Սեռական կրթությունից մինչև զվարճանք.TikTok-ի հայկական ֆենոմենը

Լրագրող: Անահիտ Հարությունյան,

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան

08.06.21
Հրատարակություն: Թվային հետք
թեման:

Երբ 34-ամյա սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանը միացավ TikTok-ին, նրա նպատակն էր կրթել երիտասարդներին և գիտելիքներ փոխացել իրենց մարմնի մասին, այլ ոչ թե դառնալ սոցիալական մեդիայի դեմք:

Բայց այսօր, այս հարթակի միանալուց մեկ տարի չանցած, դեռահասները նրան կանգնեցնում են Հայաստանի մայրաքաղաքի փողոցում ՝ խնդրելով լուսանկարվել հայտնի բժիշկ-տիկտոկերի հետ: 

Բժիշկ Ղարիբյանը հիշում է, որ սկզբում այս «պիտակը» խանգարում էր իրեն: Հետո որոշեց ընդունել այն: 

 «Սկզբնական շրջանում չէի համակերպվում այդ մտքի հետ, նեղվում էի։ Ախր, ոնց, ես 15 տարի բժշկական կրթություն եմ ստացել, սովորել, որ ինձ ասե՞ն TikTok-եր։ Սարսափելի ստորացուցիչ էի ընկալում։ Հետո աստիճանաբար այդ գաղափարի հետ համաձայնվեցի ու համակերպվեցի»,-ասում է նա։

Այսօր նա իրեն ներկայացնում է որպես  «TikTok-ի և տիեզերքի ամենահայտնի բժիշկ»։ 

@Dr.andronis անվամբ,  բժիշկ Ղարիբյանը փորձում է հավասարակշռել տեղեկատվությունն ու զվարճանքը։ Մի կողմից նա հայ երիտասարդներին ինֆորմացիա է տրամադրում անվտանգ սեքսի, մարմնի և սեռի հետ կապված ցանկացած այլ խնդրի մասին, միաժամանակ պատասխանում է հետևորդների հարցերին, որոնք նրանք խուսափում են տալ իրական կյանքում:  

«Լսում են «սեռական», «սեքս» բառերը, անկախ նրանից, թե դու ինչից ես խոսում, մարդկանց խումբ կա, սկսում է մեկնաբանություններով «հարձակումը»։ Հիմնականում մանիպուլյացիաներ են անում (իրավիճակը)։ Ասում են՝ ձեր սեռական կրթությունը բնորոշ չէ «հայու գենին», բայց ես կարող եմ կոտրել կարծրատիպերը»:

Նրա բանաձևը, կարծես թե աշխատում է. 2020-ի օգոստոսին հարթակին միանալուց ի վեր, բժիշկ Ղարիբյանը ավելի քան 50,000 հետևորդ է հավաքել՝ նրանց տրամադրելով TikTok-ի տարածված միտումներն և բժշկական տեղեկատվության խառնուրդը: Նա պայքարում է «կուսության» մասին առասպելների դեմ, նաև փորձում է հասնել ծնողներին ՝ սովորեցնելով նրանց, թե ինչպես պետք է սեռական հասունության ընթացքում խոսել իրենց երեխաների հետ և նրանց բացատրել, թե ինչ փոփոխություններ է կատարվում դեռահասի մարմնի հետ:

Նա նաև իր ազդեցությունն է ունեցել մեծահասակների վրա. վերջին մի քանի ամիսների ընթացքում  բժիշկը նկատել է, որ ավելի ու ավելի շատ կանայք են բացահայտ խոսում սեքսի հետ կապած վախերի մասին: 

«Օրինակ՝ վագինիզմ խնդրի դեպքում /երբ կինը չի կարողանում սեռական կյանք սկսել վախի պատճառով/, եթե մի քանի տարի առաջ աշխատում էի ամսական 1 կնոջ հետ, տարբեր հարթակներով իրազեկելու արդյունքում, հիմա ես օրական 2-3 այցելու ունեմ, միայն այդ խնդրով»,- ասում է բժիշկ Ղարիբյանը։ 

«Իրազեկումը իր արդյունքը տալիս է։ Մարդիկ բուժվում են, երջանիկ ապրում»։ 

Չնայած բժիշկ Ղարիբյանը սիրված է իր հետևորդների շրջանում, սակայն քննադատություններն էլ քիչ չեն, հատկապես ծնողներն ու բժիշկներն են դժգոհում։ 

«Մասնագիտությամբ բժիշկը մտածում է, որ ես մտել եմ սոցիալական ցանց «կլիենտ» հավաքելու համար։ Իրականում ես հաճախորդի խնդիր չեմ ունեցել, բայց թեկուզ և այդպես, ես վատ բան չեմ անում, ուսուցողական բովանդակություն եմ ստեղծում»,- ասում է նա։ 

«Facebook-ում ավելի լուրջ մասնագիտական ցուցումների ֆորմատն եմ ընտրել, իսկ TikTok-ում հումորային ոճով եմ ներկայանում։ Եթե հետևենք միջազգային փորձին, կտեսնենք, որ շատ հեղինակավոր կլինիկաների հայտնի բժիշկներ TikTok էջեր ունեն»։

«Դեռահասներին թվում է, որ իրենք հասել են զարգացվածության այնպիսի մակարդակի, որից մենք շատ հեռու ենք, ...
«Դեռահասներին թվում է, որ իրենք հասել են զարգացվածության այնպիսի մակարդակի, որից մենք շատ հեռու ենք, որ այդ հումորներն ու տեսանյութերը չեն կարող անել 33-34 տարեկանում, ծերացել ենք, չենք համապատասխանում TikTok-ի ֆորմատին, բայց չեն մտածում, որ մենք էլ կարող ենք թրենդ թելադրել»։

Բժիշկ Ղարիբյանը համաճարակի հետևանքով TikTok- ին միանալու նոր սերնդի օրինակ է՝ նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մինչ Ֆեյսբուքը Հայաստանում շարունակում է մնալ ամենատարածված սոցիալական մեդիան եւ ունի 1.5 միլիոն գրանցված օգտատեր, TikTok-ն արագ զարգանում է՝ պատանիների համար զվարճալի պարային տեսանյութերի հավելվածից փոխակերպվելով ազդեցիկ հարթակի, ասում է Մարտիրոսյանը:

«Եթե սկզբնական շրջանում դպրոցականների հարթակ էր, ապա հիմա ավելի շատ մեծահասակներ են։ Համավարակն ինքնին նպաստեց, որ մարդիկ մենակությունից սկսեն տարբեր  հիմարություններ ու տարօրինակություններ ներկայացնել TikTok-ում և ձանձրույթը ցրել, ուրախանալ»։ 

Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում TikTok- ի օգտագործողների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, չնայած մասնագետների գնահատականով`  մոտ կես միլիոն է, լրագրողների և քաղաքական գործիչների համար բավական մեծ թիվ, որպեսզի սկսեն օգտվել հարթակից, ու արդեն իսկ այդ միտումները նկատվում են,-ավելացնում է նա: 

Բայց ընդհանուր առմամբ, ըստ Մարտիրոսյանի, TikToker-երի մեծ մասը դեռ օգտագործում է ծրագիրը՝ գլոբալ միտումներին հետևելու համար՝ զվարճալի տեսանյութեր, պարեր, հայտնի կինոնկարների տեսահոլովակներ: 

«TikTok-ն ունի մեկ յուրահատկություն, որ ի տարբերություն մյուս սոցցանցերի,  շատ ավելի հեշտ է  լսարան հավաքում, շատ ավելի հեշտ է հայտնի դառնալ, համեմատած մյուս սոցցանցերի»,- ավելացնում է նա,- «ինչը խթանում է դրա ժողովրդականությունը»։

«Մազերը ստիլնի սարքած, լինզա դրած, ունքերը դզած, ֆսյո, ըսիկ գոմիկ է։ Ու մեկնաբանություններում էլ շատ վիրավորական արտահայտություններ կգրեին, հմի էլ կշարունակեն։ Գոմիկ էղնեի, ես կսեի գոմիկ եմ, բայց զոռով գուզեն օր ես գոմիկ դառնամ»։

Հայտնիություն  22-ամյա Ալեքս Ալեքսանյանին այցելեց գրեթե մեկ օրվա ընթացքում: Համաճարակից առաջ մատուցող Ալեքսը մնաց անգործ, երբ անցյալ մարտին Հայաստանում սահմանափակումներ մտցվեցին: Փակված լինելով Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող իր տանը՝ Ալեքսը զվարճանքի համար TikTok մտավ:

Շուտով @alex.alexis- ում  նրա տեղադրած կատակները, նմանակումներն ու պրանկները գրավեցին 74,000 հետեւորդների ուշադրությունը:

Որպես թատրոնով  ու դերասանությամբ հետաքրքրված մարդ, պլատֆորմը Ալեքսանյանի համար տարբեր անհատականություններ փորձելու և արտաքին տեսքը փորձարկելու միջոց էր:

«Գյումրիում մարդիկ ընձի գիտեին որպես Ալեքս, հետո TikTok-ով, որ հայտնի դարձա արդեն գիտեին, որպես TikTok-ի Ալեքս, բայց չճանչեցին որպես Ալեքս»,- ասում է նա։ 

«Իսկ արդեն վիրտուալ աշխարհում ճանաչողնեը կմտածեին օր անլուրջ մարդ եմ, որովհետև վիդեոներս հումորային էին։ Իրական կյանքում շատ լուրջ եմ, նույնիսկ կոմպլեքսավորված»։ 

Օնլայն և իրական կյանքի միջև տարբերությունը մշուշվեց այն բանից հետո, երբ մարդիկ սկսեցին կոպիտ մեկնաբանություններ անել նրա հագուստի և արտաքինի վերաբերյալ: Պահպանողական հայ հասարակության մեջ նրան նորաձեւ սանրվածքով կամ շորտերով պատկերող տեսանյութերը հանգեցրին քննադատությունների տարափի: 

«Մարդ կա ինձ համարում է նորաոճ։ Մարդ էլ կա կըսեր հայ տղուն բնորոշ արտաքին չունիմ, գոմիկ եմ։ Ու մեկնաբանություններում էլ շատ վատ արտահայտություններ կգրեին»,- նշում է Ալեքսանյանը՝ հավելելով, որ եթե ինքը գեյ լիներ, այդ մասին բաց կխոսեր: Նա փորձում է հանգիստ վերաբերվել քննադատություններին: Ալեքսը նշում է, որ նախքան TikTok-ին միանալն էլ, նա կարճ շորտեր է հագել ու նորաձեւ սանրվածք ունեցել, և ոչ ոք նրան այդ մասին ոչինչ չի ասել: 

Մի անգամ TikTok-ով նկարվա, էն ի՞նչ էրեցին, ինչեր գրեցին․․․ մեր բարեկամները մամայիս էին գրե․ «էս ի՞նչ է տղուդ վիճակը»։ Ավանդական գյումրվա ընտանքից եմ, պապաս ու ախպերս սպորտսմեն են, կըսեին մազերդ կտրե, հետո կամացից մտածեցին օր ես թատերական եմ գնացել, դա էլ իմ կերպարն է։ էս տարի էլ պտի հագնիմ, ավելի կարճ շոռթիկ։

«Մարդիկ կմտածեն Ալեքսը խզիկ, ֆունտիկ տիպ է, բայց Ալեքս օր կատղավ էն քյառտուներին կանցնի։ Ըսպես նայենգը լինզա դրած ունքերը դզած, ֆսո ըսիկ գոմիկ է։ 

Քյառթու տղու ոճ էլ կկրկնօրինակեմ։ Մի անգամ մազերս բոլորի նման սարքեցի, լինզաներս հանեցի ու գիտեք հարյուրավոր մարդիկ դարձան հետևորդ, ի՞նչ, մազիս ձևն օր փոխեցի, էլ գոմի՞կ չեմ»։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալեքսանյանը նկատում է, որ մարդիկ փոխվում են, և մեկնաբանություններն ավելի դրական են դառնում։  

«Շատ մարդիկ հարմարվան, ինձի սկսեցին սիրել, կըսեն, «մեր Ալեքսն է»։ Մարդ էլ կա փողոցը տեսնի, կսե TikTok-ի Ալեքսն է ու հետևիցս կխնդան կամ լուրջ չեն վերաբերվի, բայց կերպարն ու իրականը տարբեր են»,- ասում է նա։ 

«Ես մարդկանց կփոխեմ, բայց ես չեմ փոխվի, ես կմնամ էնպես, ինչխօր կամ ու գուզեմ»։

Սոցիոլոգ Թերեզա Խաչատրյանը նշում է, որ սոցիալական մեդիան մարդկանց հարթակ է տրամադրում` ներկայացնելու իրենց անհատականությունը: Բայց դա նաև իրականը և երևակայականը չափազանց շատ մշուշելու ռիսկ է պարունակում:

«Սոցիալական ցանցերը սահմանում են կյանքի և վարքի նոր ձև», - ասում է նա:

«Կա իմիտացիայի գործընթաց, այսինքն՝ մարդն ունի իրական պատկեր և ցանկալի պատկեր, որը ստեղծում է սոցիալական հարթակում: Հաճախ ստացվում է, որ ցանկալի և իրական պատկերի տարբերությունը հսկայական է»:

Որոշ հայ TikTok- երների համար, սակայն, իրականի եւ երեւակայականի անջրպետը հարթակի լավագույն մասն է: 

Մարդ-տիկնիկ կամ TikTok անիմե գեղեցկուհին․ «Ես փոքրուց պարել եմ լատինոամերիկյան պարեր ու իմ վիդեոները ...
Մարդ-տիկնիկ կամ TikTok անիմե գեղեցկուհին․ «Ես փոքրուց պարել եմ լատինոամերիկյան պարեր ու իմ վիդեոները պարային են, իսկ դրա համար պետք էր այլ կերպար, ավելի անմիջական, թեթև, ուրախ։ Դրա համար TikTok –ում ձևականություններից զերծ, անկեղծ, շփվող աղջիկ է Էլլան։ Արտաքնապես էլ իմ կերպարը նման է անիմե աղջկա։ Մի խոսքով, կարող եմ ասել, որ TikTok-ի Էլլան մի քիչ ես եմ, մի քիչ չափազացրած թիթիզ աղջիկ»։

23-ամյա Էլլան մի ամբողջական կերպար ստեղծեց, երբ 2020 թվականի մարտին միացավ TikTok- ին: Իրական կյանքում նա ամաչկոտ, ավարտել է Ամերիկյան Համալսարնի Բիզնես բաժինը: Որպես @Ella_moon, /Ella- ն խնդրեց Chai Khana-ին չհրապարակել իր ազգանունը/, ներկայանում է էքստրավերտ մարդ, ով սիրում է կերպարանափախվել և նկարվել: 

«TikTok-ը ինձ տվեց ինքնավստահություն, ես ցածր ինքնագնահատական ունեի։ Առաջ ես ամաչում էի վիդեոներ նկարել, ֆոտոներս մի հազար անգամ ֆոտոշոփով խմբագրում էի, իսկ հիմա չեմ ամաչում առանց շպարվելու նկարվեմ, տնից դուրս գամ»,- ասում է նա։

«Մարդիկ ինձ որ նայում են TikTok-ում, մտածում են, որ ես կյանքի իմաստ չունեցող, մի քիչ խելքից դուրս մարդ եմ, բայց ես չեմ կարծում, որ պարտադիր պետք է սոցիալական ցանցում ցույց տաս, որ դու շատ խելացի ես։ Դու խելք ու գիտելիք ունես եւ այն քեզ համար է, քո գործի համար է, ոչ թե ցուցադրելու»։

«Հետևորդների կարծիքը կարևոր է, իրենք ասեցին՝«ունքերդ մի քիչ հանի», հանեցի, հիմա ասում են՝ «պռոշներդ լցրու, պռոշներդ լցրու, իրանք տեսնում են, ուրիշ ТikТok-երը մեծացնում են շուրթերը, ասում են, դու ինչի՞ չես լցնում», ու հիմա ամբողջ օրը այդ է մտքումս, գնամ լցնեմ, երևի։ Ինչ ասում են, չեմ կարող չանել։ Իրենց համար եմ ես հիմա ապրում։ Դե եթե այս հարթակ ես դու մտնում, պետք է այնպես անես, որ քեզ սիրեն»։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա