Հողի ու կրակի պայքարը․ մտորումներ դիակիզման շուրջ

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան
31.07.17
Հրատարակություն: Տաբուներ եւ ստիգմաներ

Մեկ ամիս առաջ Երեւանի 26-ամյա բնակիչ Կ.Չ.-ն (նա չցանկացավ բացահայտել իր ամբողջական անունը) զբաղված էր պապի հուղարկավորությունը կազմակերպելով։ Նրան միայն մի հարց էր անհանգստացնում՝ որտեղ կազմակերպել թաղումը, երբ տանն ամենամոտ գտնվող «Ավան» գերեզմանատանն ազատ տեղեր արդեն չկային։ 

Որոշ երկրներում հուղարկավորության այլընտրանքը դիակիզումն է, բայց Հայաստանում այս պրակտիկան չի կիրառվում, դիակիզարաններ էլ չկան։

Դիակիզարանների շահագործման մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին, բայց Հայաստանի նման ավանդապաշտ երկրում այն արդեն 11 տարի թղթի վրա է։ Հասարակությունը համառորեն չի ընդունում դիակիզման տարբերակը, անգամ այն դեպքում, երբ հողակտորներ ձեռք բերելու համար հաճախ հարկավոր է լինում կաշառք տալ։

Հայաստանի բոլոր գերեզմանատները շահագործվում են պետության կողմից ու մի շարք օրենքներով։ Ըստ օրենքի՝ մեկ անձի թաղում կազմակերպելու համար անվճար հատկացվում է 2․5 ք/մ հողակտոր բնակության վայրին ամենամոտ գերեզմանատանը։

Երեւանի «Արին բերդ» գերեզմանատունը:

2008-ից հետո Երեւանի գերեզմանատների ու դրանց հատկացված հողատարածքների չափումներ չեն իրականացվել։ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքում կա 21 գերեզմանատուն, որոնցից 11-ն արդեն մասնակի փակ են։

Թաղում կազմակերպելը Հայաստանում հեշտ գործ չէ, բայց պարտավորություն է, որ յուրաքանչյուրը ցանկանում է պատշաճ կատարել։

Հենց այդ պատճառով էլ Ավան թաղամասի բնակիչ 26-ամյա Կ. Չ-ն սկսեց հողակտոր փնտրել տան մոտ գտնվող այլ գերեզմանատներում։ Փնտրտուքները նրան տարան երեւանամերձ մի գյուղ, որը հեռու չէ Ավան վարչական շրջանից։ 18 ք/մ հողակտորի համար նրանից պահանջեցին 2000 դոլար, սակարկելուց հետո 1500 դոլար (սա 4 անգամ ավելին է, քան Հայաստանի միջին ամսական աշխատավարձը) կաշառքի դիմաց նա ստացավ ցանկալի ընտանեկան գերեզմանատեղը։ 

«Ժամանակ չկար երկար տեղ փնտրելու համար, առաջարկված տարբերակները կամ քաղաքի ծայրամասերում էին, կամ էլ դժվարամատչելի, քարքարոտ տեղերում»,-ասում է երիտասարդը, ով չցանկացավ ներկայանալ։ Բացի այդ, տանը մոտ գերեզմանատեղ էինք ցանկանում ձեռք բերել, որպեսզի տատիկս կարողանար հաճախ այցելել»։ 

Օրենքը կա, դիակիզարանը` ոչ



2006-ին Ազգային ժողովի կողմից ընդունված դիակիզման մասին օրենքի հեղինակը Աժ երրորդ գումարման պատգամավոր Վլադիմիր Բադալյանն է։ Ներկայում նա Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Թուրքմենստանում:  

Նախկին պատգամավորն այսօր էլ հիշում է, թե ինչպես գրեց օրենքը։ Օրենքը գրելու համոզմանը եկավ, երբ շրջեց Երեւանի ու Հայաստանի մի քանի գերեզմանատներով ու տեսավ դրանց անմխիթար վիճակը։

 «Շատ գերեզմանատներում, հատկապես երեւանյան, գերծանրաբեռնվածությունը հասել էր կրիտիկական կետի, դրանք հատել էին իրենց սահմաններն ու հասել, օրինակ, բնակելի տարածքներին, հիվանդանոցներին ու հասարակակակն այլ շինություններին։ Բացի այդ, գերեզմանները հաճախ հայտնվում են անմխիթար վիճակում, ծածկվում անկանոն աճող բույսերով ու խոտերով։ Դիակիզարանների կառուցման դեպքում, հսկայական գերեզմանադաշտերի փոխարեն` կոկիկ հուշապատեր կարող էին լինել, որոնց խնամքը ավելի հեշտ կլիներ, տասնյակ տարիներ արտասահմանում գտնվող մարդիկ էլ վստահ կլինեին, որ վերադառնալու դեպքում կարող են գտնել իրենց հարազատի գերեզմանը կոկիկ, խնամված ու պաշտպանված` սողանքներից ու բնության այլ արհավիրքներից (նկատի ունի հոդվածում հիշատակված սողանքը «Արին-բերդ» գերեզմանատանը)»,- ասում է նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանը։

Վլադիմիր Բադալյանի գրած ՀՀ օրենքը «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ընդունվել է 2006 թվականին։ Ավելին, ՀՀ կառավարությունը մանրամասնորեն սահմանել է նաեւ դիակիզարաններից օգտվելու կարգը, կանոնները, հուշապատերի եւ աճյունասափորների դիմաց դրվող սալիկների չափերը։

Նախկին պատգամավորի խոսքով, այս 11 տարիների ընթացքում ոչ մի բարելավում չեղավ, օրենքի շատ կետեր այդպես էլ մնացին թղթի վրա։



Դիակիզումը որպես տարածքի խնայման տարբերակ



Դիակիզումն այսօր աշխարհի տասնյակ երկրներում ընդունված պրակտիկա է։ Դիակիզման զարգացած մշակույթ ունեն ասիական եւ արեւմտյան մի շարք երկրներ (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա) եւ ԱՄՆ-ն, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Իռլանդիան։

Այս պրակտիկան թույլ է տալիս խնայել գերեզմանատների տարածքները։ Դիակիզումից հետո հանգուցյալի հարազատները աճյունասափորը կարող են տուն տանել, կամ էլ տեղադրել հիշատակի պատերի մեջ, նույնիսկ հողին հանձնել, որը զգալիորեն ավելի քիչ տարածք կզբաղեցնի, քան դասական թաղում կատարելու դեպքում։ Այսօր Հայաստանում օրենքով մեկ ընտանիքին հատկացվում է 12 ք/մ անվճար գերեզմանատեղ։ Այս տարածության վրա կարելի է կատարել մինչեւ 6 հուղարկավորություն։ Մինչդեռ դագաղից տասնյակ անգամ փոքր աճյունասափորները թաղելու դեպքում հողատարածքը 5-6 անգամ կխնայվի։

Աճյունասափորի օրինակ:

Ստորեւ կարող եք համեմատել Երեւանի «Սիլիկյան» ու Փարիզի «Պեր Լաշեզ» քաղաքի գերեզմանատները։ Հողերի խնայման տեսանկյունից դիակիզման առավելությունն ակնհայտ է: 

Լուսանկարները՝ Wikipedia-ի եւ Սուրեն Մանվելյանի/ ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիր



Երեւանի «թաղման բյուրոն»



Երեւանի գերեզմանատները շահագործող Բնակչության հատուկ սպասարկում  համայնքային ոչ առեւտրային կազմակերպության (ՀՈԱԿ) (ավելի հայտնի որպես թաղման բյուրո) իրավաբան Եվա Օհանյանն ասում է, որ գերեզմանատեղերի սակավության խնդիր Երեւանում այս պահին չկա։ Երեւանի գերեզմանատներից տասը բաց են նոր հողհատկացումներ անելու համար։ 

Ի դեպ, Երեւանի գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 560 հեկտար է, որը մայրաքաղաքի ընդհանուր տարածքի 2․5 տոկոսն է։

Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի իրավաբան Եվա Օհանյանը:

«Խնդիրն այն է, որ մարդիկ չեն համաձայնում իրենց հարազատին հուղարկավորել  բնակության վայրից հեռու գտնվող բաց գերեզմանատներում, հաճախ համաձայն չեն լինում նաեւ իրենց առաջարկվող տարածքների հետ, քանի որ մեքենայի ճանապարհ դեպի այդ հատվածը չի լինում»,- ասում է Եվա Օհանյանը։

Առաջարկում ենք ծանոթանալ Երեւանի 21 գերեզմանատներին։ Սեղմեք դրանց անվանումների վրա՝ մանրամասն տեղեկատվության համար։

Գերեզմանատներում տիրող վիճակի ու կոռուպցիոն ռիսկերի մասին 2008-ին Կառավարության նիստի ժամանակ խոսել է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վիդեոյի աղբյուրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հեռուստածրագիր

Բնակիչներից ինչ-որ հողակտորների համար պահանջվող գումարների մասին Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի իրավաբան Եվա Օհանյանը տեղյակ չէ։ Նրա խոսքով՝ չի եղել մի դեպք, որ քաղաքացին դիմի իրենց ու անվճար հողակտոր չստանա։

Նրա դիտարկմամբ, սակայն,  դիակիզարանի կառուցուցումը կհանգեցնի Երեւանում գերեզմանատների հողերի մոտ 60% խնայմանը։

Եվա Օհանյանը չի հիշում մի դեպք, որ ինչ-որ մեկը ցանկություն հայտնած լինի իր հարազատի մարմինը դիակիզել, կամ հետաքրքրվի՝ դիակիզարան կա՞ արդյոք Երեւանում, թե՝ ոչ։



Այրե՞լ, թե՝ ոչ



ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր գիտաշխատող, ազգագրագետ Սմբատ Հակոբյանն այժմ ուսումնասիրում է թաղման ժամանակակից ծեսերն ամբողջ աշխարհում։

Ազգագրագետ Սմբատ Հակոբյանը:

Հայաստանում դիակիզման մշակույթի բացակայությունը Սմբատը նորմալ է համարում, նրա խոսքով հասարակությանը մի շարք պատճառներով դեռ խորթ է այս երեւույթը։ Հակոբյանի խոսքով, անգամ Սփյուռքում ապրող հայերը, ովքեր ունեն դիակիզման հնարավորություն, միեւնույն է՝ հետեւում են թաղման ավանդական կարգին։

«Դեպքեր եմ լսել, որ արտասահմանում ապրող հայերին դիակիզել են` Հայաստան հեշտ տեղափոխելու համար, հետո աճյունասափորը դրել են դագաղի մեջ ու թաղել»,-ասում է ազգագրագետը։

«Չայխանան» Vox Pop անցկացրեց Երեւանի փողոցներում այս թեմայով: Հարցման մասնակիցներից շատերը (հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները) դեմ արտահայտվեցին դիակիզմանը։

2015-ին «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների և լրացումների քննարկման ժամանակ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ օրենքը չի հակասում ազգային ավանդույթներին և շահերին։ Նա այս հայտարարությունն արեց որոշ պատգամավորների դժգոհությանն ի պատասխան, թե դիակիզումը չի համապատասխանում հուղարկավորության հայկական ավանդույթներին։

Հասարակության կողմից դիակիզման մերժման երկրորդ պատճառը, ըստ ազգագրագետ Սմբատ Հակոբյանի, եկեղեցին է, որը դեմ է արտահայտվում հանգուցյալի մարմինը այրելուն։   



Եկեղեցին դեմ է

Հայ Առաքելական Եկեղեցին միանշանակ դիրքորոշում չունի դիակիզման հարցի շուրջ, եպիսկոպոսաց ժողովների ժամանակ այս հարցը երբեւէ չի քննարկվել։ Բայց բազմաթիվ հոգեւորականներ չեն խրախուսում այս երեւույթը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի կարծիքով՝ դիակիզումը դեմ է մեր հոգեկերտվածքին, դարեր շարունակ հայ եկեղեցին թաղման հաստատված ու չփոփոխված ծես ունի, որով մարդուն ճանապարհ են դնում հանդերձյալ կյանք։

«Թաղման արարողության ժամանակ հոգեւորականը կնքում է գերեզմանը՝ խաչի դրոշմը դնելով հողին։ Դա շեշտում է մեր ցանկությունը, որպեսզի հանգուցյալի գերեզմանն անշարժ մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ հավատացողները հարություն կառնեն իրենց կերպարով։ Դիակիզման ժամանակ մարդու մարմինը այրում են, ոսկորները մամլում, ոչնչացնում են նաեւ մարդու յոթերորդ ողը, որից, ըստ Աստվածաշնչի, մարդ պետք է հարություն առնի Քրիստոսի երկրորդ գալստայան ժամանակ»,-ասում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Գերեզմանատների ծանրաբեռնվածության հարցը լուծելու համար քահանան առաջարկում է ավելի փոքր հողակտորներ հատկացնել ու հետեւել, որ մարդիկ դամբարաններ ու հսկայական հուշակոթողներ չկառուցեն իրենց հարազատի գերեզմանի վրա, ինչն էլ հանգեցնում է հողատարածքների սակավությանը։



Դամբարաններ,  հուշարձաններ, մահարձաններ․․․



Օրենքը չի սահմանափակում գերեզմանների վրա կառուցապատումներ իրականացնելը:

«Գերեզմանատունը վայր է, որտեղ տեսանելի են հասարակության բոլոր շերտերը։ Մեզանում ընդունված է շեշտել, ի ցույց դնել հասարակական կամ սոցիալական դիրքը՝ հսկայական շիրմաքարեր, դամբարաններ, մահարձաններ կառուցելով»,- ասում է ազգագրագետ Սմբատ Հակոբյանը։ 

Մեր փոքրիկ շրջայցը Երեւանի «Կենտրոնական» (Թոխմախի) գերեզմանատանը շատ հարցերի պատասխաններ տվեց գերեզմանատեղերի օրեցոր ահագնացող սակավության ու հողերի՝ տարիներ շարունակ անարդյունավետ օգտագործման վերաբերյալ։

Երեւանի «Կենտրոնական» գերեզմանատանը նույնիսկ արձանների ու արձանախմբերի կարելի է հանդիպել։
Յուրաքանչյուր ընտանիքի 12 ք/մ անվճար գերեզմանատեղ է հասնում։ Սա չի կաշկանդում որոշ մարդկանց մեծ դամբարաններ կառուցել։
Խորհրդային տարիներին հատկացված ընտանեկան գերեզմանատեղերը շատ դեպքերում վաղուց արդեն սպառվել են։

Երեւանի որոշ գերեզմանատներ սողանքային գոտիներում են, ինչը հաշվի չի առնվել խորհրդային տարիներին հողհատկացումների ժամանակ։ Պատմական սխալը բնությունը հաշվի չառավ, ու «Արին բերդ» գերեզմանատանը սողանքի հետեւանքով բազմաթիվ գերեզմաններ քանդվեցին 2011-ին:

 

«Արին բերդ» գերեզմանատան սողանքի հետեւանքով քանդված գերեզմանները: (Լուսանկարը՝ Արթուր Lumen Գեւորգյան / ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիր)

Դագաղի փոխարեն աճյունասափորների ամփոփումը հողում կամ հուշապատերի մեջ զգալիորեն կթեթեւացնի գերեզմանատների ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, կպահպանվեն նաեւ օրենքով սահմանված սանիտարական նորմերը։

Տուն ու գերեզման` կողք-կողքի



Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի նախկին ուսանողական հանրակացարանի մասնաշենքերի այժմյան բնակիչները երեխաներին բակ իջեցնելիս սովորականից ավելի ուշադիր են։ Հարեւանությամբ գտնվող «Ավան» գերեզմանատան սահմանները վաղուց արդեն հասել են մանկական խաղահրապարակին, հեռավորությունը 30-40 մետր է, նախատեսվածից 10 անգամ պակաս։

Ըստ օրենքի՝ գերեզմանատներն ու դիակիզարանները բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա պետք է լինեն, ունենան պարիսպ կամ ցանկապատ։ Երեւանի շատ գերեզմանատներում դրանք բացակայում են։

Մոլդովական փողոցի նախկին հանրակացարանի մասնաշենքերն ու գերեզմանները:

«Թոռնիկս՝ Գեւորգը, աուտիզմ ունի, ոչ մի պահ աչքս չեմ կտրում երեխայից, որ առանց հասկանալու գերեզմանատուն չմտնի։ Գերեզմանատունն ու խաղահրապարակը շատ մոտ են, այս շենքերի երեխաները հաճախ են մտնում այնտեղ ու տարբեր խաղեր խաղում, ցանկապատ կամ արգելապատնեշ չկա»,- պատմում է տեղի բնակիչ 50-ամյա Հասմիկ Վարդանյանը։  

90-ամյա Տանյա տատն էլ հիշում է, որ 90-ականներին գերեզմանատունը դեռ այդքան մոտ չէր իրենց շենքին ու մանկական խաղահրապարակին, փոքրիկ պուրակ ու նստարաններ կային շենքերին հարող գերեզմանների տարածքում, որը քանդեցին 2000-ականներին ու սկսեցին նոր հուղարկավորություններ կազմակերպել։

Էդգար Քալոյանը դիակիզմանը կողմ երիտասարդներից մեկն է։ Ապագա բժիշկը կարծում է, որ դիակիզումը մահվանից հետո մարդու մարմնից ազատվելու միակ ընդունելի տարբերակն է։

Հակառակ ավանդապաշտ հասարակության կարծիքին՝ դիակիզվելուն կողմ է ապագա բժիշկ, ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Էդգար Քալոյանը։ Նրա կարծիքով, այդ երեւույթը նույնպես վաղ թե ուշ կընդունվի Հայաստանում, ինչպես ցանկացած բան, որն առաջին շրջանում մերժվում է հասարակության կողմից։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա