Փոքր քաղաքի աղջիկների ռոք խումբը

Հեղինակ՝: Իննա Մխիթարյան

30.09.17
Հրատարակություն: Գյուղական կյանք

Նվագելիս նրանց աչքերը փայլում են ադամանդի պես: Թերեւս հենց այդ պատճառով էլ երաժշտական այս խմբի անունը «Diamonds» է (անգլերենից թարգմանաբար`ադամանդներ): Բացառապես դեռահաս աղջիկներից կազմված ռոք խումբը գործում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ուր կանանց հիմնականում խրախուսում են ամուսնանալ և ընտանիք կազմել երիտասարդ տարիքում:

Ալլան, Էլիդան, Հռիփսիմեն և Մարիկան կարծրատիպեր են կոտրում դեռ 2014-ից։ Ամեն ինչ սկսվեց տեղի երաժշտական դպրոցում, երբ նրանց այժմ հանգուցյալ կիթառի ուսուցիչ Արծվի Քոչարյանը ընտրեց իր լավագույն սաներին և Մշակույթի տանը երկու ռոք խումբ ստեղծեց․ տղաների խումբը կոչվեց «Basilic», իսկ աղջիկներինը՝ «Diamonds»։

Մինչ տղաների խմբի անդամները սովորում են մայրաքաղաքում և ունեն տարբեր բարերում նվագելու առաջարկներ, աղջիկների խումբը այս երեք տարիների ընթացքում ունեցել է ընդամենը 5 համերգ, բոլորն էլ Մշակույթի տան բեմում՝ իրենց փորձասենյակի հարևանությամբ։ Մայրաքաղաքից դուրս բնակվող դեռահաս աղջիկների համար ռոք համերգ տալու հնարավորությունները սահմանափակ են, իսկ խոչընդոտները` շատ:

Երբ ամիսներ առաջ Երեւանի ժամանցի կենտրոններից մեկի` Լոֆթի կողմից հրավեր ստացան նվագելու, աղջիկները ստիպված էին մերժել, քանի որ համերգային ծրագիրը ուշ ժամին էր ավարտվելու, իսկ ընտանիքի անդամների համար դա ցանկալի չէր:

Մեկ այլ օրինակ է 2017֊ին Ապարանում անցկացրած երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչները թույլ չէին տալիս աղջիկներին ելույթ ունենալ: Նրանց հավաստամամբ, պատճառը «Diamonds»-ի լավ չնվագելն էր, նաեւ այն հիմնավորումը, թե փառատոնում նվագելը աղջկա բան չէ։

«Երբ բեմ բարձրացավ մեծամասամբ աղջիկներից կազմված երևանյան մի խումբ, մենք կրկին մոտեցանք կազմակերպիչներին եւ խնդրեցինք մեզ թույլ տալ նվագել, միայն դրանից հետո համաձայնեցին եւ մեկ երգի հնարավորություն ընձեռեցին: Այն արժանացավ հանդիսատեսի բուռն ընդունելությանը»,-պատմում է խմբի անդամներից Մարիկան:

«Diamonds»-ը գործում է Մշակույթի տան վերահսկողության տակ, քանի որ հենց այստեղ են անցկացնում փորձերը` օգտագործելով հաստատության գործիքները։ Ամառվա սկզբին տան տնօրենն իր որդուն՝ «Basilic» երաժիշտներից մեկին, նշանակել է «Diamonds» մենեջեր։ Աղջիկները, սակայն, որոշման կայացմանը մասնակից չեն եղել։

Չնայած բոլոր դժվարություններին` աղջիկները շարունակում են իրենց գործը՝ հրաժարվելով ենթարկվել տեղի ավանդույթներին եւ պայքարել երաժշտությամբ զբաղվելու իրենց ցանկության համար:

