Հայաստանի մեռնող խորհրդային ժառանգությունը
Երևանի արևմտյան մասում գտնվող ու Խորհրդային Միության առաջնորդ Վլադիմիր Լենինի անունը կրող մետաքսի գործարանը տասնամյակներ շարունակ եղել է հազարավոր մարդկանց աշխատավայր: Այնտեղ արտադրում էին գործվածքներ և արտահանում Խորհրդային Միությունով մեկ․ այստեղ հավաքվել էր աշխատավորների համայնքը՝ արխիվի աշխատակցիցներից մինչև ինժեներներ:
Խորհրդային Միությունում Հայաստանը հայտնի արտադրական կենտրոն էր. 1980-ականների վերջին, օրինակ, արդյունաբերությունը կազմում էր համախառն ազգային արդյունքի 68%-ը:
Հայկանուշ Մեծիկյանը 30 տարի աշխատել է մետաքսի կոմբինատում որպես լաբորանտ, կադրերի բաժնի տեսուչ և ի վերջո՝ արխիվի տնօրեն։
«Մենք երանությամբ ենք հիշում այդ օրերը»,- ասաց նա։
Մեծիկյանի ամուսինը՝ Գագիկ Մնացականյանը, նույնպես աշխատել է գործարանում՝ որպես գլխավոր մեխանիկի քարտուղար. «մեր երիտասարդությունն էնտեղ ա անցել»,- ասաց նա։ «Երբ մենք դարձանք 50 տարեկան, երկիրը փոխվեց, բայց մենք արդեն սովոր էինք էն կյանքին»:
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, գործարանները սկսեցին փակվել, երկիրը բախվեց Արցախյան առաջին պատերազմին և էներգետիկ ճգնաժամին․ մի շրջան, որը տեղացիներին հայտնի է որպես «մութ ու ցուրտ տարիներ»:
Կառույցների մնացորդները, որոնցից մի քանիսը ներառում էին գրադարաններ, բանվորական ակումբներ և այլ հաստատություններ, հիմնականում մատնվեցին բախտի քմահաճույքին։
Ճարտարապետ Վրույր Քոչարյանը Չայ Խանային ասաց, որ ավերակների համար նոր կիրառություն գտնելու գործընթացը դանդաղ է ընթանում, թեև վերջերս որոշ փորձեր արվում են դրանք վերածել բնակելի թաղամասերի, առևտրի ու բիզնես կենտրոնների։
«Վերջին տարիներին Երևանում անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրության ավելացումը խթանել է որոշ արդյունաբերական տարածքների տրանսֆորմացիան: Դրանք դարձել են հասարակական տարածքներ, օգտագործվել են բիիզնեսի համար... բայց որպես մասնագետ դա գրագետ փորձ համարել չէի համարձակվի»,- պարզաբանեց Քոչարյանը:
Փոխակերպված տարածքներից քչերն են պահպանել խորհրդային ժառանգության տարրերը կամ իրական օգուտ տվել հայ բնակչությանը:
«Կարծում եմ` արդյունաբերական տարածքների վերաիմաստավորման մարտահրավերն է՝ մտածել այն մասին, թե ինչպես դրանք կարող են ծառայել ավելի լայն հանրությանը, և ոչ միայն մասնավոր սեփականատիրոջ շահերին», - Չայ Խանային ասաց Կոռնելի համալսարանի դոցենտ Լորի Խաչատուրյանը Միացյալ Նահանգներից:
Խաչատուրյանը, որ ուսումնասիրում է սոցիալիստական արդիականության նոր փուլը՝ կենտրոնանալով արդյունաբերական կործանումը ձևավորող ուժերի վրա, նկատում է, որ այդ շենքերը հանրությունից խլել են, Խորհրդային Միության փլուզումից հետո՝ սեփականաշնորհման և կոռուպցիայի արդյունքում:
Այլընտրանքային մոտեցումը, որը կիրառվում է նաև այլ երկրներում կլինի այն, երբ մտածեն, թե ինչպես կարող են շենքերը ծառայել իրենց համայնքին և անցյալին՝ ասաց նա:
«Մյուս ճանապարհը, որով անցնում են որոշ երկրներ, դրանց որպես ժառանգության լանդշաֆտներ դիտարկելն է: Ինչպե՞ս կարելի է այդ վայրերը վերաիմաստավորել և վերածել ժառանգության․ այնպես, ինչպես զբոսաշրջիկները գնում են Էրեբունի թանգարան կամ Գառնու տաճար»,- ասաց Խաչատուրյանը:
Այսօր, սակայն, նախապատվություն տրվում է լքված արդյունաբերական շենքերը քանդելուն, կարծում է SNKH ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը։
Սնխչյանը խորհրդային շենքերի հետ աշխատելու որոշակի փորձ ունի, օրինակ՝ նախկին «ԵրԱԶ» ավտոմոբիլային գործարանի 180 քմ տարածքը, որը նա վերածել է համատեղ աշխատանքային տարածքի։
Նրա համար կարևոր էր գործարանից որոշ մանրամասներ պահպանել։ Բացի այդ, ճարտարապետական ստուդիան աշխատում է նոր նախագծի վրա, որի նպատակն է նախկին հագուստի գործարանի շենքը վերածել գրասենյակի` պահպանելով շենքից մնացած հիմնական ռեսուրսները:
Սակայն, ըստ Սնխչյանի, հիմնական խոչընդոտն այն է, որ արդյունաբերական ավերակների վերաիմաստավորման վերաբերյալ քաղաքական որոշումներ չկան։
«Պետք է լինի ընդհանուր լուծում և ընդհանուր տեսլական՝ գլխավոր հատակագծով, որը ներառում է առևտրի կենտրոններ, բնակելի շենքեր, արվեստի կենտրոններ, դպրոցներ, սրճարաններ, ամեն ինչ»,- ընդգծեց նա։
Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան Չայ Խանայի գրավոր հարցմանը նշել են, որ իրենք պատասխանատու չեն լքված արդյունաբերական շենքերի վիճակագրության համար։ Էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշել է, որ չգործող արդյունաբերական գործարանները հիմնականում մասնավոր կապիտալ են՝ առանց պետության մասնակցության։ Նախարարությունը նշել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) դյուրացնում է ներդրումները չգործող գործարաններում՝ հետագայում բաժնետոմսերն առաջնահերթության կարգով ընկերությանը վաճառելու պայմանով:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, նաև մի քանի ներդրումային ծրագրեր են սկսել, որոնք կարող են օգնել արդյունաբերական ընկերությունների զարգացման և վերափոխման գործում։
Մյուս երկրները ներդրումներ են կատարում՝ լքված գործարանները բերելով իրենց սկզբնական վիճակին, որպեսզի դրանք կարողանան գրավիչ դառնալ այցելուների համար:
«Դա պոտենցիալ լավ տարբերակ է երիտասարդ սերնդին կրթելու ու պատմելու իրենց ծնողների, տատիկների և պապիկների փորձի մասին՝ որպես նախկին պրոլետարիատի վարձու աշխատողների», - բացատրեց Կոռնելի համալսարանի դոցենտ Լորի Խաչատուրյանը:
Արդյունաբերական զբոսաշրջությունը Հայաստանում տարածված չէ, թեև մի քանի փորձեր են եղել հետխորհրդային գործարանները վերականգնելու։ Օրինակ 2019 թվականի «Ուրվական-ֆեստ»-ը համախմբեց արվեստագետներին աշխարհի տարբեր ծայրերից դեպի Հայաստանի մոռացված և լքված վայրեր:
Ճարտարապետ Վրույր Քոչարյանը, չնայած չի ունեցել փորձ աշխատելու խորհրդային ժամանակների շենքերի հետ, կարծում է, որ դրանք այսօր հանրությանը ծառայելու ներուժ ունեն: Նա ասում է, որ հիմնական խոչընդոտը մարդկանց վերաբերմունքն է արդյունաբերական շենքերի նկատմամբ:
«Նրանք [ներկայիս սեփականատերերը] չեն նայում այդ գործարաններին նույն աչքերով, ինչ մենք», - ասաց նա: «Նրանց համար դրանք պարզապես կիսալքված տարածքներ են, շատերի համար, գուցե նույնիսկ գլխացավանք»:
Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:
Այս հոդվածը պատրաստվել է Chai Khana Fellowship ծրագրի շրջանակներում՝ գարուն-ամառ 2024 թ:
նվիրաբերեք հիմա