Հայերնիքում աշխատանքի շատ հնարավորություն չունենալով՝ հայերը վերադառնում են Ռուսաստան

Լրագրող: Կարինե Մանուկյան

07.07.22
Հրատարակություն: Աշխատանք
թեման:

Հայկական փոքրիկ Լիճք գյուղի մեծահասակների մոտ 30 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի:

«Եթե ընտանիքում աշխատունակ մարդ կա, այդ մարդն աշխատում է արտերկրում»,- նշում է բնակավայրի վարչակազմի ղեկավար Հայկ Հոխիկյանը։

Ըստ տեղացիների հետ հարցազրույցների, գյուղի 1500 բնակիչների մեծ մասը կախված է Ռուսաստանի աշխատանքից։ Թեև Լիճքը Հայաստանում ունի աշխատանքային միգրանտների ամենաբարձր ցուցանիշը, սա արտացոլում է երկրի ընդհանուր միտումը: 

ARMSTAT պետական վիճակագրական մարմնի 2022 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ 2016-ից 2020 թվականներին երկիրը լքած 218,400 քաղաքացիների մեծ մասը (առկա վերջին տվյալները) տղամարդիկ են: Ռուսաստանը հիմնական ուղղությունն է. Ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 2021 թվականին այս երկրից 866 մլն դոլարի դրամական փոխանցումներ են ուղարկվել։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 580 մլն դոլարի դրամական փոխանցումներով, որին հաջորդում են այլ երկրների փոխանցումները՝ ընդհանուր 663 մլն դոլար ծավալով։

38-ամյա Սմբատ Գեղամյանը 2005 թվականից արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։

«Ես աշխատասեր ընտանիքից եմ։ Ունեմ երկու եղբայր և մեկ քույր։ Հայրս աշխատում էր․ նա մեզ հասցրեց աշխատունակ տարիքի, երբ մենք պետք է սովորեինք և ապա սկսեինք աշխատել, բայց մենք չկարողացանք դա անել, քանի որ բավականաչափ գումար չունեինք»,- ասում է նա: «Այսպիսով, մենք որոշեցինք աշխատել արտերկրում»:

Ինչպես հարցված գյուղացիներից շատերը, Սմբատն էլ ավելացնում է, որ կնախընտրեր տանը մնալ։ «Մենք կմնանք մեր հայրենիքում, եթե իմանանք, որ ունենք աշխատանք, որը մեզ թույլ է տալիս ապրել և ապահովել մեր ընտանիքներին», - հիմնական պատասխանն էր Չայխանայի հարցերին:

Քանի որ գյուղում քիչ բիզնեսներ և սահմանափակ ռեսուրսներ կան, շատերը կարծում են, որ ավելի լավ տարբերակ չկա, քան արտագնա աշխատանքի մեկնելը:

60-ամյա Ժորա Խաչատրյանը երկար տարիներ մեկնում է Ռուսաստան, որտեղ աշխատում է շինհրապարակում, որպես վարպետ։ Նա նախատեսում է վերադառնալ մայիսին։

Ժորան նախ երիտասարդ տարիքում է Ռուսաստան մեկնել՝ ծառայելու խորհրդային բանակում։ Նա սովորել է համալսարանում, բայց ի վերջո վերադարձել է Լիճք՝ աշխատելու մոտակա գործարանում: «Մենք սիրում ենք մեր հողն ու ջուրը. մենք այսօր այստեղ չէինք լինի, եթե այդ սերը չլիներ»,- ասում է նա։

Ի վերջո, այն գործարանը, որտեղ աշխատում էր 5000 մարդ, փակվեց։ Մյուս գործարանները հետևեցին դրա օրինակին։

«Մեր գործարանը մեծ եկամուտներ բերեց երկրին… Հետագայում նոր օրենքների պատճառով գործարանը չհաջողվեց պահպանել և այն փակվեց: Էլեկտրոնային արտադրության ողջ համակարգը փոխվեց, և մենք բոլորս դարձանք գործազուրկ»,- հիշում է Ժորան։ «Այն ժամանակ մեր գյուղում աշխատանք չկար։ Այսպիսով, ես սկսեցի աշխատել արտերկրում»:

Գյուղապետի տեղակալ Գնել Գրիգորյանը նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մարզում գործարաններ էին գործում, այնքան աշխատատեղեր չէին ապահովում, որպեսզի տեղի բնակիչները մնան։

«Կար սովխոզ, որոշ մարդիկ աշխատում էին, բայց մեծ մասը գնաց արտագնա աշխատանքի, քանի որ աշխատանք չկար»,- ասում է նա։ «Նախկինում հանքային ջրերի գործարան ունեինք մոտ 100 աշխատողով, որտեղ մեծամասամբ կանայք էին աշխատում։ Բնակչության մնացած մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, կամ արտագնա աշխատանքի մեկնում»:

Բնակիչների տրանսֆերտներն օգնել են համայնքի զարգացմանը. միգրանտների աշխատուժը ռեսուրսներ է տրամադրում տներ կառուցելու, ճանապարհներ նորոգելու, ջրագծերի վերանորոգման և եկեղեցներիի կառուցման համար:

57-ամյա Իգոր Արզումանյանը 1987 թվականին խորհրդային բանակում ծառայելուց հետո մեկնել է արտագնա աշխատանքի։ Նա նշում է, որ համաճարակի պատճառով անցած երկու տարիները ծանր են եղել աշխատանքային միգրանտների համար։ Այժմ, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նա մտավախություն ունի, որ Ռուսաստանում աշխատատեղեր քիչ կլինեն:

Հայաստանի Կենտրոնական բանկը նույնպես զգուշացնում է, որ պատերազմի եւ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով աշխատանքային միգրանտների համար երկրում ավելի քիչ աշխատատեղեր կան։ Կանխատեսվում է, որ  2022 թվականի մարտին գործազրկությունը կկազմի շուրջ 16,7 տոկոս՝ պայմանավորված Ռուսաստանում աշխատատեղերի պահանջարկի նվազմամբ:

Իգորը համաձայն է. «Այս տարի ավելի վատ է լինելու. եթե կորոնավիրուսին հաջորդող տարիներին աշխատատեղերը քիչ էին, ապա պատերազմի, պատժամիջոցների, բանկային խնդիրների պատճառով, այս անգամ ավելի քիչ կլինեին»,- ասում է նա։

Բայց նա ընտրության հնարավորություն չունի. 2020 թվականին չի մեկնել Ռուսաստան՝ համաճարակի պատճառով, բայց պետք է գումար վաստակի, որպեսզի օգնի իր չորս երեխաներին վճարել իրենց համալսարանական կրթության համար:

«Այս տարի ես կարող եմ գնալ, բայց ակնկալում եմ, որ կվաստակեմ այնքան, որքան պետք է հիմնական կարիքները բավարարելու համար, ոչ ավել», - ասում է Իգորը:


Այս հոդվածը պատրաստվել է Չայխանայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 2022 թվականի գարնանը

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա