Հաղթահարելով պատերազմը` կար ու ձևի միջոցով

Օշականի մշակույթի պալատն արդեն երկու ամիս է՝ դարձել է կարի արտադրամաս: Շուրջ 20 արցախցի կանայք այստեղ միավորվել են՝ կարելու էկո պայուսակներ:
Երևանից 26կմ հեռու գտնվող Օշականում ապաստանած մոտ 120 արցախցիներին օգնելու միտքը Ռազմիկ Մնացականյանինն էր: Փախստականներին կացարանի, սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հարցում համայնքապետարանն է աջակցել։ Օշականցի 21-ամյա Ռազմիկն էլ, նրանց զբաղվածության և սոցիալական խնդիրները լուծելու համար ընկերների հետ որոշել է դիմել Արագածոտնի մարզպետարան, ապա գաղափարը ներկայացրել Հայ կրթական հիմնարկություն, ստացել ֆինանսավորում, գնել կարի մեքենաներ, կտորեղեն ու մեկնարկել պայուսակների արտադրությունը:

«Արցախցի կանայք Արցախի համար». այսպես է կոչվում նախաձեռնությունը, որի մասին արդեն գիտեն նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Այդ մասին են վկայում այս ընթացքում եղած պատվերները:
«Մեր գլխավոր նպատակն էր օգնել արցախցի կանանց մի քիչ կտրվել իրենց առօրյա հոգսերից պատերազմական օրերին»,- ասում է Ռազմիկը՝ հավելելով, որ պայուսակների արտադրությամբ կանայք կարողանում են նաև որոշակի գումար աշխատել և հոգալ իրենց հիմնական կարիքները։
Նախաձեռնությունն իր տեսակի մեջ միակն է ողջ Արագածոտնի մարզում։ Արցախցի կանանց օժանդակելու նմանատիպ ծրագրեր են իրականացվել նաև Դիլիջանում (ժինգյալով հացի արտադրություն) և Երևանում (բրդյա գործվածքեղենի արտադրություն)։

Մեկ էկո պայուսակի արժեքը 3000 դրամ է, որի վաճառքի 50%-ը տրվում է կարողին՝ որպես աշխատավարձ, մյուս մասն էլ ուղղվում է նրանց կարիքներին: Այս ընթացքում կարվել է ավելի քան 1000 պայուսակ։ Աշխատակիցներն էլ տարբեր տարիքի են եղել։ Ռազմիկի խոսքով՝ ամենափոքրը եղել է 12 տարեկան, ամենամեծը՝ 69։ Նրանք երկուսն էլ արդեն Արցախ են վերադարձել։

Արցախա-ադրբեջանական պատերազմի օրերին արտադրամասում կանանց թիվն ավելի մեծ էր՝ ավելի քան 30: Պատերազմի ավարտից հետո շատերը վերադարձել են իրենց տները, մի մասն էլ վերադառնալու տարբերակ չունի. նրանց բնակավայրերն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են:
22-ամա Աննան Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է։ Գյուղը հանձնված տարածքների մեջ չի մտնում, և Աննան ընտանիքի հետ արդեն տուն է վերադարձել:
Նա կարել սովորել է Օշականում: Քույրն ու հորաքույրն էլ են արտադրամասում աշխատել, տատիկն էլ՝ տնից։ Ասում է՝ նախաձեռնությունն օգնել է որոշ չափով մոռանալ պատերազմական դժվարությունները․ «Երբ նոր էինք եկել Օշական, 25 հոգով ապրում էինք հյուրատանը։ Շատ դժվար էր հոգեբանորեն, մյուս կողմից էլ՝ կարոտը հայրենի հողի հանդեպ»:

Սարուշենում պատերազմի օրերին վնասվել են մի շարք տներ, այսօր էլ դեռ գյուղում կան տեխնիկական խնդիրներ:
31-ամյա ուսուցչուհի Արևիկն էլ Ասկերանի շրջանի Սարգսաշեն գյուղից է, որն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Երկու անչափահաս երեխաների մայրը չգիտի՝ որն է լինելու նրանց հաջորդ քայլը: Ամուսինը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվել էր, տեղափոխվել էին Հայաստան: Գրեթե 8 տարի Արևիկն ու ամուսինը վերանորոգել են իրենց քանդված տունն ու զբաղվել անասնապահությամբ։ Իսկ այսօր ափսոսում են, որ իրենց ողջ չարչարանքը մնացել է այնտեղ: Անգամ չէին հասցրել տունն իրենց անունով գրանցել։
Արևիկն ասում է՝ պայուսակների վաճառքի գումարով կարողացել է երեխաների կարիքները հոգալ։ Նրանք պատրաստվում են Արցախ վերադառնալ, թեպետ ապագան դեռ մշուշոտ է։

Արտադրամասի աշխատակիցներից է նաև 18-ամյա Ալյոնան, ով քրոջ հետ Օշական է տեղափոխվել պատերազմի 5-րդ օրը՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից: Ասում է՝ ի սկզբանե որոշել էին գյուղը ոչ մի դեպքում չլքել, բայց պատկերը փոխվեց այն ժամանակ, երբ երկնքում երևացին առաջին ԱԹՍ-ները.«Մի օրն այնքան լի էր իրադարձութուններով, որ օրը տարի էր թվում։ Ճիշտ է, այստեղ այդ ձայները չկային, բայց սկսեցինք մեր տղամարդկանց մասին մտածել։ Օշականում սա մեզ համար ոչ թե գումար աշխատելու միջոց էր, այլ այդ լարվածությունից ազատվելու»:

Թաղավարդն այսօր մասամբ ադրբեջանական տիրապետության տակ է: Ալյոնայի տունը գյուղի՝ հայկական մասում է գտնվում: Հայրն ու եղբարը պատերազմի առաջին օրվանից այնտեղ են եղել: Նրանց տունը նույնպես վնասներ է կրել:
Ալյոնան այս տարի է ընդունվել Արցախի պետական համալսարան, բայց պատերազմի պատճառով դեռևս դասի գնալ չի հասցրել: Ասում է՝ սպասում են հոր հրահանգին, որ վերադառնան Արցախ ու շարունակեն իրենց կիսատ թողած գործերը:

Նախաձեռնության համահիմնադիրները հույս ունեն շարունակել արտադրությունը նաև այն ժամանակ, երբ արցախցի կանայք նորից իրենց տները կվերադառնան։ Հիմնադիրներից 21-ամյա Մարջան Աբրահամյանը խոստովանում է՝ այս օրերին հասցրել են ավելի լավ ճանաչել արցախցիներին՝ անընդհատ ձգտելով օգնել նրանց հաղթահարել դժվարությունները։
Օշականում ապաստանած արցախցիների մեծ մասը վերադարձել է Արցախ։ Ինչպես հայտնեցին համայնքապետարանից՝ այժմ գյուղում մնում է 55 արցախցի, թեպետ նրանք էլ պատրաստվում են հետ գնալ։

Հիմա էլ արտադրամասը շարունակում է գործել, կանայք պատվերներն ընդունում և կարում են նաև տնից։ Մարջանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն ընդլայնել արտադրությունը և այն տեղափոխել Սարուշեն։
Համահիմնադիրներից 21-ամյա Վաչե Վարդանյանն արդեն որոշ պարագաներ, կարի մեքենաներ տեղափոխել է Արցախ։ Արտադրամասը շուտով կգործի Սարուշենում։ Հայ կրթական հիմնարկությունը շարունակում է ֆինանսապես աջակցել։ Վաչեն էլ պլանավորում է այնտեղ տեղափոխվել, և պայուսակներից բացի արտադրել նաև հագուստ, ապագայում էլ կրթական ծրագրեր իրականացնել։
«Ուզում եմ ստեղծել մրցունակ արտադրանք։ Իսկ կրթությունն, իմ կարծիքով, այս դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն է։ Ես այս մարդկանց աչքերում հույս եմ տեսնում իրենց աագայի ու գյուղի հանդեպ։ Մեր նախաձեռնությունը մեծ կամուրջ է դառնալու սփյուռքի հայության և արցախցիների միջև»,- ասում է Վաչեն։


նվիրաբերեք հիմա