Հայաստան. նախկին դատապարտյալներն ասում են՝ կարանտինի պայմաններում ապրելը դժվար է, բայց այնպես չէ, ինչպես «բանտում»

Հեղինակ՝: Հասմիկ Բալեյան
04.06.20
Հրատարակություն: Մեկուսացում

Նույն չորս պատերը՝ օր օրի, շաբաթ շաբաթի հետեւից:

Որպես կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու կառավարության ջանքերի մի մաս՝ վերջին երեք ամիսների մեծ մասը հայերից շատերը մնացին տանը: Ոմանց համար այս փորձառությունը նման է բանտարկվելուն: 

«Այս օրերին մարդիկ իրենց տներում մնալով ճնշվում են, իրենց թվում է՝ բանտում են, քանի որ մարդու առօրյան միանգամից կտրուկ փոխվել է»,- ասում է հոգեբան Արփինե Դավթյանը:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեկուսացումը, ինչպիսին տանը ստիպված մնալն է, կարող է բացասաբար ազդել մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: 

«Մարդը, ով սովոր էր ամեն օր արթնանալ, աշխատանքի գնալ, ապրել աշխույժ, հիմա պետք է տանը մնա։ Նախկինում մարդն իր օրվա անելիքները պլանավորում էր, հաճախում իր սիրելի վայրերը, իսկ հիմա նրան ամեն ինչ կարող է միօրինակ թվալ, այս ամենից մարդը հոգեբանորեն ճնշվում է»,- նշում է նա։ 

Որոշ մասնագիտությունների դեպքում, ինչպես օրինակ տիեզերագնացների,  մեկուսացումը փորձառության մասն է կազմում: Այլ խմբեր, ինչպես բանտարկյալները, նույնպես ստիպված են լինում հարկադիր մեկուսացման դեմ պայքարի միջոցներ գտնել: 

44-ամյա Աշոտ Մանուկյանը  այս հունվարին ազատ արձակվեց սպանության համար բանտում անցկացրած 24 տարիներից հետո: 

«Հատկապես երկար պատժաչափ ունեցածները գիտեն՝ ինչ ասել է մեկուսացում, գիտեն՝ ինչ դժվար է բանտում մեկուսացած ապրելը»,- ասում է նա: 

Աշոտն ընդամենը 20 տարեկան էր, երբ բանտ ընկավ՝ վեճի ընթացքում երեք ծառայակիցներին սպանելու համար: 

«Երբ քեզ անկախ քո կամքից են մեկուսացնում, և դուռը կողպում են վրադ, դու ստիպված մնում ես այնտեղ։ Բանտում հայտնվելուց հետո հասկացա, որ ասես կործանված մարդ լինեմ»,- ասում է նա: 

«Բայց որոշ ժամանակ անց այլևս ինքս իմ մասին չէի մտածում։ Ինձ համար է՛լ ավելի սարսափելի էր այն միտքը, թե ինչ ցավ ու վիշտ են ապրում տուժողների ընտանիքները, իմ ընտանիքը․․․»: 

Այս տարիների ընթացքում Աշոտը հաղթահարել է բանտում մեկուսացման հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները`կարդալով և ստեղծագործելով: Գրել է բանաստեղծություններ և գրքեր: Հեռավորության վրա Աշոտը փորձել է նաև սոցիալականացվել, շփվել: Նա, օրինակ, կապ է հաստատել սպանվածների ընտանիքի հետ՝ ներողություն խնդրելով նրանցից և փորձելով որոշ չափով փոխհատուցել կատարվածը: 

Բացի այդ, նա ընդունվել է «Ուրարտու» համալսարան՝ ընտրելով հոգեբանի մասնագիտությունը: Բանտում նա իր մասնագիտությունը կիրառել է բանտարկյալներին օգնելու համար: 

Նա այժմ շարունակում է ուսումը և ասում է, որ հոգեբանի որակավորում ստանալուց հետո կուզենա հանդիպել, զրուցել նաև դատապարտյալների և զինվորների հետ՝ փորձելով օգնել նրանց խուսափել իր սխալներից և լարված պահերին վերահսկել զայրույթը:

Աշոտն ընդգծում է, որ մարդիկ չպետք է ինքնամեկուսացման մասին մտածեն, որպես բանտարկության:

Մեկ այլ նախկին բանտարկյալ Վահագն Մարուքյանը համաձայն է: Նա նշում է, որ նույնիսկ դիմագրավելու մեխանիզմներն են տարբեր, քանի որ Հայաստանում բանտը տան հարմարավետություն չի առաջարկում:

«Բանտում անցկացրած օրերն անհնար է համեմատել ցանկացած այլ բանի հետ: Չկան բանտային պայմաններին նման այլ պայմաններ», - ասում է Վահագնը, որը 25 տարի բանտում անցկացրել է սպանության համար, թեեւ նա իր մեղքը չի ընդունում`  պնդելով, որ պայքարելու  է, որ իր անմեղությունը  թեկուզ այսքան տարի անց ապացուցվի:

Նա ազատ է արձակվել 2018 թվականին ՝ առողջության վատթարացման պատճառով:

«Յուրաքանչյուր բանտախցում կար 4-5 դատապարտյալ և ընդամենը   երկու մահճակալ։ Քնում էինք հատակին, մահճակալը զիջում մեծահասակ կամ  հիվանդ խցակիցներին։  Ամիսներով մեզ չէին տանում լողանալու։ Մենք, իհարկե, փորձում  էինք մի հնար գտնել, լվացվել, լողանալ, բայց նորմալ՝ ցնցուղի տակ եղել է, որ տարին մեկ ենք լողացել․․․․Բանտում հայտնվելուց հետո հասկացա, որ ասես մեռած մարդ լինեմ»,- ասում է Վահագնը։ 

«Այս ամենն ինչպե՞ս կարելի է համեմատել կորոնավիրուսի օրերին տանը մեկուսանալու հետ։ Սա ժամանակավոր է, մնում ենք տանը, որպեսզի հոգանք մեր ու մյուսների առողջության մասին։ Ես առողջական խնդիրներ ունեմ, հենակներով եմ քայլում, այսպես թե այնպես, ավելի շատ տանն եմ լինում, և հետո՝ տունն ու բանտն ամենևին համեմատելի չեն։ Տունը հարազատ անկյուն է, որտեղ կարող ես զբաղվել քո սիրած գործով, ապրել առողջ մթնոլորտում, տանը քեզ վրա դուռը չեն կողպում, դու ճաղերի հետևում չես»։

Այն մարդկանց համար, սակայն, ովքեր չգիտեն, թե ինչ է իրական բանտը, ներկա իրավիճակում ճնշման և մեկուսացման զգացողությունները կարող են առաջանալ, նշում է հոգեբան Դավթյանը:

Նա հավելում է՝ այն փաստը, որ մեկուսացման ժամանակ որոշ մարդկանց թույլատրվել է աշխատել, իսկ մյուսները` ոչ, ավելացրել է ճնշման զգացումը:

«Մարդը տարիներ շարունակ ապրել է ազատ ու հիմա պետական մակարդակով ասվում է՝ պետք է մնալ տանը։ Նաև այդ «պետք է» ասվածն է ճնշում մարդուն, երբ նա ստիպված է տանը մնալ, դա իր ընտրությունը չէ»։

Հոգեբանն ասում է, որ զանգեր է ստացել այն մարդկանցից, ովքեր խորհրդատվություն են հայցում՝ տանը մնալու սթրեսը հաղթահարելու համար:

Աշոտը ևս ընդգծում է արտոնագրված թերապևտների հետ խոսելու կամ, սթրեսը թեթևացնելու համար, ընտանիքի անդամների հետ շփվելու փորձի կարևորությունը:

«Գիտեմ՝ այս օրերին տանը մեկուսանալու պատճառով ոմանք իրենց ճնշված ու մեկուսացած են զգում, ոմանց մոտ նոր խնդիրներ են ի հայտ եկել», - ասում է նա։

«Նման իրավիճակներում պետք է լարվածությունը կիսել հարազատ մարդու հետ, նրան պատմել խնդիրների մասին, այլապես, եթե մարդ չխոսի մեկի հետ, այդ խնդիրներն ավելի կծանրանան»։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա