Քերքենջ. հայացք դեպի Հայաստան
Բաքվից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող գյուղի իր տնից 83-ամյա ադրբեջանցի Բայրամ Ալլազովը տարին մեկ անգամ ճանապարհորդում է Վրաստանի հարավ: Այնտեղի Իրգանչայ գյուղից նա փորձում է տեսնել հարեւան Հայաստանի մի բնակավայր(ընդամենը 3կմ հեռավորության վրա), որն ինքը դեռ համարում է իր տունը: Սակայն ինչ-որ բան տեսնելու ջանքերն անհաջողությամբ են ավարտվում:
«Նայում եմ այնտեղ, դատարկ է, ոչինչ չկա»:
1988-ականների վերջին Բայրամ Ալլազովը, ով Հայաստանի հյուսիսում գտնվող էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Ղզլ Շաֆագ (թարգմանաբար նշանակում է` կարմիր լուսաբաց) գյուղի սովխոզի նախագահն էր, կարեւոր որոշում ընդունեց` համագյուղացիներին առաջարկելով փոխանակել իրենց գյուղն Ադրբեջանում գտնվող էթնիկ հայերով բնակեցված Քերքենջ գյուղի հետ: Վերջինս 540 կմ հեռու էր Ղզլ Շաֆագից:
Բաքվում սովորող իր ուսանող տղաներից մեկը հեռախոսով զանգեց Քերքենջի ընկերոջը եւ հաղորդեց գյուղերը փոխանակելու առաջարկության մասին:
Այդ շրջանում արդեն սրվում էր էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածությունը` պայմանավորված ղարաբաղյան կոնֆլիկտով, եւ ըստ երեւույթին, գյուղերի փոխանակումը խելացի որոշում էր:
1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում էթնիկ հայերի նկատմամբ զտումներն արդեն դրդել էին բազմաթիվ հայերի հեռանալ Ադրբեջանից: Այդ տարվա վերջին Հայաստանում գտնվող էթնիկ ադրբեջանցիներն էլ անվտանգ չէին զգում: Կալինինոյում (ներկայիս Տաշիր քաղաքում) պատուհանից նետված քարը սպանել էր մի տարեց ադրբեջանցու. այս մասին Ալլազովն ասել է Հենրիխ Բյոլ հիմնադրամի կողմից գյուղերի փոխանակման մասին ուսումնասիրության ժամանակ: «Չայխանայի» հետ զրույցում էլ Ալլազովը նշել է, որ Ղզլ Շաֆագը (ներկայումս գյուղը կոչվում է Ձյունաշող) այդ ժամանան էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված վերջին գյուղն էր Հայաստանում:
Ավանդույթի համաձայն` նա սովորաբար հանդիպում էր գյուղացիներին` տեղեկացնելու Բաքվից եկած նորությունների մասին: Այդպիսի մի հանդիպման ժամանակ էլ Ալլազովը, որը նաեւ գյուղի դպրոցի տնօրենն էր, պատմեց Քերքենջի մասին.
«Տղամարդիկ որոշեցին գնալ եւ տեսնել այն: Ժամանակ եւ այլ տարբերակ չկար»,-ասում է նա:
Համատեղ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց` պահպանելու եւ խնամելու միմյանց գերեզմանները, որը երկու մշակույթներում էլ պատվի հարց է: Դրանից հետո գյուղացիները քվեարկեցին Ադրբեջան տեղափոխվելու օգտին:
1989-ի մայիսին սկսեց տեղափոխությունը: Այն տեւեց երեք ամիս: Ղզլ Շաֆագի 330 ընտանիքներից 200-ը տեղափոխվեց Քերքենջ: Մյուսները տեղափոխվեցին Բաքու, որը Քերքենջից 120կմ դեպի հարավ է գտնվում:
Ալլազովը պնդում է, որ ինքն ամենավերջինն է լքել գյուղը` համոզվելու, որ բոլորը հեռացել են:
Նախքան Ադրբեջան տեղափոխվելը, գյուղացիները պահպանելով ավանդույթը, հիշատակման արարողություն էին կազմակերպել Ղզլ Շաֆագի գերեզմանոցում` հրաժեշտ տալու իրենց հանգուցյալներին: Այն ժամանակ արդեն գյուղացիները համոզված էին, որ այլեւս չեն վերադառնա գյուղ:
«Արոտավայրեր, աղբյուրներ, երկհարկանի տներ, անարատ մթերքներ, 800 առողջ կով, գյուղի միջով հոսող գետ, երկարատեւ ձմեռներ, ոչ մի խոնավություն»,-հիշում է Ալլազովը,- «Սովորաբար, երբ Մոսկվայից Երեւան հյուրեր էին գալիս, նրանց առաջին այցելությունը շրջկենտրոն Կալինինո [ներկայիս Տաշիր] քաղաքն էր` տեսնելու այս գեղեցկությունը:
Գյուղացիները հիշում են, թե նախքան գյուղից հեռանալն ինչպես էին իրենք լացում եւ համբուրում տան պատերը, ինչպես Քերքենջ տեղափոխվելուց հետո, չէին ուզում մտնել իրենց նոր բնակարանները` ժամանակի մեծ մասն անցկացնելով փողոցներում:
«Ես հաճախ եմ երազ տեսնում: Ես տեսնում եմ իմ գյուղը, իմ տրակտորը»,-ասում է Ղզլ Շաֆագի սովխոզի տրակտորի նախկին վարորդ 81-ամյա Մամեդ Վալիեւը:
Վալիեւը, մյուս գյուղացիների նման, Քերքենջ տեղափոխվելուց հետո իր կնոջ եւ չորս երեխաների հետ մի քանի անգամ այցելել է Ղզլ Շաֆագ:
«Սահմանապահները եւ տեղացի պաշտոնյաները ոչ մի խոչընդոտ չստեղծեցին»,-ասում է նա:
«Ես հյուրընկալել էի իմ [նախկին] տանն ապրող հայ ընտանիքին, սակայն չգիշերեցի այնտեղ»,-ասում է Մամեդը:
Ալլազովի խոսքով, կոմունիստական կուսակցությունը փորձում էր խանգարել փոխանակմանը: Մոսկվայի պաշտոնյանները համոզում էին գյուղացիներին, որ Հայաստանից չհեռանան:
Քերքենջի նոր ադրբեջանցի բնակիկչները ցանկանում էին գյուղն անվանափոխել եւ դնել Շաֆագ, սակայն խնդրանքը մերժվել է: Նրանց ասել էին, որ «Քերքենջ» բառը թուրքական ծագումնաբանություն ունի, հետեւաբար կարելի է եւ չփոխել (գյուղի նախկին էթնիկ հայ բնակիչներն ասում են, որ հայերենի իրենց բարբառում «Քերքենջ» նշանակում է քարից էլ կոշտ):
Այսօր Քերքենջը, բացի իր անցյալից, ոչնչով չի տարբերվում հարեւան գյուղերից:
Գյուղ մտնելիս ձախ բլրի վրա հայկական գերեզմաններն են:
Տեղացիներն ընդունում են, որ երեխաները վնասել են գերեզմանաքարերի մի քանի նկարներ, միեւնույն ժամանակ նշելով, որ դժվար է շարունակ վերահսկել նրանց: Սակայն ադրբեջանցի բնակիչները պնդում են, որ հայկական գերեզմանները պահպանվել են:
Տեղի մոլլան, ով խնամում է գյուղի եւ հայկական, եւ ադրբեջանական գերեզմանները, հրաժարվեց խոսել Չայխանայի հետ:
Ալլազովը, գերեզմանաքարերի նկարների վնասման մասին խոսելիս, մռայլվում է: Չնայած Ղզլ Շաֆագի (Ձյունաշողի) նկատմամբ ունեցած նոստալգիային, նա չի հավատում, որ հնարավոր է վերականգնել հայերի եւ ադրբեջանցիներ միջեւ եղած երբեմնի ընկերությունը:
«Պատկերացրեք դուք ունեք փոքր այգի, աճեցնում եք բերքաբեր ծառեր, ծաղիկներ, այնուհետեւ ձեր հարեւանը գալիս է եւ վերցնում այդ ագին ձեր ձեռքից»,-ասում է Ալլազովը` մատնանշելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը:
Հողի հետ կապը շատ կարեւոր է նրա համար:
Քերքենջում, ինչպես Ղզլ Շաֆագում, Ալլազովը եղել է սովխոզի ղեկավար: Թեեւ իր 70-ամյա կնոջ` Խանիմի հետ մի քանի անգամ փորձել են ապրել Բաքվում, որտեղ իրենց դուստրը եւ երեք տղաներն են, սակայն չեն հարմարվել:
«Ծնվել եւ իմ ողջ կյանքն անց եմ կացրել գյուղում: [Բաքվում] եղած ժամանակ կարոտում էի այն: Ուզում էի լսել աքաղաղների կանչը, կովերի բառաչանքը, շների հաչոցը եւ իմ կատվի մլավոցը»,-ասում է նա:
Այդ իսկ պատճառով ամեն առավոտ նա փոխում է իր հագուստը եւ գնում դաշտեր` օգնելու գյուղացիներին: Ալլազովին շրջապատող միջավայրն գուցե այլ է այսօր, սակայն իր գործի նկատմամբ նվիրվածություը` ոչ:
նվիրաբերեք հիմա