«Diamonds» խումբը Ապարանի մոտ գտնվող դաշտերից մեկում: Կենտրոնում Էլիդան է`ստեղնաշարային գործիքներ, ձախից Ալլան` հարվածային գործիքներ, աջից Հռիփսիմեն` մենակատար և Մարիկան` սոլո կիթառ:
Ալլայի տատիկի` թոռնուհու 8֊ամյակին նվիրած տիկնիկը: Ալլան իր կերպարով հազիվ թե համապատասխանում է այս տիկնիկին։ Նա 12 տարեկան էր եւ վոկալ էր սովորում, երբ առաջարկեցին նվագել հարվածային գործիքներ։
Հռիփսիմեն իրենց տան բակում։ Վերջերս նա մասնակցել է «Հայաստանի ձայն» մրցույթին։ Հաղթահարել է առաջին փուլը։ Հռիփսիմեն ուզում է հայտնի դառնալ ու երգել տարբեր երկրներում:
Հռիփսիմեի տատիկը՝ Լիդան, պայծառ ապագա է երազում թոռնուհու համար: «Նա լավ ձայն ունի, սակայն ուղղորդելու և աջակցության կարիք կա», ասում է 70֊ամյա Լիդան։
Հռիփսիմեն իր հոր՝ Սարգիսի հետ: Հռիփսիմեի ընտանիքում երաժիշտ չկա, սակայն նրա երաժշտական երազանքներին աջակցում են բոլորը։
Ալլան քայլում է Ապարանի փոքրիկ շուկայով: Նրան տանն ու շրջապատում ճանաչում են որպես սուսուփուս աղջիկ: Բոլորն անակնկալի եկան, երբ աղջիկը որոշեց հարվածային գործիքներ նվագել։ «Իմ 15-տարեկան զարմիկը ասում է, որ ես լավ եմ նվագում, սակայն հարվածային գործիքներն աղջիկների համար չեն»։
Փորձասենյակի պատին նոր պաստառներ են ամրացվել` կուլտուրայի տան հին և նոր խմբերի նկարներով: Diamonds-ի նկարը նույնպես տեղ է գտել պատին:
Մարիկան շատ կոկիկ, կարգապահ ու աշխատասեր է: Նա փորձը սկսելուց առաջ եղած 5 րոպեն էլ ծախսում է իր դասերը սովորելու համար: Մարիկայի մայրը մտահոգվում է, որ աղջիկները ըստ արժանվույն չեն գնահատվում: «Այդքան չարչարվում են բայց մինչ օրս առանձին համերգ չեն ունեցել: Դա կորող է հիասթափության պատճառ դառնալ, նրանք շատ փոքր են ու զգայուն»:
Հռիփսիմեն 1994-ին հիթ դարձած «The Cranberries» խմբի «Zombie» երգի փորձի ժամանակ։
Ալլան՝ հանգստի ժամանակ։ Նա օգտագործում է հին գործիքները փորձերի համար, իսկ նորերը պահում համերգներին` նվագելու: Խումբը, սակայն, շատ նման առիթներ չի ունենում․ վերջին 3 տարիներին բոլոր 5 համերգներն էլ եղել են այս սենյակի հարևանությամբ։
Մարիկան լարում է իր կիթառը։ Նա և Էլիդան ավարտել են երաժշտական դպրոցը, իսկ Հռիփսիմեն սովորում է վերջին դասարանում։ Ալլան շարունակում է իր ուսումը Երևանում:
Հռիփսիմեն իր աշակերտական սեղանի կողքին։ Ինչպես Մարիկան և Էլիդան, նա նույնպես գնում է դպրոց, իսկ Ալլան սովորում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։
Խմբի 3-րդ տարեդարձի տորթը։ Աղջիկները ֆլեշ մոբ էին նախատեսում Ապարանի փողոցներում, որպեսզի նշեին այդ առիթը, սակայն Մշակույթի տան տնօրենը չթույլատրեց գործիքները դուրս հանել։
Հռիփսիմեն ծիծաղում է, քանի որ իր կտորը անվան երկարության պատճառով ամենամեծն է։
Մարիկան և Էլիդան Ապարանի սբ․ Մարիամ Աստվածածաին եկեղեցում։
Էլիդան և Մարիկան պարբերաբար նվագում են տեղի եկեղեցում։ Չնայած բարդություններին` «Diamonds»–ը կարողացել է կոտրել կարծրատիպերը և ոգեշնչել միեւնույն երաժշտական դպրոցը հաճախող այլ աղջիկներին խումբ ստեղծել:
Ամալյան եկեղեցու մոմավաճառն է։ Աղջիկների կատարումը նրան գրավել է, և նա այժմ միակ հանդիսատեսն է։
Աղջիկների երազանքը X-Factor ծրագրին մասնակցելն ու հայտնի դառնալն է։ Նրանք վստահ են, որ սպասվող հաջողությունն օրինակ կծառայի իրենց և այլ քաղաքների դեռահաս աղջիկների և տղաների համար։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ կապ չունի դու որտեղ ես ապրում և ինչ հնարավորություններ ունես։ Քո ցանկություններն ավելի կարևոր են»։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա