«Մենք էլ չենք ուզում, ուզողն իրավիճակն է, իրավիճակն է ստիպում, որ գնանք»․ Քրիստինե Թովմասյան
«Մի քանի նկար ընտրեցի հետս բերելու համար, իսկ մնացածն այրեցի․ գիտե՞ք ինչ ահավոր զգացողություն է, երբ ամբողջ կյանքիդ նկարներն ես այրում»,- հուզված ասում է 42-ամյա Քրիստինե Թովմասյանը՝ շեշտելով՝ ամբողջ կյանքդ չես կարող տեղավորել մի մեքենայի մեջ։
«Մամա, էլի Արցա՞խն ես հիշել, որ լացում ես»,-հարցնում է 5-ամյա Աննան ու ավելացնում՝ ես էլ եմ հիշում։
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով, 2023 թվականին Ղարաբաղից Հայաստան եկած 100 670 անձանցից 97 740-ն են պաշտոնապես գրանցվել։
Քրիստինեն այն հազարավոր արցախցիներից մեկն էր, ով ստիպված եղավ լքել հայրենի տունն այն բանից հետո, երբ Արցախն անցավ Ադրբեջանին։
Թովմասյանների հինգ հոգանոց ընտանիքը մոտ 38 ժամ ճանապարհ անցավ Հայաստան հասնելու ու անվտանգություն գտնելու համար։
«Սեպտեմբերի 28-ին դուրս ենք եկել Արցախից, 29-ի գիշերը 3-ին հասել ենք Հայաստանի Գորիս քաղաք՝ կիսասոված, կիսաքուն, երեխեքը՝ լացելով»,- պատմում է երեք երեխաների մայրը՝ շեշտելով, որ տունը թողած գալիս էին, բայց չգիտեին էլ, թե որտեղ են մնալու։ Գորիս քաղաքում մի օր անցկացնելուց հետո արդեն մայրաքաղաք Երեւանում էին, Քրիստինեն զանգահարում էր հեռախոսի մեջ եղած բոլոր հեռախոսահամարներով՝ տուն գտնելու հույսով, մինչեւ որ ժամանակավոր մի կացարան գտան։
2023 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ տեղահանվածների 40 տոկոսը տեղավորվել էր պետական ժամանակավոր կացարաններում, այդ թվում հին կամ դատարկ շենքերում՝ հիմնականում մայրաքաղաք Երևանում և Ղարաբաղին սահմանակից Սյունիքի մարզում։
Քրիստինեի 5 հոգանոց ընտանիքը ամուսնու եղբոր ընտանիքի հետ շուտով տեղափոխվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մոտ 28 կիլոմետր հեռավորություն վրա գտնվող Փարպի գյուղ։ Այստեղ ամուսնու ծանոթներից մեկն էր տուն տրամադրել, կարող էին որոշ ժամանակ առանց տան վարձ վճարելու ապրել։
Շուրջ 2000 բնակիչ ունեցող գյուղին երեխաները շուտ հարմարվեցին, սկսեցին մանկապարտեզ ու դպրոց հաճախել։ 5-ամյա Աննան սկզբում տխրում էր, որ իր բարբառը մյուս երեխաները չէին հասկանում, բայց շաբաթներ հետո կարողացավ հանդեսների ու միջոցառումների ակտիվ մասնակից լինել։
Շատերը պայքարում են Հայաստանում իրենց տեղը գտնելու համար: Ըստ Ազգային անվտանգության ծառայության տվյալների, հակամարտության հետևանքով տեղահանվածներից ավելի քան 9000-ը լքել են Հայաստանը.Հայաստանից օդային և ցամաքային ճանապարհով մեկնած 16.585-ից, վերադարձել է միայն 6.660-ը։
Իրականում, սակայն, դժվար է ասել, թե ի վերջո քանի՞ արցախցի է մնացել Հայաստանում. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտին կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել էր, որ գնացածների թիվը տատանվում է 11000-ից 15000-ի սահմաններում: Նա ընդգծել էր, որ բոլոր տվյալները Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հանրագումարն են։ Տվյալները հստակ չեն նաեւ այն պատճառով, որ նրանք, ովքեր Ղարաբաղը լքել են դեռ 2020 թվականին ու սկսել բնակվել այլ երկրներում, ճանփորդել են իրենց հայկական անձնագրերով։
Մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճարկեց այն պնդումները, թե մեծ թվով արցախցիներ լքել են Հայաստանը։Նմանատիպ հայտարարություն նա արել էր նաեւ 2023-ի հոկտեմբերին, երբ Ղարաբաղի բնակչությանը խրախուսում էր մնալ Հայաստանում:
«Ուզում եմ շատ հստակ այս մասին հայտարարել, որ այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, որևէ պատճառով, մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր արձանագրում է: Մենք ուզում ենք, որ բոլորն՝ առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքականությունն այս է լինելու: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան մարդ է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած, դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել: Ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու:Մեր քաղաքականությունն այդ է, և մենք՝ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների պարագայում, մենք նույն քաղաքականություններն իրականացնելու ենք նաև այստեղ»,- 2023 թվականի հոկտեմբերի 12-ի կառավարության նիստում ասել էր Փաշինյանը։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Հայաստանի կառավարությունը փախստականի ժամանակավոր կարգավիճակ է տալիս։ Այս կարգավիճակը, որը գործում է մեկ տարի, հասանելի է բոլորին, ովքեր Լեռնային Ղարաբաղում գրանցված են եղել եւ ներկայումս գտնվում են Հայաստանում կամ արտերկրում: Կառավարությունը նրանց առաջարկում է նաև Հայաստանի քաղաքացիություն։
Շատերի համար, սակայն, միակ իրական լուծումը հեռանալն է՝ բնակարանային ծախսերի ու աշխատանքային խնդիրների պատճառով: Փաստաթղթերը ստանալուց հետո զգալի մասը մեկնում է Ռուսաստան․ այս երկրում շատերը հարազատներ ունեն։ Կան նաև այլ ուղղություններ։ Օրինակ, Փարիզի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հայերին պատվավոր քաղաքացիություն է շնորհում․ մի մասն էլ հենց Ֆրանսիա է նախընտրում տեղափոխվել:
Գործադիրն ավելի քան 100 միլիոն դոլար է հատկացրել և ծրագրեր է իրականացնում հակամարտությունից տուժածներին օգնելու համար։ Տեղահանված անձինք պնդում են,սակայն, որ տրամադրված օգնությունն անբավարար է։Հայաստան ժամանելուն պես նրանք պարզել են, որ 2022 թվականին ռուս միգրանտների հոսքի պատճառով տեղական վարձավճարները բարձրացել են, ծախսերը՝ շատացել։ Ապագայի մասին որոշումներ կայացնելը բարդացել է։
Թովմասյանների ընտանիքը 50,000-ականներ դրամներ է ստանում ընտանիքի յուարքանչյուր անձի հաշվով։ Շրջանառվող ծրագիրը, որը նախատեսում է 3միլիոն դրամ տալ ընտանիքի յուարքանչյուր անդամի, որպեսզի կարողանան տուն գնել, ընտանիքի մայր Քրիստինեն խելամիտ չի համարում։ Գումարը խոշոր քաղաքներում վաճառվող բնակարանների գներից զգալիորեն ավելի քիչ է: Օրինակ, Երևանի ծայրամասում գտնվող մեկ սենյականոց բնակարանի գինը (մոտ 40 քմ) սկսվում է 80000 դոլարից։
«Իմ ընտանիքը 5 հոգուց ա բաղկացած, 18 մլն դրամով նույնիսկ 2 սենյակ մինիմալ պայմաններով բնակարան ես չեմ կարող գնել։ Կոնկրետ այս գյուղում նման գին չկա, գուցե սահմանամերձ գյուղերում լինի, բայց սահմանամերձ գյուղերում էլ շատ անորոշ ու լարված վիճակ է։ Բացի այդ էլ գումարը պիտի վերադարձնես 10 տարուց հետո, այսինքն նույն վարկն է, բայց առանց տոկոսի»,- բացատրում է նա։
Քրիստինեն ասում է, որ նախընտրում են Ռուսաստան գնալ, քանի որ այնտեղ բարեկամներ կան, տան վարձերն ավելի էժան են, լեզուն ու մշակույթը ծանոթ են։
«Մենք էլ չենք ուզում, ուզողն իրավիճակն է, իրավիճակն է ստիպում։ Ստիպված ենք գնում, նենց չի գնում ենք լավ կյանքի հետեւից, կամ շատ փողի հետեւից։ Ես միշտ էլ աշխատել եմ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ռուսաստանում երեւի բանվոր կլինեմ, չեմ կարող ասել։ Որովհետեւ ինձ այնտեղ ոչ ոք չի ճանաչում, չունեմ իրենց համապատասխան կրթությունը։ Եթե Հայաստանում իրավիճակ կփոխվի, իշխանություն կփոխվի, գուցե հնարավոր լինի մնալ»։
Քրիստինեի ամուսնու եղբոր կինը՝ 34-ամյա Արմինե Թովմասյանը եւս համակարծիք է։ Ասում է ամռանն ամուսինը գնալու է Ռուսաստան բարեկամներին տեսության եւ եթե զգա, որ աշխատանքի լավ հնարավորություն կա, իրենց էլ կտեղափոխի։
«Եթե էս տնից դուրս գանք, ուրեմն պիտի գնանք, նենց չի Ռուսաստանն իմ բարեկամն է, նույնիսկ կարող եմ ասել իմ երկրորդ թշնամին է, բայց ավելի հարմար է ապրելու համար»,- ասում է նա։
Արմինեն Արցախի պետական երգչախմբի երգչուհի է։ Հիմա շաբաթը մեկ անգամ աշխատանքի է գնում, բայց չի վարձատրվում, քանի որ երգչախումբը դրամական միջոցներ չունի, բայց փորձերը շարունակում են, որ չլուծարվեն։
Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրի շրջանակներում արցախցիների հետ, թե 2020-ին թե 2023-ին աշխատած հոգեբան Իռեն Թաիրյանն ասում է, որ սթրես, տրավմա տարած մարդու, էմոցիոնալ, հոգեբանական նաեւ ֆիզիոլոգիական պրոցեսները փոխվում են, մարդու ռեակցիաներն են փոխվում եւ այդ ժամանակ շատ բարդ է լուրջ որոշումներ կայացնել։ Անհատական առանձնահատկություններն էլ մեծ նշանակություն ունեն։ Կան մարդիկ, ովքեր շատ արագ են կարողանում ընդունել իրականությունը եւ գործել։ Շատերն էլ մինչ այսօր չեն կարողանում իրենց ապրուսի համար մինիմալը կազմակերպել, հենց այն պատճառով, որ չկա ընդունումն այն իրականության, ինչը կատարվեց։
«Տրավմայից, մեծ սթրեսից հետո, մարդուն անհրաժեշտ է ժամանակ վերականգնվելու համար, եւ բացի ժամանակից, բարենպաստ պայմաններ, իսկ բարենպաստ պայմանները չկան, քանի որ կայուն չէ վիճակը նաեւ Հայաստանում։ Չկա ապահովության զգացողությունը, որը պիտի նպաստեր էդ վերականգնմանը։
Եթե կա կողքիդ մեկը, ով առաջարկում է էդ պատրաստի լուծումը, դու ընդունում ես ու ըստ իմ դիտարկումների, տեղափոխվող մարդկանց մեծ մասը, այդ երկրներում ունի բարեկամ, ծանոթ, ընկեր, ովքեր որ խոստանում են, որ կաջակցեն ու կօգնեն»։
Ըստ հոգեբանի, շատերը նկարագրում են իրենց վիճակն այսպես՝ ոնց որ օդում կախված լինեն, եւ այս վիճակը թույլ չի տալիս, որ մարդը կարողանա հեռանկարներ գծել, քանի որ վստահ չէ, թե որ մահճակալում է վաղն արթնանալու։ Ի դեպ շատերը հողի եւ տան կորուստը համեմատում են երեխայի կորստի հետ, ու այդ կորուստը պետք է հնարավորինս առողջ հաղթահարել։
«Մենք մեր այցելուներին ասում ենք, որ օդում կախված չմնալու համար պետք է գործել, եւ փորձել կառուցել սեփական իրականությունը։ Դա այն իրականությունն է, որ յուրաքանչյուրը կարող է ստեղծել, ունենալ եւ տեղափոխվել այնտեղ, որտեղ տեղափոխվում է։ Իհարկե բարդ է, բայց ինչքան մնում ենք սպասողական վիճակում, սպասում ենք, որ հրաշք տեղի կունենա, կամ մեկը կգա կլուծի մեր խնդիրը, այդքան հեռվանում ենք լուծումներից։ Եւ երբ մարդ գործում է, թեկուզ կենտրոնանում կենցաղային խնդիրների վրա՝ փորձելով կոմֆորտ դարձնել իր փոքրիկ իրականությունը, այն մեծ իրականությունից, որը կայուն չէ եւ հարցականի տակ է, սա շատ օգնում է անցնել այս տրավման»։
45-ամյա Սիլվա Բեգլարյանը դեռ Արցախում ճամպրուկները հավաքելու ժամանակ գիտեր, որ Հայաստանում չի մնալու։ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ապրող ամուսնու քեռու տղան էր առաջարկել հնարավորինս շուտ այնտեղ գնալ՝ խոստանալով օգնել։ Սիլվայի ու ամուսնու եղբոր ընտանիքը Հայաստանի Նոր Հաճն քաղաքի Նոր գեղի գյուղում մի ամիս վարձով ապրելուց հետո տեղափոխվեց Ռուսաստան։ Դա դժվար ընտրություն էր, քանի որ թողնում էին ոչ միայն կորցրած տունն ու ապրուսը, այլ հարազատների՝ հոր, եղբոր ու քրոջ գերեզմանները, որոնց այցելելու հնարավորություն գուցե երբեք էլ չունենան։
Խոստացված օգնությամբ ընտանիքը կարողացավ նոր կյանք սկսել։ Սիլվան ասում է, որ բարեկամը տուն է տրամադրել, իսկ մասնագիտությամբ պատմության ուսուցիչ ամուսինը հիմա որպես բանվոր է աշխատում։ 22-ամյա որդին՝ Նարեկը նույնպես տարատեսակ աշխատանքներ է կատարում, որպեսզի գումար հավաքի, Արցախում մնացած համակարգիչների փոխարեն նորը գնի ու ծրագրավորողի կիսատ մնացած ուսումը շարունակի։ 15-ամյա Գեղամը սովորում է տեղի ռուսական դպրոցում։
Սիլվան ասում է, որ քաղաքացիություն ստանալն այստեղ երկար գործընթաց է, դիմում են գրել ու պատասխանի են սպասում։ Ու թեեւ արդեն յոթ ամիս է ռուսական այս քաղաքում են, սակայն որդիները ընկերներ դեռ չունեն, իրենց դասերն ու գործերն ավարտելուց հետո հեռախոսը ձեռքներին օնլայն շփվում են Ստեփանակերտի իրենց ընկերների հետ։
Ընտանիքն իրենց կյանքն ու ապագան արդեն Ռուսաստանի հետ է կապում։
«Եթե Արցախը հայկական չլինի, չենք վերադառնա»,-ասում է Սիլվան։
նվիրաբերեք հիմա