Նոր հայեր. վերադարձ հետսովետական երկրներից

Հեղինակ՝: Բիայնա Մահարի

14.06.18
Հրատարակություն: Ինքնություն

Բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք արտագաղթել էին նախկին Սովետական միության երկրներ` հիմա վերադառնալով Հայաստան, շատ հաճախ բախվում են հարցին` արդյոք նրանք սփյուռքահայ են, թե տեղացի։

Շատերի համար այդ հարցի պատասխանը երկու տարբերակների համատեղումն է։ Թեև նրանք, ի տարբերություն տեղացիների, 90-ականների սկզբի Հայաստանի թոհուբոհով չեն անցել, բայց միևնույն ժամանակ, բնակվելով հետսովետական երկրների ռուսախոս միջավայրում, զգալիորեն տարբերվում են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում բնակվող սփյուռքահայերից։

«Ոչ ոք Ռոստովում բնակվող հային սփյուռքահայ չի համարում»,- ասում է Ղազախստանում ծնված այսօր արդեն երևանաբնակ դիզայներ Ֆաինա Արությունյանը:

Ինչևէ, նախկին սովետական երկրներում բնակվող հայերի սերունդները, Հայաստան գալով, «տարբերվում են» ինչպես տեղացիներից, այնպես էլ դասական ընկալմամբ սփյուռքի ներկայացուցիչներից:

Մեր նյութի յոթ հերոսներն իրենք անձամբ, կամ էլ իրենց ծնողները 1980-90 ականներին արտագաղթել են Հայաստանից։ Այս պատմությունը Հայաստան վերադառնալուց հետո նրանց ինքնության փնտրտուքի մասին է:

Արտյոմ Գալուստյան

31-ամյա Արտյոմ Գալուստյանը մուլտիմեդա պրոդյուսեր է: Նա ծնվել է Երեւանում եւ ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան, երբ 11 տարեկան էր: 2018-ի ապրիլին, Արտյոմը վերահաստատվել է Երեւանում: Նկարում նա Կասկադում է․ վայր, որը վառ տպավորություններ է թողել Արտյոմի մոտ դեռ մանկուց:

Արտյոմ Գալուստյանը Ռուսաստան տեղափոխվելուց հետո Հայաստան առաջին անգամ այցելել է 2015 թվականին` լուսաբանելու «էլեկտրիկ Երեւանի» ցույցերը ռուսական Коммерсантъ պարբերականի համար: Դա նրա բազմաթիվ այցելուցություններից ամենաառաջինն էր:

«Տունն այնտեղ է, որտեղ քեզ սիրում են: Այստեղ քեզ սիրում են անվերապահորեն, դու մասն ես հայկական ինչ-որ տիեզերական սիրո»,-ասում է նա:

«Ռուսաստանում դու մշտապես ինչ-որ մեկի թշնամին ես, [դու] կամ աջական ես կամ ձախական, կամ «խաչ» ես [Ռուսաստանում կովկասյան ծագում ունեցող մարդկանց տրվող պիտակավորում, որն առաջացել է հայկական Խաչիկ անունից] կամ այլատյաց: Եւ ժամանակի ընթացքում ակամա դառնում ես ատելության այդ խաղի մասնակից:

«Դրա պատճառը գուցե այլատացության այն մթնոլորտն է, որում ապրում ենք: Այն ստիպում է քեզ միաձուլվել»:

Արտյոմի համոզմաբ, սակայն, Ռուսաստանում էլ ընտանիքի ներսում հայերը հայ են մնում: Նա մերժում է ցանկացած կարծիք, որը նրան նույնականացնում է Ռուսաստանի հետ:

«Ես «Ռուսաստանի հայ» չեմ: Ես պարզապես հայ եմ: Այո, ես ապրել եմ Ռուսաստանում 20 տարի, բայց միշտ օտար եմ ինձ զգացել այնտեղ: Այն դարձավ իմ երկրորդ տունը, բայց ոչ երբեք հայրենիքը»,-ասում է Գալուստյանը:

Անուշ Զեյնալյան

29-ամյա Անուշ Զեյնալյանը թանգարանագետ է: Մոսկվայից Երեւան է տեղափոխվել 2016 թվականի սկզբին: Նկարում նա Անգլիական այգում է, որն իր ամենասիրելի վայրերից մեկն է Երեւանում:

«Քո կենսագրությունը կազմված է բազմաթիվ իրադարձություններից եւ դրանք հաճախ ավելի շատ են նախորոշում քո ինքնությունը, քան այն վայրը, որտեղ բնակվում ես»:

Ծնվելով Մոսկվայում` Զեյնալյանն իր հայրենիքն է համարում ե՛ւ Հայաստանը ե՛ւ Ռուսաստանը: Նրա հայրը  Ռուսաստան է տեղափոխվել 1980-ականներին` ուսման նպատակով, այնուհետեւ եկել Հայաստան, ամուսնացել եւ հետ է վերադարձել Մոսկվա:

Անուշը նշում է, որ Երեւանում իրեն միշտ ավելի լավ է զգացել, քան Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Երեւան տեղափոխվելուց հետո ես հասկացա, թե որքան առավելություններ ունեմ երկու մշակույթներին պատկանելու պատճառով եւ կախում չունեմ այն բաներից, որոնք մեկ մշակույթի կրողերն ունեն: Ես ավելի ազատ եւ ճկուն եմ»,-ասում է նա` շարունակելով,-«Ազատության այդ զգացողությունը եւ Հայաստանին ասիմիլացվելը նշանակում է, որ ես նույնիսկ չեմ նեղանում, երբ [տեղացիներն] ինձ կոչում են Մոսկվայի հայ կամ, երբ ինձ համարում են իրենցից տարբերվող: Եթե դա պատրվակ է ինձ կարծրատիպեր վերագրելու համար, ապա իրենց խնդիրն է»:

Ֆաինա Արութունյան

36-ամյա Ֆաինա Արությունյանը նորաձեւության դիզայներ է: Ղազախստանի Ակտաու քաղաղաքից Երեւան է տեղափոխվել 2006-ին:

Ֆաինա Արությունյանը ներկայումս իրեն համարում է տեղացի հայ, սակայն այդ կետին հասնելը նրա համար հեշտ չէր:

«Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք, ապա կասեի, որ նորեկներին այստեղ չէին ընդունում, մենք օտար էինք: Եթե հիմա որեւէ մեկն այդպիսի բան ասի, ես կպատասխանեմ. «Ի՞նչ ես ասում, դու տեղացի ես այստեղ», թեեւ հասկանում եմ իրենց ասածը»,-նշում է Ֆաինան:

«Ինձանից հինգ տարի պահանջվեց տեղացի զգալու համար: Կարծում եմ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ես հայտնի դարձա որպես դիզայներ: Դա ինձ օգնեց ավելի ինքնավստահ զգալ»,-պատմում է Արությունյանը:

Դիզայներն ասում է, որ հիմա նույնիսկ կարող է քննադատել նորեկ կանանց ինչ-որ փոքր մանրուքների պատճառով, ինչպես ինքն էր քննադատվում, երբ դեռ նոր էր տեղափոխվել:

Նրա համոզմաբ, հայկական սփյուռքի մյուս ներկայացուցիչները, ովքեր ռուսերեն չեն խոսում եւ չունեն միեւնույն սովետական անցյալը, չեն կարող այդքան կապված լինել տեղացիների հետ, որքան հետսովետական որեւէ երկրում ապրած հայ:

«Նրանք չեն տեսել միեւնույն մուլտիկները, ֆիլմերը: Նույնիսկ նրանց կատակներն են ուրիշ»,-ասում է Ֆաինան` հավելելով,-«Մենք ուզում ենք, որ նրանք մեզ` այստեղ գտնվողներիս նման լինեն, բայց դա անհնար է»:

Հայկ Զալիբեկյան

Հայկ Զալիբեկյանի ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Հայկը 15 տարեկան էր։ Այժմ նա 34 տարեկան է: Նկարում Երևանի Բաղրամյան֊Մոսկովյան խաչմերուկի փոքր շինհրապարակում է, որը սոցիալական ցանցերում հաճախ է քննադատում:

Տարիներ շարունակ Հայկի ինքնությունը երկատված է եղել։ «Ես գնում էի հայկական դպրոց և շփվում էի հայերի հետ։ Ամեն ինչ փոխվեց համալսարան ընդունվելուց հետո։ Երկու ինքնություն ձեռք բերեցի՝ մեկը ռուսական միջավայրի, մյուսը հայկականի համար: Առաջին ինքնությունս լավ էր զգում ռուսական միջավայրում, ռուս ընկերներիս հետ, իսկ երկրորդը` հայերի հետ շփվելիս: Սակայն շուտով գաղթականների հոսքը դեպի Ռուսաստան նվազեց։ Մարդիկ սկսեցին ձուլվել։ «Ես աստիճանաբար ռուս դարձա․ ես ինձ ավելի շատ ռուս էի զգում, քան հայ»,-ասում է Հայկը:

Երբ Ռուսաստանում քաղաքացիական իրավունքների նկատմամբ սահմանափակումները խստացան, Հայկը և նրա կինը, որը Ուկրաինայից էթնիկ ռուս է, տեղափոխվեցին Հայաստան։ Թեև զույգն իրենց որոշումն ամեն տարի վերանայում է, ըստ Հայկի` «թավշյա հեղափոխությունից» հետո նրանք ամենայն հավանականությամբ կմնան այստեղ։

«Ռուսաստանի հայերը հոգեկերտվածքով ավելի մոտ են հայաստանցիներին, քան Ամերիկայի կամ Եվրոպայի համայքների [ներկայացուցիչները]»,-ասում է նա։

«Միակ բանը, որ իմ ինքնությունը մատնում է, մեքենայիս պետհամարանիշներն են։ Ճամփեզրի մրգավաճառները նկատում են դա և փորձում «թիվ կրակել»»։

Հայկի համոզմամբ, թեեւ ինքը որոշ չափով ռուսական մտածելակերպ ունի, սակայն ավելի շատ «տեղացի հայ» է։ Այնուամենայնիվ, նա չի ցանկանում որոշակի նեղ ենթախմբի հետ ասոցացվել, ասում է, որ «Ես Հայկն եմ, ճարտարապետ եմ և հայ»։

Հակուկ Եղիազարյան

36-ամյա Հակուկ Եղիազարյանը հաղորդակցման փորձագետ է։ Նա Մոսկվայից Երևան է տեղափոխվել 2016-ին։

Հակուկ Եղիազարյանը 27 տարի բնակվել է Մոսկվայում։ Բայց նա իրեն տանն է զգում Երևանում։

«Այս զգացողությունն աստիճանաբար եկավ՝ զուգահեռ այն բանին, երբ ես հասկացա, որ Երևանը պիտի սիրես անվերապահորեն։ Այլապես հնարավոր է ցնորվել պատճառներ գտնելու փնտրտուքներում»:

Սակայն նրա սերը միշտ չէ, որ փոխադարձ է։ Թեև նրա ընկերները իրեն մոսկվացի չեն համարում, այդ շրջանակից դուրս ընդամենը մի փոքր քննադատությունն էլ հերիք է, որպեսզի նրան խնդրեն տեղի գործերի մեջ «քիթը չխոթել»։

«Ընդունվելը կամ չընդունվելն ինձ համար խնդիր չէ։ Ես պնդում եմ, որ ես երևանցի եմ, նույնիսկ եթե ռուսերեն եմ խոսում եւ ամիսը մեկ անգամ Մոսկվա եմ մեկնում ․․․ »

Օշականում Հակուկը տղայի համար տուն է կառուցում պապական հողի վրա։

Նրա 11֊ամյա որդին այժմ խորհում է իր ինքնության շուրջ` օշականցի, թե մոսկվացի։

«Մենք չենք պնդում, որպեսզի նա ընտրություն կատարի: Թեեւ արդեն որոշել է, որ «ուղղակի հայ» է։»

Էդգար Էլեզ

22-ամյա ճարտարապետ Էդգար Էլեզը Մոսկվայից Երևան է տեղափոխվել 2013-ին։ Նկարում իր աշխատավայրում է:

Էդգար Էլեզի համար հայ լինելու որոշումն այդքան էլ հեշտ չէր։ Մեծանալով Մոսկվայում` ամեն անգամ երբ ասում էր, թե հայ է, իր հայ մայրիկը պատասխանում էր. «Ինչպե՞ս ես հայ․ քո հայրը սերբ է և դու էլ ես սերբ»։

«2000-ականների սկզբին Մոսկվան շատ վտանգավոր վայր էր․ շատ էին սափրագլուխ ազգայնականները, և ամեն անգամ տնից դուրս գալիս ինձ ասում էին․ «Հիշի՛ր, դու սերբ ես, ոչ թե հայ։ Հայերեն չխոսե՛ս»,- պատմում է նա։

«Ինչևէ, ուր էլ գնայի, անմիջապես հայտարարում էի, որ հայ եմ։ Չգիտեմ որտեղից է գալիս այդ հայրենասիրությունը. երեւի ես պետք է ինչ-որ ինքնություն ունենայի»։

Հինգ տարի առաջ էդգարը տեղափոխվեց Երևան՝ ուսանելու բուհում։ Առաջին տարին «շատ դժվար» էր նրա համար:

«Երբ ծանոթացա տեղի մտածելակերպին, չէի կարողանում ինձ դրա մասնիկը համարել»։

Ժամանակի հետ դա փոխվեց։ Էլեզն ասում է, որ Երևանը հիմա նրա տունն է, և չի ցանկանում գնալ այստեղից,- «Նույնիսկ եթե մի օր ստիպված լինեմ գնալ, անպայման կվերադառնամ»։

Կարեն Մանուկյան

30-ամյա Կարեն Մանուկյանը ատամնատեխնիկ է։ Նա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից Երևան է տեղափոխվել 2011-ին։ Այս նկարում Երևանի մերձակայքում գտնվող իր հողակտորում է։

Յոթ տարի Երևանում ապրելուց հետո Կարեն Մանուկյանն իրեն ավելի տեղացի է համարում, քան դրսեցի՝ 80-ը 20 տոկոսի հարաբերակցությամբ:

Հայկական ինքնությունը զգալու համար Ուզբեկստանում ծնված Կարենից որոշակի ժամանակ պահանջվեց։ Նրա ընտանիքն ապրել էր այնտեղ տևական ժամանակ։ Հայրը գործուղվել էր Միջին Ասիա դեռ 1970-ականներին՝ ԱվտոՎԱԶ֊ում աշխատելու։

«Առաջին դասարանում ես մտածում էի, թե ռուս եմ։ Իմ առաջին հայ ընկերների հետ ծանոթացա բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Այդպես էլ սկսվեց «սփյուռքահայի» կյանքս։ Արդեն 16-17 տարեկան էի, երբ իմ ինքնությունն ինձ սկսեց հետաքրքրել»:

Մանուկյանն ու իր կինը 2009-ին Հայաստան այցելելուց հետո որոշեցին, որ իրենց երեխաները պետք է այստեղ մեծանան։

«Պատահաբար» եմ ծնվել Ուզբեկստանում: Նույնը չէի ցանկանա իմ երեխաներին: Վաճառեցինք մեր տունը, որպեսզի վստահ լինենք, որ հետ գնալու տեղ չունենք, տոմսեր գնեցինք և առանց որևէ մեկին ասելու տեղափոխվեցինք Երևան։ Մեր աղջիկը 4 ամսական էր»,-ասում է Մանուկյանը:

Նրանից երեք տարի պահանջվեց, ինչպես ինքն է ասում, «հանգստանալու համար ու հասկանալու, որ ամեն ինչ նորմալ է»։

«Երբ նոր էինք վերադարձել, ես, ինչպես Տաշքենդում, մեքենայումս դեռ հայկական դրոշ ունեի»,֊նշում է Կարենը:

Հիմա նա դրոշի համար այլ վայր է նախատեսում։ Պատրաստվում է Երևանից դուրս գտնվող իր հողակտորում տուն կառուցել։ Այգում արդեն պտղատու մոտ 2000 ծառ է տնկել, իրականացրել է իր՝ դեռ Տաշքենդում ունեցած երազանքը։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա