Լռեցնելով մեդիադաշտը. հայկական նախադեպեր

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան

20.06.17

Այս տարվա ապրիլին Հայաստանում անցկացրած խորհրդարանական ընտրությունների նախօրեին Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը հայտնվեց յուրաքանչյուր լրագրողի համար անցանկալի մի իրավիճակում, երբ հայտնաբերեց, որ Twitter-ի իր հաշիվը 
ժամանակավորապես կասեցվել էր: 

Նա միակը չէր: Մեդիա ոլորտի աչքն ու ականջը դարձած Media.am-ի գլխավոր խմբագրի Twitter-ի հաշվից բացի, ժամանակավորապես կասեցված էին նաեւ ընտրություններն այդ հարթակում ակտիվ լուսաբանող Civilnet.am-ի եւ Hetq.am-ի, ինչպես նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հաշիվները:

Այս ժամանակավոր կասեցումը ռուսական անուններով բոտերի (ավտոմատացված կեղծ հաշիվներ) կողմից ընտրությունների օրը օգտագործված #armvote2017 հեշթեգի վրա հարձակման շարունակությունն էր, որը տեւեց մի քանի ժամ (այդ մասին կարող եք կարդալ այստեղ): Այս նախադեպը շատ հայ օգտատերերի համար պարզ դարձրեց նման նշանակալից իրադարձությունների ժամանակ ինֆորմացիայի առցանց աղբյուրների հասանելիության կարեւորությունը:  

Սա առաջին հերթին ինֆորմացիայի սահմանափակման համար նոր տեխնոլոգիաների կիրառման օրինակ էր, եւ շարունակությունը տեղեկատվական բլոկադայի փորձերի, որի հիմքը տարիներ առաջ դրել են հենց Հայաստանի իշխանությունները:

Chai-Khana-ն առաջարկում է հետհայացք գցել Հայաստանում իրականացված տեղեկատվական բլոկադայի նախկին օրինակներին:

Twitter-ի ակտիվ օգտատերերի հաշիվների ժամանակավոր կասեցման սքրինշոթը:

Թվիթերյան ճգնաժամ


 

Ամեն ինչ սկսվեց հեշթեգից: Twitter-ի ակտիվ օգտատերերը ընտրություններից առաջ սովորաբար ինչ-որ հեշթեգ են ընտրում, որն օգտագործում են այն լուսաբանելիս: Այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա #armvote2017-ն էր:

Ընտրությունների նախորդ օրը ռուսական ծագմամբ կեղծ հաշիվներ ու բոտեր հայտնվեցին, որոնք ուղղորդված կերպով  ցանկանում էին տապալել ընտրված հեշթեգը եւ ընտրությունների անաչառ լուսաբանումը այդ հարթակում` կեղծ տեղեկություններ տարածելով ԱՄՆ ՄԶԳ (USAID) անունից:

Միկրոբլոգը սովորաբար արգելափակում է այն հաշիվները, որոնց նկատմամբ տարբեր բնույթի (spam-ի տարածում, անձնական վիրավորանք, ֆեյք լինելու կասկած եւ այլն) բողոքներ է ստանում այլ օգտատերերից:

Արդյունքում մի քանի ժամով կասեցվեցին թվիթերյան ակտիվ հայ օգտատերերի որոշ հաշիվներ, ովքեր պարբերաբար գրառումներին էին անում ընտրությունների վերաբերյալ եւ անդրադառնում ընտրախախտումներին:

«Սկզբից մի քիչ անհանգստացա, Twitter-ն ասում էր, որ հաշիվը կարող է վերականգնվել 24 ժամվա ընթացքում, այսինքն` ընտրությունների օրվա երեկոյան, իսկ դա կխաթարեր ընտրությունների լուսաբանումը: Դիմեցինք ամերիկյան Access Now կազմակերպությանը, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության խնդիրներով: Բոլոր հաշիվները չորս ժամ հետո բաց էին,- պատմում է Գեղամը:

2008-ի մարտի 1-ի բլոկադան



Twitter-ի հաշիվների կասեցման այս փորձն առցանց եւ տպագիր հարթակներում լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու եւ ինֆորմացիոն բլոկադայի դասական օրինակ էր:

Հայաստանում այս պրակտիկայի հիմքը դրվել է  2008 թվականի մարտի 1-ին, երբ ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմության ներկայացուցիչների ու ոստիկանական ուժերի միջեւ փողոցային բախումներ տեղի ունեցան: 

Պաշտոնական տվյալներով` փողոցային բախումների ընթացքում 2008 թվականի մարտի մեկին զոհվեց 10 մարդ:

Նույն օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց երկրի տարածքում մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին, որի չորրորդ կետը սահմանում էր` զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լուսանկարի աղբյուրը` 2rd.am:

Հրամանագրի կյանքի կոչմանը զուգահեռ Հայաստանում արգելափակվեցին գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերը (A1plus.am, aravot.am, azatutyun.am), արգելափակվեց նաեւ Youtube-ը, որտեղ մինչ այդ խելահեղ արագությամբ տարածվում էին ընդդիմության պատրաստած քարոզչական հոլովակները:

Մամուլը` կոմայի մեջ 


 

 

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն արգելում է գրաքննությունը: Իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես՝ զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում։ Հոդվածում ոչ մի խոսք չկա լրատվամիջոցների արգելափակման ու գրաքննության մասին։ Բայց 2008-ին այն, ամեն դեպքում, տեղի ունեցավ:  20 օր շարունակ կոմայի մեջ էր նաեւ հայաստանյան տպագիր մամուլը: «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը հիշում է մարտի 1-ի երեկոն, երբ թերթի` մարտի 2-ին տպագրվելիք թողարկումը տարան տպարան: Այնտեղ Հայկ Գեւորգյանին առաջինը դիմավորեց ԱԱԾ աշխատակիցը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը:

«ԱԱԾ սպան, կարծեմ կոչումով կապիտան, ուշադիր կարդում էր թերթի առաջին էջը, ստուգում, հետո զանգահարում ինչ-որ տեղ խորհրդատվության համար ու արգելում տպել: Ուղիղ 20 օր աշխատում էինք, պատրաստի թողարկումը ավանդույթի ուժով տանում տպարան ու մերժում ստանում: Մի քանի օր հետո արդեն հույսներս կորցրել էինք, գնում էինք տպարան, կարդում թերթը, ստանում մերժումը, հետո սուրճ էինք խմում ԱԱԾ աշխատակցի հետ ու վերադառնում խմբագրություն»,-պատմում է Հայկ Գեւորգյանը:  

Թերթի պաշտոնական կայքը նույնպես արգելափակված էր: «Հայկական ժամանակի» հերթական համարը լույս տեսավ մարտի 21-ին` արտակարգ դրության ռեժիմի վերցումից մեկ օր հետո:

Արգելափակումից հետո «Հայկական ժամանակ» թերթի 2008 թվականի մարտի 21-ի համարը:

Այդ օրերին արգելափակված էր նաեւ «Հայկական ժամանակի» կայքը: Բայց համացանցից օգտվողները ամեն դեպքում գտնում էին արգելափակումը շրջանցելու տարբեր ձեւեր: Օգտագործվում էին մի քանի Anonymizer-ներ, որոնք շրջանցում էին Հայաստանի տարածքում արգելափակված կայքերը: Բացի այդ, կային նաեւ անհայտ անձանց  կողմից միջազգային դոմեյններով բացված կայքեր` ազատ լրագրության հարթակներ, որտեղ անհատները, լրագրողներն ու լրատվամիջոցները կարող էին գրանցվել ու հրապարակել իրենց նյութերը:

Մարտի 1-ին եւ դրան հաջորդող օրերին մարդիկ հաճախ գտնում էին բլոկադայի պայմաններում ինֆորմացիա ստանալու ձեւերը: Համացանցի այլընտրանքային աղբյուրներից ինտերնետ ակումբներում օգտվում էին անգամ տարեց մարդիկ, ովքեր մինչ այդ երբեք չէին առնչվել համացանցին:

Դրանցից մեկը khosq.com-ն էր: Այն այժմ չի գործում, բայց համացանցային էջերը արխիվացնող Web.archive.org կայքը պահպանել է այս հարթակի բազմաթիվ սքրինշոթեր:  

«Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը հիշում է, որ այդ օրերին մարդիկ ավելի ակտիվ սկսեցին օգտվել համացանցից, քանի որ չկար տպագիր մամուլը: 

Այլընտրանքային լրատվություն


 

Քսանօրյա ինֆորմացիոն շրջափակումը Հայաստանում նպաստեց նաեւ բլոգների ընթերցման ու որպես ինֆորմացիայի աղբյուրի օգտագործման արագ մշակույթի ձեւավորմանը: Հիմնականում Livejournal-ում գրանցված բլոգերները մարտի 1-20-ը բավական ակտիվ գրում էին երկրում ստեղծված իրավիճակի մասին, հաճախ նաեւ տեղեկատվություն տալիս այս կամ այն հարցի շուրջ:

Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ցանցում հայտնի է նաեւ որպես @kornelij: Այս կեղծանունը գալիս է նրա բլոգի անվանումից` kornelij.livejournal.com, որը դեռ 2008-ին ու դրանից հետո էլ ամենաընթերցվողներից է:

«2008-ի ինֆորմացիոն բլոկադայի օրերին դասական համարվող լրատվամիջոցները (թերթեր, կայքեր) չէին գործում, հեռուստաընկերություններն  էլ վերահսկվում էին իշխանությունների կողմից ու ենթարկվում արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագրին` տալով միայն պաշտոնական տեղեկատվություն: Քանի որ Livejournal-ը Հայաստանում արգելափակված չէր, շատերը սկսեցին բլոգներ կարդալ ու նաեւ բացել սեփականները: Վերլուծություններից ու կարծիքներից բացի, Livejournal-ում կարելի էր նաեւ հավաստի ինֆորմացիա գտնել  արտակարգ դրության պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այդ օրերին որոշ լրագրողներ սկսեցին նույնիսկ մեղադրել բլոգերներին` լրագրողի մասնագիտությունը իրենցով անելու մեջ:  Իրավիճակը շտկվեց, երբ բլոկադայից հետո բլոգերների գրառումները սկսեցին ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ դառնալ նույն լրագրողների համար:

Սամվել Մարտիրոսյանի (@kornelij) Livejournal-ի բլոգի սքրինշոթը:
Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սասնա ծռերն» ու Ֆեյսբուքը  


 

2016-ի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք գործեցին Ոստիկանության ՊՊԾ (պարեկապահակային ծառայության) գունդ ու գրավեցին այն: Խմբավորումը իր ֆեյսբուքյան էջում հաղորդում էր իրենց կողմից սկսված հեղափոխության մասին` օգտատերերին կոչ անում միանալ իրենց: Մոտ մեկ ժամ ինտերնետ պրովայդերներից մի քանիսով հնարավոր չէր մուտք գործել Facebook:

Այս սոցիալական ցանցն այսօր Հայաստանում ինֆորմացիայի աղբյուրներին հասնելու հիմնական միջոցն է: Գրեթե բոլոր առաջատար ու մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներն իրենց ընթերցողների մի զգալի մասին կայք են բերում Facebook-ից: Բացի այդ, լրատվամիջոցներն էլ հակառակ սկզբունքով ինֆորմացիա են ստանում հասարակ օգտատերերի գրառումներից ու ցանցում տեղադրված այլ բովանդակությունից:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները հարցազրույց են տալիս լրագրողներին ՊՊԾ գնդի տարածքում: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Civilnet.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի խոսքով, սոցցանցի արգելափակումը ճգնաժամային պահերին կարող է իսկական խուճապ առաջացնել մարդկանց մոտ:

Facebook-ի այս ժամակավոր արգելափակումը արձանագրվեց նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համացանցի ազատության մասին տարեկան հաշվետվության մեջ:

Մեդիա փորձագետ, լրագրության դասախոս Մեսրոպ Հարությունյանի կարծիքով, ներկայում ինֆորմացիայի տարածումը արգելափակելը գրեթե անհնար է: Լրագրությունը միշտ կգտնի մեթոդներ տեղեկատվությունը սպառողին հասցնելու համար:   

Մեսրոպ Հարությունյանը նաեւ Media.am կայքի սյունակագիր է: (Լուսանկարը` Սուրեն Ստեփանյանի)

Ծրագրեր` արգելափակումը շրջանցելու համար. ի՞նչ են օգտագործում հայերը   


 

Այսօր կան տասնյակ անվճար հավելվածներ ու ծրագրեր, որոնք թույլ են տալիս շրջանցել լոկալ արգելափակումները: Շատ հայ օգտատերեր, ներառյալ մեր հոդվածում հիշատակված լրագրողներից ոմանք, օգտագործել են այս գործիքները արգելափակումների ժամանակ:

TOR-ը անվճար ծրագրային ապահովում է բոլոր օպերացիոն համակարգերի համար, որը թույլ է տալիս արգելափակված տարածքից անանուն մուտք գործել կայքեր:

Facebook ու Twitter-ի արգելափակման դեպքում գերադասելի է օգտագործել VPN (Virtual Private Network) տեխնոլոգիայով աշխատող հավելվածներ, որոնք անուղղակի կապ են հաստատում սոցցանցերի հետ անկախ տվյալ երկրում գործող արգելափակումից:

Ամենաապահով VPN ծառայություններից մեկն էլ TunnelBear-ն է, որն ունի հավալվածներ բոլոր օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների ու սմարթֆոնների համար:

Մեկ այլ նման հավելված է Psyphon-ը, որը բջջային հավելվածներ ունի միայն Android եւ Windows օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար:   

Իսկ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար կարելի է օգտագործել Opera Free VPN-ը: