Հայ մեծահասակները հաղթահարում են Covid-19-ը
Արուսյակ Ալեքսանյանը վախեցել էր, երբ իմացել էր, որ սկեսուրի մոտ Covid-19 է հայտնաբերվել:
Հունիսին, երբ 82-ամյա Հասմիկ Ալեքսանյանի մոտ հիվանդությունն ախտորոշվեց, Հայաստանը պայքարում էր վարակի տարածումը կանխելու համար: Այդ ժամանակ երկիրը, որն ավելի քան երեք միլիոն բնակչություն ունի, մեկ միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամեն օր դեպքերի ամենաբարձր թվերն էր գրանցում:
Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Covid-19-ի հետևանքով մահացածների կեսից ավելին կեսաթոշակառուներ են՝ հուլիսի 29-ի դրությամբ՝ 395-ը 723-ից: Համաճարակի ընթացքում ամբողջ աշխարհում տարեցներն անհամաչափորեն ավելի շատ են տուժել վարակի պատճառով:
«Երբ իմացանք, որ սկեսուրս վարակված է կորոնավիրուսով, շատ վախեցանք»,- հիշում է Արուսյակը,- «Ամենավատն այն է, որ սկեսուրս ասում էր՝ չի ուզում հիվանդանոց գնալ, նախընտրում է տանը բուժվել, և մենք վախենում էինք, որ սկեսուրիս համար հիվանդությունից զատ՝ հիվանդանոց տեղափոխվելը ևս կարող է մեծ սթրես լինել»։
Հասմիկ Ալեքսանյանը, սակայն, հաջողակներից մեկն էր: Նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել հունիսի 21-ին՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում գրանցված դեպքերի թիվն ամենաբարձր մակարդակի վրա էր: Բայց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 14 օր տևած բուժումից հետո նա հաղթահարեց հիվանդությունն ու բժիշկների թույլտվությամբ վերադարձավ Հայաստանի արևմուտքում գտնվող Արագածոտնի մարզում գտնվող իր տուն:
«Երբ իմացա, որ պիտի հիվանդանոց գնամ, շատ նեղսրտեցի։ Չէի ուզում մեր տանից գնալ, ընտանիքիս անդամներից հեռու լինել, բայց պետք է ասեմ՝ հիվանդանոցում բուժաշխատողներն ինձ իրենց հարազատի նման են խնամել»,- հիշում է Հասմիկ տատը։
«Ինձ մոտ թոքերի հետ կպված՝ որոշակի խնդիրներ առաջացան, շնչահեղձ էի լինում, բայց բուժաշխատողների հոգատարության ու ուշադրության շնորհիվ ես հաղթահարեցի կորոնավիրուսը։ Երբ հիվանդանոցից դուրս գրեցին, ինձ ծաղիկներ նվիրեցին ու ժպիտներով տուն ճանապարհեցին»։

Երկիրը վերջին մի քանի ամիսների ընթացքում պայքարում է վարակը հաղթահարելու համար. բժիշկները հաջողությամբ բուժել են ավելի քան 27,000 հիվանդի, այդ թվում`101-ամյա Նազանի Սիմոնյանին, ում մոտ Covid-19 և կրկնակի թոքաբորբ էր ախտորոշվել:
Մեկ այլ տարեց հիվանդ՝ 99-ամյա Մեխակ Ավետիսյանը, ծանր վիճակում էր, երբ նրա մոտ հիվանդությունն ախտորոշվեց, բայց հետագայում նա ևս լիարժեք ապաքինվեց:
Բժիշկներն ասում են, որ տարեցները, ինչպես շատ այլ հիվանդներ, հակված են խուսափել բուժումից:
«Նրանք պայքարում են իրականության դեմ, փորձում չգնալ հիվանդանոց նույնիսկ այն դեպքում, երբ վարակի ախտանշաններ կան»,- ասում է բժիշկ Աշոտ Քաբաբյանը, ով Գյումրու հիվանդանոցներից մեկում բուժում է Covid-19-ով հիվանդներին:
«Գրեթե ամեն օր առնչվում ենք այնպիսի հիվանդների հետ, որոնք ուշացած են դիմում մեզ՝ ստացիոնար բուժում ստանալու համար։ Լինում են դեպքեր, որ 7-10 օր ուշացնում են, հետևաբար՝ արդեն բարդություններ են լինում պացիենտի մոտ»,- նշում է նա՝ հավելելով, որ սովորաբար այն մարդիկ են, որոնք երբեք չեն ցանկանում բուժում ստանալ հիվանդանոցում:
«Թեև մեծահասակներից շատերը ճարահատ են հիվանդանոց մուտք գործում, բայց բժիշկների հոգատարությունը նրանց օգնում է հասկանալ, որ իրականում ստացիոնար բուժում ստանալն ամենևին էլ սարսափելի չէ․ տարիների փորձը մեզ օգնում է, այսպես ասած, լեզու գտնել ու հարազատանալ այդպիսի պացիենտների հետ»:
Հայաստանի Վայոց ձորի մարզի բնակիչ, կենսաթոշակառու երաժշտության ուսուցիչ և երգչախմբի ղեկավար, 83-ամյա Սենեքերիմ Սենեքերիմյանի համար ևս այս հիվանդությունը դժվարին փորձություն էր:

Նրա մոտ Covid-19-ը ախտորոշել էին մայիսին՝ այն բանից հետո, երբ եղբոր և կնոջ թեստի արդյունքները դրական էին եղել:
Բուժումը հաջող էր, սակայն նա շարունակում էր մնալ տանը՝ ինքնամեկուսացած, մինչ ինքն ու կինը լիովին կապաքինվեին: Սենեքերիմն Սենեքերիմյանն ասում է, որ ախտորոշումից հետո կյանքն այլևս առաջվանը չէ:
«Երբ մեր ընտանիքն ինքնամեկուսացել էր, անգամ խանութ չէինք կարողանում գնալ․ մեր հարազատներն էին ուտելիքը գնում, բերում, թողնում դռան առջև։ Կինս հարևանուհուն այլևս չէր կարողանում հյուրընկալել, որ միասին սուրճ խմեին․ յուրաքանչյուրն իր պատշգանբում էր սուրճ խմում, հեռվից էինք զրուցում հարևանների հետ»,- նշում է Սենեքերիմ պապը։

«Մարդու առօրյայում ստեղծված այս փոփոխությունները ճնշող են։ Հիմա ևս առանձնապես շատ դուրս չենք գալիս տանից։ Դա, իհարկե, հաճելի չէ, բայց ստիպված ենք հակահամաճարակային կանոնները պահպանել»:
Սենեքերիմ պապն ախտորոշումից առաջ շատ ակտիվ էր. նա աշխատում էր հողամասում և հաճախ էր հյուրընկալում իր նախկին աշակերտներին, ովքեր գալիս էին զրուցելու:
Վարակը, սակայն, նրան ֆիզիկապես թուլացրել է: Նա երազում է վերադառնալ իր հին ապրելակերպին, սակայն այժմ էլ իրեն դեռ լիարժեք չի կազդուրվել։

Սենեքերիմ պապը նշում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ընտանիքի հոգեբանական աջակցությունը համարյա նույնքան կարևոր է եղել, որքան հիվանդանոցում ստացած բուժումը:
«Կարծում եմ՝ կորոնավիրուսին առաջինը պետք է հոգեբանորեն հաղթել, ապա՝ ֆիզիկապես»,- ասում է նա:
«Հարազատ ու մտերիմ մարդիկ, ընտանիքիս անդամներն այդ օրերին ինձ շատ օգնեցին։ Հատկապես աղջիկս անդադար կրկնում էր, որ ես առույգ ու ժիր մարդ եմ, ուստի հաստատ հաղթահարելու եմ այս հիվանդությունը, և այդպես էլ եղավ»:

նվիրաբերեք հիմա