«Փամփուշտը զարդ է․եթե գուզես տեսնիս իրան որպես զարդ»։
Փամփուշտը զարդի վերածելու գաղափարը Արտակ Թադևոսյանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ ստիպված է եղել պատասխանել իր դստեր հարցին, թե ի՞նչ է փամփուշտը։ Չցանկանալով երեխային բացահայտել զենքի իրական նպատակը՝ մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ Արտակը սկսում է պատերազմի մեջ խաղաղություն փնտրելու և վերջինիս գեղեցկությունը այլ տեսանկյունից ուսումնասիրելու յուրահատուկ արվեստով զբաղվել․ որն է՝ ամբողջովին վերափոխել զենքի ֆիզիկական և գաղափարային էներգիան՝ բերելով այն դեպի գեղեցկության դաշտ։
Փամփուշտից պատրաստված զարդերն այսօր շատերն են կրում, որոնցից յուրաքանչյուրը իր սեփական պատմությունն ու խթանն ունի խաղաղության մասին կարևոր հաղորդագրությունը փոխանցելու և տարածելու համար։