Վտանգավոր սիրավեպ. երբ սիրո պատմությունը վերափոխվում է սեռական ոտնձգություն

Հեղինակ՝: Մարիամ Ավանեսյան, Արամ Կիրակոսյան
15.10.19
Հրատարակություն: Վախ

Տեքստը՝ Մարիամ Ավանեսյանի
Լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Աղջիկը 25 տարեկան էր, ապրում էր տանն ու պայքարում փոքրիկ գյուղում իր տեղը գտնելու համար: Տղան ֆեյսբուքում էր, պատրաստ լսելու նրա կարիքները, ցանկությունները, վախերը: Աղջիկը ժամեր, օրեր ու շաբաթներ էր անցկացնում տղայի հետ: Նրանք խոսում էին երազանքների մասին, փոխանակում լուսանկարներ: Տղան կատարյալ ընկեր էր: Աղջիկը զգում էր, որ իրեն վիճակված է լինել տղայի կողքին… մինչև սկսվեց շանտաժը:

Այս պատմությունը ճշմարիտ է: Այն տեղի է ունեցել երիտասարդ մի կնոջ հետ, 2017-ին, Հայաստանում: Կինը, ում մենք կանվանենք Արմինե, Չայխանայի հետ խոսեց մի պայմանով, որ մենք չհրապարակենք իր իսկական անունը, կամ բնակության վայրը:

Նույնիսկ հիմա, երկու տարի անց նա վախենում է, որ իր ինքնությունը կբացահայտվի և ինքը ստիպված կլինի զգալ շանտաժի հետ կապված նույն ամոթը:

Արմինեն, ով նույնիսկ ծնողներին չի ասել իր դժբախտության մասին, վախենում է ծնողների հիասթափությունից, վախենում նրանից, թե ինչ կասեն հարևանները:

Նա կցանկանար մոռանալ իր հետ երբևէ պատահածը, մոռանալ այն հիվանդագին զգացումը, երբ առաջին անգամ գիտակցեց, որ տղան իրեն չի սիրում:

Բայց Արմինեի խոսքով ինքն ավելի շատ վախենում է, որ ուրիշ աղջիկներ կարող են զգալ այն, ինչի միջով ինքն անցել է: Այդ պատճառով նա կիսում է իր պատմությունը մեզ հետ:

Արմինեն նրան հանդիպեց ֆեյսբուքում: Մի անծանոթ նրան ընկերության հայտ ուղարկեց և նա ընդունեց այն:

<<Սկզբում ինչ-որ չափով հետաքրքրություն կար, հետո երևի սիրահարվեցի նրան ու չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ>>,-ասում է նա։

Նրանց առցանց սիրավեպը զարգացումներ ապրեց վեց ամիս: Միակ մութ կետն այն էր, որ տղան միշտ արդարացումներ էր գտնում չհանդիպելու համար: Նա միշտ մի պատճառաբանություն ուներ, թե ինչու չեն կարող տեսնվել, այնպես որ աղջիկն իվերջո դադարեց հարցեր տալ: Այնուհետեւ տղան գումար խնդրեց՝ խոստանալով վերադարձնել:

<<Ես գումար փոխանցեցի նրա հաշվին: Որոշ ժամանակ անց նա կրկին խնդրեց և ես կրկին ուղարկեցի: Դրամական փոխանցումներից հետո մենք սկսեցինք լուսանկարներ ուղարկել: Ես սելֆիներ էի ուղարկում, նա փոխարենը՝ մութ լուսանակարներ, որոնցում ես հազիվ էի կարողանում նշմարել նրա դեմքը>>,- հիշում է աղջիկը:

Ինչ որ պահի նա մերկ լուսանկարներ խնդրեց: Սկզբում աղջիկը հրաժարվեց, բայց իվերջո համաձայնեց:

<<Ես չգիտեմ, թե ինչու թույլ տվեցի այդ սխալը: Մի քանի օր անց նա ավելի շատ գումար պահանջեց: Երբ ես հրաժարվեցի, նա սպառնաց, որ մերկ լուսանկարներս ծնողներից կուղարկի>>

Դրանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ զարգացավ:

Վախենալով, որ տղան կհետեւի իր սպառնալիքներին, և ծնողները կիմանան այդ լուսանկարների մասին, աղջիկը համաձայնեց: Հաջորդ մի քանի ամիսներին նա շատ ավելի շատ լուսանկարներ էր անում:

<<Նա նոր մերկ լուսանկարներ էր պահանջում, ու նույնիսկ ասում, թե ինչպես դրանք նկարեմ: Նա շարունակում էր ասել, որ եթե նորերը չանեմ, լուսանկարները ծնողներիս կուղարկի>>,- հիշում է նա:

Բայց աղջկա համար այդ ամենն արդեն բավական էր: Նա ընդհանուր առմամբ ուղարկել էր շուրջ 150 դոլար և իր լուսանկարները: Նա պատրաստ էր ոստիկանություն դիմել, չնայած նրան, որ դեռ վախենում էր պատմել ծնողներին, քանի որ վախենում էր, որ եթե նրանք իմանան, կդադարեն խոսել իր հետ:

Փոխարենը նա զանգահարեց Երևանում գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գծին:

<<Ես նրանց գտա ֆեյսբուքում ու որոշեցի գրել, քանի որ այդ ժամանակ անհույս վիճակում էի և չունեի մեկին, ով կաջակցեր ինձ: Ես երբեք որևէ մեկի հետ չեմ խոսել այս մասին: Նույնիսկ չեմ կարող երևակայել, թե ինչ կկատարվի իմ ծնողների հետ, երբ նրանք այս մասին իմանան: Ես վախենում եմ, որ նրանք կդադարեն խոսել ինձ հետ>>,- ասում է նա:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի իրավաբան Աննա Հովհաննիսյանն ասում է՝ Արմինեի այս վախը տարածված երևույթ է: <<Կանայք չեն խոսում բռնության մասին, քանի որ վախենում են իրենց ընտանիքի արձագանքից>>,-ասում է նա:

Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում սեռական հանցագործությունների մասին լռելու մշակույթ կա: <<Զոհերի լռությունը նպաստում է նման դեպքերի աճին: Հանցագործն անպատիժ է մնում և սեռական բռնությունը դառնում է սովորություն>>:

Նույնիսկ երբ կանայք օգնության համար ոստիկանություն են դիմում, բռնություն գործադրողներից քչերին են բռնում և պատժում: Դա մասնավորապես վերաբերում է կանանց դեմ կիբերհանցագործություններին դեպքերին, ներառյալ շանտաժը և շորթման դեպքերը: Ըստ Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի զեկույցի, կանանց դեմ կիբերհանցագործություններն աճում են ամբողջ աշխարհում: 15 տարեկանում տասը կանանցից մեկը կիբեր բռնության փորձառություն է ունենում նշում է զեկույցը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Ըստ սոցիալական մեդիայի և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի չկա վիճակագրություն այն մասին, թե քանի կին է Հայաստանում այդ հանցագործությունների զոհը դարձել:

Բայց նա նշում է, որ կանայք, տղամարդիկ, ինչպես նաև երեխաները կիբերհանցագործությունների առումով խոցելի են՝ վտանգների մասին համապատասխան գիտելիք չունենալու պատճառով:

<<Դպրոցում միակ առարկան աշակերտներին սովորեցնում է, թե ինչպես օգտագործել համակարգիչը և ինտերնետը: Կրթության այդ մակարդակը պահպանվում է 2005-2007 թվականներից>>,- ասում է նա:

<<Ցանկացած այլ բան, օրինակ ինչպես վերահսկել իրենց հաշիվները, կամ ինչ դեր ունեն սոցիալական էջերը (իրենց կյանքի վրա) նրանք սովորում են դպրոցից դուրս և հիմնականում ինքնուրույն>>:

2018-ին Հայաստանի Ոստիկանությունը հայտնել է, որ կիբերհանցագործությունները ընդհանուր առմամբ աճում են: Չնայած հանցագործությունների մեծ մասը անձնական տվյալների գողությանն է վերաբերում, կան նաև հրապարակումներ կանանց նկատմամբ կազմակերպված հարձակումների մասին:

Արմինեի դեպքում կենտրոնը կարողացավ օգնել նրան ոստիկանական հետաքննություն սկսել առանց ծնողների իմացության: Հետաքննությունը սակայն երկար ընթացք չունեցավ: Համակարգչային տվյալները տարան դեպի մայրաքաղաք Երևանի Նուբարաշենի կալանավայր, որտեղ բոլոր բանտարկյալները կիսում են մեկ համակարգիչ: Ոստիկանությունը չփորձեց հետևել դրամական փոխանցումներին: Ոչ ոք չպատժվեց Արմինեին շահագործելու և շանտաժի ենթարկելու համար:

Այսօր նա դեռ ապրում է բացահայտման վախով: <<Ես ամենաշատը վախենում եմ իմ ծնողների արձագանքից, հետո արդեն իմ ընտանիքի և մեր գյուղում ապրող մարդկանց արձագանքից, նաև այն մտքից, որ մեր համայնքն ինձ այլևս չի ընդունի, երբ իմ բարոյականության մասին լուրեր ու տհաճ պատմություններ տարածվեն գյուղում>>:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա