Ֆիլտրված արտաքին. ինստագրամը թելադրում է նոր գեղեցկության նորմեր

Լրագրող: Մարի Սահակյան

18.05.21

Հաստ շրթունքներով, աղվեսի աչքերով ու սուր այտոսկրերով դեմքը նայում է ինձ ու «Ես երազում եմ» տողերը սկսում են պտտվել իմ գլխում: Մի պահ, ես կորում եմ այս անթերի վիրտուալ իրականության մեջ, որտեղ ապագա թոփ-մոդելի եմ նման: Չգիտեմ ում դեմքն է սա, բայց ինձ միայն մի վայրկյան է պետք այն իմ ինստագրամյան սթորի դնելու և իմը սարքելու համար: Իրականում, սա իմ դեմքն է  alexandra__kisa.«երազ» ֆիլտրով: 

Ինստագրամը «Լրացված իրականության» ֆիլտրերն առաջին անգամ ներկայացրեց 2018 թվականին: Նույն տարվա հոկտեմբերին, այս ֆիլտրերի ստեղծումն ու տարածումը հասանելի էր հանրությանը` դրանք դարձնելով ավելի տարածված: Սկզբում, ինձ համար հետաքրիր ու տպավորիչ էր ինքս ինձ տեսնել այս նոր իրականության մեջ, որտեղ ես կարծես ինչ-որ առասպելական աստվածուհի լինեի: Մենք բոլորս էլ մեծ ուրախությամբ օգտագործում էինք այս ֆիլտերերը ու ցուցադրական ձեւով կիսվում մեր նկարներով սոցիալական ցանցերում` ինքներս էլ զարմանալով մեր հեռախոսներում առկա պատկերների գեղեցկության ուժի վրա:  

Ամենինչ լավ էր, մինչև որ մի օր ես հասկացա, որ ինքս ինձ էլ չեմ սիրում առանց ֆիլտրերի: Հայելու մեջ մոտիկից նայելը ցավոտ էր, քանի որ արդեն սկսում էի նկատել իմ բոլոր թերությունները: Իմ մաշկն էլ հարթ չէր, շրթունքներս մեծ ու կլոր չէին, ու ընդհանուր առմամբ, ես նման չէի աստվածուհու: Ես նման էի մարդու, ու դա դժվար էր ընդունելը: 

«Ֆիլտրների այսպես ասած ենթատեքստը նրանում է, որ դու կարող ես երբեք էլ ցույց չտալ քո իսկական դեմքը: Այն չափից շատ իրական է ու վախենալու: Դու պետք է ցույց տաս արհեստականորեն ստեղծված ինչ-որ դեմք ու ինքնություն, ու ոչինչ, որ այն կարող է ամեն պահի փշրվել: Ուղղակի պինդ բռնվի նրանից. այնքան պինդ, ինչքան կարող ես»,- բացատրում է Ինստագրամի օգտատեր Լիանա Սահակյանը, որը հետևում է մարմնի դրական ընկալման մտածելակերպին: 

Ինստագրամի ֆիլտրերը նաև անվանում են Ինստագրամի դիմակներ, քանի որ ասես թվային դիմակներ լինեն: Բայց իրականում, վերջին տարիների ընթացքում դրանք դարձել են նաև հասարակական դիմակներ, որոնք մեզնից շատերը չեն կարողանում հանել: «Երբ ամբողջ աշխարհն է կրում դիմակ, մի քիչ դժվար է դրանից հրաժարվել և ցույց տալ քո իրական ու շատ խոցելի դեմքը»,- բացատրում է Լիանան: 

Իրականում Լիանան ընդունում է իրեն այնպիսին ինչպիսին կա: Նա սիրում է իր բոլոր արտահայտիչ դիմագծերը, այդ թվում և իր շատ հայկական քիթը: Բայց եղել են օրեր, երբ Լիանան զգացել է ընտանիքի ու առհասարակ հասարակության ճնշումն՝ այն փոխելու: 

«Ինձ ասում էին` առանց քթի վիրահատության դու այդքան էլ կանացի չես: Քո քիթը քո դեմքը ավելի կոպիտ է սարքում: Իսկ ես ասում էի` չէ, ես չեմ պատրաստվում իմ քիթն առանձնացնել իմ մարմնից ու դիտարկել այն որպես առանձին միավոր: Հա, կան օրեր երբ ես ինքս ինձ այդքան էլ չեմ հավանում, բայց կան նաև շատ ուրիշ օրեր, երբ ես ինձ սիրում եմ: Դրա համար չեմ հասկանում ինչո՞ւ պետք է պառկեմ դանակի տակ, հասարակության ակնկալիքները բավարարելո՞ւ համար»:

Սահմանը շատ նուրբ է` անկեղծորեն պլաստիկ վիրաբուժական միջամտություն ցնկանալու և գեղեցկության ստանդարտներից ելնելով  ենթագիտակցորեն ճնշված լինելու միջև: Կանանց Ռեսուրս Կենտրոնից Աիդա Մարուքյանը կարծում է, որ շատ մարդիկ չեն հասկանում, թե երբ են հատում այդ սահմանը: «Հարցն այն է, թե արդյոք պլաստիկ վիրաբուժական միջամտություն անելը գիտակցված և լավ մտածված որոշում է»

Աիդան պատմեց, թե ինչպես իր՝ «Մարմնի դրական ընկալման» սեմինարներից մեկի ժամանակ ուսանողներից մեկը խոստովանեց, որ ինստագրամյան ֆիլտրների պատճառով սկսել էր ավելի քիչ հավանել իր բնական արտաքինը: Բայց Աիդայի համար խնդիրն ավելի խորն է: 

«Եթե նույնիսկ ֆիլտերերը վերացնեն, միևնույն է չեն կարող արգելել գեղեցկության ստանդարտներ ստեղծող այդ ամբողջ ինդուստրիան: Եթե ինստագրամի ֆիլտերը չէ, ինչ-որ մեկի ֆոտոշոփած նկարն է, որը միևնույն է ամեն տեղ հայտվում է՝ ստեղծելով քո մեջ ձգտում նմանվել ինչ-որ մի կոնկրետ օբյեկտի: Ես կարծում եմ, որ ֆիլտրերը հանելը շատ բան չի փոխի: Հա, իրենց գոյությունը արդեն մեծ լրացուցիչ խնդիր է, համաձայն եմ, բայց բուն խնդիրը շատ ավելի խորն է»:

Այնուամենայնիվ, Ինստագրամի ակտիվ օգտատեր Լաուրա Աբրահամյանի կարծիքով, ինչքան էլ որ մենք հասկանում ենք, որ դա խնդրահարույց է, հասրակաության կողմից ստեղծված գեղեցկության ստանդարտները ինչ-որ ձևով մնում են մեր մտքում, մեզ ստիպելով հավատալ, որ մեր ֆիլտրված տեսքն ավելի իրական է, քան բնականը: 

«Դու չես տեսնում այլմոլորակայինի աչքեր ու ասում՝ օօօ, ինչ լավ է, ես պետք է իմ աչքերն այսպես դարձնեմ: Չէ, այդ ամենը բնականաբար այդպես չի լինում: Ուղղակի այդ ֆիլտրերով պատկերը մնում է քո ենթագիտակցության մեջ, ու դու քիչ-քիչ սկսում ես քեզ այդպես պատկերացնել: Ու երբ որ արդեն հասկանում ես որ քո պատկերացրած դեմքը իրականությանը չի համապատասխանում, սկսում ես նյարդայնանալ»: 

Լաուրան հիշում է, թե ինչպես էր ինքը նեղվում, երբ ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում տեղադրում էր իր՝ առանց ֆիլտրի նկարը: Այդ ժամանակ շատ պարզ էր դառնում, որ ինքն իրեն բոլորովին այլ ձեւով էր պատկերացնում, և որ իր պատկերացրածն ու իրականությունը նույնը չէին: 

«Ես երկարացրեցի իմ թարթիչները, ես նույնիսկ մտածում էի լցնել իմ շուրթերը: Բայց ես չէի ասի, որ այդ ցանկությունը իմ մոտ առաջացել էր հասարակության ճնշումը զգալու պատճառով: Ես ուղղակի ուզում էի դա անել, որ ինքս ինձ ավելի լավ զգայի»

Շատ հայեր փորձել են հասնել իրենց «պատկերացրած դեմքին» պլաստիկ վիրաբուժությունների և այլ կոսմետիկ միջամտությունների միջոցով: Հիմնականում, ամենապահանջվածը Հայաստանում քթի վիրահատությունն է եղել: Ու մինչ արծվի քթերից փորձում են հնարավորինս խուսափել, աղվեսի աչքերը դարձել են ավելի ու ավելի ցանկալի: 

«Դե աբսուրդ ցանկություններով մարդիկ էլ են գալիս,  օրինակ քսան տարեկան աղջիկ Է, հոնքերը ձիգ վիճակում, բայց ինքն ուզում Է ավելի ձգել: Ես դա օրինակ այդքան էլ չեմ հասկանում: Դա այսպես ասված աղվեսի աչքեր անիմաստ տրենդն է, որ շուտով դուրս է գալու մոդայից, բայց վիրահատությունը արած մարդիկ մնալու են այդպես:Այն ինչ հիմա համարվում է գեղեցիկ, էլ գեղեցիկ չի լինելու տաս տարի անց»,- նշում է Թորգոմ Խաչատրյանը, Երևանում գտնվող «Ավանտա Կլինիկս»-ի պլաստիկ վիրաբույժը: 

Միջինում, Թորգոմի հաճախորդները 20-30 տարեկան են: Մոտավորապես ամեն չորսից մեկը ցանկանում է նմանվել ինստագրամյան ֆիլտրով նկարի, ասում է բժիշկը: 

«Ֆիլտրերը ստեղծված են  համակարգչային ծրագրերով, որոնցով ինչ ուզես կարող ես փոխել, բայց թե իրականում դա հնարավոր է թե չէ, արդեն ուրիշ հարց է: Ու արդյոք իրականում փոխելը սիրո՞ւն կլինի: Ֆիլտրով դու կարող ես դնել մեծ շուրթեր, նկարվել ու հավանել այն: Բայց էդ մեծ շուրթերով դու պետք է ապրես, ուտես ու խոսես մարդկանց հետ: Այ դա արդեն լրիվ ուրիշ հարց է»

Չնայած այս ամենին, հետաքրքիրը այն է, որ եթե սահմանը չափից շատ չանցնես, ինստագրամյան ֆիլտրները կարող են նույնիսկ վերածվել ինքնարտահայտման միջոցի: 

Արվեստաբանության բաժնի ուսանող Տաթև Ազարյանը հիմնականում հետևում է 3D արտիստների, ում համար ինստագրամյան ֆիլտրերը արվեստ ստեղծելու նոր գործիք են: Նրանց օգտագործած թվային դիմակները չեն խրախուսում գեղեցկության ստանդարտները, այլ հակառակը, առհասարակ կոտրում են գեղեցկության կոնցեպտը` ստեղծելով վիրտուալ իրականություն, որտեղ քո դեմքը կարծես կտավ լինի, որի վրա դու կարող ես անդադար փորձարկումներ անել ու ստեղծագործել: 

«Հա, ես օգտագործում եմ ինստագրամյան ֆիլտրեր, բայց ոչ beauty-ները: Ես սիրում եմ կրեատիվ ու արտիստիկ ֆիլտրերը, որոնք քո դեմքը դարձնում են մի տեսակ ավելի  աբստրակտ: Իմ համար իրանք ավելի հետաքրքիր են»:

Աիդան, Կանանց Ռեսուրս Կենտրոնից, նշում է որ կրեատիվ ֆիլտրերի նոր թրենդը կարծես թե սկսում է գեղեցկության ֆիլտրերից ավելի տարածված դառնալ:

«Կարծում եմ՝ լավ է ունենալ  դիմակներ ինստագրամում, որոնք կարող ես օգտագործել կրեատիվ ու հետաքրքիր կերպարներ ստանալու համար, եթե իհարկե այդ կերպարները բռնություն չեն ենթադրում»,-նշում է Աիդան: 

«Ես չեմ մտածում, որ այս ֆիլտրերը կարող են խնդրահարույց լինել մեր մարմնի ընկալման տեսանկյունից: Դրանք ես ավելի շատ որպես արվեստ եմ ընկալում»:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա