Ընկերանալու հայտեր, սմայլիկներ և առցանց ամուսնություն. Ժամանակակից սիրո մի պատմություն

Լրագրող: Հասմիկ Բալեյան,

Իլյուստրատոր: Թինա Չերթովա

15.06.21

Երբ 32-ամյա Անահիտը 2019-ին Facebook-ում ընկերանալու մի հայտ ընդունեց, նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կարող է ամուսնանալ այդ մարդու հետ։ Անահիտը երբեք անծանոթի հետ օնլայն չէր շփվել և իրականում հավանություն չէր էլ տալիս օնլայն ծանոթություններին ու ժամադրություններին:

Սակայն այդ անգամ նա  որոշեց, որ արտասահմանում բնակվող հայազգի 38-ամյա Աշոտի ընկերության հայտին պատասխանելն ու «ընդունել» կոճակը սեղմելը վտանգավոր չէ։ 

«Ես նույնիսկ անծանոթ մարդկանց ընկերության հայտերը սովորաբար չեմ ընդունում, բայց քանի որ տեսա՝ նա Հայաստանում չի ապրում, մտածեցի՝ այսպես ասած՝ նրանից վտանգ չկա, քանի որ որևէ պարագայում չէր կարող էր գալ իմ աշխատավայր, փորձել ինձ հետևել, մոտենալ ինձ․․․ Երբ Աշոտը սկսեց գրել ինձ, մի քանի օր շարունակ՝ ես պատասխանում էի միայն սմայլիկներով, տեքստեր չէի գրում։ Միայն մի քանի օր հետո սկսեցի տեքստով պատասխանել։ Մի անգամ կրկին գրեց, ասաց՝ շատ գեղեցիկ լուսանկարներ ունեմ, և ես մտածեցի՝ անքաղաքավարի պահվածք է ոչինչ չասելը, կարելի է գոնե ասել «շնորհակալություն»։ Եվ այդպես սկսեցինք խոսել», — պատմում է Անահիտը։

Ամիսներ շարունակ, սակայն, Անահիտը զգուշորեն էր վերաբերվում Աշոտի հետ սկսվող սիրավեպին: Չնայած առցանց հանդիպումները Հայաստանում աստիճանաբար ընդունելի են դառնում, այնուամենայնիվ, կասկածաններ են առաջացնում: Այս ամենին կասկածամտորեն է վերաբերվում հատկապես հին սերունդը, կարծում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

Սոցցանցերում օնլայն շփվելը որոշկիորեն կարող է անվտանգ չլինել, իսկ ինչ-որ մեկին առցանց հանդիպելը փոխում է ամուսնության ու ընտանիքի մասին պատկերացումները: 

«Մինչև 1950-1960-ական թվականները Հայաստանում ընտանիք կազմելու համար ավանդական մոտեցումն էր գերիշխում․ նույնիսկ ծնողներն էին իրենց երեխայի համար երկրորդ կես գտնում, ծանոթացնում։ Տղայի և աղջկա ծնողները անպայման միմյանց պիտի ճանաչեին, և միայն դրանից հետո կարող էին աղջիկը  և տղան ծանոթանալ, ապա՝ ամուսնանալ»,- բացատրում է սոցիոլոգը։ 

Չնայած այդ մշակույթը տարածվել է վերջին 70 տարիների ընթացքում, մարդիկ դեռ զգուշանում են սոցիալական ցանցերի միջոցով հանդիպումներից՝ մտածելով, որ դրանք այնպիսի հարթակներ են,  որոնք ամուսնության գործընթացում հեռացնում են ընտանիքի կարևոր դերը: 

Զգուշանալու հիմքեր կան, նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի են ունեցել մի շարք դեպքեր, երբ «սիրելիներ»-ը ինտերնետային շանտաժի են ենթարկվում՝ ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում գտնվող անձանց կողմից: 

Նա սակայն ընդգծում է, որ առցանց ծանոթության մեջ ոչ մի վատ բան չկա. մարդիկ պարզապես պետք է իմանան՝ սոցցանցային շփումները կարող են վտանգներ պարունակել, ուստի հարկավոր է  նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ ուսումնասիրել, քան պարզապես ստուգել ինչ-որ մեկի Facebook-ի էջը։ Անհրաժեշտ է նաև համոզվել, որ անչափահասների օգտահաշիվները փակ են անծանոթ մարդկանց համար:

«Իմ շրջապատում երջանիկ ամուսինների կեսը համացանցով է ծանոթացել։ Ես մարդկանց ետ չէի պահի համացանցային ծանոթություններից, պարզապես կուզենամ հորդորել՝ ուշադի՛ր եղեք ու ինչ-որ մեկի հետ շփում սկսելուց առաջ և ծանոթության ընթացքում մտածե՛ք։ Մարդկանց հետ հարաբերվելիս աչալո՛ւրջ եղեք է և՛ ռեալ կյանքում, և՛ համացանցային շփումներում», — ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Լեզվաբան Անահիտը շատ զգույշ էր։ Ժամանակի ընթացքում  նրա ու Աշոտի փոխհարաբերությունները զարգանում էին․ ֆեյսբուքյան հաղորդագրություններից հետո նրանք սկսեցին օրական մի քանի ժամ զրուցել հեռախոսազանգերի միջոցով:

Բայց քանի որ Աշոտն ապրում էր Գերմանիայում, աղջկա համար դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ տղան իսկապես այն անձն էր, ում արժե վստահել:

Նրա վախերը մեղմացնելու համար Աշոտը հայկական ավանդական մի քայլ էլ արեց. նա Անահիտին  ծանոթացրեց իր քրոջ հետ, որը  Հայաստանի մայրաքաղաք Երևանում է ապրում: Դրանից հետո զույգի հարաբերություններն ավելի հեշտ առաջ ընթացան։

Առաջին անգամ հանդիպելու համար նրանք որոշեցին մեկնել Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստան։ 

Անահիտը դեռ զգուշանում էր ծնողներին պատմել իր նոր սիրավեպի և Աշոտին անձամբ հանդիպելու մասին: Այսպիսով, նա ծնողներին ասաց, որ մեկնում է Վրաստան մասնակցելու աշխատանքային համաժողովի և որպեսզի իրեն ավելի անվտանգ  զգա, Վրաստան մեկնեց ընկերուհու հետ։

Բարեբախտաբար, զույգն անմիջապես լեզու գտավ: «Վրաստանում նրան տեսնելիս առաջին իսկ հայացքից, առաջին հանդիպումից հետո վստահորեն հասկացա՝ սիրում եմ նրան, ու նա պիտի իմ կինը դառնա», — ասում է Աշոտը։  

Նա նշում է, որ մինչև Անահիտի պրոֆիլին հանդիպելը, Facebook- ում այլ կանանց հետ շփվել էր, բայց նրանց նկատմամաբ երբեք կապվածություն չէր զգացել: Անահիտը, սակայն, առանձնահատուկ էր: «Անահիտն ուրիշ է՝ բոլորից  տարբերվող, յուրահատուկ»,- ասում է նա։ 

Ցավոք, զույգի սիրավեպը համընկավ համաճարակի հետ: Անահիտը փակված մնաց Հայաստանում, իսկ Աշոտը չէր կարող լքել Գերմանիան: Սակայն մարտին Անահիտը  գտավ լուծումը. Նա դիմեց և ընդունվեց մագիստրատուրա՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող բուհերից մեկում:

 Ճանապարհորդական փաստաթղթերը վերջապես Անահիտի ձեռքին էին։ Այնուհետև Աշոտն ու Անահիտը  կազմակերպեցին իրենց հարաբերությունների վերջին օնլայն միջոցառումը՝ նշանադրությունը։ 

Մարտի 11-ին Երեւանում կայացած երեկույթի ժամանակ Անահիտն ու Աշոտը պաշտոնապես նշանվեցին:

«Նշանադրությանը ներկա էր մոտ 70 հյուր․ ներկա էին  իմ ու Աշոտի հարազատները։ Նշանադրության արարողությունը եղել է հայկական  ավանդույթներով՝ միայն այն տարբերությամբ, որ Աշոտը մեզ միացել էր տեսակապով», — պատմում է Անահիտը։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա