«Նա իմ ամեն ինչն է»

Լրագրող:

30.03.21
Հրատարակություն:

Երբ առաջին անգամ Ֆելիքս Ավետիսյանը կնոջն ասաց, որ սիրում է նրան, Լենան 13 տարեկան էր, իսկ ինքը` 16:

Աղջիկը ծիծաղեց նրա վրա:

«Ես երեխա էի: Ի՞նչ սեր: Նա ինձ համար եղբոր պես էր, բայց հետո ամեն ինչ փոխվեց», - հիշում է 77-ամյա Լենան:

Ֆելիքսը սիրահարվեց Լենային, երբ ընդամենը 16 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 13:
Ֆելիքսը սիրահարվեց Լենային, երբ ընդամենը 16 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 13:

Չորս տարի անց նրանք գաղտնի ամուսնացան, իսկ մեկ տարի անց որդի ունեցան:

Զույգն ունեցավ երեք երեխա: Նրանց դաստիարակելուն զուգահեռ սովորեցին համալսարանում՝  Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող  Գյումրի քաղաքում:

Ֆելիքսը ինժեներ դարձավ, իսկ Լենան՝ մաթեմատիկոս: Լենան հիշում է՝ երբեմն կյանքը դժվար էր, բայց երկուսն էլ հավատում  էին, որ համատեղ կյանքը երկուսով են կառուցելու:

«Կյանքում շատ դժվարություններ կան, բայց եթե ապրում եք ձեր սիրելիի հետ, չպետք է վախենաք, այլ ձեռք ձեռքի տաք և հաղթահարեք դժվարությունները», - ասում է 80-ամյա Ֆելիքսը:

«Տարիներ անցնում են, բայց Լենան ինձ համար չի ծերանում: Նա նույն գեղեցկուհին է, որին ես հանդիպեցի մեր բակում»:

Մեկ տասնամյակ առաջ նրանք բախվեցին նոր մարտահրավերի. Լենան սկսեց կորցնել տեսողությունը:

Լենան չի սիրում ակնոց կրել: Նա ասում է, որ դրանք չեն օգնում: Երբ հետաքրքիր հեռուստածրագիր է սկսվում, ...
Լենան չի սիրում ակնոց կրել: Նա ասում է, որ դրանք չեն օգնում: Երբ հետաքրքիր հեռուստածրագիր է սկսվում, նա փորձում է խոշորացույց օգտագործել՝ աղոտ պատկերները տեսնելու համար:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան հեռուն եմ կարող տեսնել : Ես բժշկի չեմ դիմում: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ համար հարմարավետ է այսպես ապրել: Ամուսնուս աչքերը շատ հաճախ ու շատ բնականորեն դառնում են իմ աչքերը», - ասում է Լենան:

Ֆելիքսն ու Լենան միասին են պատրաստում իրենց ուտելիքը: Լենան վստահում է ամուսնուն, բայց նրա պատրաստել ...
Ֆելիքսն ու Լենան միասին են պատրաստում իրենց ուտելիքը: Լենան վստահում է ամուսնուն, բայց նրա պատրաստելու ժամանակ միշտ համտեսում է կերակուրը, որպեսզի համոզվի, որ նա բավականաչափ համեմունքներ է օգտագործել: Այսօրվա ճաշացանկում լոբի է, որը Ֆելիքսը գնել է ամռանը և սառեցրել:

«Ֆելիքսն ինձ օգնում է գրեթե ամեն հարցում: Իհարկե, ես ինքս փորձում եմ մաքրել տունը, պատրաստել, բայց ամուսինս միշտ պատրաստ է իմ կողքին լինել, որպեսզի եթե խնդիր ունենամ կամ մի բան խառնեմ, անմիջապես օգնի: Ես չեմ կարող ապրել առանց Ֆելիքսի: Նա իմ ամեն ինչն է. իմ կյանքի ամենամեծ սերը, և հիմա արդեն՝ իմ աչքերը»:

Ֆելիքսը նույնիսկ սովորել է, թե ինչպես տանը կտրել և հարդարել Լենայի մազերը, եւ դա անում է հատկապես հի ...
Ֆելիքսը նույնիսկ սովորել է, թե ինչպես տանը կտրել և հարդարել Լենայի մազերը, եւ դա անում է հատկապես հիմա, երբ Լենան չի կարող գեղեցկության սրահ այցելել:

Տարիներ շարունակ Ֆելիքսը սովորել է, թե ինչպես հարդարել Լենայի մազերը, կարել հագուստ և նույնիսկ՝ հողաթափեր:

«Ինձ համար դժվար չէ հիմա, երբ Լենան չի տեսնում, ես ուրախ եմ օգնել նրան: Համոզված եմ, որ նա իմ կողքին կլիներ, եթե ես ունենայի նույն խնդիրը», - ասում է Ֆելիքսը: «Մեր սերը տարիների պատմություն ունի: Ես միշտ խորհուրդ եմ տալիս երիտասարդներին չվախենալ դժվարություններից և վստահորեն առաջ շարժվել. եթե վախենաք, արդյունքի չեք հասնի»: 

Առայժմ Ֆելիքսը կենտրոնացած է համաճարակի պայմաններում Լենայի անվտանգությունն ապահովելու վրա: Նա գնումներ է կատարում, իսկ Լենան հիմնականում տանն է: Ընտանիքի անդամների այցելությունները կարճ են. նրանք հեռու են կանգնում և փորձում են կարճ զրուցել: 

«Մենք նայում ենք մեր երեխաներին ու կարոտով լցվում», -ասում է Լենան: «Նրանց մեկ տարի շարունակ չենք գրկել կամ համբուրել: Մենք ունենք 5 տարեկան ծոռ ու նրան ամենից շատն ենք կարոտում: Մենք հաշվում ենք րոպեները, երբ կկարողանանք գրկել և սիրել նրան նախկինի պես… Երանի գա այն օրը, երբ ես և Ֆելիքսը նորից ձեռք ձեռքի տված զբոսանքի կգնանք, և ինչն ամենակարևորն է՝ առանց դիմակի»: 

Ֆելիքսը սովորել է կարել՝ ներառյալ կենցաղային իրեր, ինչպիսիք են սրբիչները և հողաթափերը: Նա նաև զգեստ ...
Ֆելիքսը սովորել է կարել՝ ներառյալ կենցաղային իրեր, ինչպիսիք են սրբիչները և հողաթափերը: Նա նաև զգեստ է կարել, որը Լենան կհագնի ամռանը, երբ նրանք միասին կզբոսնեն:
Չնայած Լենան գրեթե չի տեսնում, բայց երբ բակի խաղողի որթատունկերը կանաչում են, նա դա զգում է օդի բույրից: Լենան անհամբեր սպասում է գարնանը ՝ հուսալով, որ այն նոր կյանք կբերի:
Այս պատուհանի միջոցով Ավետիսյանները հաճախ են շփվում իրենց հարազատների հետ: Նրանց երեք երեխաներից երկուսն ապրում են արտերկրում, իսկ մեկը Հայաստանում է: Նրանք վեց թոռ ունեն:

Այս պատմությունը պատրաստվել է Ֆրիդրիխ-Էբերտ-հիմնադրամի (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները միայն հեղինակինն են, և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա