Այնուամենայնիվ ֆեմինիզմ

Հեղինակ՝: Արեն Մելիքյան

22.08.17

Լուսինե Հովհաննիսյանն իր ընկերների հետ փոքր տարիքում հաճախ էր «գրասենյակային խաղեր» խաղում: Դասավորում էին գրասեղանները, շարում «փաստաթղթերը» և իրենց տնօրեններ պատկերացնում: Խաղի ընթացքում Լուսինեի անունն Արթուր էր, քրոջինն` Արարատ: Ընտրված անունները միշտ արական սեռի էին, քանի որ «եթե տնօրեն ես, ուրեմն տղամարդ ես»: Մանկական այս խաղերից տարիներ անց իր ընկերներից մեկի հետ ունեցած վիճաբանությունը Լուսինեին ստիպեց նորովի մտածել կնոջ իրավունքների մասին: «Տղայական» բակային խաղերին փոխարինեց կնոջ իրավունքների և սեռակնության մասին գրականությունը:

Միայն համալսարան ընդունվելուց և հայրենի Զվարթնոց համայքնից Երևան տեղափոխվելուց հետո, այժմ 24-ամյա Լուսինեն ուշադրություն դարձրեց հասարակության մեջ սեռականության վերաբերյալ առկա կարծրատիպերի հիմքերի խորությանը:

Հայաստանի Ամերիկյան Համալսարան ընդունվելուց հետո նա սկսեց իր առաջին հետազոտությունը ֆեմինիզմի մասին: Լուսինեն իր օրինակով ոգեշնչեց նաև իր ընկերներին` սովորեցնելով նրանց նոր տեսանկյունից նայել հասարակության մեջ կնոջ ու տղամարդու դերերին: