Վախ Բռնողը

Վախ Բռնողը

28.10.19

Ծովինար Առաքելյանը 39 տարեկան է, ապրում է Հայաստանի ամենահայտնի գյուղերից մեկում՝ Գառնիում, որը մայրաքաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Գյուղում Ծովինարին ճանաչում են որպես վախ բռնող, մոմ թափող։ 

Հայաստանի գյուղերում, նաև քաղաքներում, շարունակաբար գործել է այս  «արհեստը». վախ բռնողները «փոխարինել են» թե՛ բժիշկներին, թե՛ հոգեբաններին։ Երբ երեխան վախենում է, ծնողները նախ՝ մտաբերում են գյուղի վախ բռնողին  և միայն ծայրահեղ դեպքերում են դիմում հոգեբանի օգնությանը։

Այսօր, երբ Ծովինարի այցելուներին հարցնում ենք՝ ինչի համար են 21-րդ դարում այցելում վախ բռնողին՝ նրանք պնդում են, որ Ծովինարի էներգետիկան շատ ուժեղ է և օգնում է մեկ օրում վախը հաղթահարել, ինչը չեն ասի հոգեբանի մասին, որին ստիպված են լինելու պարբերաբար այցելել և զգալի գումար ծախսել: 

Ծովինարը պատմում  է, որ ինքն ամեն օր  վախեցած ու սթրեսի ենթարկված այցելուներ է ունենում ոչ միայն Գառնիից, այլև Հայաստանի տարբեր մարզերից։ Երկրում տիրող կիսակայուն վիճակը Ծովինարին առանց այցելու չի թողնում: 

Գառնեցի վախ բռնողը միայն օտարների վախը չի բռնում, սեփական երեխաներն ու բարեկամները ևս օգտվում են Աստծո տված այդ «շնորհից»։