Չնայած նվազող պահանջարկին, հայ ջուլհակները շարունակում են գործել
Առատորեն ներկված բուրդն աչք շոյող և խորհրդանշական նախշերով հյուսելը Հայաստանում և ողջ Կովկասում հարյուրավոր տարիներ շարունակ կարեւոր հմտություն է համարվել: Հաղթահարելով մշակութային փոփոխությունները, արհեստն այսօր կանգնած է էկզիստենցիալ վտանգի առաջ, մասամբ նաեւ գորգագործների թվի նվազման և սահմանափակ պահանջարկի պատճառով:
Գորգագործության արվեստն իր մեջ կրում է տարածաշրջանի մշակույթները: Հին Հայաստանում գորգերն ու կարպետներն ավանդաբար համարվում էին թանկարժեք կահույքի մաս, և ոչ բոլորը գորգ գնելու հնարավորություն ունեին: «Գորգ ունեցող անհատը համարվում էր մեծ կարողությունների տեր»,- ասում է ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը։ «Միջնադարում, հատկապես արաբական խալիֆայության օրոք, պատիվ էր համարվում խոսել մեկի հետ, ով հայկական գորգ ուներ»:
Պողոսյանը նշում է, որ որոշ ապացույցներ կան, որ երբևէ հայտնաբերված ամենահին գորգը՝ Պազիրիկը, հայկական արտադրության է։ Նա ընդգծում է, սակայն, որ գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք ծագումը հայկական, թե պարսկական է։
Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թվականին Ռուսաստանի Սիբիրի Ալթայի լեռներում գտնվող սառցակալած դամբարանում: Գորգը, որը համարվում է ավելի քան 2500 տարեկան, պահպանում է հարուստ կարմիր և դեղին գույները:
«Մեգերյան կարպետ»-ի արտադրության և կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով, այդ գույները, ինչպես նաև կապույտն ու կանաչը տարածված են հայկական գորգարվեստում։ Գորգի մեջ օգտագործվող հանգուցային տեխնիկան նույնպես բնորոշ է հայկական գործվածքին։
«Գորգի դեկորատիվ տարրերի ոճավորումն ու խորհրդանիշները հայկական գորգերին բնորոշ հատկանիշներ ունեն… Պազիրիկ գորգը հյուսված է կրկնակի հանգույցներով։ Գորգի ներկում օգտագործվում է ալ կարմիրը, հատկապես Արարատյան դաշտավայրի կարմիրը: Դեկորատիվ կողմերը բնորոշ են Վանի թագավորությանը»,- ասում է նա։ «Իհարկե, կրկնակի հանգույցները մեզ շատ հատուկ չեն, և նախքան բոլորին ասելու, որ գորգը հայկական է, պետք է մանրամասն ուսումնասիրել և վստահ լինել»։
Խորհրդային Միության տարիներին Հայաստանում և այլուր ստեղծվեցին դպրոցներ՝ գորգագործություն սովորեցնելու համար։ Մարդիկ այդ արհեստը սովորեցին նաև տարբեր գործարաններում գորգ արտադրողների կողքին աշխատելիս:
«Ընդհանուր առմամբ, աշխատանքը դժվար է, բայց մենք երբեք չենք հոգնում դրանից: Դուք չեք հոգնի հյուսելուց, եթե անկեղծորեն սիրում եք դա»,- ասում է նա: «Մենք կիրակին անցկացնում ենք տանը, իսկ երկուշաբթի օրը վազում ենք աշխատանքի»:
Երկու փոքր երեխաներին մեծացնելու ժամանակ Վարվառան տանն էր գորգեր հյուսում։ Բայց արհեստի հանդեպ նրա սերը դստերը չի փոխանցվել։
«Գորգագործների փոքր թիվն իրական խնդիր է, նշում է «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Անդրեասյանը։
«Գորգագործների թիվը գնալով նվազում է. ամբողջ աշխարհում է այդպես և կապված է կյանքում տեղի ունեցող փոփոխությունների հետ»,- ասում է նա։ «Մարդիկ նախընտրում են աշխատել բանկերում կամ ՏՏ ընկերություններում կամ հեշտ և լավ վարձատրվող աշխատատեղերում»:
Գորգագործների նոր սերնդին ոգեշնչելու համար Folk Arts Hub-ի նման ստուդիաները դասընթացներ են կազմակերպում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում:
Որոշ ուսանողներ, ինչպես օրինակ 46-ամյա Հասմիկ Մարգարյանը, դասընթացն ավարտելուց հետո հիմնում են իրենց սեփական կենտրոններն ու ստուդիաները: Հասմիկը, ով մանուկ հասակում մորից ու տատիկից է սովորել հյուսել, ասում է, որ բոլորը, ովքեր սկսում են հյուսել, «սիրահարվում են դրան»։ Նա և երկու այլ ջուլհակներ այժմ գորգագործություն են դասավանդում Իջևանում, որտեղ բացել են «Թելիք» մշակութային կենտրոնը:
Ժողովրդական արվեստի կենտրոնում վերապատրաստվելուց հետո 24-ամյա Շահանե Սերոբյանը սկսել է գորգագործություն դասավանդել Արագածոտնի մարզի Արագածի համայնքային կենտրոնում:
Շահանեն որոշ ժամանակ աշխատել է Ժողովրդական արվեստի կենտրոնում, միաժամանակ աշխատելով տնից, երբ կարպետների կամ գորգերի պատվերներ էր ստանում: Բայց մշտական աշխատանքի բացակայությունը գործելու փոխարեն նրան ստիպեց կենտրոնանալ ուսուցման վրա։
Folk Arts Hub-ի մշակութային ծրագրի ղեկավար Դիանա Հովհաննիսյանը համաձայն է, որ ցածր և անկայուն աշխատավարձերը, ինչպես նաև քրոնիկ առողջական խնդիրները, որոնք անհանգստացնում են գորգագործներին՝ մեջքի ցավեր, արմունկների ցավեր, տեսողության վատացում, մարդկանց վանում են այս մասնագիտությունից։
Շահանեն ասում է, որ հյուսել սիրողների համար կանոնավոր հաճախորդներ գտնելը պարտադիր է:
«Հայաստանում պահանջարկը բավականին ցածր է»,- ասում է նա։ «Դուք դա պետք է անեք կամ ձեզ համար, կամ կաշխատեք գործարանում»:
Այս հոդվածը ստեղծվել է Չայխանայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում - 2022 թվականի գարուն
նվիրաբերեք հիմա