Ամբողջ դրույքով աշխատանք, թե՞ ամբողջ դրույքով մայրություն․ հայկական իրականություն

Լրագրող: Ռուզան Գիշյան,

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան

10.02.23
թեման: Կանայք

Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ 40-ամյա Նանե Ասատրյան-Բագրատունին ծննդաբերության արձակուրդ գնալուց մոտ 20 օր առաջ իմացավ, որ ազատվել է աշխատանքից։ 

Աշխատանքային օրենսգիրքը զրոյական պաշտպանության էր ապահովում կնոջ ու երեխայի համար, քանի որ նրա պաշտոնը նշանակովի էր, եւ պայմանագիր որպես այդպիսին չէր կնքվել։ 

Ասատրյան-Բագրատունին ասում է, որ աշխատել է Քովիդի և հայ-ադրբեջանական պատերազմի ամենադժվար շրջանում և որևէ խնդիր չի ունեցել մարզպետների հետ։ Աշխատանքից հեռացվելու որոշումը նրա համար անսպասելի հարված էր։

Հայաստանում անօրինական է կնոջն աշխատանքի ընդունելուց հրաժարվելը կամ նրան աշխատանքից ազատելը՝ հղի լինելու կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունենալու հիմքով։ Իրականում, սակայն, բազմաթիվ գործատուներ օգտագործում են օրենսդրական բացը` աշխատանքից ազատելով մայրության արձակուրդում գտնվող կանանց կամ հրաժարվելով վճարել օրենքով երաշխավորված մայրության նպաստները:

Աշխատանքային օրենսգիրքը հստակ տարբերակում է դնում աշխատանքային պայմանագրերի կոնկրետ տեսակների միջև, և միայն մեկ տեսակ՝ աշխատանքային պայմանագրերը ճանաչում որպես օրինական զբաղվածություն։ Այդ դեպքում աշխատողները լիարժեք օգտվում են արտոնություններից՝ ներառյալ մայրության վճարովի արձակուրդը: Այլ տեսակի պայմանագրեր, նույնիսկ եթե խոսքը լրիվ դրույքով աշխատելու եւ հարկվելու մասին է, չեն ապահովում այս ամենը:

Փաստաբան Գեւորգ Սլոյանն ասում է, որ երկու կատեգորիաների՝ աշխատանքային պայմանագրի և ծառայություններ մատուցելու պայմանագրի միջև տարբերությունն էական է:

«Ծառայությունների մատուցման պայամնագիր ունեցող անձը չի համարվում աշխատող, հետևաբար չունի նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն։ Հետևաբար, կապ չունի նաև, թե կինը հարկեր վճարում է, թե՝ ոչ։ Եթե չունի աշխատանքային պայմանագիր, ապա չի համարվում աշխատող և չունի նաև մայրության, երեխայի խնամքի արձակուրդ գնալու, մայրության և երեխայի խնամքի նպաստներ ստանալու իրավունք»,- ասում է նա։

Եթե կինն ունի աշխատանքային պայմանագիր, ապա պետությունը նրան երաշխավորում է մայրության 140 օր վճարովի արձակուրդ, ընդ որում 70 օր հղիության ընթացքում և 70 օր ծննդաբերությունից հետո։ Մեկից ավելի երեխա ունեցող կանայք ստանում են լրացուցիչ 40 օր վճարովի արձակուրդ: Բացի այդ, երեխային խնամող ծնողը կարող է խնդրել մինչև երեք տարվա արձակուրդ: Աշխատանքային պայմանագիր չունեցողների համար, սակայն, երաշխավորված արտոնություններ չկան։

Համաձայն «Հայաստանում Covid 19-ի ազդեցության գնահատման» զեկույցի (World Bank, 2021) տվյալների՝ մինչև կորոնավիրուսի hամավարակի բռնկումը, հարցվածների միայն 13,3%-ն է ունեցել գրանցված աշխատանք եւ օգտվել բոլոր արտոնություններից։ Հարցմանը մասնակցած զբաղված կանանց 69 տոկոսն ընդհանրապես ոչ մի տեսակի պայմանագիր չի ունեցել։ 

Հայաստանում շատ կանայք տեղյակ չեն պայմանագրերի տարբերությունների մասին։ Երբ 33-ամյա լրագրող Նունե Մարտիրոսյանն ուսումն ավարտելուց հետո սկսեց աշխատել մեդիա ոլորտում, ուշադրություն չդրաձրեց այն պայմանագրին, որը ստորագրում էր։ Սակայն տարիներ անց, երբ ամուսնացավ, պարզեց, որ պայմանագիրը չի ներառում մայրության արձակուրդ կամ այլ իրավունքներ: 

«Առաջին երեխայից հետո ոչ մի պետական աջակցություն չստացա, որովհետեւ համարվում էի չաշխատող մայր, ու այդ ժամանակ չկար աջակցություն չաշխատող մորը։ Իմ հաշվին գնացել եմ արձակուրդ եւ բալիկիս յոթ ամսականը լրանալուն պես վերադարձել եմ աշխատանքի»,- պատմում է նա։ 

Նունեն պնդում է, որ շուկան չի վերահսկվում եւ գործատուն պարտադրում է ստորագրել այն պայմանագիրը, որն իրեն է ձեռնտու։

Կանանց վերարտադրողական և աշխատանքային իրավունքների ոլորտում մասնագիտացած «Կետ 33» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Աստղիկ Կարապետյանն ընդգծում է այն խնդիրները, որոնց բախվում են կանայք, եթե չունեն համապատասխան աշխատանքային պայմանագիր:

«Իրականում Հայաստանում դժվար է պաշտպանել արդեն իսկ ոտնահարված իրավունքները։ Յուրաքանչյուր դեպքում, իհարկե, հնարավոր է դիմել դատարան, բայց դա ժամանակատար գործընթաց է և նաև ծախսատար»,- ասում է նա՝ հավելելով, որ գործատուները հակված են կանանց որպես «խնդիր» դիտարկել, այլ ոչ վերաբերվել որպես արժեք ստեղծող։

«Նրանք հղի կնոջն ընկալում են որպես խնդիր և չեն ցանկանում ներդրումներ անել, բայց մենք պետք է փոխենք այդ ընկալումը, քանի որ ծննդաբերությունից 1-2 ամիս հետո կինը կարող է համատեղել երեխայի խնամքն աշխատանքի հետ: Եթե մարդը պատասխանատու է և սիրում է իր աշխատանքը, ուրեմն կանի դա։ Եվ իհարկե, շատ երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե գործատուն պայմաններ է ստեղծում, որպեսզի մայրը համատեղի երեխայի խնամքն ու աշխատանքը, ապա կինն աշխատում է մեծ նվիրումով և բարձր մոտիվացիայով»,- ասում է Կարապետյանը։

Նախկին պաշտոնյան՝ Նանե Ասատրյան-Բագրատունին, որոշեց դատարան դիմել, թեև որպես նշանակովի պաշտոն զբաղեցնող անձ աշխատանքային պայմանագիր չուներ։ Նա ասում է, որ արժե ջանքեր գործադրել օրենքը բարեփոխելու համար: «Ես ուզում էի և որոշեցի պաշտպանել չծնված երեխայիս իրավունքները»,- ասում է նա։

Ասատրյան-Բագրատունին որոշեց դիմել դատարան, քանի որ ուզում էր, որ օրենքի բացը լրացվի, և իր գործը նախադեպ դառնա նաև այլ կանանց համար։

Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր, որից հետո Նանեն վերաքննիչ դատարն է դիմել։

«Ես պատրաստվում եմ դատական բոլոր ատյաններով անցնել ու գնալ դեպի միջազգային հարթակներ, որովհետեւ սա սկզբունքի հարց է, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, չծնված երեխայի եւ հղի կնոջ նկատմամբ վերաբերմունքի հարց է։ Ինչքան էլ տեւի, միեւնույն է, զբաղվելու եմ դրանով եւ հետամուտ եմ լինելու, որպեսզի մեր երկրի օրենքում էլ լինի փոփոխություն եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող կինը լինի առավել պաշտպանված»,- ասում է Նանե Ասատրյան-Բագրատունին․ «Մայրը հզոր զենք է պետության կառավարման եւ առաջնորդման գործում: Մենք դա պետք է գիտակցենք եւ կառավարման օղակներում ունենանք շատ կանայք, մայրեր, ովքեր զավակի պես են վերաբերվում պետությանն ու քաղաքացուն»։ 

Ներկայումս, սակայն, կանանց մեծամասնությունը չունի շատ միջոցներ՝ աշխատանքից ազատվելը դատարանում վիճարկելու համար: Նրանց միակ տարբերակը, գործող օրենքով, գործազուրկ մայրերին առաջարկվող միանվագ վճարի (156․600 դրամ) դիմում ներկայացնելն է։ Կառավարությունը մայրերին նաեւ միանվագ վճար է տրամադրում՝ անկախ աշխատանքային կարգավիճակից։ Այս դեպքում գումարը կախված է ընտաինքում երեխաների թվից։

Լրագրող Նունե Մարտիրոսյանը հաշվարկել է, որ իր ընտանիքը կորցրել է 2000 դոլարից ավելի նպաստ, փոխարենը՝ երկրորդ հղիության ժամանակ ստացել է միայն միանվագ վճարը։ 

Նունեն աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես վիդեոմոնտաժող և սոցիալական մեդիայի մասնագետ, նախքան երկրորդ երեխան ունենալը: Մարտիրոսյանն ասում է, որ ղեկավարն անընդհատ խոստացել է, որ շուտով իր հետ աշխատանքային պայմանագիր կկնքեն, սակայն այդպես էլ չեն կնքել։ 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի «Կանայք եւ տղամարդիկ, 2021» զեկույցի՝ կանայք ավելի շատ ներգրավված են ցածր աշխատավարձով և ոչ ֆորմալ աշխատանքի հատվածներում, ինչը նշանակում է, որ կանանց պարագայում ավելի բարձր է չգրանցված աշխատելու, արձակուրդ չստանալու, հիվանդության դեպքում վճարվող արձակուրդ չստանալու, առողջության ապահովագրություն չունենալու հավանականությունը և առհասարակ՝ սոցիալական երաշխիքների բացակայությունը։

«Ես մինչեւ հղիանալը որոշեցի դուրս գալ, որովհետեւ կորցնելու բան չունեի, իմ աշխատատեղը չէին պահելու, պետություից էլ ստանալու էի չաշխատող մոր միանվագ գումարը։ Գործատուից ես չէի ստանալու ֆիզարձակուրդի գումարը»,- ասում է Նունե Մարտիրոսյանը։ 

Իրավապաշտպան Կարապետյանը նշում է, որ շատ կանայք տեղյակ չեն երեխայի խնամք խնդրելու իրենց իրավունքի մասին։ Մասնավոր ընկերություններից օրենսդրորեն չի պահանջվում այն տրամադրել, և ներկայումս քչերն են դա անում:

«Սորիզո Ժելատոն» այն քիչ կազմակերպություններից է, որն իր հարկի տակ ընտանիքամետ միջավայր է ստեղծել։ 

Բացառություն է «Սորիզո Ժելատո» սրճարանը: Այստեղ կա կրծքով կերակրման առանձին սենյակ, կրծքով կերակրման համար անհրաժեշտ բարձ, թաց անձեռոցիկներ, դիմափոշի և տակդիրներ։ Սրճարանի աշխատակիցների և հաճախորդների համար սենյակից օգտվելն անվճար է։ Կա նաև առանձին խաղասենյակ, որտեղ ծնողներն օրվա ընթացքում կարող են թողնել իրենց երեխաներին այնքան, որքան ցանկանում են՝ վճարելով 1000 դրամ ($2)։

«Կնոջ դերը մեծ է ցանկացած աշխատանքում, ինչպես նաև տղամարդունը, բալանսը կարևոր է շատ: Կոնֆլիկտները քիչ են և արդյունավետությունն ավելի բարձր, երբ թիմում բալանսավորված է կին և տղամարդ աշխատակիցների քանակը»,- ասում է «Սորիզո Ժելատո»-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Անի Հովակիմյանը։

Սրճարանի մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Հովակիմյանն ասում է, որ բիզնեսի համար սեռը կարեւոր չէ, եւ երբ իրենք աշխատողներ են վերցնում՝ փորձում են ճկուն լինել գրաֆիկների հարցում, մանավանդ այն դեպքում,երբ աշխատողը հղի է կամ տանը երեխաներ ունի:

«Մենք ունեցել ենք աշխատակիցներ, որոնք մինչ 7 ամսական հղի եկել են աշխատանքի և մեկ կամ երկու տարի հետո կրկին վերադարձել են։ Եթե կարիք կար երեխայի հետ գալ աշխատանքի, կրկին խնդիր չէր, կամ երբևէ խնդիր չենք առաջացրել հավելյալ հանգստյան օրեր կամ ժամեր տրամադրելու հարցում: Մենք ունենք աշխատակցուհի, ով իր երկրոդ բալիկին է մեզ հետ աշխատելու ընթացքում ունենում»,- ասում է Անի Հովակիմյանը՝ շեշտելով, որ այդ ընտրությունը պետք է կինը կատարի։

«Ես իմ առաջին բալիկի ծնունդից 30 օր անց հետ եմ վերադարձել աշխատանքի և դա ինձ փրկել է հետծննդյան դեպրեսիայից: Երբ դու քեզ զգում ես լիարժեք ունակ կազմակերպելու օրդ՝ թե որպես մայր, թե որպես գործարար կին, խաղաղ ես ապրում ինքդ քեզ հետ, իսկ դա այն է, ինչ հարկավոր է քո երեխային»,- ավելացնում է նա: 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա