Սիրո համար, ոչ թե փողի, հայ թոշակառուները շարունակում են աշխատել

Լրագրող: Կարինե Մանուկյան

05.07.22
Հրատարակություն: Աշխատանք

Ավելի քան չորս տասնամյակ 73-ամյա Ավետիս Վարդանյանն օգնում է Երևանի Օպերային թատրոնի դերասանական կազմին մրցանակների արժանի բեմադրություններ ունենալ որպես բեմադրիչ ռեժիսոր:

«Ես կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարիքն ունեմ և կարող եմ»,- ասում է նա։

Ավետիսը, որը հայտնի է Վիծյա անունով, այն մի քանի թոշակառու կադրերից է, ովքեր շարունակում են աշխատել թատրոնում՝ չնայած թոշակի անցնելու հնարավորությանը:

65-ամյա Նինա Մկրտչյանը դպրոցից անմիջապես հետո սկսեց աշխատել Օպերային թատրոնում՝ որպես դիմահարդար։ Ընտանեկան ողբերգությունը հաղթահարելու համար, որոշ ընդմիջումից հետո Նինան վերադարձավ թատրոն 1988 թվականին և երբեք հետ չնայեց:

Վերջին 34 տարիների ընթացքում Նինան աշխատում է թատրոնի զգեստապահարանի բաժնում։ Նրա պարտականությունն է համոզվել, որ դերասանների զգեստները լավ վիճակում են եեւ պատրաստ են ներկայացումների համար:

Երեք երեխաների մայրն ասում է, որ բեմական հագուստները տարիների ընթացքում դարձել են իր «երեխաները».

«Ես նեղվում եմ վնասված հագուստի համար։ Ես նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեի իմ երեք երեխաներին»,- ասում է նա։ «Չկա որևէ բառ, որը կարող է նկարագրել իմ սերը դրա [թատրոնի] հանդեպ։ Թատրոնում զգում եմ ինչպես տանը»։

Հայաստանի քաղաքացիների մոտ 10,7 տոկոսը (71,100) 65 տարեկան և ավելի բարձր տարիքի են և օրինականորեն կարող են թոշակի անցնել: Բայց ֆինանսների կամ, ինչպես Վիծյան ու Նինան, աշխատանքի հանդեպ սիրո պատճառով, չեն ընտրում դա:

Հոգեբան Մարիամ Մելքումյանն ասում է, որ աշխատանքն իրենց կյանքին իմաստ է տալիս. «Այնպիսի միտում կա, երբ անհատները թոշակի են անցնում, սկսում են բախվել ճգնաժամի հետ»,- ասում է նա։ «Երբեմն նրանք ընկնում են դեպրեսիայի մեջ, քանի որ հասկանում են, որ այլևս ոչ մի օգտակար բան չեն անում։ Երբ Հայաստանում անհատները թոշակի են անցնում, նրանք ոչինչ չեն անում, բացի տանը նստելուց, թոռներին խնամելուց կամ միայնակ ապրելուց»։

Իրավական առումով Նինան կարող էր թոշակի անցնել այս տարի, բայց որոշեց շարունակել աշխատել:

«Տանը մնալը շատ դժվար է, մի տեսակ տեղին չէ։ Այստեղ ես ինձ արժեքավոր եմ զգում»,- ասում է նա։

«Ես չեմ բողոքում, քանի որ ոտքերս, ձեռքերս և ուղեղս դեռ գործում են։ Վստահ չեմ, թե քանի տարի առողջ կլինեմ, բայց կփորձեմ, քանի որ պետք եմ տանը և այստեղ»։

Նրա գործընկեր Սերոբ Գևորգյանը 68 տարեկան է և նույնպես չի պատրաստվում թոշակի անցնել։

Մասնագիտությամբ փորագրիչ Սերոբը սիրահարվել է թատրոնին՝ 1972 թվականին դիտելով Ռոմեո և Ջուլիետ ներկայացումը։

«Նրանց խաղը, ինչպես նաև երաժշտությունը գրավեցին իմ սիրտը: Ես այնքան տարվեցի դրանով, որ ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, և նույնիսկ մոռացա, որ մասնագիտությամբ փորագրիչ եմ։ Ես համոզված էի, որ ուզում եմ դրա մի մասնիկը լինել»,- հիշում է նա:

Նա թատրոնում աշխատող ընկերներ ուներ և միացավ նրանց՝ սկզբում որպես դերասան, ապա 1983 թվականին՝ որպես Օպերայի դերասանների միության ղեկավար։

Աշխատավարձն ու աշխատանքից բավարարվածությունը մի կողմ թողած, աշխատակազմի կենսաթոշակային տարիքի անդամներից շատերը մտահոգված են, որ իրենց տեղը զբաղեցնող չկա, եթե նրանք թոշակի գնան:

«1995թ.-ից փորձում եմ ինչ-որ մեկին սովորեցնել այս աշխատանքը, բայց բազմաթիվ պատճառներով, այդ թվում ցածր աշխատավարձով պայմանավորված, չկա մեկը, ով շարունակի իմ աշխատանքը այնքան բուռն, որքան ես եմ անում տարիներ շարունակ»,- ասում է Սերոբը:

Նա ավելացնում է, որ նվիրվածությունն ու կիրքը կենսական նշանակություն ունեն կարիերայի համար: «Առաջին հերթին պետք չէ անտարբեր լինել աշխատանքի նկատմամբ, պետք է կրքոտ լինել»,- ասում է նա։

Օպերայի բեմադրիչ Վիծյան համաձայն է. Նա նշում է, որ փորձել է փոխարինող պատրաստել, սակայն ընդգծում է, որ «չկա մեկը, ով կշարունակի իմ աշխատանքը»։

«Ես չեմ տեսնում որևէ մեկին, ով դա կանի այնքան եռանդով, որ ես կարողանամ դա հանգիստ հանձնել նրան», - ասում է Վիծյան:

73-ամյա Միքայել Մելիք-Օհանյանը աշխատանքի և արվեստի հանդեպ ունեցած իր սերը համարում է իր երկարամյա կարիերայի հիմք: 1995 թվականից աշխատել է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես սանտեխնիկ։ Դա նրա երկրորդ աշխատանքն էր՝ մոտ երեսուն տարի գործարաններում աշխատելուց հետո:

Երաժշտության հանդեպ սերը Միքայելին ստիպում է նոր հմտություններ սովորել և ի վերջո ստանալ ․․․ մասնագետի կոչում: Այսօր նա պատասխանատու է գույքի տնօրինման համար, այդ թվում՝ բեմի, որը պատրաստում է համերգների համար։ Նա ասում է, որ չի պատրաստվում թոշակի անցնել:

«Ես չեմ կարող ինձ պատկերացնել նստած ոչինչ չանելիս», - ասում է նա: «Նույնիսկ երբ տանն եմ, աշխատում եմ իմ այգում: Ես չեմ սիրում նրանց, ովքեր աշխատելու ունակություն ունեն, բայց պարապ են մնում»։


Այս հոդվածը պատրաստվել է Չայխանայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 2022 թվականի գարնանը

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա