Տներում փակված հայերի համար ինտերնետն ապահովում է հարմարավետություն, սակայն տարածում ատելություն

Հեղինակ՝: Նելլի Պետրոսյան
28.04.20
Հրատարակություն: Մեկուսացում

Ես նայում եմ պատուհանից դուրս՝ դատարկ խաղահրապարակ, մի քանի մեծահասակ և խանութից տուն, տնից խանութ շտապող մարդիկ։ Պատուհանի մյուս կողմում իմ ընտանիքն է, որը աշխարհի շատ մարդկանց նման շաբաթներ շարունակ ինքնամեկուսացման մեջ է: 

Կորոնավիրուսը պաշտոնապես Հայաստան եկավ մարտի 1-ին, երբ հաստատվեց վարակի առաջին դեպքը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում դեպքերի թիվն աճել է, և ավելի ու ավելի շատ հայեր են փակվել տանը՝ սպասելով, որ կառավարությունը վերացնի սահմանափակումները և իրենք կարողանան վերադառնալ բնականոն կյանքին:

Միևնույն ժամանակ, մարդիկ ավելի ու ավելի շատ ժամանակ են ծախսում համացանցում: Թեև ինտերնետը որոշ դեպքերում «օրհնություն է»՝ բարեգործական ակցիաներն օգնեցին խոցելի խմբերին, իսկ առցանց դասընթացները՝ երեխաներին և ուսանողներին՝ շարունակելու իրենց ուսումը, այն նաև առաջացնում է անընդհատ մեծացող փոթորիկ՝ վիրուսի մասին  ապատեղեկատվության, կեղծ նորությունների և ատելության խոսքի: Կարճ ասած՝ սոցիալական մեդիան հիմնովին ձևափոխում է վիրուսի տարածման և հանրային վերաբերմունքի մասին բոլոր պատկերացումները։ Կորոնավիրուսի այսօրվա օրակարգում այն հիմք է դնում այնպիսի երևույթների, ինչպիսիք են ատելության խոսքը, ռասիզմը և խտրականությունը։ 

Ատելության խոսքը, առցանց կամ այլ լրատվամիջոցներում, Հայաստանի համար նորություն չէ: Աշխարհի շատ երկրների նման, սոցիալական լրատվամիջոցները դարձել են լավ հարթակ՝ ապատեղեկատվության, կեղծ լուրերի և կանանց, փոքրամասնությունների և այլ խմբերի դեմ ատելության խոսքի տարածման համար: Բայց իրավապաշտպաններն ու լրատվամիջոցներն ուսումնասիրողները նշում են, որ կորոնավիրուսով և նոր իրականությամբ պայմանավորված այս միտումներն արագացել են:  

Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը նշում է, որ հայկական լրատվամիջոցները սովորաբար տարածում են ապատեղեկատվության այն տեսակները, որոնք թրենդային են ողջ աշխարհում: Այսօր դա կորոնավիրուսին է վերաբերում.

 «Ընդհանրապես արագ զարգացող իրադարձությունների դեպքում կեղծ լուրերի տարածման դեպքերն աճում են։ Այդպես է քաղաքական, քաղաքացիական շարժումների, բնական աղետների, մեծ աղետների կամ տոնախմբությունների ժամանակ։ COVID19-նն էլ բացառություն չէր»,-ասում է նա:

«Այս վիրուսի ծագման, տարածման ու բուժման վերաբերյալ բազմաթիվ կեղծ, կիսաճշմարիտ, մանիպուլյատիվ ու միֆական լուրեր են տարածվել, տարածվում են ու կարծում եմ` կտարարածվեն»: 

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի հիմնադիր, իրավապաշտպան Արման Ղարիբյանը նկատել է, որ ատելության խոսքը սոցիալական լրատվամիջոցներում այժմ թիրախավորվում է տարբեր խմբերի:

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այն խմբերը, որոնք թիրախավորվում էին նախքան այս արտակարգ իրավիճակի ստեղծումը, այդքան էլ շատ չեն թիրախավորվում այս օրերին։ Դրանք հիմնականոմ կրոնական և սեռական փոքրամասնություններն են, հաճախ նաև կանայք և իրավապաշտպանները»,- ասում է Ղարիբյանը: 

Նա նշում է, որ քանի որ տներում ավելի շատ մարդ է մնում, մարդիկ սոցիալական լրատվամիջոցները սկսում են օգտագործել որպես ագրեսիան դուրս հանելու միջոց: Պարզապես կեղծ լուրեր ու ապատեղեկատվություն սպառելու փոխարեն, նրանք այժմ նաև դարձել են դրա ստեղծողը:

Հոգեբան Ժենյա Վարդանյանը կարծում է, որ ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը հաճախ հետեւանք են համընդհանուր խուճապի. «Բարձր տագնապայնության ու վախի պայմաններում մարդը երբեմն հակված է տեղեկատվությունը ներկայացնել չափազանցված, ոչ իրական»,-ասում է նա:

«Կենսառիթմի և գրաֆիկի փոփոխությունը,տարաբնույթ սահմանափակումները հանգեցնում են տեղեկատվական սթրեսի։ Այն տեղի է ունենում, երբ մարդը չի կարողանում լուծել խնդիրը, որոշումներ ընդունել իր համար բարձր պատասխանատվության և տեմպի պայմաններում»։ 

Առաջին զոհերից մեկն այն կինն էր, ում մեղադրում են Հայաստանում կորոնավիրուսի լայն տարածմանը նպաստելու մեջ: Էջմիածնեցի կնոջ կերպարը շատ արագ դարձավ ատելության խոսքի խթան։ Նրա լուսանկարը լայն տարածում գտավ, և տրոլները (ինչպես նաև քաղաքական գործիչները) սկսեցին թիրախավորել նրան:

Մարդու իրավունքների պաշտպանը և շատ իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտեցին այս գրոհները:

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի տնօրեն Կարինե Դավթյանը կանանց դեմ ատելության խոսքի տարածման հիմքում տեսնում է նաև իշխանության մեղքը. «Պաշտոնատար անձանց կողմից մշտապես անձնական որոշակի տվյալներ պարունակող տեղեկատվություն էր տարածվում կնոջ հիվանդության և վիրուսի տարածման եղանակի մասին։ Կարծում եմ՝ որոշ քաղաքական գործիչներ կարող էին հաշվի առնել մեր հասարակության անդամների թերահավատությունը հիվանդությունների նկատմամբ և կանխատեսել նման վարք»,- նշում է նա: 

Դավթյանը նշում է, որ էջմիածնեցի կնոջ դեպքից հետո թե հանրային, թե լրատվական ողջ ուշադրությունը սևեռվեց նրա մասնակցությամբ տեղի ունեցած արարողության վրա՝ անտեսելով մյուս հավաքույթները։ 

Նա նաև ավելացնում է, որ վարակակիր անձի շուրջ «խմորումները» սոցցանցերից փողոց տեղափոխվեցին՝ հանգեցնելով կնոջ ազգականների և ֆեյսբուքյան օգտատիրոջ միջև ծեծկռտուքի։ 

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղան այլ դեպքեր: Օրինակ՝ ավելացավ վիրուսի մասին կեղծ էջերի և խմբերի քանակը:

Ամենահայտնի օրինակներից է հանթավիրուսի մասին հրապարակումը, որը տարածվեց հայկական մեդիայում։ Թեպետ լուրը տարածած Global Times չինական անգլալեզու տաբլոիդը շուտով նաև գրեց այն մասին, որ դրա դեմ կա պատվաստանյութ և այն ամենևին էլ նոր չէ, հայկական լրատվականներն այն ներկայացրին որպես «նոր տարածվող վիրուս»։ 

Մեկ այլ օրինակ է ֆեյսբուքյան էջերից մեկի տարածած նյութը՝ հետևյալ վերտառությամբ. «ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին»։ Նյութն ինքնին ԱՄՆ ՊՆ-ի մասին էր, ոչ Հայաստանի։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն արձագանքել էր նյութին՝ փորձելով հանգստացնել հանրությանը: 

Իրավապաշտպան Ղարիբյանը սակայն պնդում է, որ կառավարությունը պետք է անի ավելին՝ կեղծ լուրերի աճող թվաքանակի, ատելության խոսքի և վիրուսի մասին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

«Սոցցանցերում խտրականության դրսևորումները նվազեցնելու համար ցանկալի է, որ մեծ հեղինակություն ունեցող մարդիկ իրենց խոսքը հղեն հանրության լյան շրջանակներին։ Ես առաջին հերթին նկատի ունեմ ՀՀ վարչապետին, որի ֆեյսբուքյան էջին 600 հազար մարդ է հետևում, և նա իր էջից պետք է սկսի այս կանոնների իրականացոմ»,-ասում է Ղարիբյանը։

Հոգեբան Վարդանյանն այնուհանդերձ լավատեսության պատճառներ է տեսնում: Նա ասում է, որ համեմատած վիրուսի տարածման առաջին օրերի, վերջերս որոշակի դրական հաղորդագրություններ է նկատում հայկական սոցցանցերում. 

«Հասարակության շրջանում ստեղծված իրավիճակում առկա է նաև  հարմարվողականության, լավատեսությունը չկորցնելու, սոցիալական պատասխանատվության, արժեքները վերաիմաստավորելու աշխարհընկալումը»,- ասում է նա։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա