«Պարզ է, որ երեխաները կտուժեն»

Լրագրող: Նելլի Լազարյան,

Իլյուստրատոր: Թինա Չերթովա

10.11.21

Իննամյա Հակոբն ու վեցամյա Գեւորգը մղձավանջի մեջ են։ Անցած 19 ամիսների ընթացքում, երբ Հայաստանը բախվեց համաճարակի, իսկ հետո` 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի հետ, նրանց ծնողների լարված հարաբերությունները վերաճեցին բռնության:

Ճգնաժամը փակուղի մտավ, երբ ծնողներն ու տատիկը ստիպված եղան միասին մնալ տանը: Տղաների կյանքը փոխվեց այն օրը, երբ նրանց հարբած ու զայրացած հայրը սկսեց մորը մազերից բռնած քարշ տալ տնով մեկ։

Երեխաներից փոքրը՝ Գեւորգը, փորձում էր ազատել մորը՝ լացելով քաշելով հոր ձեռքերից։ Հակոբն, ով արդեն սովոր էր այս կռիվներին, պարզապես դիտում էր։

Ի վերջո եկավ ոստիկանությունը, և որոշ ժամանակ անց նրանց մայրը՝ Գայանեն, կարողացավ ամուսնալուծվել. նախկին ամուսնու նկատմամբ խափանման միջոց կիրառվեց։

Տղաները հիմա մոր մոտ են, սակայն նրանց ճակատագիրը դեռ անորոշ է. հորը թույլ չեն տալիս տեսակցել երեխաներին կամ նրանց մորը, սակայն նա պայքարում է երեխաների խնամակալությունը ստանձնելու համար։ 

Հայաստանում երեխաների և կանանց իրավունքների պաշտպանները զգուշացնում են, որ Հակոբի և Գեւորգի նման երեխաներին պաշտպանելու երկրի հիմնական գործիքը՝ 2017 թվականին ընդունված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն այնքան էլ չի հաջողում՝ երեխաներին և մեծահասակներին խոցելի դարձնելով բռնությունների նկատմամբ:

Օրենքը հստակ սահմանում է, թե պետությունն ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերի ընտանեկան բռնության զոհերին, և կառավարությանը պարտավորեցնում է ստեղծել ապաստարաններ, ժամանակավոր ֆինանսական օգնություն տրամադրել բռնությունից փրկվածներին և բռնության ենթարկվածների համար վերականգնման ծրագիր ստեղծել:

Փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով` համաճարակից, իսկ հետո պատերազմից հետո պարզ դարձավ, որ կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները։ 

Կառավարության կողմից օրենքի կիրառումն ըստ նրա` «կիսատ է»:

Գալստյանը նշեց, որ օրենքի ընդունման և որոշ մեխանիզմների ներդրման փաստը բարձրացրել է մարդկանց իրազեկվածությունը ընտանեկան բռնության մասին, ինչը լավ է, բայց օրենքով նախատեսված գործիքներն ամբողջությամբ չեն ներդրվել, և վերջին 19 ամիսները ցույց են տվել, որ ավելի շատ գործիքակազմ ու մեխանիզմներ են պետք։

«Չունենք մասնագիտացված ոստիկան, մասնագիտացված դատավոր, մասնագիտացված պետական ծառայող, որոնք անմիջական առնչվում են ընտանեկան բռնության դեպքերին»,- նկատում է Գալստյանն ու ավելացնում․«Սա պետք է լուծել ոչ միայն մշտական վերապատրաստումների միջոցով, այլ զուտ մասնագիտացված մարմիններ ստեղծելու միջոցով։ Այսինքն՝ պետությունը պետք է այստեղ համալիր միջամտի և համակարգային փոփոխություն նախաձեռնի, բայց պետությունը գնաց կիսատ-պռատ միջամտությունների ճանապարհով և ընտրեց միջանկյալ լուծում, և արդյունքներն էլ դրան համապատասխան են»։

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը համաձայնեց, որ երկրին անհրաժեշտ են արձագանքման ավելի լավ մեխանիզմներ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր բռնության են ենթարկել իրենց զուգընկերներին կամ երեխաներին:

«Ես կուզեի, որ ընդհանրապես լիներ ընտանեկան բռնության արձագանքի մեխանզիմ, ոչ թե կանանց հանդեպ բռնությունների մեխանիզմ։ Այսօր նաև չունենք բռնարարների հետ աշխատանքի մեխանզիմներ»,-նշեց նա, հավելելով, որ բռնության զոհ կարող են դառնալ նաև տղամարդիկ, և անկախ նրանից, թե ով է զոհը և ով է բռնարարը, պետությունը պետք է անդրադառնա բոլոր կողմերին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը հավելեց, որ կառավարությունը չի կատարել 2017 թվականի օրենքի որոշ հիմնական պարտավորություններ։«Որովհետև չկա դեռևս պետական ապաստարան, չկան փաթեթների ծրագրերը։ Պետությունը հաճախ ընտանեկան բռնության ենթարկված անձանց միանվագ գումար է տրամադրում, որը նրանք կարող են ծախսել իրենց առողջության հետ կապված խնդիրների վրա, որ ստացել են բռնության հետևանքով։ Դա սոցիալական չնչին միանվագ գումար է, երկարատև աջակցույթուն չէ,  և այսպես, թե այնպես երկատև աջակցության բեռն ընկնում է ՀԿ-ների վրա»,-ասում է նա։ 

Մասնագետները զգուշացնում են, որ աջակցության կարիքն ավելանում է. մինչ երկիրը շարունակում է պայքարել համաճարակի և պատերազմի հետևանքների դեմ, երեխաների վրա դրանց բացասական ազդեցությունը մեծանում է։

«Ընդհանուր հիասթափության մակարդակը բարձր է, և  պարզ է, որ դրանից պետք է տուժեն երեխաները։ Ցանկացած ճգնաժամից հետո՝ երկրաշարժ կլինի, համաճարկ, թե պատերազմ, առաջին տուժողները երեխաներն են։ Եթե ծնողներն իրենց հոգեպես լավ չեն զգում, խնդիրներ ունեն և այլն, բնականաբար այդ ամենից տուժում են առավել երեխաները, դա աքսիոմա է։ Այդ շրջանում մարդիկ դժվարանում էին սթրեսները կառավարել, սուղ վիճակից ելնելով ծայրը ծայրին էին հասցնում և բնականաբար այդ ամենը երեխաների վրա ազդում էր»,-ասում է  Անտոնյանը։ 

Նա նշեց, որ կենտրոնում ավելի ու ավելի շատ լքված երեխաներ են հայտնվում։ Ներկայումս ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում կա 32 երեխա, որոնցից 28-ը հինգ տարեկան և ավելի փոքր են։ 

Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ կոալիցիան իր թեժ գծի միջոցով նաեւ ավելի շատ օգնության կանչեր է ստացել․ «Եթե 2019 թվականին տարվա կտրվածքով մոտ 5000 հեռախոսազանգ ենք  ունեցել, այս տարի առաջին կիսամյակում արդեն իսկ 3000-ը կար։ Ուստի այստեղից կարելի է  ենթադրել, որ թեժ գծին զանգերն աճում են և դրա պատճառն իհարկե անցած տարվա շոկային իրավիճակն էր»։  

Մյուս կազմակերպությունները, այդ թվում՝ Ոստիկանությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նույնպես զեկուցել են ընտանիքներում բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների ավելացման մասին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2020 թվականի իր զեկույցում արձանագրել է համաճարակի հետևանքով առաջացած ընտանեկան բռնության դեպքերի աճ՝ հատկապես կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ։

«Եթե 2019 թվականին Պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ընտանեկան բռնության վերաբերյալ 91 դիմում-բողոք, 2020 թվականին ստացվել է 127 դիմում-բողոք։ Ընդհանուր առմամբ, դիմում-բողոքների քանակը համադրվող ժամանակահատվածում աճել է մոտ 39,6 տոկոսով»,-ասված է զեկույցում։ Բացի այդ, հաղորդվում է, որ ստացված բողոքներից յոթում երեխաներն ականատես են եղել ընտանեկան բռնությանը։

Ավելացված կանչերը նշան են այն բանի, որ մարդիկ ծանոթ են օրենքին և օգնությանը, որ ոստիկանությունը կարող է ցուցաբերել, կարծում է ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ 

Նա ասաց, որ 2020 թվականին ոստիկանությունը գրանցել է 1311 բռնարարի, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում՝  574-ի: Ըստ նրա` համաճարակը որոշ առումով ազդել է բռնությունների թվի աճին։ 

«Հասարակությունն իրազեկված է, որ ընտանիքում բռնությունների  կանխարգելման մասին օրենքը գործում է և իրենք աջակցություն կարող են ստանալ»,- ասում է նա։ 

Նոնա Գալստյանը, սակայն, ով առնչվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների հետ, կարծում է, որ ահազանգերի ավելացումը պայմանավորված է նրանով, որ իրավիճակն է վատացել, այլ ոչ թե այն պատճառով, որ կառավարության արձագանքն ավելի լավն է։

«Աճը նաև պայմանավորված էր նրանով, որ բռնարարները տևական ժամանակ հնարավորություն ստացան բռնության զոհերի հետ փակ միջավայրում մնալ, և բնականաբար, երբ զոհն ավելի հասանելի է բռնարարին և ավելի անպաշտպան է, դա ավելի է մեծացնում բռնության թիվը։ Նախկինում էլ, իհարկե, բռնության խնդիրներով արձագանքն այնպես չէ, որ արդյունավետ էր, բայց հատկապես հետպատերազմյան շրջանում կարող եմ ասել մարդու իրավունքները, բռնության խնդիրներն առհասարակ պետությունը գնահատում է երկրորդային կամ երրորդային։ Ես չեմ կարող ասել դա օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, բայց փաստն այն է, որ այդ ոլորտը ներկայումս գտնվում է բավականին բարձիթողի վիճակում։ Հիմա չի բացառվում, որ համավարակի բռնկման նոր շեմին կրկին սահմանափակումներ նախատեսվեն, բայց մենք չունենք այդ ազդակները, որ գոնե այդ պարագայում հաշվի կառնվի նախորդ փորձը և միջոցառումներ կձեռնարկվեն, չկա նման արձագանք, չկա նման մոտեցում»,-ասում է փաստաբանը։ 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա