Ուկրաինան քսան տարի շարունակ երկրորդ հայրենիք էր Հովասափյանների համար: Հայաստանից տեղափոխվելուց հետո ընտանիքի հայրը՝ Արամայիսը, Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում կարողացել էր աշխատանք գտնել ու տարիների ընթացքում նոր բնակարան ձեռք բերել՝ հայրենիքում թողածի փոխարեն: Բայց Արամայիսի խոսքով, մի քանի ամսվա ընթացքում ուկրաինական ճգնաժամը Կիեւի մայդանից հասավ Մարիուպոլի նավահանգիստ, հերթով թակեց բոլորի դռներն ու որոշեց երկար ժամանակով «հյուր» գալ: Նա պատմում է, որ գրեթե ամեն օր ծովափնյա քաղաքը հրթիռակոծության էր ենթարկվում Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից՝ Կիեւի հրահանգները չկատարելու համար:
«Կյանքը մեր քաղաքում դարձել էր վիճակախաղ, ամեն առավոտ քաշում էինք տոմսն ու երեկոյան պարզում՝ շահե՞լ ենք մեր կյանքը, թե՝ ոչ»,- ասում է Արամայիսի որդին՝ Արմեն Հովասափյանը, ով ընտանիքի հետ մեկ տարի առաջ վերադարձավ հայրենիք:
Արմենը մինչեւ հիմա պահում է 2014-ի մայիսի 9-ի լուսանկարները, որոնք արել էր բջջային հեռախոսով: Հենց այդ օրը Ուկրաինական բանակի տեխնիկան ու զինվորականները մտան քաղաք՝ իր բնորոշմամբ առանց նախազգուշացնելու կրակ բացելով խաղաղ բնակչության ուղղությամբ:
Արմենը 10 տարի զբաղվել է սպորտով, եղել Ուկրաինայի Քիք Բոքսի հավաքականի անդամ, երկրի վեցակի չեմպիոն: Հիմա 29-ամյա մարզիկը հիմնական աշխատանք չունի, ամսվա մեջ մի քանի օր բանվորություն է անում՝ վաստակելով օրական 3000 դրամ ($6):
Արամայիսը որդու հետ մի կերպ հոգում է ապրուստը: Երեւանի՝ արդեն անծանոթ փողոցներում տաքսի է վարում՝ հաճախ շփոթելով հասցեները:
Անահիտ Հովասափյանը հեշտ հարմարվեց նախկին կյանքին, թեեւ ամեն ինչ փոխվել էր խորհրդային տարիների հետ համեմատած: Երեւանում վարձակալած փոքրիկ բնակարանը հիշեցնում է Մարիուպոլի տունը, միայն մի տարբերությամբ՝ օդում թռչող ռումբերի ձայներ այստեղ այլեւս չի լսում:
Հայաստան եկած փախստականները, որպես կանոն, առաջինը դիմում են Միգրացիոն պետական ծառայություն: Այստեղ քննարկում են նրանց կացության ու փաստաթղթավորման հարցերը:
«Ուկրաինայից եկած փախստականներից ոմանք ունենում են կացարանի խնդիր, նրանց սենյակ է հատկացվում հատուկ հանրակացարանում: Պետությունը հոգում է սննդի ու կոմունալ հարմարությունների ծախսերը: Նրանց տրվում է փախստականի հատուկ կարգավիճակ, որով կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցողների համար նախատեսված բոլոր ծառայություններից ու բուժ.սպասարկումից»,- ասում է Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:
Ելենա Յաշչյանը Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետն է: Նա անձամբ է շփվել շատ ուկրաինահայերի հետ ու կազմել բոլորի անձնական գործերը:
«Ցանկության դեպքում ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստականները կարող են դիմում գրել ու արագացված կարգով հայկական անձնագրեր ստանալ»,- ասում է Ելենան:
Հովասափյանները նույնպես ստացել են փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը: Արմենը ստացել է նաեւ փախստականներին տրվող Ճամփորդական փաստաթուղթ, որը կարող է օգտագործել երկու տարի: Այն նախատեսված է ՀՀ տարածքից դուրս փախստական կարգավիճակով ազատ տեղաշարժվելու համար: Ընտանիքի մյուս անդամներն ունեն միայն ուկրաինական անձնագեր:
Ինչպես շատ ուկրաինահայեր, այնպես էլ Հովասափյանները օգտվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության տրամադրած օգնությունից:
Սիմոն Գրիգորյանը շուրջ հինգ տասնյակ ուկրիանահայ ընտանիքների, այդ թվում՝Հովասափյանների սոցիալական աշխատողն է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունում:
«Մենք հոգում ենք Հովասափյանների բնակարանի վարձը, գումար տրամադրում նաեւ բժշկական ծախսերի ու ձմռանը բնակարանը տաքացնելու համար»,- նշում է Սիմոն Գրիգորյանը:
Ուկրաինայից գաղթած փախստականները, սակայն, դժվար են հարմարվում Հայաստանի կյանքին ու սոցիակական դժվարություններին, ինչպես հարմարվում են Հովասափյանները: Շատ ընտանիքներ ստիպված են լինում նորից լքել հայրենիքն ու այս անգամ բախտ փնտրել մեկ այլ երկրում՝ փորձելով մոռանալ պատերազմի պատճառած ցավերը:
This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana.
նվիրաբերեք հիմա