Հայկական բարձրավանդակի մոլոկանները

Հեղինակ՝: Նելլի Շիշմանյան

21.04.17

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղը եզակի է իր բնակչությամբ: Ի տարբերություն այլ գյուղերի, այն ամբողջությամբ բնակեցված է 19-րդ դարում Ռուսաստանից հոգևոր հայացքների համար Հայաստան աքսորված ռուսներով, ովքեր կոչվում են մոլոկաններ: Գյուղի բնակչությունը կազմում է մոտ 1500 մարդ, սակայն կախված տարվա եղանակից, այն փոփոխվում է: Ձմռանը շատերը մեկնում են Ռուսաստան` մոլոկանների հայտնի թթվի պատրաստման և վաճառքի համար: Գարնանը, գյուղատնտեսական աշխատանքները սկսելուն զուգահեռ, նորից վերադառնում են գյուղ:  

Հայաստանում մոլոկաններ ապրում են նաեւ Լերմոնտովո գյուղում եւ Երեւանում: Նախկինում ապրել են նաեւ այլ քաղաքներում և գյուղերում, սակայն ժամանակի ընթացքում երիտասարդները հեռացել են աշխատանք փնտրելու նպատակով և չեն վերադարձել:

Ֆիոլետովոյի մոլոկանները պահպանել են բոլոր ավանդույթները: Դրանք փոխանցվում են սերնդեսերունդ` իրենց մեջ ներառելով պարկեշտություն, ազնվություն, աշխատասիրություն, միասնականություն: 

32-ամյա Մարինան մոտ 4 տարի է զբաղվում է ասեղնագործությամբ: Այդ հմտությունն ինքնուրույն է սովորել եւ դրա օգնությամբ պատրաստել իր դստեր 7-ամյա Տանյայի այս զգեստը: Մարինային համագյուղացիները հաճախ են պատվիրում ասեղնագործել գլխաշորեր, գոգնոցներ, երբեմն նաև հարսանեկան զգեստներ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից եւ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր օր դպրոցականների համար պատրաստվում են տարբեր տեսակի կարկանդակներ:
Եկատերինա Ցիկինան 78 տարեկան է, ունի 3 երեխա, սակայն ներկայումս իր ընտանի կենդանիների հետ մենակ է ապրում գյուղի տանը: Կատյա տատիի երեխաներն ընտանիք կազմելուց հետո գյուղից տեղափոխվել են Երեւան, մեկնել Ռուսաստան, բայց յուրաքանչյուր արձակուրդներին իրենց զավակների հետ այցելում են մորը:
Մոլոկանները չունեն տիպական զարդանախշեր, դրանք հիմնականում նուրբ, շատ հաճախ գույնզգույն ծաղիկներ են: Ծաղկային նախշեր կարելի է տեսնել նաև դպրոցում:
3,5 տարեկան Նաստյան:
Ֆիոլետովո գյուղի յուրաքանչյուր բնակչի օրը շատ վաղ է սկսվում, նույնիսկ ձմռանը, երբ հողագործական աշխատանքներ չկան: Միխայիլ Ռուդոմյոտկինը խոտ է տանում անասնագոմ` անասուններին կերակրելու:
Գյուղի դպրոցում բոլոր առարկաներն անցնում են ռուսական դպրոցների համար նախատեսված, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրով:
Նատաշա և Միխայիլ Ռուդոմյոտկինները` իրենց տան բակում: Այս հոգատար և բարի ընտանիքի պատերի ներքո շատ հայեր են ամռանը հանգստանում: Տան դիմացի այգու կողքով անցնող գետը առատ է ձկներով, ուր կարելի է նաև ձկնորսությամբ զբաղվել: Գյուղը հարուստ է նաև հանքային ջրերի աղբյուրներով, որոնցից մեկը գտնվում է հենց Ռուդոմյոտկինների այգու տարածքում: Ամռանը այս ընտանիքի հյուրընկալությամբ հանգիստ վայելելը իսկական նվեր է` մաքուր ու անապակ բնության հետ շփվել ցանկացողների համար:
Մաշան փորձում է քնեցնել իր 5 ամսեկան դստերը` Տանյային:
Գյուղում մանկապարտեզ չի գործում, երեխաները հիմնականում ընտանիքում են անցկացնում օրը: Տաք օրերին նրանց հաճախ կարելի է տեսնել բակերում խաղալիս: Շատ հաճախ ծնողները երեխաներին իրենց հետ տանում են այգի եւ նրանց ինչ-որ չափով մասնակից դարձնում հողագործական աշխատանքներին: Գյուղի դպրոցում գործում է նաև նախակրթարան, ուր կարող են հաճախել նախադպրոցական տարիքի երեխաները:
Ձմեռային լուսաբացը Ֆիոլետովոյում:
Կիրակնօրյա հավաքից հետո գյուղի կանայք գնում են վերջին հրաժեշտը տալու իրենց համագյուղացուն:
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա