Թվային դայակ, թե՞ ուսուցիչ

Լրագրող: Նելլի Լազարյան

Իլյուստրատոր:

20.07.21
Հրատարակություն: Թվային հետք
թեման: երեխաներ

Մարկ Ադամյանը չորս տարեկան էր, երբ սկսեց խոսել: Նրա մայրը ՝ Սոնա Հովհաննիսյանը, հիշում է նրա առաջին բառը՝ մամա:

Բայց ի տարբերություն Հայաստանում ապրող այլ փոքրիկների, տղան չէր օգտագործում հայերեն բառեր: Մարկը խոսում էր ռուսերեն:

Մամայից հետո նրա երկրորդ և երրորդ բառերը` պապա և սոլնեչկո (հայր և արև), նույնպես ռուսերեն էին: 

Քանի որ ընտանիքը տանը հայերեն է խոսում, Սոնան վստահ է, որ Մարկը, որն այժմ հինգ տարեկան է, ռուսերեն է սովորել մուլտֆիլմերից, որոնք նա սիրում է առցանց դիտել: Սոնան հիշում է, որ տղան մի պահ նույնիսկ սկսեց թարգմանել իր ասածները: Օրինակ ՝ մայրը հաճախ նրան նախատում էր հատակին նստելու համար՝ ասելով, որ շատ ցուրտ է: Մարկը պատասխանում էր՝ խոլոդնո (ռուսերեն՝ ցուրտ է): 

Սոնան ասում է, որ սկզբում ինքն ու ամուսինն իրականում մտահոգված չէին: Խնդիրը համընկավ համաճարակի հետ, և Սոնան կարծում է, որ հավանաբար Մարկի մուլտֆիլմերի հանդեպ սերն ավելի մեծացավ, քանի որ նա զրկված էր մյուս տարեկից երեխաների հետ խաղալու հնարավորությունից։ 

Հետո սակայն բժիշկները սկսեցին հարցեր բարձրացնել Մարկի զարգացման մասին:


«Թեև Մարկը սկսել է խոսել ուշ, բայց մենք բացարձակ չեն անհանգստացել։ Մեր խնդիրը սոցիումն էր, հասարակությունը, որ ամեն կողմից մեզ ստիպում էին, որ լոգոպետի մոտ տարեք,  դա էր ավելի շատ ինձ ճնշում, քան որ ինքը չի խոսում, կամ խոսում է այլ լեզվով»,- ասում է Սոնան։

Սակայն բժիշկներին այդքան էլ օգտակար չեղան: Մեկը նույնիսկ ակնարկեց, որ Մարկը կարող է աուտիստիկ լինել և երկար թերապիայի կարիք կունենա:

Սոնան, սակայն, որոշեց վստահել իր բնազդներին և տեսնել, թե ինչպես է Մարկն արձագանքում մանկապարտեզի հայախոս հասակակիցներին: Հիմա, իր տարիքի մյուս երեխաների հետ շփվելով, Մարկը սկսել է հայերեն խոսել:


«Արդեն գրեթե 5 տարեկան է, և երկու լեզվով էլ հանգիստ հաղորդակցվում է՝ մանկապարտեզի ու մեր ուղղումների շնորհիվ, բավականին հեշտ եղավ անցումն իրա համար»-ասում է նա։

Մարկն իր նախընտրած մուլտֆիլմերը դիտում է ընտանեկան պլանշետով, թվային գործիք, որը ժամանակակից հասարակության մեջ մի կողմից դարձել է փրկիչ, մյուս կողմից՝ խնդիր: Այս սարքերի հակասական դերը հասարակության մեջ ուժեղացավ Covid-19 համաճարակի ընթացքում, հատկապես սկզբնական արգելափակումների պատճառով, քանի որ եւ ծնողները, եւ երեխաներն ավելի շատ օնլայն ժամանակ էին անցկացնում:

Սոնան ասում է, որ Մարկը սիրում է մուլտֆիլմեր դիտել, և եթե ինքը սահմանափակումներ չդնի տղան կարող է դիտել դրանք ամբողջ օրը: «Եթե իր ընտրությանը թողնենք անվերջ պլանշետի  ու համակարգչի առաջ  կնաստի, կնայի, բայց մենք սահմանել ենք 3 ժամ, որը բաշխում ենք օրվա ընթացում, հիմնականում այդ ժամը չի անցնում»,-ասում է մայրը։


2019-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1997-ից 2014 թվականներին զրոյից երկու տարեկան երեխայի էկրանին առաջ անցկացնելու միջին ժամանակահատվածը կրկնապատկվել է՝ օրական դառնալով երեք ժամ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Children in the Digital Age զեկույցում նշվում է, որ աշխարհում ինտերնետից օգտվող յուրաքանչյուր երրորդն երեխան է:

Գիտնականները գիտեն, որ երեխաներն էկրաններից ստանում են տեղեկատվություն՝ լինի դա հեռուստատեսային, թե առցանց, եւ այն ազդում է նրանց ուղեղի վրա: Բայց չնայած տարիների ուսումնասիրություններին, կարծես թե հստակ պատկերացում չկա այն մասին, թե որքան մեծ է այդ ազդեցությունը կամ արդյոք այն բացասական է:

Սոնայի համար մինչ այժմ ամեն ինչ դրական է։

«Կարծում եմ համացանցն իր խնդիրներով հանդերձ լեզուների յուրացման հարցում շատ ավելի օգնում է, կարևորը ծնողը կարողանա վերահսկել»,- ասում է նա՝ նշելով, որ հետեւողական է այն հարցում, որ Մարկը շատ ժամանակ ծախսի գրքերի և այլ ռեսուրսների վրա։

«Եթե անընդհատ մուլտեր նայի, իհարկե չի զարգանա, բայց եթե համադրես սպորտի հետ, դուրս գաք զբոսանքի, զուգահեռ գրքեր ու հեքիաթներ կարդաք և ակտիվ կյանքով ապրեք՝ երեխան ներդաշնակ կզարգանա, մեծ արդյունք կլինի իր համար»,-համոզված է Սոնան։ 

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սյուզան Մարկոսյանը նույնպես համոզված է, որ ինտերնետն օգնում է երեխաներին զարգանալ, երբ օգտագործվում է որպես կրթական ռեսուրս:  

«Համցանցն արագացնում է ուսուցման ընթացքը, և գիտելիքի, տեղեկատվության հասանելիության միջոցով նպաստում է, որ մարդն ավելի արագ զարգանա։ Բոլոր ընտանիքներում, անկախ նրանից՝ ծնողները նախընտրում են երեխաների համար համակարգչային ուսուցումը, թե ոչ, երեխաները, միևնույն է, կապվում են համակարգիչներին և համացանցի բերած ինֆորմացիային՝ խաղեր կլինեն, ֆիլմեր, մուլտֆիլմեր, թե անիմացիոն պատկերներ, և նրանց վրա որոշակի ազդեցություն այսպես թե այնպես լինում է։ Մեր կրթահամալիրում՝ հանրությանը հայտնի Բլեյանի դպրոցում, ուղղակի այդ ազդեցությունը ծրագրվում, ուղղորդվում է. թվային միջոցը դառնում է ուսումնական աշխատանքի գործիք»,-ասում է նա։ 

10-ամյա Եվային YouTube- ի բլոգեր երեխաների հանդեպ պատահական հետաքրքրությունը ստիպեց սպառել ավելի շատ ռուսալեզու բովանդակություն: Շատ չանցած՝ նա պարզեց, որ ոչ միայն հասկանում է, թե ինչ են ասում իր նախընտրած բլոգերները, այլ իրեն ավելի հարմար է շփվել ռուսերենով, քան մայրենիով: 

Այսօր ռուսերենի իմացությունն օգնել է նրան ստեղծել բլոգ կենդանիների մասին, որը նա հայերենով է վարում:

«Ես նախ ինտերնետում փնտրում եմ ռուսներեն լեզվով տվյալ կենդանու մասին ինֆորմացիա, ծանոթանում և նույնը հայրենով ներկայացնում։ Հայերեն ինձ համար դժվար է գտնել իմ ուզած տեղեկությունը, քիչ է»,-ասում է Եվան։ Բայց ռուսերենով շատ աղբյուրներ կան, ուստի նա առցանց փնտրում է իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, այնուհետև թարգմանում իր մայրենի լեզվով:

Թամարա Հովսեփյանը եւս նշում է, որ իր երեք երեխաներից երկուսը՝ 10-ամյա Արմենը և 3-ամյա Եվան, նույնպես ավելի ազատ խոսում են անգլերեն կամ ռուսերեն, հիմնականում այն պատճառով, որ նրանք այդ լեզուներն օգտագործում են իրենց հետաքրքրող թեմաներով առցանց տեղեկատվություն գտնելու համար: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սյուզան Մարկոսյանը կարծում է, որ սա բնական գործընթաց է. Յուրաքանչյուր սերնդի երեխա օգտագործում է իրեն անհրաժեշտ գործիքները:

«Սերունդների մեջ տարբերություն չեմ տեսնում, բոլոր սերունդների երեխաները  ծնվում են ուշիմ, զարգանալու, սովորելու պատրաստ, որովհետև արագ իրացնում են իրենց առաջ դրված ուսումնական խնդիրները՝ խոսել, քայլել, շփվել են սովորում և այլն։ Տարբերվում են գործիքները. ամեն դեպքում օգտագործում են իրենց ժամանակի գործիքները։ Իմ կարծիքով այսօրվա հնարավորությունները օգտագործող այսօրվա սերունդը, ճիշտ այնպիսին է, ինչպիսին մարդկային նախորդ սերունդներն են եղել իրենց ժամանակների համար»,- եզրափակում է Մարկոսյանը։  

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները: Ներկայումս մենք աշխատում ենք «Թվային հետք» թեմայի շուրջ՝ ուսումնասիրելով, թե ինչպես են համակարգիչները, պլանշետները և հավելվածները, որոնք այժմ մեր կյանքում կարևոր դեր են խաղում, ազդում մեր բարեկեցության, հարաբերությունների, համայնքների և հասարակությունների վրա, և ինչ է նշանակում ապրել թվային դարաշրջանում: Ձեր նվիրատվությունը կօգտագործվի այս թեմայի շուրջ աշխատող մեր թղթակիցներին աջակցելու համար:
նվիրաբերեք հիմա