Երկու աղջիկ եւ աստղազարդ երկինք. հայ աստղագետները վերականգնում են իրենց ժառանգությունը
26-ամյա Հասմիկ Անդրեասյանն աստղագետի դուստր է եւ մեծացել է Հայաստանի ամենամեծ` Բյուրականի աստղադիտարանի հարեւանությամբ: Այսօր գնում է հոր հետքերով եւ աստղադիտարանում աշխատող երիտասարդ ինը կին աստղագետներից մեկն է:
Հայկական աստղագիտությունը, հատկապես Բյուրականի աստղադիտարանը, հարուստ պատմություն ունի: Հայ աստղագետները մեծ բացահայտումներ են արել այս ոլորտում, հատկապես աստղաֆիզիկայի: Ժամանակակից աստղագիտության լեգենդ Վիկտոր Համբարձումյանը, որը նաեւ աստղադիտարանի հիմնադիրն է, ազգությամբ հայ է:
Սակայն Հայաստանում աստղագիտության կրթությունը բազմաթիվ կորուստներ է ունեցել Սովետական միության փլուզումից հետո: Ֆինանսավորման եւ կրթական բարեփոխումների բացակայությունը եւս դերակատարություն են ունեցել այդ գործում:
53 հեկտար տարածք ունեցող աստղադիտարանում այսօր 43 գիտաշխատող կա, նրանցից 18-ը երիտասարդներ են, իսկ երիտասարդների ճիշտ կեսը` 9-ը կանայք են: Հասմիկը եւ 30-ամյա Անահիտ Սամսոնյանը ներկայացնում են Հայաստանի աստղագիտության նոր սերունդը: Երիտասարդ գիտաշխատողները գրեթե ամեն օր մայրաքաղաք Երեւանից 40 րոպե տեւողությամբ ճանապարհ են անցնում ծառայողական ավտոբուսով` գիտական աշխատանքներ եւ դիտումներ անելու համար:
Հասմիկը մասնագիտացված է երիտասարդ բռնկուն աստղերն ուսումնասիրելու գործում, Անահիտը զբաղվում է ակտիվ գալակտիկաների ուսումնասիրությամբ ինֆրակարմիր տիրութում:
Մինչ Հասմիկը մեծացել է` ուսումնասիրելով աստղերը, Անահիտը տիեզերքով սկսել է հետաքրքրվել, երբ ուսանողական խմբի հետ 3-րդ կուրսում այցելել է Բյուրական:
Երկու գիտաշխատողներն էլ ակտիվ են իրենց ոլորտում: Պարբերաբար ամբողջ գիշերներով արթուն են մնում եւ սպասում մինչեւ երկինքը բացվի, որպեսզի կարողանան դիտումներ անել:
«Մեր մասնագիտությունը շատ ռոմանտիկ է թվում, բայց իրականում այդպես չէ: Մենք հիմնականում համակարգչի դիմաց նստած հաշվարկներ ու գիտական հետազոտություններ ենք անում: Թեեւ մեր առօրյան շատ բազմազան է դառնում դիտումների օրերին»,-ասում է Հասմիկը:
«Մեր աշխատանքը չի ենթադրում 8-ժամյա աշխատանքային օր ու 5-օրյա աշխատանքային շաբաթ: Իմ դիտման օրերին երբեմն ամբողջ գիշերն արթուն եմ մնում, պարբերաբար բակ դուրս գալիս, երկնքին նայում, պատահում է երկինքն այդպես էլ չի բացվում դիտումների համար: Բայց մեր գործում դա նորմալ երևույթ է, դիտմանը օրերով սպասելը նույնպես մեր աշխատանքի մաս է»,-հավելում է նա:
Դիտումների օրերին գիտաշխատողները մնում են աստղադիտարանի համանուն գյուղում: Այնտեղ դեռեւս Սովետական միությունից մնացած ծառայողական բնակարաններ կան աստղադիտարանի աշխատողների համար:
«Հայրս աստղագետ է, եւ ես Բյուրականում եմ մեծացել: Նա ծառայողական բնակարան ունի այստեղ: Ես գյուղի դպրոցն եմ հաճախել: Այս մթնոլորտում չէի կարող չսիրել աստղագիտությունը»,-ասում է Հասմիկը:
Հայաստանի արեւմտյան հատվածում գտնվող այս գյուղը գուցե այնքան հայտնի չէ, որքան Փարիզը կամ Լոնդոնը: Սակայն այն լավ ճանաչված է աստղագիտության ոլորտում:














Մի քանի մեծ հայտնագործություններ են արվել այս աստղադիտարանում, որը հիմնադրվել է 1946 թվականին: Հենց առաջին տարիներին Վիկտոր Համբարձումյանը եւ նրա գործընկերները հայտնաբերեցին աստղասփյուռները, ցույց տվեցին դրանց ընդարձակումը, գալակտիկաների ակտիվությունը եւ այլն: Այնուհետեւ դրանց գումարվեցին գերխիտ նյութի վարկածը, բռնկվող եւ այլ անկայուն աստղերի ուսումնասիրությունները:
Անահիտն ասում է, որ այսօր հայ աստղագետները բազմաթիվ հնարավորություններ ունեն գիտության մեջ ցանկացած նորություն շատ արագ իմանալու, սահմանափակումներ չկան նաեւ մասնագիտական ձեռքբերումների առումով:
«Աստղագիտությունը սահմաններ չունի, ես համաշխարհային գիտական համայնքից ինձ առանձնացած կամ կտրված չեմ զգում: Իմ կարիերան կախված է ինձանից, իմ ձգտումներից, ու ոչ մի սահմանափակում չկա: Կարիերայի ցանկացած փուլում հնարավորություն կա ուսումը շարունակելու այլ երկրում` ընդլայնելով գիտելիքներդ ու մտահորիզոնդ: Մենք ինտերնետի դարում շատ մեծ հնարավորություններ ունենք գիտական ցանկացած արդյունքի մասին իսկույն տեղեկանալու»,-ասում է Անահիտը:
Նա նաեւ նշում է, որ երիտասարդ մասնագետները տարին 3-4 գործուղում են ունենում արտասահման` մասնակցելու գիտաժողովների, սեմինարների, համագործակցելու օտարազգի գործընկերների հետ:
Անահիտն ասում է` քանի որ Բյուրականի աստղադիտարանն աշխարհի առաջատարներից է եղել, այդ իմաստով իրենք լուրջ պատասխանատվություն են զգում` շարունակելու Համբարձումյանի գործը եւ հետ չմնալու աստղագիտության ձեռքբերումներից, ինչպես նաեւ ոգեշնչելու երիտասարդներին` այս ոլորտ մուտք գործելու համար:
նվիրաբերեք հիմա