Գյուղական կյանքի մասին թերհավատությունը գերակշռող է ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում. արդյունքում ստանում ենք դատարկվող ու լքվող գյուղերի պատկեր։ Հայաստանի նվազող բնակչությանը զուգահեռ, Վանաձորի նման փոքր քաղաքները (75,887 բնակիչ) կորցնում են բնակչություն ավելի արագ, քան մայրաքաղաք Երևանը։ Սակայն համաճարակից հետո՝ թվային համայնքների ու հեռավար աշխատանքի աճին զուգահեռ, երիտասարդները սկսեցին տներ գտնել Հայաստանի գյուղական վայրերում։ Ընտանիքների հետ գյուղ տեղափոխվելով՝ նորաբնակները ցանկանում են ցույց տալ, որ մայրաքաղաքից դուրս էլ չօգտագործված ներուժ կա։
Ոմանց համար, ինչպես ՏՏ ոլորտի մասնագետ Մայիս Մարգարյանի, Վանաձորը հանգստություն է առաջարկում՝ Երևանի երթևեկության և «սարսափելի էներգիայի» փոխարեն:
Մյուսներն էլ հանգրվան են գտնում հեռավոր գյուղերում: Այս էսսեում երիտասարդներ են,ովքեր որոշել են փոխել հին ապրելակերպը և նոր կյանք ստեղծել իրենց փոքրիկ բնակավայրում՝ մեծ քաղաքների եռուզեռից հեռու։
39-ամյա Մայիս Մարգարյանը մեկ տարի Վանաձորում ապրելուց հետո որոշեց Երևանից մարզ տեղափոխվել՝ մշտական բնակության համար։ Այսօր նա ընտանիքի հետ ապրում է Հայաստանի Ստեփանավան քաղաքում։ Մայրաքաղաքից դուրս կյանքը նրան առաջին անգամ գրավեց այն ժամանակ, երբ Վանաձորից դուրս արշավի գնաց:
«Ստեփանավանն առանձնանում է իր հարմարավետությամբ․ այն իդեալական է թե՛ մեքենայով, թե՛ հեծանվով զբոսանքի համար: Բազմաթիվ հանգիստ և գեղատեսիլ վայրեր կան»,- ասում է նա: «Երևանից շատ ընկերներ են այցելում մեզ ու վայելում քաղաքի անդորրն ու գեղեցկությունը՝ տեսնելով մարզային կյանքի շատ առավելություններ։ Ստեփանավանում կարող ես գտնել իրական հանգիստ»։
Մայիսը նշում է, որ Ստեփանավանում քիչ աշխատատեղեր կան։Բայց քանի որ նա ունի իր սեփական ՏՏ բիզնեսը և աշխատում է տանից,այդ փաստը նրան այդքան էլ չի խանգարում:
«Ես տեսա, որ մարզում աշխատանքի պակաս կա, սակայն իմ պարագայում աշխատանքս հետս բերեցի այստեղ. բացում եմ նույն նոթբուքը, բայց այստեղ ավելի շատ ժամանակ ունեմ, և որ ամենակարեւորն է, ինքս եմ տնօրինում այդ ժամանակը։ Երևանում ուզես, թե չուզես շարժվում ես քաղաքի տեմպով, օրինակ, եթե խցանում է ապա պետք է սպասես այնքան ինչքան հարկն է։ Այս առումով մայրաքաղաքն ահավոր շատ էներգիա է կլանում»։
Իր ընտանիքի հետ Ստեփանավան տեղափոխվելուց ի վեր, Մայիսը նաև իր հետ փոփոխություններ է բերել համայն. նա տեղի ռեստորաններից մեկին առաջարկել է ճաշասենյակի մի մասը վերածել համատեղ աշխատանքային տարածքի: Այսօր այն տեղաբնակների և այցելուների համար հայտնի վայր է դարձել:
Բնության գրկում արշավների մասնակցելը 34֊ամյա Լուսինե Տոնոյանին ոգեշնչեցին հեռանալ մայրաքաղաքից։Մարգահովիտ գյուղ տեղափոխվելուց առաջ էլ Լուսինեն քաջատեղյակ էր գյուղական ու քաղաքային կյանքի տարբերությունը, քանի որ ծնվել էր Արմավիրի մարզում, բայց մեծացել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) և Երևանում։ Մայրաքաղաքում Լուսինեն աշխատել է որպես մարքեթոլոգ և նախագծերի ղեկավար։
Մինչ այդ քայլը անելը, Լուսինեն արդեն ուղիներ էր փնտրում բնությանն ավելի մոտ լինելու համար: «Ես ապրում էի Երևանի բարձրահարկ շենքում, բայց բնության հետ կապս լրացնում էի շենքի տանիքում բույսեր աճեցնելով։ Այնուհետև, շարունակելով այդ գաղափարը՝ հիմնեցի «Urban Greening» ստարտափը՝ Երևանի շենքերի և անվերջ շարժման մեջ գտնող փողոցների կողքին կանաչ տարածքներ ստեղծելու համար»,- ասում է նա։
Արշավին սիրահար Լուսինեն բացահայտեց Երևանից դուրս գտնվող թաքնված գոհարները։
«Ես իմ ազատ ժամանակն անց էի կացնում արշավներով։ Սկսեցի ավելի լավ ճանաչել սեփական երկիրը և մարզերում ավելի գեղեցիկ կյանքի հնարավորություններ տեսա։ Ես արդեն զարգացնում էի այն միտքը, որ ուզում եմ տեղափոխվել մարզ՝ ապրելու։ Մի քանի մտահոգություն ունեի տեղափոխվելու հետ կապված, բայց վերջապես դա արեցի և եկա Լոռու ամենահիասքանչ անկյուններից մեկը՝ Մարգահովիտ գյուղը»,- ասում է նա։
Լուսինեն ասում է, որ թեև սկզբում դեռ վստահ չէր իր որոշման մեջ, սակայն հարմարվել է գյուղի կյանքին և նոր հետաքրքրություններ է բացահայտել՝ ձի քշել, գյուղում զբոսնել, անտառ գնալ կամ այցելել գյուղի հին եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ «Ես գյուղն ամբողջությամբ սիրում եմ, ստեղծագործում եմ այստեղ, նոր բաներ եմ նախաձեռնում, ինչու՞ նաեւ չստեղծեմ ընտանիք, ունենամ երեխաներ ու բնությանը մոտ մեծացնեմ նրանց»:
Թեև Լուսինեն գյուղում նոր կյանք է գտել, այնուամենայնիվ ձմռան ամիսներին վերադառնում է Երևան։ «Այստեղ դեռ շատ անելիքներ կան՝ համայնքում ավելի զարգացած ենթակառուցվածքներ ունենալու և երիտասարդների համար ավելի խոստումնալից ապագա ստեղծելու համար», - ասում է նա: Լինելով համայնքի նոր անդամ, հեռահար աշխատող Լուսինեն սկսեց այգեգործությամբ զբաղվել՝ գյուղում նոր կոլորիտ ստեղծելու եւ ավելի շատ այցելուներ գրավելու համար։
«Ես սկսեցի աճեցնել իմ սեփական օրգանական բույսերը և կամաց-կամաց հասկացա նաև, որ օրգանական բույսերի մեծ պահանջարկ կա քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում»,- ասում է նա։ «Իմ հոբբին քայլ առ քայլ վերածվեց բիզնեսի…Ինձ համար ամենակարևորն այն է, որ մարդիկ այցելում են գյուղ և սիրահարվում բնությանը: Դա իսկապես գյուղի կյանքին նոր հետաքրքրություններ է բերում»։
31-ամյա Հասմիկ Ջինանյանն ի սկզբանե հետևել է տենդենցին. նա թողել է հայրենի Վանաձորը՝ Երևանի Գիտությունների ազգային ակադեմիայում մագիստրոսի կոչում ստանալու համար։ Բայց ավարտելուց հետո որոշել ոչ թե քաղաքում աշխատանք փնտրել, այլ վերադառնալ տուն՝ օգնելու իր համայնքին:
Այսօր նա «Օրրան» բարեգործական հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարն է և որպես ֆրիլանսեր աշխատում է Լոնդոնում գտնվող ընկերություններից մեկում:
Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով նա 10 մարզերում հիմնել է երիտասարդական կենտրոններ և 10 այլ համայնքներում՝ երիտասարդների սոցիալական ձեռնարկություններ։ «Նկատեցի, որ երեխաները ձգտում են ակտիվ կյանքով ապրել, և որ այն գտնելու համար պատրաստ են գյուղից քաղաք գնալ։ Ահա թե ինչպես ինձ մոտ այս միտքը ծագեց՝ գյուղի երիտասարդության համար երիտասարդ սոցիալական ձեռներեցների ծրագրի գաղափար՝: Սկզբում մենք ուսուցում առաջարկեցինք, իսկ հետո երիտասարդներն իրենց գյուղերում թիմեր կազմեցին, կենտրոններ ու սոցիալական ձեռնարկություններ հիմնեցին»։
Նրա ջանքերը զուր չանցան. 19-ամյա Վահանը, որը ծնունդով Վահագնի գյուղից է, ասում է, որ երիտասարդական ծրագիրն օգնեց իրեն դառնալ տեղի համայնքի մաս: «Գրեթե միշտ զբաղված էի դասերով, թվում էր, թե գյուղում շատ բան չունեի անելու, երբեմն օգնում էի համագյուղացիներին, իսկ ազատ ժամանակ սիրում եմ մեր այգին խնամել։ Սակայն երբ համայնքում ստեղծվեց երիտասարդական կազմակերպություն, միացա դրան և սկսեցինք նախաձեռնեցնել օրինակ, աղբահանություն կամ շրջագայություններ գյուղ եկող զբոսաշրջիկների համար… Քիչ-քիչ հետաքրքրությունս մեծացավ գյուղի խնդիրների ու հնարավորությունների նկատմամբ, և Ես հասկացա, որ գյուղի շատ հարցեր չեն լուծվում, քանի որ մարդիկ այստեղ լուռ են, անտարբեր են և հաճախ մտածում են, որ ինչ-որ մեկին կվնասեն, եթե բարձրաձայնեն իրենց խնդիրները»։
Երիտասարդական ծրագրից ստացած ուսուցման և հմտությունների հիման վրա Վահանն ու իր ընկերները հիմնեցին իրենց սեփական սոցիալական ձեռնարկությունը՝ իրենց գյուղի խնդիրները լուծելու համար: Այսօր նա անցնում է պարտադիր զինվորական ծառայություն։ Բայց երբ ավարտվի, նախատեսում է նորից միանալ ընկերներին ու աշխատել իրենց սոցիալական ձեռնարկության համար:
«Հեռակա կարգով կշարունակեմ կրթությունս Երևանի պետական համալսարանում, որ կարողանամ գյուղում մնալ և ընկերներիս հետ մեր սոցիալական ձեռնարկությունը զարգացնել»,- ասում է Վահանը։ «Գյուղում հավատում են մեզ, իսկ մենք հավատում ենք մեր գյուղի ավելի զարգացած և հնարավորություններով լի ապագային»:
Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:
Այս հոդվածը պատրաստվել է Chai Khana Fellowship ծրագրի շրջանակներում՝ գարուն-ամառ 2024 թ:
նվիրաբերեք հիմա