Չայխանան Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տաղանդավոր լուսանկարիչներին խնդրեց կանանց հետ խոսել համաճարակի ժամանակ մայրության իրողության մասին՝ առողջության եւ հարաբերությունների վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ այն փորձի, որ նրանց ինքնությունը ձևավորեց որպես ծնող:
Արդյունքը կանանց դիմանկարը և նրանց յուրահատուկ տեսակետներն են այն մասին, թե ինչ է նշանակում լինել մայր և ինչպես են ցավը, զոհաբերությունը և անսպասելի ուրախությունները վերջին 20 ամիսների ընթացքում ազդել նրանց և նրանց երեխաների վրա:
Ոմանց համար դա նշանակում էր կտրվել երեխաներից կամ ծնողներից, կորցնել աջակցության այն համակարգերը, որոնց վրա նրանք հույս էին դրել: Մյուսների համար համաճարակը և դրան հաջորդած արգելափակումները շաբաթներ տեւած բարձր ռիսկի և վախի մասին էին: Որոշ հաջողակների էլ համաճարակի պատճառով առաջացած սահմանափակումները թույլ տվեցին դանդաղել և վայելել երեխաներ մեծացնելու կախարդական քաոսը՝ առանց ուշադրությունն այլ բաների վրա շեղելու:
30-ամյա Նարգիզ Իբրահիմովան, 33-ամյա Օլջայը, և չորս ամսական Շիրինը
Անցած տարվա ընթացքում, երբ 30-ամյա Նարգիզ Իբրահիմովան պատրաստվում էր երեխա ունենալ և ծննդաբերում էր, քովիդը նրա գրեթե մշտական ուղեկիցն էր՝ սկսած հղիության ընթացքում վիրուսով վարակվելուց մինչև կրծքով կերակրելու ընտրության վրա դրա ազդեցություն:
«Ամենամեծ մարտահրավերը, որին ես որպես մայր բախվեցի կարանտինի ժամանակ, ստիպված պատվաստանյութ ստանալն էր, չնայած պաշտոնապես դա կամավորության սկզբունքով էր: Այս որոշումն ինձ համար դժվար էր․ ես ստիպված էի դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կոնկրետ պատասխան չստացա որևէ կողմնակի ազդեցության մասին [երեխայիս համար]: Քովիդի ազդեցությունը, ինչպես նաև վիրուսը և դրա հետևանքները, մեծապես ազդել են մարդկության վրա՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Մենք հայտնվեցինք մեր վախերի հետ փակված, մենակ մնալու անկարողությամբ։ Մեծ ընտանիքներով մնացինք փոքր բնակարաններում, առանց աշխատանքի, հարազատների, հեռանալու կամ նույնիսկ պարզապես այգում զբոսնելու հնարավորության: Մենք արդեն մեր սմարթֆոնների, սոցիալական ցանցերի, հեռուստատեսային շոուների և ավելի լավ կյանքի մասին անվերջանալի գովազդի մեջ էինք»:
32-ամյա Կոնուլ Մամեդովան, 35-ամյա Վիդադին, 5-ամյա Իսմայիլը եւ ութ ամսական Ջամալը
32-ամյա Կոնուլ Մամեդովան համաճարակի ժամանակ երկրորդ երեխան է ունեցել և ասում է, որ փորձն օգնել է իրեն վերանայել իր կյանքը: «Ես կյանքն ու դրա արժեքը նորովի ըմբռնեցի [համաճարակի ժամանակ]: Գիտակցեցի փոքր, կարճ պահերի կարևորությունը. Այս շրջանի ամենամեծ նվերն իհարկե Ջամալն էր»։
«Համաճարակի ժամանակ ես ստիպված էի յոթ անգամ տեղափոխվել (ամառանոց, տուն, ամուսնուս ծնողների տուն, ընտանիքիս տուն, տուն, ամառանոց, տուն): Ի՞նչ է տունը»:
«Համաճարակի պատճառով մեր ավագ որդին՝ Իսմայիլը մանկապարտեզ սկսեց գնալ 2021 թվականի փետրվարին, երբ դրանք վերաբացվեցին, այլ ոչ թե 2020 թվականի սեպտեմբերին, երբ պետք է գնար։ Փոքրը ծնվեց հունվարի վերջին և այնպես ստացվեց, որ մեծին մանկապարտեզ ուղարկեցինք, երբ ընտանիքում եղբայր էր հայտնվել։ Արդյունքում նրա վարքագծում փոքր փոփոխություններ նկատեցինք։ Մենք գնացինք հոգեբանի մոտ, ով ասաց, որ ամեն ինչ լավ է, մի քանի խորհուրդ տվեց, և մենք շարունակում ենք հետևել դրանց»:
30-ամյա Նիգար Մամեդովան և 15 ամսական Կամիլան
30-ամյա Նիգար Մամեդովան իր դստերը լույս աշխարհ բերեց համաճարակի ժամանակ։ Նա պարզեց, որ արգելափակումն իրեն օգնել է չշտապել և վերագնահատել իր առաջնահերթությունները:
«Այդ շրջանի ամենամեծ մարտահրավերն այն էր, որ ես պետք է չափազանց զգույշ լինեի հղիության ընթացքում չհիվանդանալու համար: Բացի այդ, երեխայի ծնվելուց հետո ես պետք է ամեն ինչ անեի, որպեսզի նա ապահով լիներ։
Այս շրջանը նվեր էր, քանի որ կարողացա ավելի շատ ժամանակ տրամադրել ինձ, ավելի ճիշտ՝ ներքին եսիս, վայելել լռությունը և շատ ժամանակ տրամադրել իմ ներքին զարգացմանը»։
«Ես իսկապես չեմ հիշում, թե ինչպիսին էր կյանքը կարանտինից առաջ, բայց պարզ է, որ պետք է կարողանալ շատ բաների արժեքը գնահատել ու իմանալ։ Ռեստորաններ և սրճարաններ գնալն այլևս այդքան կարևոր չէ։ Ես, այսպես թե այնպես, աշխատում եմ տնից, և դադարել էի ամբողջ օրը մարդկանց շրջապատում լինել: Ինձ ուրախացնում էր այն փաստը, որ պետք է հեռավորություն պահպանեի։
Ես հասկացա, թե որքան կարճ է կյանքը, և որ պետք է գնահատել ու վայելել յուրաքանչյուր պահն ու մանրուքը։ Ես զգացի փողի արժեքը, եւ այն, թե ինչքան ավելորդ բաներ էին գնել ու արել նախկինում։ Ես սովորեցի աշխատել հեռակա կարգով և սիրեցի դա: Ես գրասենյակային մարդ չեմ և երբեք չեմ եղել: Ինձ համար ամեն օր աշխատանքի գնալը նույն բանն անելու համար պարզապես կյանքի վատնում է: Սա էր պատճառը, որ ես մի օր պարզապես վեր կացա և թողեցի աշխատանքս ու սկսեցի անել այն, ինչ պետք է անեի։ Այս շրջանը և հենց երեխայի ծնունդն ինձ ստիպեցին հասկանալ, որ ես միանշանակ ուժեղ մարդ եմ»։
«[Համաճարակի ժամանակ] առաջին անգամն էր, երբ ամուսինս և ես կարողացանք միասին լավ ժամանակ անցկացնել, քանի որ [մինչև արգելափակումը] մենք երկուսս էլ աշխատավայրում էինք և հազվադեպ էինք տեսնում միմյանց:
Այդ չորս-հինգ ամիսների ընթացքում մենք ավելի մտերմացանք։ Բայց եղան նաեւ դժվար պահեր՝ աշխատանքի ու գումարի սղության պատճառով։ Սա նույնպես ազդեց մեր հարաբերությունների վրա… Ես, հավանաբար, ամենաերախտապարտ եմ, որ հնարավորություն ընձեռվեց պարզապես կանգ առնել և հեռանալ եռուզեռից, սկսել լսել լռության ձայնը»:
25-ամյա Վերա Աքսամետովան, 34-ամյա Մուրադը և 14 ամսական Սիբիրխանը
25-ամյա Վերա Աքսամետովան իր առաջին հղիությունը տարավ այն ժամանակ, երբ համաճարակն իր պիկին էր հասել։ Նա մեկուսացման փորձը համեմատում է «վատ եղանակին ծովը մտնելու հետ»։ Ըստ Վերայի տեմպերի փոփոխությունը իրեն ավելի ազատ է դարձնում։ «Դա նվեր էր, այն առումով, որ ամբողջ աշխարհը դանդաղեցրեց և լռեց: Կարելի էր երեխա ծնել ու առանց աղմուկի վայելել երեխայի կյանքի առաջին ամիսները։ Ժամանակ գտնել, մտածել, դիտել և փորձել մեղմորեն շարժվել դեպի մայրություն ու պարզապես լինել: Դա նվեր էր»։
Ես հղի էի համաճարակի ժամանակ, ամբողջ իրականությունը նոր էր. Իհարկե, դա ազդեց ինձ վրա։ Ես կարողացա իրականացնել իմ երազանքը` շատ ժամանակ միայնակ անցկացնել, և երբ կտրվեցի ամեն նյութականից, հոգևոր հետաքրքրություններն ու մտքերը ջրի երես դուրս եկան:
Տիեզերքը մեզ հետ շատ զգույշ էր շփվում քովիդի ժամանակ։ Ճանապարհորդություն էր, նոր կյանքի հետ ծանոթություն՝ թե՛ հղի կնոջ, թե՛ մոր դերում։ Դա շատ խորը փորձ էր»։
Նախագծի մյուս մասը դիտելու համար տես՝
նվիրաբերեք հիմա