Համաճարակից երկու տարի անց հեռավար ուսուցումը Հայաստանի համար շարունակում է մարտահրավեր լինել

Լրագրող: Հասմիկ Բալեյան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

07.12.21

Համաճարակից երկու տարի անց հեռավար ուսուցումը Հայաստանի համար շարունակում է մարտահրավեր լինել

Շուրջ երկու տարի ընդհատումներով ընթացող ուսուցումից հետո Հայաստանի 400,000 աշակերտներն այս տարի վերադարձան առկա դասերին։ Դպրոցական տարիքի շատ երեխաներ, ինչպես 15-ամյա Լիզա Բարոյանը, ցանկանում էին սեպտեմբերին դպրոց հաճախել։

Հայաստանի դպրոցներում դասերը վերսկսվել են. Ակնկալվում է, որ երեխաները կհետևեն Covid-19-ի խիստ կանոններին՝ ներառյալ ամբողջ ընթացքում դիմակով լինելը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնվում են:

Բայց, ընդամենը մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերին, Covid-ի դեպքերի աճից հետո  Լիզան և հարյուր հազարավոր այլ երեխաներ վերադարձան առցանց դասերին։ Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների համար հետ քայլ անելը դժվար էր, հատկապես տեխնիկական խնդիրների պատճառով, որ  հեռավոր շրջաններում կամ աղքատ ընտանիքներում կար համակարգիչների պակաս:

Կրթության փորձագետները, ինչպիսին Ատոմ Մխիթարյանն է, պնդում են, որ կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել 2020 թվականի մարտին կամ հոկտեմբերին ուսուցիչներին և երեխաներին առցանց կրթությանը նախապատրաստելու համար:

«Միանգամից անցան հեռավար կրթության, դրան չնախապատրաստվեցին։ Պետական կառույցների կողմից որևէ մոթոդաբանական օգնություն չցուցբերվեց, ու դա հանգեցրեց նրան, որ կրթության որակն էապես ընկավ»,- նշում է Ատոմ Մխիթարյանը։

«Իհարկե, դպրոցում ամբողջ օրը դիմակ դնելը դժվար է, բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ դպրոց գնալ, քանի որ առցանց կրթությունն այնքան էլ  արդյունավետ չէ»,- ասում է Գոհարը, որն ապրում է մայրաքաղաք Երևանից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Արենի գյուղում:

Համաճարակի ժամանակ ուսուցումը ուսուցիչների համար ստեղծել են մի շարք նոր մարտահրավերներ՝ սկսած առցանց դասեր անցկացնելուց մինչև համոզվելը, որ բոլոր երեխաները դասարանում դիմակ են դնում:

Ուսուցչուհի Գոհար Բալեյանը նշում է, որ կան առարկաներ, ինչպիսիք են քիմիան, ֆիզիկան, որոնք դժվար է առցանց դասավանդել: Բալեյանը գրականություն է դասավանդում և լոքդաունի ժամանակ օգնել է ուսուցիչներին վերապատրաստվել առցանց դասեր անցկացնելու համար:

Համաճարակի ընթացքում հայ դպրոցականները  դպրոցից դուրս, այսինքն՝ օնլայն էին կրթություն ստացել 12 շաբաթ, վերջինը՝ հոկտեմբերին, երբ հիվանդության դեպքերի թիվն ավելացավ։  Իսկ այժմ ուսուցիչները և աշակերտները հուսով են, որ անվտանգության ավելի խիստ միջոցները, ներառյալ դիմակ  դնելը և ուսուցիչների պատվաստվելը, բավարար կլինեն, որպեսզի  դպրոցները շարունակեն գործել։

Երեւանի թիվ 190 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտներին հայոց լեզու եւ գրականություն դասավանդող ուսուցչուհի Գոհար Բալեյանը համաձայն է, որ առցանց դասերին անցնելու արագությունը բոլորին զարմացրել էր.

«Հեռավար ուսուցումը համակարգ է, որը պահանջում է գործիքներ, որոնք ուսուցիչը պետք է սովորի օգտագործել: Հաճախ դասերի արդյունավետությունը կախված է դպրոցի կազմակերպվածությունից: Եղել են դպրոցներ, որոնք ինքնուրույն են կազմակերպել փորձի փոխանակումը, որպեսզի կրթության որակը որքան հնարավոր է բարձր լինի»,- ասում է նա՝ նշելով, որ Հանրապետական մանկավարժակոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման կարողությունների զարգացման» ծրագրի համամենթոր է:

«Ցավոք, ոչ բոլոր դպրոցներում վերապատրաստումներ եղան։ Բացի այդ՝ դասի արդյունավետությունը կախված է նաև առարկայից։ Օրինակ՝ գրականություն առարկան  հեռավար անցկացնելը կարող է արդյունավետ լինել, իսկ, օրինակ, քիմիան, մաթեմատիկան՝ ոչ այնքան», — նշում է Գոհար Բալեյանը։

«Այն ամիսներին, երբ կրթությունն օնլայն էր, ես դպրոցներում վերապատրաստում էի ուսուցիչներին։ Մեծահասակ ուսուցիչներ կան, որոնք տարիներ փորձ ունեն, հիանալի մասնագետներ են, բայց տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված խնդիրներ ունեին»,- ասում է Երեւանի թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Բալեյանը։

Մխիթարյանն ընդգծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունը հնարավորություն ունեցավ գնահատել 2020 թվականի գարնանը դպրոցների, ուսուցիչների և ընտանիքների առաջ ծառացած խնդիրները,  քայլեր չձեռնարկեց։

«Փոխանակ   հանգստի ամիսներն օգտագործվեին վերապատրաստումներ անցկացնելու համար, պետական մարմինները արձակուրդի մեջ էին։ Նրանք դեռ հունիսից կամ օգոստոսի սկզբից պետք է վերապատրաստումներ անցկացնեին, քննարկումներ անեին, օնլայն կրթության ոլորտում առկա խնդիրները վեր հանեին ու տեսնեին՝ ինչ լուծումներ կարելի է գտնել այս խնդիրների հաղթահարման համար, բայց այս ամենը չի արվել։ Ըստ էության, որևէ բան չի արվում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, և մենք հերթական անգամ  նոր խնդիրների առաջ ենք կանգնելու», — նշեց Ատոմ Մխիթարյանը։

Հայաստանը, աշխարհի շատ այլ երկրների նման, բախվեց հեռավար կրթությանն անցնելու հետ կապված բազմաթիվ խնդիրների, հատկապես ինտերնետային կապի և համակարգիչների ու պլանշետների պակասի հետ կապված:

Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհարը նշում է՝ որքան էլ դժվար է ուսումնառության ընթացքում դիմակներով լինելն,այդուամենայնիվ, ավելի դժվար է միանալ առցանց դասերին. ինքը և մյուս աշակերտները խնդիրներ են ունեցել ինտերնետ մուտք գործելու և դասերին միանալու հետ կապված:

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի տարրական դպրոցի ուսուցչուհի 60-ամյա Նարինե Զոհրաբյանը հիշում է, որ փորձել է երեխաներին սովորեցնել օգտվել Zoom-ից, Viber-ից և աշակերտներից մեկի տետրերը նույնիսկ  գյուղական խանութից է վերցրել։ 

«29 աշակերտների կեսին ես Zoom-ով էի դասավանդում, մյուս մասին՝ Viber-ով»,- ասում է նա։

«Իմ աշակերտներից մեկը սարք չուներ, ես զանգահարեցի նրան, որ դասերը սովորեցնեմ, պահանջեցի, որ տնային առաջադրանքը գրի ու թողնի գյուղում մի տեղ։ Հետո գնում էի, տետրը վերցնում ու հանձնարարությունները ստուգում»։

Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակչուհի 16-ամյա Գոհար Վարդանյանը նշում է, որ իր դասարանի մոտ կեսն առցանց դասերի չի հաճախել ինտերնետ կապի հետ կապված խնդիրների պատճառով։

«Ինետնետ կապի՝ անորակ լինելու պատճառով երբեմն ինքս բախվել եմ նրան, որ ձայնը կամ պատկերը վատացել է ու չեմ կարողացել որոշ հատվածներ լսել։ Եղել են դեպքեր, որ հեռախոսը ձեռքիս գնացել եմ հարևանի տուն, որպեսզի միանամ նրանց ինտերնետին ու դասս բաց չթողնեմ։ Օնլայն դասերին  մեր դասարանցիների կեսը դասերին չէր միանում՝ պատճառաբանելով, որ ինտերնետ չունի»։

Չնայած անվտանգության նախազգուշական միջոցներին՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի բացառել, որ դպրոցները կարող են վերադառնալ առցանց ռեժիմի, եթե երկրում Covid-ի դեպքերի թիվն ավելանա։

Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ Հայաստանում դպրոցականների 15-20 տոկոսը 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում բաց է թողել առցանց դասերը՝ համապատասխան սարք կամ ինտերնետ կապ չունենալու պատճառով։

Համաճարակի ժամանակ 3000-ից ավելի երեխաներ և դպրոցներ համակարգիչներ ու պլանշետներ են ստացել կառավարության կողմից ստեղծված նվիրատվության համակարգի միջոցով: Չնայած հարցումներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տվյալներ չի տրամադրել երկրում համապատասխան սարքերի պակաս ունեցող աշակերտների կամ ուսուցիչների ընդհանուր թվի մասին։

Չնայած անվտանգության նախազգուշական միջոցներին՝ այս փուլում նախարարությունը պատրաստ չէ բացառել, որ դպրոցները կարող են վերադառնալ առցանց ռեժիմի, եթե Covid-ի դեպքերի թիվն ավելանա։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը նշեց, որ առցանց կրթությունը նաեւ ներառված է առաջիկա հինգ տարիների կրթության պաշտոնական ռազմավարության մեջ՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներին օգնելու համար։

«Ծրագիրը ներառում է վերապատրաստում՝ ուսուցիչների առցանց կրթության տեխնիկային տիրապետելուն նվիրված»,- նշում է Հարությունյանը։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա