Երբ 76-ամյա Մարիետա Սահակյանը փակում է աչքերը, զգում է զեփյուռը, որ փչում էր Լեռնային Ղարաբաղի Կարմրակուճ (Քըրմըզըքայա) գյուղի՝ իր տան մոտ գտնվող բլրի ստորոտին։

100-ից մի փոքր ավել բնակչությամբ գյուղակ Կարմրուկուճը Հադրութի շրջանում է տեղակայված եւ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարիետան ստիպված լքեց իր տունը մարտերի ժամանակ և, ինչպես պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր մարդիկ, այլեւս չկարողացավ վերադառնալ բլրի մոտ գտնվող իր տունը:
Հայաստանի Կառավարության գնահատմամբ՝ պատերազմի ընթացքում Ղարաբաղում իրենց տները ստիպված են եղել լքել շուրջ 30,000 ընտանիք՝ մոտ 91,000 մարդ: Ըստ Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ մեծ մասը եկել է Հայաստան, իսկ վերջին 18 ամիսների ընթացքում մոտավորապես 80 տոկոսը վերադարձել է Լեռնային Ղարաբաղի այն շրջաններ, որ Հայաստանի վերահսկողության տակ են։
Մոտ 20 000 մարդ, այդ թվում՝ Մարիետան և նրա ընտանիքն, ապրում են Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի իշխանությունները որոշակի օգնություն ցուցաբերում են, սակայն տեղահանվածները աշխատանք և բնակարան գտնելու հարցում հիմնականում մենակ են մնացել:
Տեղահանությունը նոր չէր Մարիետայի համար։ Նա և հանգուցյալ ամուսինը անօթևան էին դարձել դեռ 1988-ին, երբ ստիպված էին փախչել Ադրբեջանի մայրաքաղաքից՝ ղարաբաղյան առաջին պատերազմի նախօրեին։
«Այս ամենը շատ դժվար է, շատ դաժան և անհնար է ընդունել մինչև վերջ»,- ասում է նա։
Բայց ավելացնում է, որ տան կորուստը ոչինչ է երեխայի կորստի համեմատ։ «Հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց ամենաթանկը՝ իրենց որդիներին», - նշում է Մարիետան,-«Ես իրավունք չունեմ այլ բաներից դժգոհելու»։

Մարիետա Սահակյանը թոռան՝ Ժասմին Հայրապետյանի հետ
Փոխարենը նա աշխատում է որդու և նրա ընտանիքի հետ նոր կյանք ստեղծել Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընտանիքը ՀՀ կառավարությունից որոշակի սոցիալական օգնություն ստացել է, սակայն հիմնականում՝ միանվագ։
Միքայել Վիրաբյանը, որը գլխավորում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները, ասում է, որ այժմ Երևանում է մնացել Ղարաբաղի շուրջ 5500 տեղահանված բնակիչ՝ մոտ 1500 ընտանիք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանի խոսքով՝ նրանց աջակցելու համար ՀՀ Կառավարությունն իրականացրել է աջակցության շուրջ 20 ծրագիր։
Աջակցությունը ներառում էր 68,000 հայկական դրամի (մոտ 140 դոլար) միանվագ վճար՝ պատերազմի պատճառով տեղահանված Ղարաբաղի ավելի քան 100,000 բնակիչների համար։ 300.000 դրամ հավելավճար է տրվել Մարիետայի նման մարդկանց, որոնց տունն այժմ Ղարաբաղի իշխանությունների վերահսկողությունից դուրս է։ Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ գումարը ստացել է մոտ 36000 մարդ։
Մատաղիսից (Սուգովուշան) կնոջ և մանկահասակ որդու հետ տեղահանված 29-ամյա Կարեն Շիրինյանն ասում է, որ օգնության համար շնորհակալ է, սակայն դա բավարար չէր. այսօր նա ստիպված է երկու տեղ աշխատել, որպեսզի հոգ տանի իր ընտանիքի մասին եւ վճարի բնակարանի վարձը։
«Կոմունալների համար ամսական վճարում ենք 60 հազար դրամ, վարձակալության համար՝ 40 հազար դրամ, մանկական կաթնախառնուրդի և տակդիրի համար՝ մոտ 65 հազար դրամ»,- ասում է նա՝ նշելով, որ փետրվարին ՀՀ կառավարությունից ստացել են 45 հազար դրամ, բայց դրանից հետո օգնություն չի տրամադրվել։
Կարենն ընդգծում է, որ ընտանիքը միայն տունը չի կորցրել. նրանք կորցրել են Ղարաբաղում ստեղծած իրենց կյանքը։ «Մինչ պատերազմն ու տեղահանությունը մենք ապրում էինք բարեկեցիկ կյանքով։ Աշխատել եմ Մատաղիսի զինվորական ճաշարանում՝ որպես խոհարար»,- ասում է նա։
Կարենի և նրա ընտանիքի կրած վնասներն ու կորուստը կիսում են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, նշում է հոգեբան Արմինե Ավագյանը, ով աշխատում է մարտերի հետևանքով տեղահանված ընտանիքների հետ։
«Տեղահանվածներից շատերը դեռևս հոգեբանական խնդիրներ ունեն, ինչը հանգեցնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, ապագայի հանդեպ վախի․․․ Կան ընտանիքներ, որոնք կորցրել են ե՛ւ ընտանիքի անդամին, ե՛ւ տունը, ե՛ւ հողը․ այդ ամենը հոգեբանորեն հաղթահարելը հեշտ չէ: Կորստի զգացումը և նոր միջավայրին հարմարվելու մարտահրավերներին դիմակայելը շատ դժվար է»,- ասում է նա:- «Այդ իսկ պատճառով նույնիսկ տարիներ անց դա խոր հետք է թողնում մարդկանց հոգեբանության վրա»:
22-ամյա Անի Սարգսյանը, որն ուսանող էր, երբ փոքր քույր-եղբայրների հետ ստիպված էր փախչել Հադրութից, դեռ տանջվում է պատերազմի հիշողություններից։
«Ես գրեթե ամեն օր մղձավանջներ եմ տեսնում։ Երազներիս մեջ միշտ Հադրութում եմ»,- պատմում է Անին, որն ինը տարեկան եղբորը և տասնչորսամյա քրոջը Երևան բերելու պատասխանատվությունն էր ստանձնել, քանի որ ծնողները մնացել էին կռվի դաշտում։
Այսօր նա տատիկի հետ ապրում է Երևանում՝ հարազատների մոտ։ Անին հայոց լեզվի և գրականության մասնագետ է, աշխատանք ունի, բայց Ղարաբաղ վերադառնալու մասին է մտածում։
Տարեսկզբին նրա ծնողները, եղբայրն ու քույրը վերադարձել են Ղարաբաղ՝ չնայած զրկված են հայրենի տուն գնալու հնարավորությունից։
«Հայաստանում մարդիկ ջերմ են, բայց մեր ծննդավայրն Արցախն է»,- ասում է Անին։ -«Անցան ամիսներ, բայց երեխաներն անընդհատ կրկնում էին, որ ուզում են ապրել եթե ոչ Հադրութում, ապա գոնե Արցախի մեկ այլ հատվածում։ Հիմա նրանք իրենց համեմատաբար ավելի լավ են զգում, բայց դեռ ցավում են Հադրութում մեր տան կորուստի համար և չեն կարողանում մոռանալ պատերազմի սարսափելի տեսարանները»։
նվիրաբերեք հիմա