Սահմաններ չճանաչող գետերը

Հեղինակ՝: , , ,

23.02.18
Հրատարակություն: Տարածություն

Քուռն ու Արաքսը դարեր շարունակ կյանք են տվել իրենց ափերին ապրող մարդկանց։ Սակայն ազգերի՝ երբեմն բախվող շահերի պատճառով անուշադրության են մատնվել բազմաթիվ խնդիրներ, ինչպես օրինակ ջրի աղտոտումն է։ Գետափերին ապրող և անտեսված մարդկանց կյանքն օրեցօր ավելի է դժվարանում։ Այս պատմությունը հենց այդ մարդկանց, նրանց դժվարությունների և դիմացկունության մասին է։

Նախաբան

Տեքստը՝ Մոնիկա Էլենայի

Սաբիրաբադում ձկնորսները շուտ են արթնանում: Մինչև արևածագը մի խումբ տղամարդիկ գնում են դեպի գետը: Նրանց՝ արևից սևացած մաշկը միաձուլվում է թույլ լույսի հետ, իսկ կոշտացած ձեռքերը ձկնորսական ցանցն են նետում այնտեղ, որտեղ գետերը միախառնվում են: Այստեղ՝ Ադրբեջանի հարավում, Հարավային Կովկասի երկու հզոր գետերը՝ Քուռն ու Արաքսը, միաձուլվում են:

Տեղացիները միախառնված գետերն անվանում են «Մայր Քուռ», քանի որ այն սնում է հողերը: Սակայն Կովկասում հաճախ մոռանում են այս սնուցող դերակատարության մասին:

Գետերը սահմաններ չեն ճանաչում, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ ևս, բնակիչները սահմաններ են գծել Քուռի և Արաքսի երկայնքով, հաճախ չարաշահել ջրի օգտագործումը, աղտոտել այն և կոնֆլիկտների առիթ դարձրել: Արդյունքում, այս հսկայածավալ միջսահմանային գետավազանի շուրջ կողմերի միջև համագործակցություն չկա, իսկ ստեղծված իրավիճակից տուժում են բոլորը։

---

Ընդգրկելով ամբողջ Հարավային Կովկասը՝ Քուռն ու Արաքսը և´ «ծառա» են այստեղ ապրող միլիոնավոր մարդկանց համար, և´ ցնցող հրաշալիք: Երկու գետերն էլ սկիզբ են առնում Թուրքիայից և հոսում դեպի արևելք: Հյուսիսում Քուռը ձգվում է 1,515 կմ նախ՝ Վրաստանի, ապա՝ Ադրբեջանի տարածքով և այստեղ էլ միանում Արաքսին՝ նախքան Կասպից ծով թափվելը: 

Արաքսը 1,072 կմ ձգվում է դեպի հարավ՝ իր հոսքի մեծ մասով ստեղծելով բնական սահման Հայաստանի և Թուրքիայի, այնուհետ՝ Հայաստանի և Իրանի, ինչպես նաև՝ Իրանի ու Ադրբեջանի միջև: 123,000 քմ ավազանից այս գետեր են թափվում հազարավոր վտակներ: Սակայն ջրի ճանապարհը միշտ չէ, որ հարթ է: Ջրի համար մրցակցությունը բազմիցս է հակամարտությունների պատճառ դարձել, իսկ կոնֆլիկտային Հարավային Կովկասում խնդիրն ավելի քան սուր է: 

Խորհրդային Միության ժամանակ ջրի կառավարումն իրականացվում էր Կրեմլի մշակած կենտրոնական քաղաքականությամբ: Քաղաքականությունն աբսուրդ կերպով միօրինակ էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Թուրքիայի և Իրանի հետ ստորագրված երկկողմ համաձայնագրերով Արաքսից օգտվելու հավասար պայմաններ էին սահմանվել: 1960-ականներին ջրի որակի ընդհանուր ստանդարտներ սահմանվեցին, սակայն կառավարման հստակ ցուցումներ չեղան՝ աղտոտման աղբյուրները բացահայտելու և ջրի որակը վերահսկելու համար:

Եվ երբ 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվեց, 15 անկախ պետություններն այս տեսանկյունից որևէ հստակ կարգավորում չժառանգեցին: Նրանք հարկադրված էին զրոյից ձևավորել պետական ինստիտուտները, սահմանել նոր հեռախոսային կոդեր և արժույթներ. այս ամենը ջրի կառավարման մասին մտածելու քիչ ժամանակ էր թողնում: Եվ հաճախ, պառակտումն ավելի շատ էր, քան համագործակցությունը:

1990-ականների սկզբին տարածքային դաժան հակամարտությունները պառակտեցին Հարավային Կովկասի երեք երկրները: Դա ազդեց նաև Քուռ և Արաքս գետերի վրա: 1991-1994-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված պատերազմը զրոյացրեց ջրի կառավարման շուրջ ցանկացած համագործակցություն Հայաստանի, Ադրբեջանի և վերջինիս դաշնակից Թուրքիայի միջև: Խնդիրն էլ ավելի բարդացրեց գետերի հարևանությամբ տեղակայված փախստականների ճամբարներից եկող աղբը, որը լցվում էր ջուրը:

Արաքս գետ


 

Բագարան գյուղում տեղադրված խաչը նայում է Հալիքիսլաք թուրքական գյուղի մզկիթի մինարեթի ուղղությամբ, որը հայ-թուրքական փակ սահմանի մյուս կողմում է: Չնայած նրան, որ երկու բնակավայրերը միմյանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են, այդուհանդերձ, դրանք երկու տարբեր աշխարհներ են: Չնայած ֆիզիկական առումով միայն Ախուրյանն է բաժանում այս երկու գյուղերը, սակայն պետական սահմանները տասնամյակներ շարունակ փակ են և, ջրային ուղին անցնելու միակ տարբերակը գետի վրայով անցնող փոքր ճոպանուղին է, որը շատ հազվադեպ է օգտագործվում, այն էլ՝ բացառապես երկու երկրների պաշտոնյանների կողմից սահմանային քննարկումների ժամանակ:

Տեսարան Բագարան գյուղից դեպի Ախուրյան գետը և սահմանամերձ Հալիքիսլաք թուրքական գյուղը: Ախուրյանը ձախ վտակն է, որը հոսում է դեպի Արաքս և բնական սահման գծում Թուրքիայի ու Հայաստանի միջև: Թուրքերն այն անվանում են Արաս:
Ընտանիքը կրակ է վառում՝ խորոված անելու համար: 1915թ. Ցեղասպանության, այնուհետ՝ հայ-թուրքական հակամարտությունների ժամանակ հարյուրավոր հայեր լքել են իրենց պատմական հողերը Արևմտյան Հայաստանում և հատել Արաքսը:
Ընտանեկան խնջույք: Բագարանն ունի 600 բնակիչ, հիմնադրվել է 1920-ականներին՝ ի հիշատակ ավերված համանուն քաղաքի, որը պատմական Հայաստանի մայրաքաղաքներից էր և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում:

Արաքսը մեկն է այն գյուղերից, որը կոչել են Թուրքիայի սահմանով հոսող գետի անվամբ: 1940-ականներին ԽՍՀՄ իշխանությունների հիմնած տնտեսությունը (սովխոզ) այսօր ջրի մշտական պակաս ունի, և շատ բնակիչներ պոմպակայաններով Ախուրյան գետից ջուր են տանում իրենց տնային տնտեսությունների և անասունների համար՝ հավաքելով այն ցիստեռներում: Ջրի որակը վատն է, սակայն բնակիչները չեն կարող իրենց թույլ տան մաքուր ջուր գնել:

62-ամյա Ավիկ Մկրտչյանը մաքրում է Արաքսի հարևանությամբ գտնվող ջրամբարում բուծած իր ձկներից մեկը: Ջրամբարը զբոսաշրջության վայր է դարձել զբոսաշրջիկների համար. նրանք կարող են ձուկ որսալ, այնուհետ գնել իրենց բռնածը կամ հետ գցել ջրի մեջ:
49-ամյա Աշոտ Այդինյանը (ձախից) և 17-ամյա Սերգեյ Օրդյանը (աջից) նոր ջերմոցի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ջրի բացակայությունն այստեղ հիմնական խնդիրն է, քանի որ ոռոգման խողովակները շատ վատ վիճակում են, եթե ընդհանրապես դեռ գոյություն ունեն:
Կանայք մաքրում և կապերով առանձնացնում են սպանախը: Կանաչին՝ սպանախը, կանաչ սոխը, համեմը և սամիթը, գյուղի հիմնական արտադրանքն են և ջերմոցների շնորհիվ մշակվում են ամբողջ տարին:

ԽՍՀՄ տարիներին գնացքները Մեղրիի այս թաղամասը կապում էին Երևանին: Արաքս գետին զուգահեռ ընկած երկաթուղին կառուցվել է խորհրդային տարիներին, գնացքը Երևան էր հասնում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի տարածքով: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը փակեց սահմանը: Այն այսօր էլ շարունակում է փակ մնալ, քանի որ երկրները պաշտոնապես պատերազմի մեջ են: Երկաթուղին այսօր անգործության է մատնված՝ զրկելով քաղաքը կենսական կարևորության ճանապարհից և մեծացնելով նրա մեկուսացումը:

Արաքսաշենի լքված գնացքի կայարանի ինտերիերը: Երկաթուղին, որ կապում էր Մեղրին և մոտակա բնակավայրերը Երևանի ու Բաքվի հետ, չի գործում 1990-ականների սկզբից ի վեր: «Մենք հեշտությամբ կարողանում էինք Երևան հասնել»,- վերհիշում է բնակիչներից մեկը:
Ռուսական զորքերը հսկում են Արաքսով անցնող սահմանը, չնայած որ երբեմն սահմանախախտներ լինում են, քանի որ Իրանի ջրերը հայտնի են իրենց ձկներով։ Արաքսին հասանելիությունը և գետում զանգվածային ձկնորսության թույլտվությունը մեծապես կխթանի տեղական տնտեսությունը:
9-ամյա Անի Բեգլարյանը Արաքսաշենում՝ իր պապիկի բնակարանում: Ձեռքին Արաքսի նկարն է: Որոշել է նկարել գետը՝ տպավորվելով մեր խոսակցություններից:

4000 բնակիչ ունեցող Հորադիզ քաղաքը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Իրանի սահմանների հատման վայրում։ Քաղաքի մեծ մասն ավերվել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Քանդվել է նաև Արաքսի վրայով անցնող կամուրջը։  Human Rights Watch-ի հաղորդմամբ՝ փախչող ադրբեջանցիները փորձել են լողալով գետն անցնել, և շատերը խեղդվել են: Այսօր քաղաքի բնակչության հիմնական մասը բաղկացած է տեղահանվածներից: Նախկին նախագահ Հեյդար Ալիևի մեծ դիմանկարը վեր է խոյանում բլրի վրա՝ նայելով Իրանի սահմանին:

Միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տնվող երկու գյուղերը տեղակայված են այն հատվածում, որտեղով Արաքսը հոսում է Իրանից դեպի Ադրբեջան: Բամբակը՝ երկրի «սպիտակ ոսկին», տեղական տնտեսության գլխավոր ուղղությունն է, իսկ ոռոգման ընդարձակ համակարգը ձևավորվել էր Խորհրդային Միության տարիներին: Տարիների անուշադրությունից հետո՝ կառավարությունը վերսկսում է բամբակի արտադրությունը: Լուսանկարում (ստորև) ադրբեջանա-իրանական սահմանն է՝ ադրբեջանական կողմից, և ադրբեջանցի սահմանապահը։

Ադրբեջանի հարավում գտնվող երկու հարևան գյուղերի՝ Սաաթլիի և Իմիշլիի տարածքները կիսաանապատային են և շատ չոր: Գյուղատնտեսությունը, սակայն, այստեղ հիմնական եկամուտն է, և բամբակի արտադրությունը գնալով ընդլայնվում է: Այս բնակավայրերը 2010-ի ավերիչ ջրհեղեղից տուժել էին, քանի որ հորդառատ անձրևների պատճառով Քուռը վարարել էր: Ջրհեղեղի արդյունքում հազարավոր մարդիկ տարհանվել էին, հարյուրավոր տներ՝ ավերվել, դաշտերը՝ ամայացել, և հինգ մարդ՝ մահացել:

Ցեմենտի լքված գործարանը:
Ավազահանք Արաքսի վրա՝ Իմիշլիում:
Ավազահանք Արաքսի վրա՝ Սաաթլիում: Գյուղն ընդամենը 28 մետր է բարձր ծովի մակարդակից:

