Լուծելով բնակարանային խնդիրը․ երեք տարբերակ
Համակուրսեցիներ 31-ամյա Գեւորգ Ավագյանը եւ 33-ամյա Քրիստինա Գասպարյանն ամուսնացան 2012-ին: Երեւանում բնակվող Քրիստինայի համար Գեւորգի ծննդավայր Խորոնք գյուղ (Արմավիրի մարզի) տեղափոխվելն ու ամուսնու ծնողների հետ ապրելը խնդիր չէր, միանգամից համաձայնեց ու ամուսնությունից հետո էլ տեղափոխվեց:
«Ես էլ, ամուսինս էլ Երեւանում ենք աշխատում, ամեն օր առավոտյան գնում, երեկոյան վերադառնում ենք, հինգամյա երեխաս մնում է տատիկի հետ, մանկապարտեզ գնում, հետո էլ տատիկն է վերցնում մանկապարտեզից, խնամում, մինչեւ մենք կվերադառնանք աշխատանքից: Գեւորգի ընտանիքի հետ ապրելը շատ է օգնում: Երբեք չեմ մտածել, որ դա կարող է խնդիր լինել»,-ասում է Քրիստինան:
Շատ երիտասարդ ընտանիքների համար, սակայն, Գեւորգի ու Քրիստինայի մոդելը հարմար չէ: Հակառակ ծնողների հետ ապրելու ավանդույթին՝ շատերը ցանկանում են ամուսնանալուց հետո առանձին ապրել, հիփոթեքով բնակարան ձեռք բերել կամ էլ բնակարան վարձել, ինչը «էժան հաճույք» չէ:
32-ամյա լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանն ու 26-ամյա լեզվաբան Աննա Բալայանն ամուսնացան երկու ամիս առաջ: Այժմ վարձով են ապրում Երեւանի կենտրոնում: Երկու սենյականոց բնակարանի համար վճարում են 150 հազար դրամ, ինչը մեծ բեռ է երիտասարդ ընտանիքի բյուջեի համար:
«Մոտ տասնհինգ տարի վարձով եմ ապրում տատիկիս հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք ավելի մեծ՝ երկսենյականոց բնակարան: Նախորդ տանը ապրել էի ութ տարի, տեղափոխվելիս հաշվեցի, թե ինչքան վարձ եմ տվել: Ստացվեց, որ ութ տարվա մեջ 20.000 դոլարից ավել գումար եմ վճարել տան վարձ, այսինքն եթե հիփոթեքով նույն բնակարանը գնած լինեի, գումարի մոտ 30 տոկոսն արդեն վճարած կլինեի: Մի ուրիշ հաշվարկ էլ արեցի. մի բանկ կար, որ յոթ տոկոսով վարկ էր տալիս: Եթե 60.000 դոլարանոց բնակարան վերցնեի, հիմա վճարածս վարձից ավելի քիչ գումար պետք է վճարեի ամսական»,- ասում է Հրանտը:
Աննայի եւ Հրանտի խոսքով, միակ խնդիրը վարկի նախնական գումարը վճարելն է, ինչը հաճախ ծանր է երիտասարդ ընտանիքի համար:
«Հիմա ընտանիքի միակ աշխատողը ես եմ, տան վարձ ենք վճարում ու այդ նախնական 10 տոկոս գումարը հավաքել չի ստացվում: Արդեն մտածում ենք նաեւ Հայաստանից մեկնելու մասին: Եթե ստացվի, ապա կդիմենք, բնակարան կգնենք ու արտասահմանից աշխատելով կփակենք վարկը»,- ասում է Հրանտը:
Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի համոզմամբ, կրթական ցենզի բարձրացմանը զուգահեռ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ցանկանում անձնական տարածք ունենալ, շատ հաճախ նաեւ անկախ բնակարանային պայմաններից:
«Եթե նայենք պետական բնակարանաշինության ծրագրից օգտվողներին, ապա կտեսնենք, որ նրանց գերակշիռ մասը բարձրագույն կրթություն ունի, մի մասն էլ արտասահմանում է կրթություն ստացել ու ինդիվիդուալիզմը այդ մարդկանց մոտ գերակշռող է: Ընտանիքի «գերդաստանային» մոդելից նրանք հրաժարվում են, առաջին հերթին, անձնական կոմֆորտ տարածքն ունենալու համար, ինչը վաղուց ընդունված նորմ է արեւմտյան մշակույթում»,- ասում է Աղասի Թադեւոսյանը։
2010 թվականին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագիրը: Ըստ ծրագրի՝ պետությունը ֆինանսավորում է վարկի տարեկան տոկոսադրույքի երկու տոկոսը, 2017-ին ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ֆիզիկական անձի աշխատավարձից պետբյուջե գնացող եկամտային հարկը ամբողջությամբ կարող է ուղղվել բնակարան ձեռք բերելու համար վերցրած հիփոթեքային վարկի տոկոսների գումարի մարմանը: Սա լրացուցիչ խթան էր, որպեսզի շատ երիտասարդ ընտանիքներ առանձնանան ծնողներից ու սեփական բնակարանը ձեռք բերեն:
Հենց այս ծրագրի հնարավորությունից են օգտվել ամուսիններ Սանասար Դավթյանն ու Սոնա Արազյանը: Ամուսնանալուց հետո մի քանի տարի բնակվել են Սանասարի ծնողների հետ, այնուհետեւ որոշել, որ սեփական բնակարանը պետք է ունենան: Երեւանի Արաբկիր վարչական շրջանում կառուցվող «Երազ» բնակելի թաղամասի երեք սենյականոց իրենց բնարականն այժմ գրեթե պատրաստ է բնակության համար:
«Ծնողների հետ բնակվում էինք նույն բնակարանում, տունը այդքան էլ մեծ չէր, սենյակները քիչ էին, ու նպատակահարմար գտանք, որ դիմենք այս ծրագրին: Մրցույթը մեծ էր, մի բնակարանի համար 4-5 հայտատու կար, վիճակահանությամբ մեր բախտը բերեց ու ձեռք բերեցինք այս բնակարանը»,-ասում է Սանասարը, իսկ կինը` Սոնան հավելում.
«Ես էլ, Սանասարն էլ աշխատում ենք որպես ֆինանսիստ: Ես՝ բանկում, Սանասարը՝ մասնավոր հիմնադրամում, երկուսիս աշխատավարձերից գոյացող եկամտահարկը գումարեցինք իրար, հասկացանք, որ եթե 20 տարով վերցնենք այս բնակարանը, առաջին 10 տարին վճարելու ենք ամսական մոտ 60.000 դրամ, վարկի տոկոսների մնացած գումարը փակելու է եկամտահարկը: Շատ հարմար պայմաններ էին ու չէինք կարող չօգտվել»:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 1990-2017 թվականներին ամուսնության միջին տարիքը թե՛կանանց, թե՛տղամարդկանց մոտ աճել է չորս տարով: Սրա պատճառներից մեկը, ըստ նույն զեկույցի, սեփական բնակարան ձեռք բերելու ցանկությունն է, ինչին երիտասարդները ֆինանսապես հաջողում են հասնել եռեսուն տարեկանի մոտ:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով, բանկային համակարգը պետք է շահագրգռված լինի` մեծացնելու ներդրումները հիփոթեքային վարկերի ուղղությամբ: Շինարարական ոլորտը նախորդ տարի զգալի աճ է գրանցել այդ ոլորտում, որի պատճառներից մեկը հենց երիտասարդների հետաքրքրվածության բարձրացումն է այս ծրագրի նկատմամբ.
«Երիտասարդների շրջանում վճարունակությունը բարձրացել է, հատկապես մեծ հետաքրքրություն կա եկամտային հարկը վարկի տոկոսների մարմանն ուղղելուց հետո, բայց դա էլ բավարար չէ ամբողջ պահանջարկը բավարարելու համար: Կարծում եմ՝ կառավարությունը բանկային համակարգի հետ միասին պետք է մտածի սուբսիդավորման նոր գործիքներ գտնելու ու կիրառելու մասին: Սրա արդյունքում կշահեն եւ բանկային, եւ շինարարական ոլորտները»,- հավելում է Մարգարյանը:
նվիրաբերեք հիմա