Էս ֆոտոպատմությունն իմ ու ամուսնուս մասին է՝ հայաստանցի մի զույգի, ովքեր Սաուդյան Արաբիա են տեղափոխվել՝ կարիերայի նոր հնարավորություններ փնտրելու համար։ «Խոպան» բառը բնորոշում է միգրանտների աշխատանքային հայկական փորձը, որը ցույց է տալիս արտերկրում կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու ձգտումները:
Հայկական միգրացիայի վրա ազդել են պատմական, քաղաքական և տնտեսական տարբեր գործոններ: Հայաստանի քաղաքական պատմությունը, այդ թվում 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը, անկայունության ֆոն էին ստեղծել։ Տնտեսական մարտահրավերները, քաղաքական փոփոխությունները, ներառյալ անկախության անցումային փուլը, քաղաքացիական անկարգությունները և հակամարտությունները, դրդել են հայերին ավելի կայուն միջավայրեր փնտրել արտերկրում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւս հանգեցրեց տեղահանությունների և միգրացիայի: Հայերը ապաստան գտան այլ երկրներում՝ իրենց անվտանգությունից, ապրուստից և համայնքների վրա հակամարտությունների ազդեցությունից ելնելով:


Երևան, Հայաստան 2019թ․

2000 թվականին պապաս գնացԵկատերինբուրգ, Ռուսաստան։ Մի ամբողջ տարի քույրիկս, մամաս ու ես նրան չտեսանք։ Մամայիս համար դժվար էր մեզ մեծացնել, բայց պապաս ամեն ամիս գումար էր ուղարկում: Ի վերջո, 2001-ին մենք կարողացանք Ռուսաստանում վերամիավորվել, ու ամեն տարի հույս ունեինք, որ դա կլինի Հայաստանից հեռու անցկացրած վերջին տարին: Էտ տարիներին մենք ամեն ամառ կանգնում էինք դիլեմայի առաջ՝ ընտրություն կատարել Եվրոպայում հանգստի, թե Հայաստանում մեր հարազատներին տեսնելու միջեւ: Մենք միշտ ընտրում էինք Հայաստանը։
Նույնիսկ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եք, դա չի նշանակում, որ երկրում ձեզ հարմարավետ կզգաք կամ պատկանելության զգացում կունենաք: Մենք մեզ երբեք չենք զգացել ինչպես տանը։ Ռուսաստանում գերակշռում էր ազգայնականությունը, ես ու քույրս հանդուրժում էինք վիրավորական անուններ, ինչպիսիք են «չուրկա»-ն և «խաչիկ»-ը (նշանակում է «սև»): Մեզ նույնիսկ ծաղրում էին չափազանց մազոտ լինելու համար: Փոքրիկ աղջկա համար դա ահագին սթրեսային էր, ու ես սկսեցի ներկել իմ ձեռքերի մազերը, որ դրանք ավելի քիչ նկատելի լինեն:
Մամաս, իրան մեկուսացած էր զգում, կարոտում էր մորը, ով հիվանդ էր ու ի վերջո մահացավ 2002 թվականին: Էտ տարիների ընթացքում ինքը զգում էր քրոջ պակասը, ում հետ կարող էր կիսել կորստի բեռը:
Չնայած պապաս սիրում էր քաղաքը, նա նույնպես կարոտում էր իր ընտանիքին։ Նա վերջապես լսեց մեզ ու 2013 թվականին՝ մեր նախնական տեղափոխությունից 12 տարի անց, որոշեց վերադառնալ Հայաստան։

Մայրս, քույրը և ես (աջից) գնացինք Վանաձորի ֆոտոստուդիա՝ Եկատերենբուրգում գտնվող հորս համար լուսանկար անելու, 2001թ.։
Վերադառնալուց հետո ես հույս ունեի, որ ավելի ընդունված կզգամ հայերի մեջ։ Ցավոք, դա տենց չէր։ Ավագ դպրոցի տարիներին ես բախվում էի բուլինգի, որը կապված էր Ռուսաստանում անցկացրած տարիների հետ․ ինձ պիտակավորում էին որպես «ռուսացած»: Այս ենթադրությունները բխում էին Ռուսաստանի հայ աղջիկների մասին եղած կարծրատիպերից, որոնք ի տարբերություն հայ աղջիկների ընկալվում էին որպես ընկեր ունեցող ու փչացած, ծխող, խմող ու հայհոյող: էս ծաղրանքների մեծ մասը հնչում էին տղաների կողմից, ովքեր օգտագործում էին վիրավորական անուններ ու գռեհիկ արտահայտություններ: , Ծիծաղալու ա, բայց նույնիսկ Հայաստանում «մազոտ» էի համարվում:
Էս փորձառության պատճառով ինձ ավելորդ ու մեկուսացած էի զգում, նույնիսկ իմ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ես հեռացա այդ մարդկանցից ու միտումնավոր ընտրեցի այն սոցիալական շրջանակները, որտեղ ես կարող էի ինձ հանգիստ զգալ:
2022 թվականին ապագա ամուսինս ընդունեց Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդալլահի Գիտության և Տեխնոլոգիայի համալսարան, որպես գիտաշխատող։ Մենք կարայինք նենց անել, որ ես մնայի, իսկ ինքը գնար, բայց հասկացանք, որ հեռահար հարաբերությունները դժվար են լինելու: Չնայած իրար ընդամենը ութ ամիս էինք ճանաչում, մենք ռիսկի դիմեցինք ու որոշեցինք ամուսնանալ՝ իմ տեղափոխությունը հեշտացնելու համար:
Ամեն ինչ թողնելն առանձնապես դժվար չէր: Արտերկրում, մեր ամուսնության առաջին տարում մենք բախվեցինք անորոշությունների, որոնք բխում էին հայրենիքից հեռու ապագա կառուցելու ընտրությանից: Շատ հայերի նման, մենք հայտնվեցինք դիլեմայի մեջ՝ հարազատ վայրում ապրելու հարմարավետությունն ընտրել, թե օտար տարածքներում ավելի լավ կյանքի ձգտել: Անորոշությունը դառնում էր մեր մշտական ուղեկիցն ու ազդում մեր որոշումների ու զգացմունքների վրա:

Ամուսինս ու հայրը խորոված են անում Վանաձորում, Հայաստան 2023 թ․

Մեր ծնողները հրաժեշտ են տալիս Երևանի օդանավակայանում, Հայաստան 2023թ․
Հայրենիքից հեռանալը փոխել էր ընկերներիս հետ հարաբերությունները. ամուր կապը, որը մենք զգում էինք, ոնց որ թե թուլացել էր: Օնլայն շփումը , դառնում ա հոգնեցնող, ու անորոշության զգացում առաջացնում այն առումով, թե ինչով կարելի ա կիսվել: Ընկերների հետ Հայաստանում հանդիպելուց հետո, կապը վերականգնվում ա: Խնդիրն էն ա, որ դուք տեսնում եք իրար տարին մի անգամ: Մնացած ժամանակ դուք ձեզ կտրված ու մեկուսացված եք զգում։
Օտար երկրում նոր ընկերներ ձեռք բերելն ահագին դժվար ա. դուք ունեք ծանոթներ, բայց կապն այնքան էլ խորը չի, քանի որ դրա համար ձեզ ավելի երկար ժամանակ ա պետք: Մեր ժամանակավոր կարգավիճակի ու հարաբերությունների անցողիկ լինելու գիտակցումն ավելի ա բարդացնում արտասահմանում ուժեղ կապեր ձևավորելու փորձերը:

Երևան, Հայաստան 2020թ․:

Երևան, Հայաստան 2020թ․:
Նրանք, ովքեր Հայաստանում են, հաճախ մեզ՝ դրսում ապրողներիս ընկալում են որպես բախտավոր ու գոհ, հաշվի առնելով նաեւ էն, որ շատերը չեն կարողանում լքել երկիրը: Բայց իրականությունն ուրիշ ա։ Չեմ ժխտի, որ էստեղ ուրախ պահեր եմ ապրում ու գնահատում եմ էն, ինչ առաջարկում ա այս երկիրը: Բայց ցանկություն կա այս պահերը կիսել ընտանիքիս հետ ու մոտ լինել իրանց, ուղակի մեզ բաժանում է 3162,6 կիլոմետր:
Էն գիտակցությունը, որ մեր մնալը ժամանակավոր ա, հարցականի տակ ա դնում էն, թե ինչ ա սպասվում: Որտե՞ղ ենք լինելու մի տարի հետո։ Կվերադառնա՞նք Հայաստան,. ապագան մնում ա անհասկանալի ու անորոշ։ Ամուսինս վախենում ա, որ նոր տեղում մենք կարանք մենակ մնանք առանց ընկերների կամ մտերիմ որևէ մեկի:

Ավետիքը, Սթիվեն Բուշեմին, մեր ընտանիքի նոր անդամը, և ես Թուվալ 2023 թ.:
Վախենում եմ, երբ ուշ երեկոյան հեռախոսազանգ եմ ստանում ծնողներիցս կամ նկատում՝ բազմաթիվ բաց թողնված զանգեր: Առաջինը, որ անցնում ա մտքովս, էն ա, որ ինչ-որ մեկը կարող ա մահացել ա։
Հիշողությանս մեջ վառ մնացած մի պահ կա Ռուսաստանում իմ մանկություն օրերից, երբ հյուրասենյակում էինք, ու ծնողներս ուշ գիշերով զանգ ստացան հարազատներից։ Մորս հորաքրոջ մահվան լուրն էր։ Այդ գիշերը անջնջելի հետք ա թողել իմ հիշողության մեջ, ու հիմա, երբ հեռախոսը զանգում ա, էտ հիշողությունները նորից արթնանում են:
Մի պահ նկատեցի, որ ամեն անգամ, երբ զանգում էի մայրիկիս, թվում էր, թե նա վատ տրամադրություն ունի։ Անհանգստացած՝ ես հարցրի նրան այդ մասին, բայց նա վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է։ Միայն Նոր տարուց հետո նա հայտնեց, որ պապիկն ընկել էր ու շատ թույլ էր էտ ընթացքում:
Պապիկիս հոսպիտալացման մասին իմանալուց հետո, ես կոտրված էի: Տխրել էի, որ ինձ անմիջապես չեն տեղեկացրել ու նախընտրել ինձանից գաղտնի պահել։
Փետրվարի սկզբին ես շատ վատ լուր ստացա էն մասին, որ պապայիս լավագույն ընկերն ավտովթարի ա ենթարկվել ու մահացել։ Ցնցող էր, ու նման պահերին ա, որ մեր միջև հեռավորությունն անտանելի ա թվում։ Հեռու լինելու ափսոսանքն ավելի շատ ա զգացվում։ Ես մենակ ուզում էի լինել էնտեղ ու գրկել պապայիս:
Օրեր էի անցկացնում լացելով՝ ինձ բացարձակ անօգնական զգալով:
Իմ առաջին միտքն էր տոմսեր առնել ու ու շտապել ընտանիքիս մոտ, բայց նրանք ինձ կանգնեցրեցին՝ ասելով մի քիչ սպասել ու ավելի ուշ գալ: Ի վերջո, ես ապրիլ համար տոմսեր առա:

Հայաստան, 2019թ․:

Հիմա ամեն ինչ ավելի հեշտ ա, Ռուսաստանի մեր առաջին տարիների համեմատ, երբ հեռախոսային կապն անվստահելի էր, թանկ ու հաճախ էր խափանվում: Համարյա ամեն օր զանգում եմ ընտանիքիս, ու դա մենակ ամենօրյա խոսակցությունների համար չի. մամաս նույնիսկ օգնում ա ինձ, երբ ես առաջին անգամ փորձում եմ ինչ-որ բան պատրաստել:


Թուվալ, Սաուդյան Արաբիա 2023 թ․:

Յանբու, Սաուդյան Արաբիա, 2023թ․:
Առաջ ավելի հաճախ էի կարդում լուրերը, որ տեղեկացված լինեմ նրա մասին, թե ինչ ա կատարվում իմ երկրում: Բայց, նկատեցի, որ նորություններն ինձ շատ են անհանգստացնում ու հիասթափացնում։ Իհարկե, աշխատում եմ տեղյակ լինել, բայց նաև փորձում եմ որոշակի հեռավորություն պահպանել լուրերից։
Մինչ երկրից գնալը ես շատ էի ցանկանում հեռանալ Հայաստանից, բայց սկսել եմ տուն վերադառնալու մեծ ցանկություն զգալ: Արտերկրում գտնվող հայերի հետ հանդիպումները և հայերեն լսելը պատկանելության ու կարոտի զգացում են առաջացնում՝ ստեղծելով կապ տան հետ:
Չնայած այս դժվարություններին, պետք ա շեշտեմ, որ ես հարմար եմ ինձ զգում Սաուդյան Արաբիայում: Մարդիկ էստեղ բարի են ու աջակցող, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել, երբ անհրաժեշտ լինի: Դա միայն հասարակ քաղաքացիները չեն. նույնիսկ բյուրոկրատական հարցերով զբաղվելիս ես հասկացել եմ, որ օգնությունը հասանելի ա: Դա օգնում ա հաղթահարել էն զգացումը, որ դու էստեղ այլ ես։ Մեկ-մեկ մարդիկ սխալմամբ մտածում են, որ ես էլ եմ արաբ։


Սաուդյան Արաբիա, 2023-2024 թթ․:

Մեկ-մեկ սկսում եմ կասկածել, թե արդյոք իսկապես արժանի եմ այն ամենին, ինչ ունեմ: Էս զգացումը ուղեկցվում է մեղքի զգացումով, որ թողել ենք բոլորին ու էստեղ ենք:
Ապագան անորոշ ա, ես վստահ չեմ, թե հետո որտեղ ենք լինելու: Հա, կարոտում եմ Հայաստանը, բայց համ էլ գիտեմ, որ դեռ պատրաստ չեմ վերադառնալ։ Մենք մտածում ենք վերադառնալու մասին, նրանք մտածում ենք հեռանալու մասին։ Դա անվերջ թվացող ցիկլ ա:

Վանաձոր տանող ճանապարհին, Հայաստան 2020թ․


Պետք ա մնալ, թե՞ գնալ։ Ո՞ւր գնալ։ Կվերադառնա՞նք։ Ե՞րբ ենք վերադառնալու։ Իսկ ընտանի՞քն ու ընկերնե՞րը: Ե՞րբ ենք մենք նորից տեսնելու նրանց: Արդյո՞ք լավ աշխատանքն ու հարմարավետ կյանքն ավելի կարևոր են, քան հարազատները: Կկարողանա՞մ աշխատանք գտնել: էգոի՞ստ եմ, որ էս որոշումն եմ կայացնում: Պատերազմը նորից կսկսվի՞։ Ո՞նց կարանք պաշտպանենք ու օգնել էնտեղ մնացած մարդկանց: Ի՞նչ պետք ա անենք։
Լուսանկարներից մի քանիսն ամուսնունս են՝ Ավետիք Կարագուլյանինը։
նվիրաբերեք հիմա