Կյանքը սահմանին․ Համայնքը բացում է իր դռները ճանապարհորդների առաջ

Լրագրող: ,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

26.04.22

Հայաստանի Բավրա փոքրիկ գյուղում ապրում է ընդամենը 600 բնակիչ՝ մոտավորապես 300 ընտանիք: Գյուղակն ավելի մոտ է հարեւան Վրաստանին, քան Հայաստանի մայրաքաղաք Երևանին։

Ծովի մակարդակից մոտ երկու կիլոմետր բարձրության վրա գտնվող հեռավոր այս  գյուղը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի հարակից վրացական գյուղերի հետ, որտեղ բնակիչների մեծ մասը նույնպես հայեր են: 

Չնայած Բավրայում հյուրանոցներ կամ ռեստորաններ չկան, գյուղը սահմանը երկու կողմից հատող ճանապարհորդների մոտ հարմար հանգրվանի համբավ ունի: 

63-ամյա Սերժիկ Գաբրիելյանը նախընտրում է ապրել Բավրայում՝ չնայած Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Գյումրիին մոտ ապրելու հնարավորությունն ուներ։ «Ես չեմ կարող ապրել իմ գյուղից դուրս. սա իմ տունն է, իմ կյանքն այստեղ է»,- ասում է նա։

Սերժիկի տունն առաջին տունն է, որը ճանապարհորդները տեսնում են Վրաստանից Հայաստան անցնելիս։ Նրանք հաճախ են հյուրընկալում անծանոթ մարդկանց, ովքեր ստիպված են լինում կանգ առնել վատ եղանակի պատճառով:

«Մեր գյուղում կյանքը շատ հետաքրքիր է, հատկապես մեր տանը»,- ծիծաղելով ավելացնում է Գաբրիելյանի կինը՝ 62-ամյա Ֆրիդա Սմբուլյանը։

«Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մեր տունը դարձել է անվճար հյուրատուն հայ-վրացական սահմանը հատողների համար։ Մեր տան դուռը բաց է նրանց առաջ, ով կացարանի կարիք ունի»։

Նա հիշում է մի դեպք, երբ ընտանիքը բացեց տան դռները երեք տասնյակից ավելի մարդկանց համար:

«Հատակին անկողիններ էինք սարքում… մեր ընտանիքի համար 400 լավաշ էինք թխել, որը մեկ ամիս կբավականացներ, բայց այս դեպքում ընդամենը երեք-չորս օր տեւեց»։

Սերժիկը նշում է, որ եղանակը տարիների ընթացքում բարելավվել է, ուստի ձնաբքի պատճառով Բավրայում ավելի քիչ ճանապարհորդներ են մնում։

«Գիտե՞ք քանի հյուրի ենք հյուրընկալել՝ և՛ հայ, և՛ վրացի։ Նրանք անցնում էին սահմանը և [գնալու տեղ չունեին], բացի դրսում մնալուց։ Եկողները հիմնականում վրացական կողմից հարեւան գյուղի բնակիչներն են, ովքեր հաճախ են Հայաստան գալիս առևտրի կամ այլ պատճառներով»,- ասում է նա։ «Դե մենք մարդկանց փողոցում չէինք թողնի... նեղության մեջ գտնվողին միշտ պետք է տանիք տալ»։

«Բավրայի բնակիչների նման հյուրընակ են նաեւ վրացական գյուղի [սահմանից այն կողմ] բնակիչները։ Մեր կողմում էլ շատ ձյուն կա, այնտեղ էլ են մեքենաներն արգելափակվում, մենք էլ ենք հյուրընկալ մեր հարեւանների նման»,- ասում է 28-ամյա Փառանձեմ Մկրտչյանը։ 

Փառանձեմը ծագումով վրացական մի գյուղից է, երկրի Սամցխե-Ջավախեթի շրջանից, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում: Նա ամուսնանալուց հետո  է տեղափոխվել Բավրա։

«Ես եղել եմ Ախալքալաքում [Վրաստան] ավելի շատ, քան մեր մայրաքաղաք Երեւանում։ Երևանն ավելի հեռու է, մանավանդ ձմռանը... այդքան հեռու գնալը հարմար չէ. դա և՛ վտանգավոր է, և՛ թանկ: Ես վրացական կողմից ընկերներ ունեմ, ովքեր նույնպես իրենց մայրաքաղաք Թբիլիսիում այնքան հաճախ չեն լինում, որքան մեզ մոտ»,- ասում է Բավրայի բնակիչ, 31-ամյա Աղաբեկ Գաբրիելյանը։

Աղաբեկն ասում է, որ ինքը իր ծննդյան տարեդարձը միշտ նշում էր Ախալքալաքում, թեև դա վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր չէ համաճարակի և սահմանը հատելու լրացուցիչ պահանջների հետ կապված:

«Ծննդյանս տարեդարձն է մոտենում, բայց չեմ կարծում, որ այս տարի ավանդույթը կվերականգնենք»,- ասում է նա։ «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ աշխարհը շնչի, և բոլոր տեսակի համաճարակներն ու սահմանափակումները վերանան։ Չէ՞ որ դրանք խանգարում են մեր ընկերությանը»։

52-ամյա Անդրանիկ Մալխասյան

«Հայկական կողմից շատերը գալիս են Վրաստան՝ ցիտրուսային միրգ գնելու, իսկ մենք վրացական կողմից գնում ենք Հայաստան՝ օրինակ բուժօգնության համար։ Այս տարածքում լավ հիվանդանոց և մասնագետներ կան»,- ասում է Վրաստանում ծնված 52-ամյա Անդրանիկ Մալխասյանը։

58-ամյա Հովհաննես Գաբրիելյան

«Մեր անցակետը միշտ ակտիվ է։ Սահմանամերձ վրացական բնակավայրերի բնակիչների հետ մենք շատ մոտ հարեւաններ ենք։ Այնքան հաճախ էինք գնում-գալիս ու մեր տանիքների տակ իրար ընդունում, որ շատ մտերիմ ենք դարձել։ Անգամ մեր ընտանեկան միջոցառումներին ենք միմյանց հրավիրում՝ հարսանիքների, ծննդյան տոների և այլն»,- ասում է 58-ամյա Հովհաննես Գաբրիելյանը, ով ծնունդով Բավրայից է։

Հովհաննեսն այնքան հաճախ է Վրաստան գնացել, որ ամուսնացել է Վրաստանի քաղաքացու հետ։ Տարիներ անց նրա որդին նույնպես ամուսնացել է վրացուհու հետ։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա