Ստեղծելով նոր` «ուրիշ» կյանք
Թագուհի Մանսուրյանը միշտ չի «ուրիշ» եղել:
41-ամյա կոսմետոլոգը հետևել է բոլոր «կանոններին», որոնք հայ հասարակությունը պահանջում է. նա ամուսնացել է, ունեցել որդի և մնացել ամուսնու հետ նույնիսկ նրա կողմից բռնության ենթարկվելուց հետո:

«Երբեմն կանայք մտածում են, նոր ենք ընտանիք կազմել, ամեն ինչ կփոխվի», - ասում է Թագուհին` շարունակելով, - «Հայկական ընտանիքներում կանայք սպասում և հանդուրժում են հանուն երեխայի, չեն ուզում, որ հասարակությունը իրենց մասին խոսի որպես անբարոյական կամ ամուսնալուծված կնոջ»:
Թագուհուն ծանոթ է այդ զգացողությունը, նա լքեց ամուսնուն` Վլադիկ Մարտիրոսյանին մեկ տարվա ծեծից հետո, բայց վերադարձավ, քանի որ գտնում էր` իր մանկահասակ որդուն՝ Նարեկին, հայրը պետք է:

Շուրջ 5 տարի առաջ նրա համբերության բաժակը լցվեց: Թագուհին անցավ բոլոր այն ուղիներով, որոնք որ կարող էր օգտագործել Հայաստանում: Նա դիմեց ոստիկանություն մայրաքաղաք Երևանում, որտեղ ինքը և Վլադիկն ապրում էին, նրանք (ոստիկանները) փորձում էին զրուցել կնոջ հետ` համոզելով ետ կանգնել իր որոշումից. տեղական հասարակական կազմակերպությունը խոստացավ օգնել նրան, բայց չարեց:

Նույնիսկ այն ժամանակ, երբ Թագուհին վերջապես ամուսնալուծվեց, և խափանման միջոց ընտրվեց Վլադիկի դեմ, դա բավարար չէր նրա ֆիզիկական ապահովության համար, ինչպես նաև զերծ պահելու սոցիալական քննադատությունից` իր բռնարարին թողնելու որոշման համար:

Մի երեկո, երբ Թագուհին գնացել էր ոստիկանություն` օգնություն խնդրելու համար, որպեսզի Վլադիկին հեռու պահեն իրենից, վերադառնալուն պես արդեն ծնողների՝ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ կացնով հարձակման ենթարկվեց նախկին ամուսինու կողմից: Կարինե Մանսուրյանը մահացավ: Թագուհին և նրա հայրը` Վաչագանը լուրջ վնասվածքներ ստացան: Երկարատև դատավարությունից հետո Վլադիկը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման:
Նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդանոցում էր, վերականգնվում էր ստացած հարվածներից, Թագուհին զերծ չէր հարձակումներից, չնայած այս անգամ դրանք սոցիալական ցանցերում մեկնաբանություններ էին նրանց կողմից, ովքեր մեղադրում էին իրեն ողբերգության մեջ: «Նրանք գրում էին այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «լավ է արել, որ ծեծել է այդ կնոջը, միգուցե նա անբարոյական է, դավաճանել է իր ամուսնուն», - ասում է նա:
Հիշում է` ցնցված էր` այդ մեկնաբանությունները տեսնելով. «Շատերը համարում են, որ եթե կինը մենակ է, ուրեմն անբարոյական է, չգիտեմ թե ինչ պատճառներով...Նրանք գրում էին, որ ես անբարոյական եմ, մեղադրում էին ինձ ամուսնալուծվելու համար, ասում էին, որ ես հնազանդ չեմ եղել իմ ամուսնուն»:
«Ես ինքս ինձ ասացի, որ ես պետք է խոսեմ (այն մասին, ինչ ինձ հետ պատահել է), որպեսզի հասարակությունը հասկանա, որ սխալ է դատապարտել մեկին, եթե դու չես ճանաչում նրան»:

Սկզբում, նա ասում է, որ մեծ ճնշում է զգացել` լռելու և այլևս չխոսելու, սակայն այսօր կնոջ համար ուրախացնող է այն փաստը, որ իր և որդու՝ Նարեկի համար այլ կյանք է ստեղծել: Թագուհին շնորհակալ է Նարեկին, որ երեխան քաջություն է տվել շարունակել ապրել հարձակումներից հետո:


«Ես ջանք չեմ խնայում որդուս լավ մարդ մեծացնելու համար», - ասում է նա, - «Եթե ձեզ բռնությանը մոտ եք զգում, կարծես անդունդի մեջ լինեք, ուրեմն պետք է փորձեք փախչել, հեռանալ: Դուք չեք կարող այնտեղ մնալ, քանի որ, բացի ամեն ինչից, երեխան մեծանալու է և նմանվելու է (բռնարարին): Երեխան, տեսնելով այս ամենը, կարող է ձեզ հետ նույն կերպ վարվել, ապա նույնը անել իր ապագա կնոջ հետ »:

Բացի իր սեփական գեղեցկության սրահը աշխատեցնելը, Նարեկի և հոր մասին հոգ տանելը, Թագուհին փորձում է օգնել այլ կանանց, երբ կարողանում է:
«Ես փորձում եմ զրուցել իմ հաճախորդների հետ, բացատրել, որ չի կարելի թույլ տալ նվաստացումներ ընտանիքի կողմից», - նկատում է նա:
Իսկ սա նշանակում է հարցեր տալ և օգնություն առաջարկել, եթե նկատում ես կապտուկներ, երբ կանայք գալիս են սրահ. նույնիսկ ներս է մտնում, երբ լսում է թեժ վիճաբանությունները: Նաև մասնակցում է այն ՀԿ-ի («Կանանց ռեսուրսների կենտրոն») կողմից կազմակերպված հանդիպումներին և ցույցերին, որն օգնել է իրեն և իր որդուն` Նարեկին վերականգնվել հարձակումից հետո:

Համավարակից առաջ նա ժամանակ էր գտնում հասարակական կազմակերպության կամավորների հետ շրջելու երկրով մեկ: 2020 թվականի մարտին, օրինակ, նրանք Գյումրիում էին՝ իրենց աջակցությունը ցույց տալու. 43-ամյա կնոջը, ում զուգընկերը ծեծելով սպանել էր:
Թագուհին հիշում է ցույցը. ՀԿ-ի կանայք և նրանց աջակիցները քայլում էին ոստիկանության շենքի մոտ և հարցնում, թե ինչու քայլեր չեն ձեռնարկել բռնությունը դադարեցնելու համար, նախքան այն կվերաճեր սպանության:

«Ես նույնիսկ վիճում էի հարևանների հետ (Գյումրիում), քանի որ նրանք ավելորդ բաներ էին ասում, ինչ-որ մեկն ասում էր, որ լավ է արել, նրանք խոսում էին` լինելով անտեղյակ ... հիմնականում նրանք էին, ովքեր ենթադրություններ էին անում… ուստի ես որոշեցի բարձրացնել ձայնս և ասել, թե ինչպես է դա իսկապես պատահում: (Ընտանեկան բռնություն) եղել է նաև իմ ընտանիքում: Եթե ինչ-որ մեկը չի ապրել այդ կյանքը, նա իրապես չի կարող դա հասկանալ», - շեշտում է Թագուհին:

Ընտանեկան բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ լուրջ խնդիր: 2020թ. ոստիկանությունը քննել է ամուսնու կողմից կնոջ բռնություն գործադրելու 366 դեպք, մինչդեռ 2019-ին` 329: Համավարակի պատճառով մեկուսացման ընթացքում 30 տոկոսով ավելի օգնության կանչեր են գրանցվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծում:
«Կանանց աջակցման կենտրոնը» 2020-ին 20 տոկոսով ավելի աջակցության դիմումներ է ստացել:
Թագուհին դեռ լավատեսորեն է տրամադրված, որ հասարակությունը կարող է միջոց գտնել ընտանիքում բռնությունը դադարեցնելու համար, և որ կանայք կարող են սովորել հաղթահարել իրենց վախը՝ «լինել ուրիշ»` բռնարարից հեռանալով:
«Չնայած բոլոր դժվարություններին, ես կոչ կանեմ, որ մարդիկ չվախենան տարբերվելուց, չվախենան կյանքից և հասարակությունից», - ասում է նա:


«Շատ կանայք վախենում են, ուստի չեն բարձրաձայնում, բայց դա ճիշտ չէ»:
նվիրաբերեք հիմա