Շոկոլադե տորթի մի պատմություն. համաճարակից մինչև հաջողություն.

Շոկոլադե տորթի մի պատմություն. համաճարակից մինչև հաջողություն.

Գիշերը ժամը մեկն էր, երբ հայ արվեստագետ, այլևս արդեն խմորեղենների մասնագետ Նանա Մանուչարյանն ինձ խնդրեց մեր հանդիպումն առավոտյան 9:00-ից տեղափոխել 8:30:

Յոթ ժամ անց ես սպասում էի նրա բնակարանի մոտ, մտածելով, որ դռան անպատասխան թակոցներս նշանակում են, որ նա դեռ քնած է: Կարծում եմ զարմանալի չէր լինի, եթե այդպես լիներ, չէ որ 29-ամյա Նանան համաճարակի ընթացքում երկու բիզնես էր վարում և որպես միայնակ ծնող որդուն մեծացնում:

Քանի դեռ ես մտածում էի այդքան վաղ ժամին զանգահարել նրան ու հիշեցնել որ հանդիպում ունենք թե ոչ, 29-ամյա Նանան դուրս եկավ անկյունից՝ զինված սուպերմարկետից գնված մթերքով լի պայուսակներով, վաղուց սկսած օրվա անցուդարձով:

Ամբողջ օրվա ընթացքում ես մտովի վերադառնում էի այս դրվագին, որը նկարագրում է Նանային՝ մի արվեստագետի, ով ոգեշնչում է գտել «Covid -19»-ի համաճարակի ընթացքում և կարողացել ճգնաժամը վերածել ստեղծագործական նոր բիզնեսի:

Նույնիսկ նոր բիզնեսի գաղափարները Նանայի մոտ հապճեպ են հայտնվում: Պանդեմիայի առաջին շաբաթների ընթացքում նա մտածում էր, թե ինչպես է շարունակելու վճարել իր աշխատակիցներին և Terracotta-ի չորս արվեստանոց-ստուդիաների վարձավճարը, որոնք ստիպված էր ժամանակավորապես փակել: Համաճարակի հայտարարումից հետո նրա կազմակերպած առցանց դասընթացները փոքր եկամուտ էին բերում, որը բավարար չէր՝ բոլոր ծախսերը հոգալու համար: Նանայի որդին՝ Արգիշտին, նրան անընդհատ խնդրում էր Նուտելա գնել: Խանութում վաճառվող տարբերակը գնելու փոխարեն Նանան որոշեց փարձել այն պատրաստել տանը: Շոկոլադե կրեմը շատ համեղ ստացվեց, իսկ տորթ պատրաստելու փորձն էլ ավելի մեծ հաջողությամբ պասկվեց: Նրա չորս քույրերն անմիջապես օգնեցին նախագծել Arty Choc Bakery-ի լոգոն, և նա սկսեց այն առցանց գովազդել: Այդ օրը կիրակի էր: Արդեն երկուշաբթի բիզնեսը ծնվեց` Նանան երկու տորթի պատվեր ուներ:

8:48 Այս օրերին Նանան արթնանում է արևից առաջ, որպեսզի թխի օրեցօր ավելացող հաճախորդների համար: Արտի Չոքը օրական միջինում տասը պատվեր է ունենում, որոնք Նանան պատրաստում է՝ շարունակելով իր արվեստանոց-ստուդիաների գործունեությունը:
8:57 Դեռ առավոտյան ժամը 9-ը չկա, իսկ Նանան արդեն զարդարում է իր շոկոլադե ստեղծագործությունները: Նա հաճախ 6-ին է արթնանում, որպեսզի մեծածախ շուկայից կարողանա թարմ մրգեր գնել:
9:03 Նանայի ընկերներն օգնել են նրան վերանորոգել և ձևավորել բնակարանը: Պատերը ներկել են նրա սիրած գույնով և զարդարել իր իսկ պատրաստած ափսեներով: Արտի Չոքից առաջ տասը տարի Նանան զբաղվել է արվեստի և կերամիկայի ստուդիան՝ Terracotta- ն ոտքի կանգնեցնելով: Ստուդիան առաջարկում է մի շարք դասընթացներ՝ ներառյալ երեխաների ամառային դպրոցը:
9:18 Սկզբում Նանան «տորթի գործը» մենակ էր անում, բայց այժմ նրան երկու կին է օգնում: Սվետան առավոտյան արդեն այստեղ է՝ օգնելու թխելու տորթի շերտերը, որպեսզի Նանան առաքման համար կարողանա փաթեթավորել պատրաստի տորթերը և ուղևորվել ստուդիա՝ բացելու ամառային դպրոցը: Անկախ նրանից, թե որքան զբաղված է, Նանան միշտ մի քանի րոպե գտնում է մազերն ուղղելու, մի փոքր դիմահարդարվելու, զարդեր և կարմիր մազակալ դնելու համար, որպեսզի օրն ավելի պայծառ լինի:
9:25 Ճանապարհին Նանան ստիպված է կանգ առնել մեկ այլ սուպերմարկետի մոտ`ևս մի քանի բան գնելու, այս անգամ` ամառային դպրոցի համար: Այսօր դպրոցում նոր երեխաներ են լինելու. Նանան միշտ փորձում է այնտեղ լինել, որպեսզի առաջին օրը դիմավորի նոր աշակերտներին: Այս տարի ամառային դպրոցի տասներորդ տարին է. անցած տարին չտեսնված հաջող էր, և նա մեծ ակնկալիքներ ուներ նաև այս տարվա համար, բայց համաճարակն այլ ծրագրեր ուներ:
9:43 Նանան եկել է Երևանի երեք Terracotta արվեստանոցներից մեկը: Չորրորդը՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքում է: Արտի Չոքն օգնեց կարանտինի ժամանակ վճարել բոլորի վարձակալության գումարը, երբ Նանան ստիպված էր ժամանակավորապես փակել դրանք: Նրա որդին՝ Արգիշտին, արդեն արվեստանոցում է և պատրաստ է օգնել: Ընտանեկան կատուն ՝ Պորշեն (այդպես Արգիշտին է նրան կոչել), ևս այստեղ է: Նա նույնպես տեղափոխվել է բնակարանից՝ տեղը զիջելով Արտի Չոքին:
9:46 Ամեն օր առավոտյան Նանան ժամանակ է գտնում մաքրելու այն բնակելի շենքի բակը, որտեղ գտնվում է նրա ստուդիաներից մեկը:
10:12 Նոր երեխաներին և նրանց ծնողներին ստուդիայում ողջունելուց հետո Նանան կրկին դուրս է գալիս՝ տորթերի առաքման համար: Որոշ տորթեր Արտի Չոքի առաքիչն է տանում կամ դրանք ուղարկվում են տաքսիով, սակայն օրվա ընթացքում Նանան հաճախ մի քանի տորթ ինքն է առաքում:
10: 37 Տորթերի համար վազքից հետո Նանան վերադառնում է ստուդիա՝ ստուգելու դասերի ընթացքը: Երբ նա դաս չի անցկացնում, սիրում է հետեւել, թե ինչպես է ընթանում օրը և անհրաժեշտության դեպքում օգնել: Այսօր այստեղ ինը երեխա է, Նանան նշում է որ համաճարակի սկսվելուց ի վեր ամենամեծ քանակն է: Նրա խոսքով, ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները պահանջ ունեն տնից դուրս ժամանակ անցկացնել՝ շաբաթներ շարունակ փակված մնալուց հետո:
11:21 Գործը սկսելուց երկու ամիս անց՝ Նանան դեռևս զարգացնում է տորթերի պատվերներն ընդունելու ձևը, և կառավարում հաղորդագրությունները Արտի Չոքի սոցիալական հաշիվներում: Այժմ նա ինքն է հոգ տանում բոլոր հաղորդակցությունների մասին՝ ձեռքով գրելով պատվերները և առաքման հրահանգները: Երբ հարցնում եմ, թե ինչու չի օգտագործում հեռախոսային ծրագրերը, ծիծաղում է: «Պատկերացնու՞մ ես, թե որքան ժամանակ կպահանջվի ծրագիրը բացելու, ամեն ինչ գրելու և փակելու համար: Ես իսկապես այդքան ժամանակ չունեմ»:
12:16 Նանան տորթեր է առաքում մոտակա սուպերմարկետ՝ օգտագործելով փայտե տուփը, որը հատուկ պատվիրել է չորս տորթ տեղավորելու համար:
12:21 Արտի Չոքի տորթերն արդեն վաճառվում են Երևանի հինգ սուպերմարկետներում, ինչը նշանակում է, որ Նանան պետք է երկու-երեք օրը մեկ անձամբ այցելի բոլոր վայրեր՝ տեսնելու, թե արդյոք տորթերը պետք է փոխարինել նորերով:
3:50 Տորթերի հետ կապված որոշ գործեր կարգի բերելուց հետո Նանան ուղևորվում է Սարյան փողոցում գտնվող Terracotta ստուդիա: Սա առաջին ստուդիան էր, որը նա բացեց 10 տարի առաջ: Առաջին Terracotta-ն միայն կերամիկական և նկարչական ստուդիա էր, բայց այժմ այն նաև առաջարկում է կարի, հագուստի ձևավորման դասեր և շատ ավելին:
4:39 Նանան 13 տարեկանից աշխատում է կավի հետ: 17 տարեկանում նա արդեն դասավանդում էր, իսկ երկու տարի անց սկսեց Terracotta-ն: Այսօր Տեռակոտան խեգեցգործությունից և մյուս դասերից բացի ներառում է նաև թերապևտիկ դասընթացներ: Չնայած համաճարակին և ֆինանսական ճգնաժամին, Նանան դեռ պլանավորում է ընդլայնել գործունեությունը. նա արդեն վերանորոգել է մի ավտոբուս, որն իր աշխատանքների համար խանութ է դարձնելու:
5:21 Ստուդիայում Նանան ուսանողներին իր տորթերից մեկն է հյուրասիրում. հազվագյուտ մի պահ, երբ նրա երկու աշխարհները միաձուլվում են:
5:27 Կարճատև քաղցր դադարից հետո Նանան վերադառնում է աշխատանքին: Իր երկու բիզնեսների սոցիալական մեդիա մարկետինգով էլ նա է զբաղվում: «Չկա մեկն, ով կարող է դա անել, ինչպես ես եմ անում, քանի որ դրանք իմ ապրանքանիշերն են, և ես դրանց համար հոգ եմ տանում»: Նանան նաև օգտագործում էր ֆոտո/վիդեոնկարահանման իր գիտելիքները` կարանտինի ընթացքում առցանց վարպետության դասընթացներ կազմակերպելու համար:
6:38 Նանան դեռ նոր էր եկել ստուդիա, երբ տորթի մի հրատապ պատվեր ստացավ: «Կարո՞ղ եք հենց հիմա մեզ տորթ ուղարկել»: Թողնելով կերամիկայի դասը պատասխանատու աշխատակցի վրա՝ նա վերադառձավ Արտի Չոք` տորթն ուղարկելու:
6:48 Ստուդիա վերադառնալուց հետո, աշակերտներից մեկը ողջունում է նրան: «Դուք այստեղ եք դասն անցկացնելու՞ համար»,- բաց մեքենայի պատուհանի միջով Նանային հարցնում է մի փոքրիկ տղայի մայր, մինչ մենք փորձում ենք մեքենան կայանել,- «Նա հրաժարվում է այստեղ մնալ առանց ձեզ, մենք արդեն տուն էինք գնում»:
7:44 «Մարդկանց քանակը ինչպես կերամիկայի դասարանում, այնպես էլ ամառային դպրոցում այսօր ամենաշատն է պանդեմիայից հետո», - ուրախությամբ նշում է Նանան: Terracotta ստուդիայի դասերը դանդաղորեն վերսկսվում են, բայց Նանան չի նախատեսում փակել Արտի Չոքը: Վերջին երկու ամիսների ընթացքում նրա՝ Նուտելայից ոգեշնչված գաղափարը վերածվել է հեռանկարային բիզնեսի:
8:20 Ժամը երեկոյան 8-ին՝ աշխատանքը սկսելուց ավելի քան 12 ժամ անց Նանան ավարտել է ամեն ինչ, բացի մաքրությունից: Վաղը նա պետք է սկսի նոր տեղ պատրաստել ամառային դպրոցի համար, բայց առայժմ գրեթե պատրաստ է հանգստանալ: Ես վերջապես նկատում եմ, որ Նանան մի փոքր հոգնած է, թեև թվում էր նման բան երբեք չի լինի:
10:41 Ավելի ուշ՝ տարածքը կարգի բերելուց հետո, Նանան մի քանի ընկերների հետ ստուդիայում է՝ հանգստանալու, նոր գաղափարներ քննարկելու և տորթի նոր բաղադրատոմս փորձելու համար: Ես հարցնում եմ, թե ինչու է կանչել նրանց, երբ պարզ է, որ շատ հոգնած է: «Եթե ես չտեսնեմ իմ ընկերներին, քանի որ խառը օր եմ ունեցել, ես նրանց երբեք չեմ տեսնի», - ասում է նա:
10:51 Նանայի կյանքը վավերագրել սկսելուց մոտ 14 ժամ անց ես անջատում եմ տեսախցիկն և տուն գնում: Ես ուրախությամբ պլանավորում եմ քնել առնվազն 14 ժամ, բայց գիտեմ, որ հաջորդ օրն առավոտյան Նանան կարթնանա ժամը 6-ին՝ գնալու թարմ մրգերի շուկա և արվեստագետի ու թխվածքագործի անսպառ աշխատանքով լի օր կունենա: