՝ որտեղից ես, պատասխանում էի՝ Հայաստանից, թեև էդ պահին ես դե ֆակտո Վրաստանից էի: Կարծում եմ՝ մարդն էն է, ինչ իրեն զգում է տվյալ պահին:
Երբեք խնդիր չեմ ունեցել թաքցնելու իմ խառնուրդ լինելը, իսկ շրջապատը, որում հայտնվել եմ, երբեք ճնշում չի գործադրել ազգերի նկատմամբ:
Ե՛վ հորս, և՛ մորս ընտանիքները քրիստոնյա են, հայկական կողմը՝ առաքելական, վրացականը՝ ուղղափառ: Դպրոցական էի, երբ որոշեցի կնքվել վրացական ուղղափառ եկեղեցում: Հավանաբար իմ վրա ազդեցություն ունեցավ վրացական ընտանիքս, որովհետև քեռիս հոգևորական է, մյուս կողմից՝ Վրաստանում հասարակությունն ավելի հավատացյալ է: Կարծում եմ՝ պապաս նեղացավ, բայց դա պարզապես որոշում էր, որ ես կայացրի: Իսկ այս պահին, անկեղծ ասած, ես որևէ տարբերություն չեմ տեսնում. ինձ համար բացարձակ կարևոր չեն միևնույն կրոնի տարբեր ճյուղերի միջև տարբերությունները, և նույնիսկ՝ տարբեր կրոնների տարբերությունները:
Իրինա Հովհաննիսյան, 43տ.
Հայրիկս հայ է, մայրիկս ռուս է` ռուս մոլոկանների ընտանիքից, ովքեր մյուս մոլոկան ընտանիքների հետ հավատքի պատճառով Եկատերինա թագուհու օրոք աքսորվել են Հայաստան ու բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում:
Ճամբարակն իմ ծննդավայրն ու բնակավայրն է: Ես միշտ զարմանում եմ, երբ ինձ ասում են՝ տեղափոխվի Երևան: Այո, Հայաստանի ամենաաղքատ ու խոցելի մարզերից մեկում է գտնվում Ճամբարակը, բայց այլ տեղում ապրելիս ինձ չեմ պատկերացնում: Ես ջանք եմ թափում, որ իմ քաղաքը մի քիչ ավելի նպաստավոր դառնա ապրելու համար: Ես էն եմ, ինչ կամ Ճամբարակում: Այնտեղ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, սոցիալական ձեռներեցությամբ:
Ղարաբաղյան պատերազմից հետո ռուսների համար շատ սթրեսային էր Ճամբարակում և, առհասարակ, Հայաստանում, մնալը: Ու շատերը գնացին: Մնացին նրանք, ովքեր գնալու տեղ չունեին, ու հայ ամուսիններ ունեցող մի քանի կանայք: Մայրս էլ՝ նրանց թվում: Նա էլ ընտրեց ընտանիքն ու մնաց էստեղ:
Ինձ մեկ-մեկ հարցնում են, եթե երկրորդ կյանք ապրելու հնարավորություն լիներ, ի՞նչը կփոխեիր: Ես կարող եմ ասել՝ ինչը չէի փոխի. ես կուզեի ծնվել նույն ընտանիքում:
Գայլ Խանտիկեան, 24տ.
Հայրս հայ է Լիբանանից, մայրս սալվադորցի՝ Էլ Սալվադորի մի փոքրիկ գյուղից: Երկուսն էլ ութսունականներին են գաղթել Ամերիկա: Ես ծնվել ու ամբողջ կյանքս ապրել եմ Լոս Անջելեսում:
15 տարի հայկական վարժարան հաճախեցի, այսինքն, ուսանողական, ընկերական, նաև սոցիալական շրջապատս համալսարանից առաջ հայկական էր ու դա էլ մեծ ազդեցություն ունեցավ իմ հայկական ինքնության ձևավորման հարցում:
Չորս անգամ եղել եմ Սալվադորում, բայց ամեն անգամ օտար եմ զգացել: Թեև երբ առաջին անգամ եղա Հայաստանում, այստեղ էլ շատ զարմացա ու հիասթափվեցի. շատ սփյուռքահայերի պես` ես էլ Հայաստանի մասին իմ պատկերացումներն ունեի: Երևան տեղափոխվեցի 2015-ին. եկա մեկ տարվա կամավորական ծրագրով, «ՓԻՆՔ Արմենիա» հասարակական կազմակերպությունում օգնում էի ԼԳԲՏ համայնքի միջոցառումների կազմակերպչական հարցերում: Բայց շուտով հասկացա, որ մեկ տարին բավարար չէ, որ ուզում եմ այստեղ ապրել, աշխատել, ծանոթանալ երկրի հետ: Ու որոշեցի մնալ: Սկսեցի աշխատել նույն կազմակերպությունում:
Մարդիկ հարցնում են՝ ինչու տեղափոխվեցի: Ասում եմ՝ որովհետև հայ եմ, դա ամենապարզ պատասխանն է: Բայց ինձ համար տարօրինակ է, որ հայ ընտանիքս ինձ չհասկացավ: Որովհետև այդ մարդիկ են ինձ մեծացրել որպես հայ, ու երբ տեղափոխվելու որոշում կայացրի, ասում էին՝ մի գնա, էնտեղ ապագա չունես, գործ չկա, փող չկա: Աբսուրդ է: Ասում եմ՝ ուրեմն մենք ի՞նչ ենք անում Ամերիկայում, ո՞րն է սփյուռքի մեջ հայ լինելու իմաստը: Միայն տատիկս փորձեց հասկանալ ու պաշտպանել իմ տեսակետը, թեև ինքն էլ կուզեր, որ Ամերիկայում մնայի. շատ է կարոտում:
Զորանա Իվկովիչ, 21տ.
Մամաս հայ է, պապաս՝ սերբ: Սերբիան դեռ Յուգոսլավիայի կազմում էր, երբ ուսանող մայրս որոշում է գնալ-տեսնել այն: Ծանոթանում է հորս հետ: Մի տարի անց պապան է գալիս Երևան՝ աշխատելու: Շարունակությունը պարզ է:
Հայաստանում են ամուսնացել, հետո տեղափոխվել են Մոսկվա, որտեղ էլ ծնվել եմ ես: Ընտանիքս անընդհատ տեղափոխվում էր՝ Մոսկվայից Բելգրադ, հետո՝ Երևան, հետո՝ նորից Սերբիա:
Դա իր դժվարություններն ուներ, հատկապես կրթության, լեզվի հարցերում:
Մայրիկիս ծնողները խնամքի կարիք ունեին, նրա հետ տեղափոխվեցի Հայաստան: Այստեղ ընդունվեցի համալսարան, բիզնեսի կառավարում եմ ուսումնասիրում: Հետագայում կվերադառնամ Սերբիա, այնտեղ կշարունակեմ ուսումս IT [տեղեկատվական տեխնոլոգիաների] ոլորտում:
Ինձ Էջմիածնում են կնքել, բայց ես ավելի շատ սերբական ուղղափառ եկեղեցու հետ եմ կապված: Մամաս կրոնական տոները չէր նշում, իսկ պապաս նշում էր բոլոր օրացույցային տոները: Հիմա Հայաստանում ես ինքս եմ նշում դրանք: Սերբիայում էլ հայկական տոներ էինք նշում: Մի անգամ ընտանիքով Վարդավառն էինք տոնում, ու մեր հարևանները մեզ թարս էին նայում, չէին հասկանում՝ ինչ են անում էս մարդիկ: Երբ պատմեցինք, այնտեղ էլ ավանդույթ դարձավ. հաջորդ տարիներին արդեն նաև սերբ ընկերներիս հետ էի նշում:
Ալեքսանդրա Պաննա, 21տ.
Պապաս լիբանանցի արաբ է, մամաս՝ պոլսահայ: Երկուսն էլ Բեյրութի հայկական Հաճն թաղամասում են մեծացել: Պապան տասներեք տարեկանից հայերեն գիտեր ու մեզնից ավելի լավ է խոսում, բոլոր ընկերները հայ են…
Ես Lիբանանում եմ ծնվել, հայկական դպրոց եմ գնացել, եղել եմ սկաուտական խմբերում, հայկական պար եմ սովորել: Մաման ֆանատ ազգասեր հայ է, ու տանը ոնց որ միշտ պրոպագանդա լիներ, շրջապատումս բոլորը հայ էին: 17 տարեկանում նոր սկսեցի լիբանանցիների հետ շփվել, ու արաբերենս էնքան վատ էր, որ ստիպված էի լեզուն սովորելու համար պարապմունքի գնալ:
Լինում են րոպեներ, երբ ծնողներիդ տարբեր արմատներ ունենալը վերածվում է ազգային խնդրի, վիճաբանության պահին հաշտության գնալու փոխարեն՝ ամեն մեկը գնում է իր ազգի կողմը: Դա կոնֆլիկտն ավելի է աշխուժացնում, իսկ երեխային վատ վիճակի մեջ դնում: Որովհետև կորում ես, երբ պետք է ընտրես՝ աջ կամ ձախ, մամայի կամ պապայի կողմը գնալ:
Լիբանանում կյանքը ուրիշ է. պետք է շատ փող ունենաս, լավ ավտո առնես, լավ շոր հագնես, որ լավ ընկերներ ունենաս: Ինչ-որ պահի հասկացա, որ ես էլ էդպիսի մարդ կդառնամ, խելք չեմ ունենա, դպրոցն ավարտելուց հետո որոշեցի մամայի հետ գալ Հայաստան, որպես հասուն մարդ էստեղ ձևավորվել: Հիմա Ամերիկյան համալսարանում քաղաքագիտություն ու հանրային կապեր եմ սովորում: Հետո կվերադառնամ Բեյրութ, էնտեղ էլ իրավաբանություն կսովորեմ ու էս երեք ոլորտները կփորձեմ համադրել աշխատանքումս:
Անահիտ Ավագյան, 25.տ
Հայրս հայ է, մայրս հնդկուհի է Դելիից, արմատներով՝ փենջաբցի: Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ուսանելու ժամանակ են ծանոթացել, երկու քույրերս այնտեղ են ծնվել, հետո տեղափոխվել են Հայաստան: Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում:
Տանը խոսել ենք հայերեն, թեև հինդին էլ գիտենք: Մայրս երբեք դեմ չի եղել մեզ հայ մեծացնելուն, ավելին, հենց ինքն էր մանկուց մեզ միշտ ասում՝ դուք հայ եք, պիտի սա իմանաք: Նա շատ բաց է եղել նոր մշակույթ ընդունելուն. շատ արագ՝ չորս ամսում սովորել է լեզուն, կարդացել հայ գրականություն, պատմություն ու մեզ էլ սովորեցրել: Բայց երբեք չի ասիմիլացվել. իր կենսակերպով ու մոտեցումներով ամբողջությամբ հնդկական մշակույթի կրող է:
Հնդկաստանի հետ իմ առնչությունն ավելի շատ մշակութային մակարդակի վրա է: Դեռևս վաղ տարիքից ծանոթացել ենք հնդկական գրականությանը, փիլիսոփայությանը, հայ և հնդկական էպոսներին:
Ես զբոսավար եմ, ու ինքս էլ շատ եմ ճամփորդում, այդ թվում՝ Հնդկաստան: Հնարավոր չէ չսիրել այդ երկիրը՝ իր բազմազանությամբ: Միայն քաղցրավենիքն ու չարազեղենը բավական են, որ ես չխնայեմ միջոցներս ու հասնեմ Հնդկաստան: Այդուհանդերձ, շա՜տ ուրիշ է, երբևէ չեմ պատկերացրել ինձ էնտեղ ապրելիս: Դա այն երկրներից է, որտեղ հաստատ չեմ կարող ապրել:
Րաֆֆի Էլլիոթ, 27տ.
Մայրս հալեպցի հայ է, հայրս՝ իռլանդական արմատներով կանադացի: Ուսանողական տարիներին Կանադայում են հանդիպել: Թեև մայրս վստահ էր, որ հայի հետ է ամուսնանալու, հայրս սիրահարված էր ու խոստացավ օգնել երեխաներին հայ մեծացնել:
Ազգությամբ կես հայ, կես իռլանդացի եմ, բայց չորս մշակույթ ունեմ, որովհետև նաև բնիկ կանադացի եմ և ծնվել եմ Կանադայի միակ ֆրանսիախոս՝ Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Հետաքրքիր է նաև, որ Մոնրեալը Հյուսիսային Ամերիկայում Գլենդելից բացի միակ վայրն է, որտեղ ընտանիքներում երեխաների արդեն չորրորդ սերունդը խոսում է հայերեն:
Մայրս Սիրիայում է մեծացել ու, թեև խոսում է հայերեն, բայց հայկական կրթություն չի ստացել: Ես հայկական դպրոց եմ հաճախել: Ու քանի որ ամուսնությունից հետո հայրս պահել էր խոստումն ու հայերեն գրել-կարդալ սովորել, հենց նա էլ օգնում էր՝ հայոց լեզվի դասերը պատրաստել:
Երբ Հայաստան տեղափոխվելու միտքն առաջացավ, փորձում էի տարվա մի քանի ամիսն այստեղ անցկացնել, հասկանալ՝ ինձ համար տեղ կգտնեմ, թե ոչ: Բայց պատասխանը միանշանակ այո էր, Հայաստանում ես ինձ ավելի լավ էի զգում, քան որևէ այլ տեղում: 2011-ին Երեւանից աշխատանքի առաջարկ ստացա ու տեղափոխվեցի: Զբաղվում եմ բիզնեսով՝ իմ ստարտափն ունեմ:
Ինձ ուրախացնում է, որ հայրիկս հասկացավ ու պաշտպանեց Հայաստան տեղափոխվելու իմ որոշումը: Նույնիսկ փորձում էր բացատրել ազգականներիս, ովքեր չէին հասկանում, թե ինչու պետք է թողնեմ Կանադան ու գամ Հայաստան: