Ժամանակին տաբու համարվող թերապիան Հայաստանում լայն տարածում է ստանում

Լրագրող: Արփի Բեքարյան,

Իլյուստրատոր: Մերի Հովսեփյան

15.02.23

Ես վերադարձա Երևան մինչև համաճարակի սկսվելը՝ 2020 թվականի հունվարին, ու մինչ փորձում էի համակերպվել վերադարձիս հետ, COVID19-ը տարածվում էր ամբողջ աշխարհում․ ամիսներ անց ես «փակված» էի Երևանում ու պայքարում էի այս նոր իրականությանը հարմարվելու համար։ Օրեր շարունակ չէի կարողանում դուրս գալ անկողնուց։ 2020 թվականի հուլիսին իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. վերցրի հեռախոսն ու զանգեցի մի  թերապևտի, ում ընկերներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Դողացող ձայնով  պայմանավորվեցի հանդիպել:

Դեռ մինչ 2020-ը հետաքրքրված էի թերապիայով, բայց դրա հանդեպ համընդհանուր թերահավատության ու նաև օտար մարդու մոտ անձնական խնդիրներից խոսելու վախի պատճառով միևնույն է ինձ ետ էի պահում թերապիայի գնալու մտքից։ Բայց համաճարակի հետեւանքներն ու իմ անձնական ցնցումները ստիպեցին փոխել միտքս։

Առաջին այցից միայն այն եմ հիշում, որ միաժամանակ և՛ խոսում էի, և՛ լաց լինում։ Հանում էի դիմակս, շունչ քաշում ու շարունակում։

Առօրյա կյանքում ամեն անգամ երբ խոսելիս լացս զսպել չէր ստացվում, պարզապես դադարում էի խոսել, քանի որ թվում էր, թե ուրիշների համար ամենաանհարմար բաներից մեկն է դիտել, թե ինչպես է ինչ-որ մեկը միաժամանակ և լաց լինում, և խոսում: Բայց թերապիայի ժամանակ ինձ հնարավորություն էր տրվել հենց այդպես անել: Մի անծանոթ լսում էր իմ պատմության ամենախճճված տարբերակը։

Ես գնացի նաև հաջորդ շաբաթ, իսկ հետո մյուս շաբաթ, ու այդպես շարունակ… մեկ ժամ զրուցում էի, լաց լինում կամ պարզապես նայում մի կետի՝ փորձելով մարսել այն հարցերը, որոնք թերապևտը տալիս էր իմ մենախոսություններից հետո, ավելի ճիշտ՝ փորձելով մարսել այդ հարցերին տրվող իմ պատասխանները: 

Հայ հասարակությունն ավանդաբար բաց չի եղել թերապիայի նկատմամբ: Հոգեբանների հանդեպ վստահությունը մեծ չէր։ Մարդիկ սովոր էին մտածել, որ խնդիրները պետք է քննարկվեն տանը կամ ընկերների հետ, և եթե ինչ-որ մեկն օգնություն է փնտրում օտարից, ապա նրա հետ մի բան այն չէ: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակը սկսեց փոխվել։ 

Կարծում էի, որ հոգեբանի մոտ գնալու մասին երբեք չեմ ցանկանա բարձրաձայնել, բայց շուտով հասկացա, որ կարող եմ ոչ միայն ընկերներիս և ծնողներիս ասել, այլ նաև ուրիշներին առաջարկել օգտվել այս ծառայությունից:

Հոգեբույժ, հոգեթերապևտ, «Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Արամ Հովսեփյանը ենթադրում է, որ 2020 թվականի պատերազմից հետո թերապիայի ծառայությունը սկսեց զարգանալ . «Առնվազն երկու կենտրոն բացվեց պատերազմից տուժած մարդկանց օգնելու համար, որոնցից մեկը «Առաջնագծի թերապևտներ (Frontline Therapists)»-ն էր, - ասաց նա՝ շեշտելով, որ նաև այս կենտրոնների աշխատանքը օգնեց նվազեցնել թերապիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը:

Վերջին երկու տարում ավելի շատ կենտրոններ բացվեցին։ Դրանցից ոչ բոլորի գործունեությունն էր ուղղակիորեն կապված պատերազմի հետ: «Այստեղ» կենտրոնը նորերից է եւ բացվել է ընդամենը մի քանի ամիս առաջ։ Հոգեբան և համահիմնադիր Եվա Ասրիբաբայանն ասում է, որ Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել մտածել իրենց հոգեբանական առողջության մասին ու օգնություն փնտրել համավարակից և Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ «Ճգնաժամերը, ինչպիսիք են պատերազմը կամ համաճարակը, բնականաբար սրում են տագնապներն ու անհանգստությունները, սրում են մեր բոլոր հոգեբանական խոցելի կողմերը։ Սա ունիվերսալ մեխանիզմ է ամբողջ աշխարհում. պատերազմները խթանում են մարդաբանական և բժշկական ոլորտների զարգացմանը ․․․ իսկ մեր օրերում դրանք նաև ակտիվացնում են հոգեկան առողջության ոլորտի զարգացումը և այս մասին պատկերացումները»,- ասում է նա։

Չնայած հանրայնացմանը, ոլորտը լի է խնդիրներով, մասնավորապես, թերապևտներին լիցենզավորելու կանոնակարգերի և ոչ էթիկական պրակտիկաների առումով: Սոցիալական ցանցերում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես «թերապևտ»՝ առանց որևէ հատուկ մասնագիտացման: Նայելով նրանց գրառումներն և դիտելով նրանց տեսանյութերը՝ մտածում էի՝  արդյոք մասնագետ ներկայացող այս մարդկանց պրոֆեսիոնալ չլինելը տեսանելի կլինի նրանց համար, ովքեր նախկինում երբեք չեն գնացել թերապիայի:

Քանի որ ոլորտը Հայաստանում կանոնակարգված չէ, մարդիկ կարող են աշխատել որպես թերապևտ՝ առանց որևէ մասնագիտական աստիճանի: «Իրականում նույնիսկ դիպլոմի առկայությունը բավարար չէ հոգեթերապևտիկ ծառայություններ մատուցելու համար։ Կան մարդիկ, ովքեր ներկայանում են որպես հոգեբան և խոստանում անիրական արդյունքներ՝ օրինակ մեկ-երկու հանդիպման ընթացքում բուժել մանկության բոլոր տրավմաները»,- ասում է Ասրիբաբայանը․ «Եվ սա ձևավորում է հոգեբանների մասին մարդկանց պատկերացումները»:

Նա կարծում է, որ հոգեբանները պետք է պատասխանատու լինեն իրենց մասնագիտությունը ներկայացնելու համար՝ չխորացնելով  հոգեբանների հանդեպ կասկածներն ու  թերապիայի մասին կարծրատիպերը։

Ինստագրամյան իր միկրոբլոգում Ասրիբաբայանը խոսում է թերապիայի ընթացքի ինչպես նաև անձի ինքնախնամքի մասին։ Ըստ նրա, սոցիալական մեդիան օգնել է փոխել հասարակության տեսակետը թերապիայի վերաբերյալ, թեև ոչ առանց կողմնակի խնդիրների: Մասնագետը նշում է, որ մարդիկ երբեմն հոգեբաններին ընկալում են որպես «գուրուների», որոնք ապրում են կատարյալ կյանքով ու առանց խնդիրների:

«Եթե ես ինձ ներկայացնում եմ որպես մեկը, ով չունի խնդիրներ, ես ստեղծում եմ կարծրատիպ, որ իդեալական մարդ գոյություն ունի: Բայց թերապիայի իրական և դժվարին աշխատանքը կապված է խոցելիության և ներքին դժվարությունների ընդունման հետ: Եթե մասնագետն իրեն ներկայացնի որպես «գուրու», նրա այցելուն նույնպես կձգտի դառնալ այդպիսին, ինչը միայն կբազմապատկի հաճախորդի մեղքի զգացումը»,- ասում է Ասրիբաբայանը։

«Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Հովսեփյանը կարծում է, որ մասնագետների պրոֆեսիոնալիզմը ստուգելը նաև այն մարդկանց պարտավորվածությունն է, ովքեր դիմում են հոգեբանի օգնությանը: Թեև Հայաստանում լիցենզավորման համակարգ չկա, Հովսեփյանն ասում է, որ լավ մասնագետները սովորաբար իրենց մասնագիտական գիտելիքների մասին տեղեկությունը հրապարակում են համացանցում: Պրոֆեսիոնալիզմի մեկ այլ նշան է, երբ հոգեբանը կամ թերապևտն աշխատում է կրթական ինստիտուտի հետ: «Շատ կարևոր է այն տպավորությունը, որ այցելուն ստանում է մեկ-երկու սեանսից»,- ասում է նա։ «Թերապևտը չպետք է խախտի ձեր անձնական սահմանները, դուք պետք է լավ զգաք նրա ներկայությամբ, ոչ թե վախ ունենաք, որ ձեզ կքննադատեն: Այցելուն չպետք է մտածի, թե մասնագետը իր կամ իր ինքնության մեջ որևէ սխալ բան է տեսնում»:

Ասրիբաբայանը և Հովսեփյանն ընդգծում են այցելւների կարծիքի տարածումը հասարակության լայն շրջանակների մոտ վստահության ձևավորման համար: Երբ մարդիկ կիսվում են իրենց փորձով իրենց ընտանիքների հետ և համացանցում, նրանք օգնում են ուրիշներին հասկանալ հոգեկան առողջության կարևորությունը:

Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը ինստագրամի իր 250.000 հետևորդների հետ պարբերաբար կիսվում է թերապիայի, հոգեբանության և հոգեկան առողջության մասին տեղեկություններով։ Երբ նա առաջին անգամ գնաց թերապիայի, գործիքներ էր փնտրում իր հանրահայտ դառնալու և դրա հետևանքով առաջացած ճնշումների դեմ պայքարելու համար: 

Պատմում է, որ երբ սկսեց զգալ թերապիայի լավ ազդեցությունն իր կյանքի վրա, ուզում էր այդ մասին կիսվել բոլորի հետ՝ ոչ միայն մոտ ընկերների։ «Ես գիտեի, որ այդ պահին պատրաստ չեմ, բայց ինձ համար երազանք էր մի օր այնքան ուժեղ լինել, որ կարողանամ խոսել այդ մասին, որպեսզի շատերն իմանան, որ կարող են այլ կերպ ապրել, զգալ ու մտածել», - ասում է նա:

Տիգրանյանն ասում է, որ թերապիայի գնալու առաջին երկու փորձերն այնքան էլ հաջողված չէին։ Առաջին թերապևտը, ում այցելեց տարիքով ավելի մեծ էր և թվում էր, թե ավելի շատ ցանկանում էր կիսվել իր կյանքի փորձով, քան լսել այցելուի խնդիրների մասին: Իսկ երկրորդը սոցիալական հարթակներում հավանում էր Տիգրանյանի հասցեին արված քննադատական ​​գրառումները։

«Բայց ես հոգեբանությունից չհիասթափվեցի. աշխարհում շատ վատ բժիշկներ կան, բայց դրանից բժշկությունը պակաս կարևոր չի դառնում»: Ավելի ուշ նա նորից փորձեց, գտավ համապատասխան մասնագետի, և սկսեց պարբերական այցելությունները:

Չնայած նրան, որ նա գոհ էր իր թերապևտից և սեանսների ազդեցությունից, դեռևս որոշակի մեղադրանք էր զգում հասարակության կողմից: «Սկզբում զգացողություն ունեի, թե թերապիայի գնալն ամոթ է: Ես գիտակցում էի, որ ամաչելու բան չկա, բայց քանի որ գիտեի  թերապիայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, ինքս ինձ նայում էի նրանց աչքերով, ու ինձ շատ խոցելի էի տեսնում», - ասում է նա՝ հավելելով, որ շատ հաճախ մարդիկ իրենց առջև ծառացած մարտահրավերներին նայում են որպես հավերժական մի բանի, որի հետ պետք է ապրել, երբ իրականում թերապևտը կարող է օգնել ձերբազատվել դրանից:

«Դուք կարող եք մտածել, որ որոշ բաներ պարզապես ձեր բնավորության մի մասն են, օրինակ, դուք նյարդային անձնավորություն եք, բայց իրականում դա կարող է ավելի խորքային խնդիր լինել, որն ունի լուծում ու որևէ կապ չունի Ձեր բնավորության հետ»:

Իր ինստագրամյան էջում նա աստիճանաբար սկսեց խոսել թերապիայի կարևորության, հոգեբանության ու հոգեբուժության միջև եղած տարբերությունների, ինչպես նաև ինքնաճանաչման և ինքնազարգացման մասին: Նրա հետևորդներից շատերը սկսեցին հարցեր տալ. «Երբ նրանք տեսնում են, որ հանրային անձը խոսում է այդ մասին, դա նրանց ազատություն է տալիս մտածելու այդ խնդիրների շուրջ, ուսումնասիրելու և հարցադրումներ անելու»,- ասում է Տիգրանյանը՝ հավելելով, որ այսօր իր ընկերներից շատերն են գնում թերապիայի։

«Երբ տեսնում ես, որ ինչ որ մեկի կյանքում կարևոր բաներ են փոխվում, ինքն իրեն սկսում է ավելի լավ զգալ, դու էլ ես ուզում էդպես ապրել… տարիներ առաջ չէի մտածի, որ Հայաստանում այդքան բան կարող է փոխվել: Թերապիան միայն խնդիրները լուծելու համար չի, այլ նաև կայունության և ինքնազարգացման մասին է։ Դուք  հաղթահարում եք ձեր վախերն ու բարդույթները, երբ ձեր ուսերից վայր եք դնում այդ բեռը»։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա