Ընդդեմ հանքարդյունաբերության. երիտասարդ ակտիվիստի պայքարը չի դադարում

Հեղինակ՝: Լիլիթ Մխիթարյան

25.06.19

32-ամյա Թեհմինե Ենոքյանը լրագրող է և շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ: Պայքարում է միջազգային հանքարդյունաբերական ընկերության դեմ, որը ցանկանում է իր հայրենի Գնդեվազ գյուղից մոտ 8կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարում ոսկու հանք շահագործել:

Ըստ հանքարդյունաբերական ընկերության` «Լիդիան Արմենիայի» պաշտոնական տեղեկատվության` հանքավայրի շահագործման արդյունքում կկարողանա ստանալ 74 հազար կգ ոսկի և 295 հազար տոննա արծաթ: Ամուլսարը Երևանից հեռու է մոտ 170 կմ:

Տարիներ շարունակ Ենոքյանը պայքարում է ոչ միայն հանքարդյունաբերության, այլև հանքի շահագործմանը կողմ իր համագյուղացիների և շրջանի այն մարդկանց դեմ, ովքեր հավատում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ներդրումների շնորհիվ աշխատատեղեր կբացվեն:

Ենոքյանի համար հանքը երբեք գյուղի զարգացման այլընտրանք չի եղել, փոխարենը նրա աչքի առաջ են ծիրանենիների այգիները, որոնք տասնամյակներով պատկանել են իր համագյուղացիներին, բայց այսօր հանքարդյունաբերական կազմակերպության կողմից կտրվել են, մնացածներն էլ հանքի շահագործման դեպքում փոշուց կաղտոտվեն:

Տարիներ շարունակ Ենոքյանի պայքարն արդյունք չէր տալիս: Հանքարդյունաբերող ընկերությունն ուներ նախկին կառավարության աջակցությունը: Իսկ  ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներն այն համարում են մեծ ներդրում Հայաստանում:

Բայց ընկերության աշխատանքները դադարեցվել են 2018-ի հուլիսից, երբ հանքավայրի շահագործման դեմ բողոքող (Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ) բնակիչների և նրանց միացած բնապահպանների ու ակտիվիստների կողմից դեպի հանքավայր տանող ճանապարհները շրջափակվեցին:

Հայաստանի նախկին կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն էր տվել, որով հանքը շահագործվելու էր բաց եղանակով և կառուցվելու էր ցիանային ֆաբրիկա: Բայց 2018թ. նոր կառավարութունը հանքի շահագործումը կասեցրեց և ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման համար համալիր փորձաքննություն նշանակեց: 2019թ. մայիսի 31-ին 150 էջանոց եզրակացությունը ստացվել է, որի պատասխանը հայտնի կլինի հունիսի վերջին:

Գնդեվազցիները, սկզբում 9-ը, բայց հիմա արդեն 19 հոգի, 4 տարի է ՀՀ վարչական դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Բնապահպանության և էներգետիկայի նախարարության, որով գյուղացիները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացման  ՇՄԱԳ դրական փորձաքննությունները:

«Լիդիան Արմենիան» իր հերթին հայց է ներկայացրել ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ «հանցագործ Լիդիան» արտահայտության համար՝ պահանջելով 1 մլն դրամի ($2000) փոխհատուցում գործարար և բարի համբավին վնաս հասցնելու համար:

Բայց Թեհիմինեն իր պայքարը չի դադարեցնում, այսօր ավելի վստահ քայլերով է առաջ գնում, քանի որ իր հետ են ոչ միայն ընտանիքը, այլև համագյուղացիները: Նա վստահ է, որ Ամուլսարը հանք չի դառնա, իսկ Գնդեվազը կվերածվի տուրիստական գոտու: