Փակ սահմանի բաց դռների օրը

Քարուքանդ ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը Գյումրի-Արմավիր մայրուղուց անջատում է Հայկաձորը: Սա հայ-թուրքական սահմանին գտնվող այս փոքր բնակավայրը հասնելու միակ ճանապարհն է: Երևան-Գյումրի էլեկտրագնացքը վերջին անգամ Շիրակի մարզի այս գյուղում կանգնել է 1991 թվականին: Մի քանի տարի առաջ փակվեց նաև գյուղի մոտակայքում գտնվող «Բագրավան» կայարանը, Հայկաձորը մնաց մեկուսացման մեջ: Այժմ այն արտաքին աշխարհի հետ կապող միակ հանրային միջոցը 13 տեղանոց երթուղայինն է, որը սպասարկում է նաև հարակից 4 գյուղերը: 

Հայկաձորի տարեցները բողոքում են՝ գյուղի փողոցներում այլևս հղի կին չեն տեսնում, երիտասարդները գնացել ու չեն վերադարձել: Մնացել են իրենք, երեկոյան հավաքվում են գյուղի խաչմերուկում՝ միակ խանութի դիմաց՝ նարդի խաղալու: Մոտ երեք հարյուր բնակիչ ունեցող Հայկաձորում առաջ մի քանի խանութ կար, հիմա մի կրպակ է. քաղցրավենիք, ալկոհոլ ու երկու տեսակ ծխախոտ են վաճառում:

Գյուղի մեծերը դեռ հիշում են ժամանակը, երբ իջնում էին Ախուրյան լողանալու, դա մինչև 50-ական թվականներն էր: Հետո Ախուրյանը մնաց փշալարից այն կողմ: Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո ԽՍՀՄ-ն խստացրեց սահմանի հսկողությունը: Փոքրիկ Հայկաձորը մնաց աշխարհաքաղաքական զարգացումների անմիջական սահմանին ու դրանց լուսանցքից դուրս: Բուֆերային գոտու ստեղծումից հետո գյուղի մի մասը տեղափոխեցին փշալարից այս կողմ: Այժմ ռուս սահմանապահներն այստեղ հսկում են Հայաստան-Թուրքիա սահմանը:

Ամայացող գյուղի միապաղաղ կյանքն ակտիվանում է 3 օրը մեկ անգամ: Ջրի օրն է: Գյուղն ամբարում է առաջիկա երեք օրերի ջուրը: Նոր սահմանի ստեղծումով` բուֆերային գոտում են մնացել հայկաձորցիներից շատերի հողամասերը: Հիմա դրանք մշակելու համար նրանք ստիպված են ունենալ սահմանապահների թույլտվությունը, իսկ ոռոգումն «Աստծո հույսին է»: Անցագիր պետք է նաև գյուղի միակ եկեղեցին այցելելու համար: Այն ևս փշալարից այն կողմ է՝ ընդհամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Բացվում է տարին երեք անգամ՝ Գրիգոր Լուսավորչի հետ կապված 3 տոներին ու առանձնահատուկ դեպքերում: Գյուղացիները բազմիցս խնդրել են «տուն բերել» եկեղեցին, սակայն թղթի վրա գծված սահմաններն ու ենթասահմանները փոխել դեռևս ոչ ոք չի շտապում: