«Մտնել ծովը՝ վատ եղանակին»
Չայխանան Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տաղանդավոր լուսանկարիչներին խնդրեց կանանց հետ խոսել համաճարակի ժամանակ մայրության իրողության մասին՝ առողջության եւ հարաբերությունների վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ այն փորձի, որ նրանց ինքնությունը ձևավորեց որպես ծնող:
Արդյունքը կանանց դիմանկարը և նրանց յուրահատուկ տեսակետներն են այն մասին, թե ինչ է նշանակում լինել մայր և ինչպես են ցավը, զոհաբերությունը և անսպասելի ուրախությունները վերջին 20 ամիսների ընթացքում ազդել նրանց և նրանց երեխաների վրա:
Ոմանց համար դա նշանակում էր կտրվել երեխաներից կամ ծնողներից, կորցնել աջակցության այն համակարգերը, որոնց վրա նրանք հույս էին դրել: Մյուսների համար համաճարակը և դրան հաջորդած արգելափակումները շաբաթներ տեւած բարձր ռիսկի և վախի մասին էին: Որոշ հաջողակների էլ համաճարակի պատճառով առաջացած սահմանափակումները թույլ տվեցին դանդաղել և վայելել երեխաներ մեծացնելու կախարդական քաոսը՝ առանց ուշադրությունն այլ բաների վրա շեղելու:
29-ամյա Գվանցա Մարգվելաշվիլին, 4-ամյա Լիզան եւ 15 ամսական Նիկոլոզը
Երբ սկսվեց համաճարակը, 29-ամյա Գվանցա Մարգվելաշվիլին սպասում էր իր երկրորդ երեխային։ Որպես անվտանգության միջոց՝ նա մեկուսացավ ամուսնու և դստեր հետ: «Երբ մենք առաջին անգամ լսեցինք արգելափակման մասին, դրան լուրջ չվերաբերվեցինք և մտածեցինք, որ այն շուտով կավարտվի»:
«Այդ ընթացքում ես իսկապես սթրեսի մեջ էի։ Ես ստերիլիզացրել եմ ամեն ինչ՝ սննդից մինչև մեր հագուստը։ Ես աշխատում էի տնից և ամբողջովին կորցրել էի ժամանակի զգացումը: Այդ ամենը չափից ավելին էր… Գիշերը ես դժվարությամբ էի քնում, որովհետև անընդհատ մտածում էի, թե ինչ է լինելու և ինչպես ենք ապրելու:
Երբ իմ ծննդաբերության ժամկետը մոտեցավ, քովիդի ընդամենը 19 դեպք կար: Համաճարակի ժամանակ ծննդաբերելու միտքն ավելացրեց իմ սթրեսը: Հիմա, քանի որ Covid 19-ի հետ կապված իրավիճակը վատացել է, ես երջանիկ եմ, որ ծննդաբերել եմ անցյալ տարի և ոչ հիմա, երբ թվերն այսքան մեծ են։
Նիկոլոզն այժմ գրեթե մեկ տարեկան է։ Դիմակներով մարդկանց տեսնելն այն ամենն է, ինչ նա գիտի: Նա հեշտությամբ կարող է ճանաչել դիմակներով մարդկանց՝ հաշվի առնելով, որ նրանցից ոմանց առանց դիմակի չի էլ տեսել։ Նրա համար դա նորմալ է։ Այնուամենայնիվ, Լիզան դեռևս պայքարում է դրա դեմ, և հաճախ շփոթվում է, երբ ինչ-որ մեկը դիմակ է կրում»:


32-ամյա Մակունա Գոչիաշվիլին, 11-ամյա Միշոն, 9-ամյա Գաբրիելը եւ 6-ամյա Պետրեն
Երբ համաճարակը սկսվեց, 32-ամյա Մակունա Գոչիաշվիլին կրկնուսուցումից անցավ առցանց դասերի։ Մակունան շատ արագ հասկացավ, որ պետք է հստակ որոշումներ կայացնի, եթե ցանկանում է շարունակել աշխատել:
«Խնամակալ վարձելը տարբերակ չէր. հասարակական տրանսպորտը չէր աշխատում, եւ խնամակալները չէին կարող տեղաշարժվել... Երեխաների հետ աշխատել հնարավոր չէր, ուստի ես պլան մշակեցի. այն օրերին, երբ աշխատում էի, երեխաները կմնային իրենց տատիկի և հայրիկի մոտ, իսկ հանգստյան օրերին նրանք կլինեին ինձ հետ տանը»։
«Համաճարակն օգնեց ինձ հասկանալ, որ ես անտեսում էի իմ կարիքները: Դա ինձ ցույց տվեց, որ ինձ ավելի մեծ բնակարան է պետք, երեխաներին մասնավոր տարածք է պետք, և ես նույնպես անձնական տարածքի կարիք ունեմ: Շատ բաներ կային, որ ես հասկացա, և կարծում եմ, որ շատ այլ մարդիկ նույնպես սկսեցին առերեսվել իրականության հետ:
Ավելի տեսանելի դարձան այն խնդիրները, որոնք ունեինք, եւ դիսկոմֆորտը, որ զգում էինք տանը տեղ չունենալու պատճառով։ Առաջին արգելափակումից հետո մենք տեղափոխվեցինք այլ, ավելի մեծ բնակարան, և ես նաեւ փոխեցի աշխատանքս ու սկսեցի երեխաների համար բացօթյա ճամբարային ճամփորդություններ կազմակերպել:
Այսպիսով, երկրորդ լոքդաունը էմոցիոնալ առումով շատ ավելի հեշտ էր: Ես հիմա ավելի պատրաստ եմ ամեն ինչի»։

29-ամյա Խատիա Գուրասպաշվիլին, 4-ամյա Թեկլան, 20 ամսական Մարտան
Համաճարակը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ 29-ամյա Խաթիա Գուրասպաշվիլին ունեցավ իր երկրորդ երեխային՝ Մարտային:
«Ի վերջո, սակայն, ես հոգնեցի այդ վախից և սկսեցի դուրս գալ։ Ես հասկացա, որ մենք չենք կարող ընդմիշտ թաքնվել Covid-ից. Ինձ թվում էր հրաշք է, երբ դուրս էի գալիս զբոսանքի։ Դրանից հետո ամեն ինչ կամաց-կամաց ընկավ իր տեղը»։
Խաթիան ասում է, որ դադարել էր դիտել Covid-ի հետ կապված ռեպորտաժները՝ իր հոգեկան առողջությունը պաշտպանելու համար: «Միգուցե չիմանալը, թե ինչ է կատարվում, լավագույն միջոցը չէ, բայց դա այն է, ինչ ինձ պետք էր»:

32-ամյա Քեթի Նիկաբաձեն, 30-ամյա Մուրթազ Չիկովանին և նրանց 2 տարեկան երկվորյակները՝ Լունան և Նենսին
Պանդեմիայի ժամանակ Քեթի Նիկաբաձեն երկվորյակներ է լույս աշխարհ բերել. Նա ասում է, որ ամուսինը՝ Մուրթազը, աղջիկների ծնվելուց հետո իր հետ հավասար կիսել է ծնողավարությունըլ, ինչը հեշտացրել է ընտանիքի համար հաղթահարել 2020 թվականի արգելափակումը:
«Ես ունեի հետծննդյան դեպրեսիա, և համաճարակը շատ ավելի վատթարացրեց այն: Մտածում էի միայն այն մասին, թե որքան լավ է, որ նրանք փոքր են և դպրոցական չեն: Որ նրանք չեն կարող գիտակցել այս ընթացքն ու խնդիրները: Մենք էինք դա զգում, ոչ թե մեր երեխաները, և ես ուրախ էի, որ նրանք չեն տառապում: Հուսով եմ՝ ամեն ինչ անցյալում կմնա, երբ նրանք մեծ լինեն»:


«Երբ փորձում եմ ինչ-որ բան հիշել այդ ժամանակաշրջանից, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ այդ ամենը երազ էր։ Ես կորցրել էի իրականության զգացումը... Երեխաներն այժմ երկուսն են, և առաջին տարին երազ է թվում: Ես հետծննդաբերական շատ դժվար շրջան ունեցա, և թեև ես թերապիա անցա, դեռ չեմ զգում, որ ամենն իրական էր: Ես սկսեցի զգալ իրականությունն առաջին տարվանից հետո»։
«Կարծում եմ՝ բացարձակապես բոլոր հայրերը պետք է այսպիսին լինեն. Երկուսս էլ աշխատանքից ամեն օր հոգնած ենք վերադառնում, երկուսս էլ շտապում ենք տուն՝ երեխաներին տեսնելու և քնելուց առաջ նրանց հետ ժամանակ անցկացնելու համար։ Եթե արգելափակման ժամանակ ամուսինս կողքիս չլիներ, ես իսկապես չէի կարող այդ մի քանի ամիսն անցկացնել: Նա հսկայական դեր խաղաց ինձ սթափ պահելու գործում...Ես շատ ուրախ եմ, որ իմ երեխաներն այնքան բախտավոր են, որ նրա նման հայր ունեն: Ես ինքս հայր չեմ ունեցել, և ինձ համար կրկնակի ուրախություն է դիտել, թե ինչ գեղեցիկ հարաբերություններ ունեն իմ աղջիկներն իրենց հոր հետ, և թե ինչ է նշանակում, երբ հայրն այդքան ակտիվորեն ներգրավված է երեխայի կյանքում»։
Նախագծի մյուս մասը դիտելու համար տես՝
նվիրաբերեք հիմա