Քուռ-Արաքս գետավազանում ընկած երկրների միջև այսօր էլ դեռ համաձայնություն չկա միջսահմանային ջրի կառավարման վերաբերյալ: Առկա են միայն մի քանի երկկողմ համաձայնություններ։

Յուրաքանչյուր երկիր ունի իր ջրային օրենսդրությունը՝ հիմնված միջազգային ուղենիշների վրա, սակայն փորձագետները նշում են, որ գետի աղտոտումն ավելացել է՝ առաջին հերթին չմշակված կոյուղաջրերի, ինչպես նաև հանքերի ու գործարանների արտադրական թափոնների պատճառով: Գյուղատնտեսությունը, իր հերթին, ուրիշ խնդիրներ է ստեղծում: Ամբողջ տարածաշրջանում ոռոգման ջրանցքները բավականին անարդյունավետ են, իսկ Ադրբեջանում բամբակի բերքը պահանջում է մեծ քանակությամբ ջուր ու միջատասպան թունաքիմիկատներ: Մյուս կողմից, ծարավ քաղաքներն էլ ավելի են սրում խնդիրը:

Ջրի շատ օգտագործումը նշանակում է, որ գետի փոքր վտակներն այլևս չեն հասնում Քուռին՝ փոխարենը տարրալուծվում են հարթավայրերում: Մինգեչաուրի և Շամխորի խոշոր ջրամբարները «բանտարկում» են Քուռի ջրերը: Շամխորից հետո գետի մակարդակը կտրուկ իջնում է:

Միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպական միությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, փորձել են լրացել բացը՝ այն հավատամքով, որ ջրի շուրջ տեխնիկական համագործակցությունն ունի նաև խաղաղաստեղծ նշանակություն: Նրանք ֆինանսավորել են բազմաթիվ նախագծեր՝ պաշտպանելու Քուռն ու Արաքսը, սակայն ապարդյուն: Կառավարությունները շարունակում են միմյանց մեղադրել աղտոտման համար:

Քուռ-Արաքս գետավազանի երկրների որոշ քաղաքացիներ, այնուամենայնիվ ցանկություն են հայտնել համագործակցել ջրի հետ կապված խնդիրների շուրջ: 2005-ին 30 ջրային ռեսուրսների կառավարիչների, հետազոտողների և պաշտոնյանների շրջանակում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ այս համագործակցությունըիրականում կարող է խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բարելավել քաղաքացիների սոցիալական դրությունը: Սակայն առանց այս գիտակցումը գործողության վերածելու՝ վնասը շարունակվելու է: 

--

Ադրբեջանում, երբ արևը ծագում է գետերի միախառնման վայրում, ձկնորսները տուն են վերադառնում: Նրանց շուրջ բամբակի դաշտեր են. դրանք խմում են Քուռի «թանկարժեք» ջրի մնացորդները։


 

Քուռ գետ

Հնարավորությունների պակասը տարիների ընթացքում դատարկում է լեռնային գյուղերը։ Վրաստանի հարավում գտնվող Ախալդաբա գյուղը, որ ներկայում ունի մոտ 900 բնակիչ, նույնպես դատարկվում է։ Սակայն այս բնակավայրն ընկած է 2017-ին գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ճանապարհին, որը Չինաստանի նախաձեռնած «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է։ Վերջինիս նպատակ ունի խթանել արտաքին ներդրումները և զարգացնել տնտեսական կապերը Ասիայի ու Եվրոպայի միջև:

11-ամյա Մարիամ Լոմաձեն պարում է հյուրասենյակում (Սուրբ ծնունդ, 2018)։ Նա երազում է պարուհի դառնալ։ Ուսման վարձը վճարում է տատիկը՝ իր կենսաթոշակից։ «Դա ամենալավ նպատակով ծախսած գումարս է»,- ասում է տատիկը։

Ուրբնիսին նախկինում հարուստ գյուղատնտեսական քաղաք է եղել, որն ավերվել է 8-րդ դարում՝ արաբական արշավանքների հետևանքով։ Այժմ այն փոքրիկ գյուղ է, որը հայտնի է Սբ Ստեփանոս վանքով՝ վրացական Ուղղափառ եկեղեցու կարևոր կենտրոններից մեկով։ Գյուղը մեկուսացումից փրկելու նպատակով 1977-ին խորհրդային իշխանությունները Քուռի վրա կառուցել են երկար կամուրջ, որը կապում է բնակավայրը գետի մյուս ափին գտնվող Սկրա կայարանի հետ։ Մինչ այդ տեղացիների՝ մյուս ափ հասնելու միակ միջոցը լաստն էր։

10-ամյա Անին կանգնած է Քուռի կամրջին։ Շատ վրացիներ գիտեն այս գյուղը 70-ականներին այստեղ նկարահանված «Դաթա Տուտուշխիա» հեռուստասերիալի միջոցով։ Անիի հայրը մանկության տարիներին խաղացել է այդ սերիալում։
Էթերի Աբրամիձեն (36)՝ իր վեց երեխաներից երեքի հետ։ Նա ամուսնացել է 17 տարեկանում։ Ի տարբերություն Սկրայի՝ Ուրբնիսին գտնվում է բարձունքի վրա, և գարնանային սելավներն այն շրջանցում են։
Ջեմոն կախվել է կամրջի ճոպանից։ Ուրբնիսիում զբաղվելու շատ բան չկա, և երեխաները ստիպված են իրենց համար նման զբաղմունք գտնել։

Քուռի ափին գտնվող այս գյուղը Վրաստանի կենտրոնում է։ Մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գետը գյուղի 1300
բնակիչների համար ջրի կարևոր աղբյուր է։ Ամեն գարուն՝ մայիսին, գյուղի՝ գետափին գտնվող տների կեսը հեղեղվում են։ Գյուղացիները և տեղական իշխանությունները բազմիցս փորձել են հասնել նրան, որը ափն ամրացվի և հեղեղները դադարեն վնասել, սակայն ապարդյուն։ Սկրայում բնակվում են նաև 2008-ի վրաց-ռուսական պատերազմի հետևանքով Հարավային Օսիայից տեղահանվածներ։

Երեխաները դպրոց գնալու ճանապարհին վազում են երկաթգծի երկայնքով։ Այստեղ դպրոցական ավտոբուս չկա, և երեխաները հաճախ են հատում ծանրաբեռնված երկաթուղու գծերը։
Մարիկա Լապաչիան սանրում է դստեր մազերը դպրոց գնալուց առաջ։ Նրանց տունը մեկն է այն բազմաթիվներից, որ ամեն գարուն հեղեղվում է։ Այս ընտանիքները ո՛չ փոխհատուցում են ստանում, ո՛չ էլ այլ բնակարան։
Մարիկան և իր աղջիկը հանգստանում են։ Մարիկան ու ամուսինը՝ Պաատա Մթիուլիշվիլին, 20-ն անց են և երկու երեխա ունեն։ Սովորական հեղեղների ժամանակ նրանք պատսպարվում են տանը, բայց երբ ջրի մակարդակը շատ է բարձրանում, երեխաներին ուղարկում են մոտակա Գորի։

Մի քանի հարյուր բնակիչ ունեցող Ուփլիսցիխե գյուղը հայտնի է զբոսաշրջությամբ։ Այստեղ կա Ք.Ա. II հազարամյակի քարանձավային բնակավայր։ Գյուղի միջով հոսող Քուռն էլ հենց բաժանում է ներկայիս գյուղը հնագիտական վայրից:

Գյուղի երեխաները կամրջի վրայից ձուկ են որսում։ Աջում կանգնած երեխան կուչ է եկել, որպեսզի կարթն իրեն չդիպչի։
Տեղացի պատանիները լուսանկարվում են։
Քուռը հոսում է գյուղի երկու կողմով։

Գրակալին Թբիլիսիից մի քանի կիլոմետր է հեռու։ Գյուղը Քուռի ափին է, և հողն այստեղ չափազանց խոնավ է գյուղատնտեսության համար։ Տեղի ընտանիքների մեծ մասը պարզապես չի կարող իրեն թույլ տալ մայրաքաղաք տեղափոխվել։

Գրակալիի կողքին մեծ հոտ է արածում։
4-ամյա Լուկան գրկել է մոր ձեռքը։ Ընտանիքն ապրում է գետի հենց ափին: Այստեղ նրանք հողակտոր ունեն, սակայն խոնավության պատճառով չեն կարողանում մշակել:

Մինգեչաուրի ջրամբարը կառուցվել է 1953-ին Քուռ գետի՝ Բոզդաղ լեռան մոտով հոսող հատվածում։ Այն Կովկասի ամենամեծ ջրամբարն է։ 605 կմ քառակուսի մակերես ունեցող ջրամբարը շրջակայքի՝ գյուղատնտեսական նշանակության ջրի ամենակարևոր աղբյուրն է։ Քաղաքը կոչեցին «լույսերի քաղաք», երբ այստեղ շահագործվեց Ադրբեջանի ամենամեծ ՀԷԿ-ը։ Խորհրդային շրջանից մնացած հյուրանոցի զուգարանն է։ Այսպիսի հյուրանոցները ղարաբաղյան պատերազմի փախստականների համար «ժամանակավոր կացարան» էին, սակայն հակամարտության չլուծման պայմաններում դարձել են մշտական բնակատեղեր:

Տղամարդը կանգնած է Մինգեչաուրի ափին. գետն այստեղ չորանում է։ Ափի այս հատվածն ադրբեջանցիները կոչում են «քզլ քում», որը թարգմանաբար նշանակում է «ոսկե ավազ»։
Փախստականները ճաշին ձուկ են ուտում։ Քուռի ափամերձ բնակիչների համար ձկնորսությունը հիմնական զբաղմունքներից է։
Մինգեչաուրի պատնեշը Քուռի վրա։ Հողաշեն այս կառույցն ունի մեկուկես կիլոմետր երկարություն: Շինարարությունը տևել է 8 տարի։

Ամբողջ Հարավային Կովկասով հոսելուց հետո Քուռն ու Արաքսը միախառնվում են Սաբիրաբադում։ Տեղացիներն այս վայրը անվանում են «սուքովուշան» կամ «քովուշաք», որն ադրբեջաներեն նշանակում է «ջրերի միախառնում»։ Միախառնվելուց հետո մի կետում գետերը պարզապես հոսում են զուգահեռ՝ առանց խառնվելու։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ջրերն ունեն տարբեր ջերմաստիճաններ և հոսքի արագություն։

Տղան կանգնած է 2010-ի ջրհեղեղի հետևանքով լքված հյուրանոցի լողավազանի մոտ։ Ջրհեղեղից հետո տարհանվել է մոտ 10,000 մարդ և ավերվել 500 տուն։

Քուռը հոսում է Կասպից ծով։ Նրա ափին գտնվող վերջին բնակավայրը Բաքվի հարավում գտնվող 20000 բնակչություն ունեցող Նեֆչալա քաղաքն է։ «Նաֆթչալա» ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «նավթի հոր»։ Նավթն այս շրջանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր։ Առաջին նավթահորն այստեղ փորվել է 1872-ին, և մինչ այժմ էլ կարելի տեսնել հնուց մնացած հորատանցքերը։ Այսօր տեղի բնակչությունը հիմնականում գումար է վաստակում ձկնորսության և գյուղատնտեսության շնորհիվ։

Թառափի բուծարանի ավազանի մոտ կանգնած բանվորը։ Անխնա ձկնորսության, աղտոտվածության և մաքսանենգության հետևանքով թառափի քանակը խիստ կրճատվել է։ Կասպից ծով մուտք ունեցող երկրների նախագահները համատեղ որոշում են կայացրել արգելել թառափի որսը, և ափամերձ տարածքներում կառուցել են բուծարաններ։
Հովիվն անցնում է Նեֆչալայի կամրջով, այն վայրի հարևանությամբ, որտեղ Քուռը թափվում է Կասպից ծովը։
Թառափի բուծարանի ավազանի մաքրողները։
Բուծարանում կերակրում են թառափներին։

Ուշադրություն։ Քուռ և Արաքս գետերը տարբեր անուններ ունեն այն երկրներում, որտեղով հոսում են։ Վրաստանում Քուռն անվանում են «Մտկվարի», Ադրբեջանում՝ «Քյուռ»։ Արաքսին ադրբեջանցիներն ու իրանցիներն «Արաս» են կոչում։ Սույն հոդվածում օգտագործվում են միջազգայնորեն ճանաչված «Արաքս» և «Քուռ» անվանումները։ 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա