Մահանալ միայնակ

Հեղինակ՝: Հասմիկ Բալեյան
13.11.19
Հրատարակություն: Վախ

Տեքստը՝ Հասմիկ Բալեյանի
Նկարազարդումը՝ Լիվիա Վիկսնա Իդեի

62-ամյա Կարենը վախենում է մահանալ միայնության մեջ։  Նա և կինը՝ Սիլվան զավակներ չունեն ու բնակվում են Վայոց ձորի գյուղերից մեկում, Հայաստանի հարավ-արևելքում։

«Ես սկսում եմ վախենալ, երբ հասկանում եմ, որ ծերանում եմ ու մեր մասին հոգացող չկա», - ասում է Կարենը։

Այս զույգն ունի առողջական խնդիրներ․ Սիլվայի մոտ հիպերտոնիա է հայտնաբերվել։ Նա և ամուսինը վախենում են, որ կծերանան, իրենց առողջական վիճակը կվատթարանա, և չի լինի որևէ մեկը, որ հոգ կտանի իրենց մասին։

Կարենի ու Սիլվայի խնդիրն ամենևին էլ հազվադեպ պատահողներից չէ։ Աշխարհի տարբեր ծայրերում՝  Ճապոնիայից մինչև Մեծ Բրիտանիա պայքարում են այս խնդրի դեմ՝ փորձելով գտնել ելք և հասկանալ, թե ինչպես կարելի  է հոգալ այն թոշակառուների մասին, որոնք մնացել են առանց խնամքի։ Մոլորակում 65 տարեկան և ավելի տարեց մարդկանց թիվն աճում է ավելի արագ, քան որևէ այլ տարիքային խմբինը։ Արևմտյան երկրներում հասարակությունը նորմալ է ընդունում այն փաստը, որ ծերերը կարող են բնակվել պետական կամ մասնավոր ծերանոցներում, սակայն հայկական ավանդական հասարակության համար սա մերժելի երևույթ է համարվում։

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝  Հայաստանի  բնակչության 14 %- ը՝ 420 000 մարդ, 63 տարին անց է:

Նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը նշում է՝ 2018 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տալիս՝ Հայաստանում 14 000-15 000  թոշակառու բնակվում է միայնակ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանի չորս պետական տուն-ինտերնատներում և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում 1210 ծերեր են բնակվում:

«Միայնակ տարեցներից  ոչ բոլորն ունեն խնամքի կարիք։  Նրանցից մոտ 10 տոկոսն ունի այդ խնամքի կարիքը՝ ելնելով տարիքից, առողջական  վիճակից։  Մասնավոր և պետական սեկտորի մատուցած ծայռայությունների միջոցով ընդամենը մոտ 10 հազար տարեց մարդու կարիքներ ենք հոգում»,- նշում է  Անահիտ  Գևորգյանը։

Հայաստանի Կառավարությունը տարեցներին մատուցվող ծառայությունները բարելավելու ռազմավարություն է մշակում։ Այս նախագծի նպատակն է ոչ միայն ծերերի սոցիալական վիճակը բարելավել, այլև նրանց  ակտիվ, առողջ ապրելու և արժանապատիվ ծերություն ունենալու հնարավորություն ընձեռել։

Կարենը և Սիլվան ճնշվում են, որ այժմ նման իրավիճակում են հայտնվել։ Հայկական ընտանիքներում ընդունված է, որ ընտանիքի անդամները հոգ տանեն ծերերի մասին։ Բայց, այս տարբերակը, թեևս, գրեթե չի գործում այն դեպքում, երբ տարեց գույգը երեխա կամ մտերիմ ազգականներ չունի:

«Հայաստանում ընդունված չէ ծնողներին ծերանոց տանել։ Սովորաբար, երեխաները հարգում են իրենց ծնողներին, սիրում ու հոգ են տանում նրանց մասին, և այս ամենը սովորեցնում են նաև իրենց զավակներին՝ նրանց համար օրինակ ծառայելով»,- նշում  է հոգեբան Սամվել Խուդոյանը։

Հոգեբանը ասում է՝  անզավակ  ծեր զույգերը հաճախ են վախենում միայնությունից, նա այնուամենայնիվ հիշեցնում է՝ երեխաներ ունենալը դեռևս երաշխիք չէ, որ նրանք անպայման հոգ են տանելու ծնողների մասին ծերության օրերին։

Խուդոյանը նշում է, որ եթե զույգերը սիրում են միմյանց, դա արդեն լավ նշան է: Դրական է նաև ընտանի կենդանիներ ունենալը և ամուր բարեկամական ու ընկերական կապեր պահպանելը: Բայց շատերը շարունակում են խորը վախ ունենալ, որ ստիպված կլինեն իրենք իրենց տեր կագնել, երբ ավելի մեծանան, ավելացնում է նա:

«Տարիների ընթացքում այս վախն ուժգնանում է, հատկապես այն դեպքում, երբ անզավակ զույգերը առողջական խնդիրներ են ունենում։ Նրանք հաճախակի զգում են երեխայի բացակայությունը, ով կսիրեր ու հոգ կտաներ իրենց մասին»։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը  նշում է՝  այս վախը կարող է նույնիսկ քայքայել ամուսնությունը։ Հոգեբանն ընդգծում է՝ կանայք հաճախ անհարմար իրավիճակներում են  հայտնվում, բացասական վերաբերմունքի արժանանում հարազատների կողմից, եթե «ժամանակին» չեն հղիանում։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն էլ շեշտում է՝ լինում են դեպքեր, երբ զույգերն ամուսնալուծվում են, եթե ընտանիքում երեխա չի ծնվում։

«Պետք է շեշտել՝ հատկապես գյուղերում շատ կարևոր է, որ կինն երեխա ունենա ամուսնությունից գոնե մի քանի տարի անց, իսկ եթե ամուսնությունից հետո երկար տարիներ են անցնում ու կինը չի հղիանում, ապա դա ընտանիքում խնդիրներ է առաջացնում և ինչպես նշեցի, հաճախ  ավարտվում է ամուսնալուծությամբ»,-  նշում է սոգիոլոգ Գևորգ Պողոսյանը։

Հայաստանում կանայք միջին հաշվարկներով իրենց առաջին զավակնին ունենում են 27 տարեկան հասակում:

57 տարեկան Նարինեն 36 տարեկան էր, երբ նա և ամուսիը երեխա ունեցան: Զույգը, որը բնակվում է Արագածոտնի մարզում` մայրաքաղաք Երևանին մոտ, 12 տարի պայքարել է անպտղության դեմ:

Նարինեն  հիշում է, թե որքան դժվար է եղել կյանքը, երբ նա և ամուսինը՝ Նորիկը պայքարում էին երեխա ունենալու համար: Երեխայի բացակայությունը տանը անախորժություններ է առաջացրել. ի վերջո Նարինեն և ամուսինը ստիպված  են եղել  հեռանալ Նորիկի ծնողների տնից ու տեղափոխվել Նարինեի ծնողների տուն: Տարիներ անց նրանք տեղափոխվել են իրենց նորակառույց տուն:

«Գյուղում շատ ընտանիքներ քանդվել են  անպտղության պատճառով: Շատ ամուսիններ լքել են իրենց կանանց, քանի որ նրանք չեն կարողանացել երեխա ունենալ», - հիշում է Նարինեն:

Նարինեն պատմում է, որ հուսահատության պահեր շատ է ունեցել, հաճախ չի կարողացել արցունքները թաքցնել, մտածելով, որ գուցե երբեք չի մայրանա, բայց ամուսինը՝ Նորիկը միշտ հենարան է եղել իր համար։

«Ամուսինս ասում էր՝ եթե անգամ երեխա չունենանք, չի ամուսնալուծվի։ Նա միշտ իմ կողքին է եղել, օգնել է, որ վախերս հաղթահարեմ, իսկ երբ հղիացա ու մեր ամուսնությունից 12 տարի անց ծնվեց մեր երեխան, ասես հրաշք էր կատարվել մեր կյանքում», - ասում է նա։

Նարինեն պատմում է, որ գյուղում ուշ տարիքում հղիացած կանանց էլ են տարօրինակ աչքով նայում, ուստի  այդ կանայք, փոխանակ ուրախանան մայրության բերկրանքով, հաճախ ամաչում են տանից դուրս գալ՝ մտածելով, որ մարդիկ կասեն՝ ամոթ է, մեծահասակ է, բայց հղիացել է։

«Այդ  անիմաստ ամոթի զգացումը  մի փոքր ժամանակահատված ես էլ ունեցա, բայց շատ արագ հաղթահարեցի։ Ես ուրախ ու հպարտ էի, որ վերջապես մայր եմ դառնալու»,- պատմում է Նարինեն։

Նա երջանիկ ապրում է ամուսնու ու դստեր հետ, բայց այժմ էլ այլ վախեր կան կնոջ մեջ։ Նարինեն վախենում  է, որ ինքն ու ամուսինը կմահանան և դուստրը միայնակ կմնա։

«Ես 57 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 64։ Երկուսս էլ շատ ենք վախենում, որ կմահանանք ու մեր դուստրը միայնակ կմնա։ Նա մեր միակ երեխան է, քույր ու եղբայր չունի, ուստի մտածում ենք՝ նա ոչ մի հենարան չի ունենա, երբ մենք այլևս չլինենք»,- ասում է  Նարինեն։

 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա