Խաղաղության ակնթարթները՝ հակամարտության քաոսում. Հայաստանյան պատերազմները վավերագրողները
Պատերազմի վավերագրումը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքի մեջ չկորցնել իրականությունը։ Այն թույլ է տալիս լսել պատերազմի աղմուկն ու հաղորդակցվել այդ պահի ու ժամանակի
մեջ մնացած ու ձայնը կորցրած մարդկային պատմությունների հետ։
Լրագրողները և լուսանկարիչները մեծ դեր են խաղում այս գործում՝ արձանագրելով և կիսելով պատերազմի ծանր ազդեցությունն իրենց վրա կրած մարդկան հուզիչ պատմությունները: Նրանց աշխատանքը կապ է ստեղծում անցյալի և ներկայի միջև։
Վաղինակ Ղազարյանը 49 տարեկան է, 1995 թվականին որպես հոբբի սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, և 2003 թվականին դարձել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ աշխատելով «Արմենպրես»-ում։ Նա լուսաբանում է բազմաթիվ թեմաներ՝ ներառյալ պատերազմը, սոցիալական խնդիրները և քաղաքային կյանքը։ Իր ամենահայտնի նախագծերից մեկում նա ֆիքսել է յուրահատուկ պահեր տաքսի վարելիս ՝ օգտագործելով մեքենայի հայելին ՝ իր ուղևորներին լուսանկարելու համար: 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Վաղինակը որոշել է վավերագրել առաջնագիծը՝ հակամարտության ժամանակ մարդկային ողբերգությունը լուսաբանելու համար։
«Առաջին նպատակն ամեն ինչ սեփական աչքերով տեսնելն էր, իսկ երկրորդը՝ այն պատկերելը։ Յուրաքանչյուր ոք պատերազմն իր ձևով է վավերագրում. ես իմ տեսածն ու ապրածը պատկերել եմ յուրովի: Դա իմ յուրահատուկ վերաբերմունքն էր հակամարտության և այս շրջանի նկատմամբ»,- ասում է նա։ Սա առաջին ռազմական գործողությունը չէր, որին մասնակցում էր որպես լուսանկարիչ. նա նկարահանել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։
Վաղինակ Ղազարյանը պատմեց երկու լուսանկարների ստեղծման պատմությունները, որոնք մնացել էին իր հիշողության մեջ, որպես խորհրդավոր դեպքեր։ Առաջինը գերեզմանատանն իրեն հանդիպած ձիու պատմությունն էր․ երբ պատերազմի աղմուկի ու սարսափի մեջ հանդիպել էր կենդանուն։ Վաղինակի խոսքով՝ այդ պահին, գերեզմանոցում, պատերազմը կարծես լռած լիներ, ու այդ քաոսի մեջ ձին դարձել էր խաղաղության խորհրդանիշ, ու իրեն հաջողվել էր այդ խաղաղության աչքերին նայել ու հակասությունը զգալ։
«Ինձ համար շատ անսպասելի էր այդ օրը, երբ գերեզմանոցի լռության ու ամայության մեջ ձի տեսա․խաղաղ, բոլորից առանձին իր գործն էր անում, իր ուտելիքն էր որոնում։ Դանդաղ մոտեցա, որ չվախեցնեմ, պտտվեց ինձ նայեց՝ իրար նայեցինք և այդ ամենի հակասությունն ու ձիու հանգստությունը կարծես իրականությունից կտրված մի բան լիներ, որը կապ ուներ խաղաղության հետ»:
Լուսանկարները հողի վրա նորից լուսանկարելը Վաղինակի գաղափարն էր, և դնելուց հետո է հնարավոր լինում հասկանալ, որ մի օր ամեն բան հենց այնտեղ էլ ավարտվում է, որ խաղաղությունն այնտեղ կարողանում է հավերժական քուն մտնել։
Երկրորդը՝ «Քնած կամ հանգստացող զինվորի» լուսանկարն էր, որը մրցանակի է արժանացել 2021 թվականի «World Press Photo» մրցույթում։ Վաղինակը հանդիպել էր այդ զինվորին խրամատում և միայն մեկ լուսանկար էր արել, որը ներկայացրել էր մրցույթին։
«Պատերազմը վավերագրելիս դու չես հասկանում, թե որտեղից է գալիս քո ուժը: Դու սկսում ես քեզ զինվոր զգալ՝ դրդված ներքին պարտքի զգացումից: Այդ պահին դու քեզ հարց չես տալիս, թե արդյո՞ք ուժ ունես. պարզապես գիտակցում ես քո առաջադրանքի կարևորությունը և շարունակում»,- ասում է նա:
Բեատրիս Արսլանյաը 35 տարեկան է, 2015 թվականից աշխատում որպես լրագրող։ Բեատրիսը ծնվել է Արգենտինայում, բայց արդեն 8 տարի է Հայաստանում է բնակվում։ Խոսելով լրագրող լինելու մասին, Բեատրիսն ասաց, որ դա իր առաքելությունն է և ինքը դրանով փորձում է ծառայել հայրենիքին։
Նա պատմեց պատերազմը լուսաբանելու իր փորձի և դժվարությունների մասին։ Հիշեց ամենածանր դեպքը, որը չէր կարողացել լուսաբանել։ Այս դեպքից հետո հասկացել էր սահմանը՝ լրագրող լինելու և մարդ լինելու միջև։
«Մենք հասանք լրագրողներով մի տան մոտ, որը գիշերվա ընթացքում ռմբակոծվել էր։ Տան տերն ու տան տիրուհին մի քանի րոպե առաջ էին հասել, և իրենք էլ շոկի մեջ էին, երբ տեսել էին, թե ինչ է կատարվել իրենց տան հետ։ Ես էլ իսկապես չկարողացա դա լուսաբանել, չէի կարողանում նույնիսկ շարժվել՝ միայն մեկ լուսանկար եմ հասցրել անել։ Նույնիսկ չէի համարձակվում մոտենալ և որևէ բան հարցնել։ Իրավիճակը շատ վատ էր, կինը լաց էր լինում ամուսնուն գրկած, և ես լուսաբանելու փոխարեն սկսեցի մտածել որպես լրագրող իմ դերի մասին, սկսեցի մտածել, որ վատ լրագրող եմ, և հասա այն եզրակացությանը, որ ես սկզբում մարդ եմ, հետո հայ, հետո լրագրող»
Բեատրիս Արսլանյանի այս փորձն ընդգծում է պատերազմը լուսաբանող լրագրողների առջև ծառացած խորը զգացմունքային և էթիկական մարտահրավերները:
Բեատրիս Արսլանյանը կարեւորում է նաեւ այն, թե լրագրողներն ինչպես պետք է աշխատեն իրենց հերոսների հետ։ Ասաց, որ առաջին ու ամենակարևոր բաները հարգանքն են, համեստությունը և լսելու կարողությունը, որովհետև լրագրողը չգիտի, թե ինչերի միջով են այդ մարդիկ անցել, և ինչ դժվարությունների են հանդիպել։ Բեատրիսի կարծիքով միայն մարդկանց լսելով կարելի է հասնել ճշմարության:
Բեատրիս Արսլանյանը պատմեց, թե ինչպես է 2020 թվականին՝ պատերազմի ժամանակ գնացել Արցախ,որպեսզի լուսաբանի այն։ Սկզբում գնացել է Գորիս, ապա՝ Արցախ։
«Քաղաքի լույսերը անջատված էին, և գիշերային երկինքը զարդարված էր անթիվ աստղերով՝ լուսավորելով ամբողջ քաղաքը»։
Անի Գևորգյանը 35 տարեկան է, և լուսանկարում է 2009 թվականից։ Լրագրող աշխատելու ընթացքում սկսել է նկարել խմբագրությունում դրված և չօգտագործվող տեսախցիկով։ Ժամանակի ընթացքում լուսանկարչությամբ ու լրագրությամբ սկսել է զբաղվել հավասարապես՝ լուսաբանելով իր շուրջը տեղի ունեցող աշխարհը։
Անիի գրեթե բոլոր աշխատանքները ներառում են սոցիալական տարրեր։ Իր նյութերի կենտրոնում մարդն է՝ իր կյանքով, ապրումներով և իր ձգտումներով։
«Իմ առաջին ծանր թեմաներով նյութերը եղել են 2010-2011թթ-ին՝ երբ բանակում սկսեցին գրանցվել զինվորների՝ տարբեր պատճառներով մահվան դեպքեր։ Թեև այդ ժամանակ պատերազմ չկար, բայց այն ինչ այն ժամանակ գրում էի, շատ նման է նրան, ինչ սկսեցի լուսաբանել հետագա Արցախյան պատերազմների ժամանակ։
Անիի համար սև-սպիտակ լուսանկարչությունը լույսի և ստվերի լեզուն է, որը որը կարողանում է քիչ խոսելով հայացքներն իրեն գամել։
Անին խոսեց նաև աշխատանքի ընթացքում ձեռքերն ու միտքն աշխատեցնելու մասին, ասաց, որ պետք է կարողանալ հաղթահարել էմոցիոնալ դժվարությունները, որն իհարկե շատ բարդ է։ Այս մասին խոսելիս հիշեց իր վավերագրած պատմություններից մեկն ու ասաց, որ անհնար է չհուզվել այն պահից, երբ զոհված զինծառայողի հայրը պատմում է, թե ինչպես է վիրավոր որդին զանգահարել և ասել, որ զանգել է հրաժեշտ տալու։ Անին ասաց, որ այս պատմությունը լսելուց հետո անհնար է լինում
աշխատանքի տեխնիկական մասն անել, բայց այնուամենայնիվ հնարավոր է լինում վերականգնվել և աշխատել։ Իր հոգու դեղամիջոցները երեխաներն են՝ ինչպես ինքն էր ասում՝ «Իմ պստիկները»։
«Սա է մեր իրականությունը, և մենք անընդհատ առերեսվում ենք դրա հետ։ Եվ ես երախտապարտ եմ իմ մասնագիտությանը, որ այս ծանր ժամանակաշրջանում այդ ամենի հետ առնչվում եմ ոչ թե զուտ դիտելով, այլ մարդկային պատմությունները պատմելով»։
նվիրաբերեք հիմա