Ջիլ․քաղաքական և աշխարհագրական սահմաններով մեկուսացված փախստականները

Հեղինակ՝:

11.12.17
Հրատարակություն: Անտես սահմաններ

Նրանք գալիս էին խմբերով` հիմնականում բեռնատար, ոմանք սեփական մարդատար մեքենաներով, սակայն մեծամասնությունը հարեւանների ու ազգականների հետ մեքենա էր վարձում:

«Լինում էր` ադրբեջանցիներն էին օգնում հասնել մինչև Հայաստան, որ ճանապարհին վնաս չտան»,-հիշում է Ջիլի գյուղապետ 48-ամյա Միքայել Ղարիբյանը,-«Մի քանի գյուղացիներ հավաքվում էին` բեռնատար վարձում եւ առաջարկում տեղափոխել նաեւ հարեւանների իրերը»:

Երբ 80-ականների վերջին Ղարաբաղի շուրջ լարվածությունը վերաճեց լայնամասշտաբ հակամարտության, ադրբեջանաբնակ հայերը եւ հայաստանաբնակ ադրբեջանցիները ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը: Շատ ընտանիքներ փոխանակվեցին տներով եւ ունեցվածքով:

Ծնվելով Միրզիկում`((Վարդաշեն) նախկին հայկական գյուղ ներկայիս Ադրբեջանի տարածքում)), 1988 թվականին Ղարիբյանը հեռացավ գյուղից եւ վերաբնակվեց Հայաստանի պետական սահմանից մի քանի կիլոմետր այն կողմ` Ջիլ գյուղում: Ջիլը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևելյան հատվածում՝ Ճամբարակից Վարդենիս տանող ճանապարհի միջնամասում։ Վերաբնակները հիմնականում Ադրբեջանի Դաշքեսանի, Խանլարի և Շամխորի շրջանի գյուղերի բնակիչներն են։

Տեսարան հայ-ադրբեջանական սահմանին գտվող Ջիլ գյուղից, որտեղ ներկայում ապրում են Ադրբեջանից տեղահանված 600 հայ փախստականներ:
Բնակիչներից մեկի տան պարսպին փորագրված է «1988»։ Գյուղացիներն իրենց զրույցներում ընտանեկան պատմությունը հիմնականում սկսում են 1988 թվականի գաղթից:
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղի բնակիչները «Թարգմանչաց» վանքի խաչը իրենց հետ տեղափոխել են Ջիլ (ըստ ավանդության՝ Մեսրոպ Մաշտոցն այս վանքում է առաջին անգամ Աստվածաշունչը հայերեն թարգմանել)։ Այժմ խաչը տեղադրված է գյուղ մտնող ճանապարհի աջ հատվածում՝ «Խաչի ծառ» կոչվող վայրի խնձորենու հարևանությամբ։
Լիդա Նազարյանը Արդբեջանի Խաչակապ (ներկայումս Կուշչի գյուղից է)։Նրա թիկունքին Արտանիշի սարն է, որը գյուղը հյուսիսային կողմից մեկուսացնում է Շորժայից և Ճամբարակի շրջանի մյուս գյուղերից։

Գյուղում հարմարությունները շատ չեն: Ֆինանսական միջոցների բացակայության եւ խանութ չունենալու պատճառով, գյուղացիները ստիպված են կաթնամթերքը փոխանակել մրգերի եւ հագուստի հետ:

Անցնող 29 տարիների ընթացքում, չհարմարվելով բնակլիմայական և սոցիալական պայմաններին, բազմաթիվ փախստականներ հեռացել են գյուղից։ Այժմ այստեղ բնակվում է մոտ 600 մարդ։

Նրանք, ովքեր մնացել են, դեռեւս անորոշության մեջ են: Չեն կարող վերադառնալ իրենց տներն Ադրբեջանում, սակայն միեւնույն ժամանակ էլ չի ստացվում  ինտեգրվել հայաստանյան կյանքին: Չնայած գյուղը Սեւան-Վարդենիս մայրուղու մոտ է`այնուամենայնիվ մեկուսացված է մյուս բնակավայրերից` վատ ճանապարհների պատճառով:

Ջիլը հայ-ադրբեջանական սահմանից գտնվում է 3,5 կմ հեռավորության վրա, շրջափակված է Սևանի լեռնաշղթայով և Սևանա լճով։ Ի տարբերություն Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի՝ հայ-ադրբեջանական սահմանի այս մասում համեմատաբար քիչ են կրակոցներ լսվում, որը գյուղի զինվորականներից մեկը բացատրում է հայկական դիրքերի  առավել բարձրադիր լինելու հանգամանքով։

«Լարվածությունը շատ էր Ապրիլյան պատերազմի ժամանակ, մտածում էինք, որ կարող են հանկարծակի այս ուղղությամբ հարձակվել: Սահմանից մինչև Սևան 10 կմ էլ չկա, ճանապարհը փակվելու դեպքում 5-6 գյուղ շրջափակման մեջ է մնալու»,- ասում է պայմանագրային զինծառայող Արթուրը։

Գյուղից ավելի քան 60 մարդ պայմանագրային զինծառայող է։ Նրանք հիմնականում հսկում են գյուղից արևելք գտնվող «Պոստսեր» կոչվող հայ-ադրբեջանական սահմանը։ 31-ամյա Արթուր Հովհաննիսյանը նրանցից մեկն է։ Զինվորական ծառայությունից բացի, նաև անասնապահությամբ է զբաղվում։ «Մի անգամ հայրենիք կորցրել ենք, երկրորդ անգամ էլ չենք կարող կորցնել»,- ասում է Արթուրը (նկարում` աջից)։
70-ամյա Սվետլանա Ծառուկյանի թիկունքում գյուղը հարավից շրջափակող «Ծափաթաղի կողմանք» կոչվող սարերն են, որոնք հյուսիսից պատնեշում են գյուղը։
Ջիլ գյուղի արևմտյան հատվածում Սևանա լիճն է։ «Եթե գյուղում նկարչական դպրոց լիներ, ապա երեխաներս ամեն առավոտ լիճը տեսնելուց հետո հրաշալի նկարիչներ կդառնային»,- ասում է 30-ամյա Աննա Սարիբեկյանը։
Աննայի կրտսեր աղջիկը՝ 3-ամյա Եվգենիան։
80-ամյա Հերսիկ Տոնյանը Ջիլ է տեղափոխվել 1988-ի դեկտեմբերի 24-ին: «Ամուսնուս հետ եկանք, դիմացով հոսող ջուրը հավանեցի, դրա համար էլ այս տունը ընտրեցինք»,-պատմում է նա։ Սևանի լեռներից սկիզբ առնող Ջիլ գետը գյուղը բաժանում է երկու մասի։ Բնակիչները հիմնականում գետի ջրով են ոռոգում իրենց ցանքատարածությունները։
Գյուղի տնամերձ հողամասերի ծայրերին ցանկապատերի փոխարեն բարդիներ են տնկված։ Ծառերը գյուղը պաշտպանում են լճից և սարերից եկող ուժեղ քամիներից։ Տնամերձ հողամասերում նրանք հիմնականում բանջարեղեն են մշակում։
«Այս ծառերը Սովետական Միության ժամանակ ադրբեջանցիներն են տնկել: Հիմա, երբ չորանում են, կտրում ենք եւ դրանց փոխարեն նոր ծառեր տնկում»,-ասում է 68-ամյա Սերժիկ Ֆռազյանը։
Գյուղացիների ձիերը խոտ են ուտում Ջիլի դաշտերում` Սեւանա լճի հարեւանությամբ:
24-ամյա Արթուր Աղաբաբյանն անասնապահությամբ է զբաղվում։ Քանի որ արոտավայրերը գյուղից բավականին հեռու գտնվող սարերում են և գյուղում հովիվներ չկան, բնակիչները հիմնականում օգտագործում են ձիեր` անասունների տեղաշարժը հսկելու նպատակով։
Սևանա լիճն ու Ջիլի ցանքատարածությունները միմյանցից բաժանվում են լճի արևելյան ափով ձգվող երկաթգծով, որն այժմ օգտագործվում է Սոթքի ոսկու հանքից բեռներ տեղափոխելու նպատակով։ Լճի ափամերձ տարածքները պատկանում են «Սևան ազգային պարկին»։ Ջիլի մեկ այլ բնակիչ՝ 27-ամյա Ալիկ Մաղաքյանը գերադասում է իր անասուններին լճի մերձակայքում արածացնել։
7-րդ դասարանի աշակերտներին հանձնարարվել էր նկարել Ջիլ գյուղն ու սահմանները։ Տիգրան Հովսեփյանը նկարել է գյուղի դպրոցը, մանկապարտեզն ու եկեղեցին, դեպի «Պոստեր» սահմանը տանող ճանապարհը, Սևանա լիճը, Գեղամա լեռներն ու հողամասերն իրարից բաժանող բարդիները։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա