Պառկած մնամ, թե՞ Ամերիկա գնամ

Լուսանկարիչ: Սոնա Մնացականյան

10.04.23

Դժվար է պլանավորել ապագան, երբ ապրում ես մի երկրում, որտեղ հեռանալու պատճառները շատ են: Ընդունված է ասել որ այստեղ (Հայաստանում) ապագա չկա։ 

2021 թվականին երկրից 73 հազարով ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել։ Սա վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։

Առաջին անգամ մտածեցի երկրից հեռանալու մասին 17 տարեկանում. ցանկությունը հիմնականում պայմանավորված էր ընտանիքից առանձնանալու անհրաժեշտությամբ: Երբ համալսարան ընդունվեցի, գնալ էի ուզում՝՝ ավելի լավ կրթություն ստանալու համար: Պատերազմի ականատես լինելու վախը ավելացավ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո:

Սակայն օրինական ճանապարհով հեռանալը ենթադրում է ժամանակատար բյուրոկրատական աշխատանք, որը հնարավոր է չավարտվի հաջողությամբ: 

Հաճախ փորձում եմ ճնշել անորոշության զգացումը` «պահի մեջ ապրելով», բայց երբ մոռանում եմ երկրից հեռանալու խնդրի մասին, շրջապատող մարդկանց խոսակցություններն իրենց արտագաղթի ծրագրերի մասին, նորից ինձ հետ են բերում նույն կետին:

Հայտագրում․
ակնկալիքներ՝ նկարում՝ պատկերացնում եմ ինձ մի համալսարանում, որտեղ շրջապատող մարդիկ տարված են իրենց մասնագիտությամբ ու միմյանց ոգևորում են նոր գաղափարներով:

Կուզեի կինո սովորել, բայց առանց երկար ու անիմաստ դասախոսությունների։ 

Կուզեի համալսարանը փակեր սննդի ու կեցության ծախսերը, որպեսզի կենտրոնանամ միայն դասերի վրա:

Լավ ֆիլմը կարող է կարևոր հարցեր բարձրաձայնել՝ ավարտելուց հետո  կօգտագործեմ իմ հմտություններն ու փորձը՝ խոսելու ինձ ծանոթ երկրի (Հայաստանի) խնդիրների մասին։

Ինչո՞ւ մեր ծրագիրը՝ ես դիմում եմ միայն այն ծրագրերին, որոնք իսկապես հետաքրքրում են ինձ, որոնց մրցույթը հաճախ բարձր է՝ բարդ է ընտրվել: Միգուցե ավելի հեշտ է լինել այլ ծրագրերի մաս, բայց ես չեմ ուզում գնալ ինչ-որ տեղ պարզապես գնալու համար, քանի որ հեռանալը ունի էմոցիոնալ բարդություններ:

Հիմա ի՞նչ՝ ծրագրավորման դասերի եմ գնում, քանի որ Հայաստանում կինոյում աշխատելը գրեթե անհնար է, կամ, առնվազն, շատ հոգնեցնող:

Ես կարծում էի, որ կդառնամ սոված արտիստ, բայց դա բերեց փողի դիմաց ֆիլմ նկարահանելու, որը կամ ամբողջովին փչացնում է ֆիլմը՝ պատվիրատուի պահանջերի պատճառով կամ գումարը բավարար չէ քո պատկերացրածը նկարելու համար, կամ եթե ամեն ինչ լավ է ապա դու երկար տանջվել ես լավ ֆինանսավորում գտնելու համար: Էստեղ արտիստները խրվում այս խնդիրների մեջ տարիներով ուղղակի փորձելով իրենց ուզած աշխատանքով զբաղվել: 

Մի անգամ երազում էի մեքենա քշել, առանց վերջնական նպատակակետը իմանալու, Դանիս Հոփերի Easy Rider ֆիլմի հերոսների նման, դեռ մեկ-մեկ երազում եմ սրա մասին: Այստեղ ես Արգենտինայում եմ, խմում եմ մատե, որ Կորտասարն է պատրաստել իմ համար:

Իմ փորձը ցույց է տալիս, որ հյուծող է արտասահմանում սովորելու ծրագրերին դիմելու ընթացքը: Սկզբում զբաղված ես փաստաթղթերի պատրաստմամբ, դրանք ներկայացնելուց հետո, մնում է  սպասել: Ուշադրությունը կենտրոնում է մտքերի վրա, թե որքան դժվար կլինի հեռանալ առօրյայից, հրաժեշտ տալ այն ամենին, ինչ ունես էստեղ: Մտքերը գալիս են, չնայած դու դեռ չգիտես, ընդունվել ես, թե ոչ: Երբ ստանում ես մերժման նամակը, թվում է, որ ի զուր ես կորցրել այս ժամանակը, և, հնարավոր է, կարճ ընդմիջումից հետո, ստիպված լինես ամեն ինչ նորից սկսել:

Ձախ կողմում՝ իմ բակի խաղերից մեկն է, փոքր ժամանակ սա ձիու տեղ քշում էինք: Աջ կողմում այն փաստաթղթերն են, որոնք ընկերներիցս մեկը հավաքել է, երբ փորձում էր Ավստրիա ներգաղթել: Երկու տարի տևած բյուրոկրատական գործընթացներից հետո նրան մերժեցին՝ չհստակեցնելով 
պատճառը։ Ասել էին միայն այն, որ որոշ փաստաթղթեր բացակայում են:

5 տարի առաջ սկսեցինք ֆիլմեր ցուցադրել ընկերներով վարձած մեր տանը: Ես մեզ անվանում էի սինեֆիլներ, որպես ֆրանսիական նոր ալիքի հետևորդների: Ոգևորված էինք ցուցադրություններով և ուզում էինք ալտերնատիվ կինոթատրոն բացել։ Չորս տարի կիոդիտումներ, քննարկումներ,  փոքր փառատոններ և հանդիպումներ էինք կազմակերպում:

Անցյալ տարի սկսեցի մտածել, որ ցուցադրություններն այլևս բավարար չեն, և պետք է մտածել կինոթատրոնի բացման առաջին քայլն անելու մասին։ Գաղափարն այն էր, որ ավտոտնակ վարձենք և ցուցադրություններն այնտեղ անցկացնենք․ այն ներկայացնենք որպես կինոթատրոն, կապվենք ֆիլմերի դիստրիբյուտորների հետ, տոմսեր վաճառենք ու մեծ փառատոնների ծրագրեր բերենք:

Հաճախ եթե մեր երկրում ուզում ես ինչ-որ բանի մաս լինել, պետք է ստեղծես ինքդ, քանի որ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, եթե դա անհատների նախաձեռնությամբ չէ։

Բայց, երբ սկսում եմ մտածել երկրից հեռանալու մասին, չեմ կարողանում որևէ նոր բան սկսել։ Եվ  արդյունքում անցած տարին անցկացրել եմ անընդհատ սպասողական վիճակում և ոչինչ չեմ նախաձեռնել:

Ամեն դեպքում, շարունակում եմ նոր պլաններ կազմել, ներգրավվել նոր գործերի մեջ։ Բայց եթե ես հեռանալու գործընթացի մեջ չեմ, կողքիս միշտ կան մեկնողներ, որոնք պատահում է առաջարկում են իրենց հետ մեկնել կամ ուղղակի գնում են ու դրանով նորից թարմացնում մնալ-գնալու հարցը:

Զգացողություն կա, որ նախկինում երբ մարդիկ հեռանում էին, ավելի լավ էր, քանի որ համացանցը հեշտացնում է բաժանումը, թեեւ վերջնական արդյունքը նույնն է։

Ինչպես ստեղծել հայկական սփյուռք ցանկացած վայրում

Մեկ ամիս առաջ ես Ուջան գյուղում էի, տեղի ընտանիքներից մեկի տանը: Տնական գինի էինք խմում ու խոսում գյուղի կյանքի մասին։ Հյուրընկալողս ինձ պատմեց մի գյուղացու մասին, ով տարիներ առաջ կարողացել էր գաղթել Նիդեռլանդներ: Գյուղից առաջինն էր, ով ընտրել էր Ամստերդամը, դա Հայաստանում տարածված ընտրություն չէ։ Տեղ հասնելուց կարճ ժամանակ անց նա իրեն մենակ էր զգացել, քանի որ միայն հայերեն գիտեր: Արդյունքում իր համագյուղացի ընկերոջն առաջարկել էր իրեն միանալ Ամստերդամում։ Երբ նրանք արդեն միասին էին, կանչեցին երրորդին, հետո չորրորդին և հինգերորդին… ի վերջո, նրանք «փոքր Ուջան» ստեղծեցին Ամստերդամում:

Վերջին պատերազմից հետո արտագաղթի մասին նոր մտքեր լսեցի՝ հիմնականում տղամարդկանցից.

«Նախկինում ցանկություն կար ճանապարհորդել՝ տուն վերադառնալու մտադրությամբ։ Այստեղ տուն կկառուցեինք, վիզա կստանայինք, կճամփորդեինք ու հետ կգայինք։ Բայց վերջին պատերազմը շատ մոտ էր, մեր ընկերներին կանչեցին, յուրաքանչյուրս ճանաչում է գոնե մեկին, ով մահացավ:

Մտավախությունը, որ երբեք չես կարողանա լքել այս երկիրը, չեն թողնի, որ գնաս, մեծացել է, քանի որ պահեստային ես։ Ու կարող է եթե հիմա չգնանք, մի օր չկարողանանք։ Ու ստիպված լինենք մասնակցել հաջորդ պատերազմին»։

Այս մարդկանց հասարակությունը քննադատում է բավականաչափ հայրենասեր չլինելու համար։ Մահվան բնազդային վախը պատերազմող երկրներում դիտվում է որպես թուլություն:

Իսկ երկրում ապագայի ծրագրեր ունեցողները՝ հայրենասեր իդեալիստներ են հեռանալ ցանկացողների համար:

Վեց ամիս մաման չէր կարողանում որոշել առնի էս պահարանը թե ոչ, ասում էր որ «երկիրը շուտով փայթելու ա» ու չի ուզում ուրիշ երկիր մեծ պահարան հետը տանի:

Մաման պատմել էր մի մարդու պատմություն, ով 20 տարի շարունակ նոր սառնարան չէր գնում ու միշտ հինն է վերանորոգում, ոչ թե փողի չունենալու պատճառով, այլ որովհետև չէր ուզում ներդրումներ կատարել այնպիսի փխրուն բանի մեջ, ինչպիսին այս երկրի ապագան է։

Ի վերջո, մաման գնեց պահարանը ու մի կտոր հող, որտեղ տուն է կառուցելու: Չգիտեմ՝ հաղթահարե՞լ է իր վախերը, թե՞ գժվել։

Ինձ Ուջան բերած տաքսու վարորդն ասաց, որ իր ընտանիքն ու բոլոր հարազատներն արտասահմանում են ապրում, նրան զանգում են աշխարհի տարբեր ծայրերից, բայց նա որոշել է երբեք չլքել իր երկիրը, քանի որ ցանկանում է այստեղ մեռնել։ Սա ինձ տարօրինակ թվաց, միակ միտքս այն էր, որ ավելի լավ չէ՞ մեռնելու ցանկությունից առաջ ապրել ուզել: Հիշեցի նաև, թե ինչպես են Հայաստանն անվանում՝ մեծ գերեզմանոց՝ դրսում ապրող շատ հայեր ցանկանում են, որ իրենց Հայաստանում թաղեն։ 


Այս ֆոտոպատմությունը մի նախագծի մաս է, որը մշակվել է «Կուլբրոան»-ի և Չայխանայի կողմից՝ «New Democracy Fund»-ի աջակցությամբ:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա