Փարաջանովը՝ Վրաստանի ԼԳԲՏ+ համայնքի ընկալումներում

Լրագրող: Կատարինա Բեքեր, Սոֆիա Սիմեթ
15.05.23

20-րդ դարի հայտնի և ազդեցիկ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն իր կարիերայի գագաթնակետին բանտարկվեց խորհրդային պաշտոնյաների կողմից՝ իր սեքսուալ կողմնորոշման համար: Ծնունդից մոտ մեկ դար անց, Փարաջանովի ձերբակալությունն ու ապրելակերպը մեկնաբանվում է Վրաստանի քուիր համայնքի կողմից:

Տասնամյակներ շարունակ, Փարաջանովի նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում կիրառված այս դատավճիռը լայնորեն ընկալվում էր որպես քաղաքական դրդապատճառներով արված մի բան։ 

©Յուրի Մեչիտով

Թեև երկու անգամ ամուսնացած Փարաջանովը երբեք պաշտոնապես չի խոսել իր սեռական կողմնորոշման մասին, ոմանք պնդում են, որ նրա միասեռականությունը (կամ երկսեռամոլությունը) հանրությանը հայտնի էր և բացահայտ քննարկվում էր: 1974 թվականին՝ իր կարիերայի գագաթնակետին, խորհրդային կառավարությունը նրան մեղադրեց պաշտոնյայի բռնաբարության մեջ։ Նա մեղավոր ճանաչվեց և հինգ տարվա պատիժը կրեց Սիբիրյան աշխատանքային ճամբարներում։ Հայերի ու վրացիների մեծ մասը (երկու ազգերն էլ պնդում են, որ Փարաջանովը հենց իրենցն է) ընդունում էին, որ մեղադրանքը և բանտարկությունը քաղաքական դրդապատճառներ ունեն:

1924 թվականին Խորհրդային Վրաստանում ծնված, հայ ծնողների որդի Փարաջանովն իր ֆիլմերով այսօր էլ գրավում է ավանգարդ կինոարտադրողների, արվեստագետների և դերասանների ուշադրությունն ամբողջ աշխարհում: Նրա աշխատանքն օգնեց վերաիմաստավորել ժամանակակից կինոն 1960-ականներին և արժանացավ արվեստի և կինոաշխարհի խոշորագույն դեմքերի հիացմունքին։ Խոսքը հատկապես «Նռան գույնը» ֆիլմի մասին է:

Նրա գործերը և այլախոհների հետ սերտ բարեկամությունը, սակայն զայրացրին խորհրդային կառավարությանը։ 1974 թվականին նա դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ Սիբիրի աշխատանքային ճամբարներում: Չորս տարի անց Փարաջանովն ազատ արձակվեց։ 

Ժան-Լյուկ Գոդարը, Միքելանջելո Անտոնիոնին և Անդրեյ Տարկովսկին արվեստագետների այն սերնդից են, ովքեր ոգեշնչվել են Փարաջանովի ստեղծագործություններից, հատկապես՝ «Նռան գույնից»:

© Յուրի Մեչիտով
Ամերիկացի բանաստեղծ Ալեն Գինսբերգը և Սերգեյ Փարաջանովը

«Ֆիլմի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն։ Սերգեյ Փարաջանովն այս տաճարի տիրակալն էր»,- ասել է Գոդարը։ Վերջերս ամերիկացի փոփ աստղ Լեդի Գագան հարգանքի տուրք մատուցեց Փարաջանովին՝ իր 911 երաժշտական հոլովակում: Չիկագոյի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Լիա Ֆելդմանը ասում է, որ Փարաջանովը տասնամյակների ընթացքում ազդեցիկ է դարձել արտիստների ավելի լայն խմբի, այդ թվում՝ քուիր արտիստների շրջանում: .

«Կարծում եմ, որ նա միանշանակ ազդել է որոշ արվեստի գործերի վրա, և, իհարկե, կա կատարողական արտիստների մի խումբ, որոնց համար նրա աշխատանքներն իսկապես ազդեցիկ են եղել, մասնավորապես՝ կոլաժային աշխատանքները», - ասում է նա:

Փարաջանովի աշխատանքի մի առանձին տարր՝ վրացական կինտո պարողները, գրավել են քուիր համայնքների ուշադրությունը, նշում է Ֆելդմանը: Կինտոները 19-րդ և 20-րդ դարերի սկզբին Վրաստանում առևտրականներ կամ գործազուրկ մարդիկ էին, որոնց աշխատանքը ռեստորաններում հյուրերի հյուրասիրելն էր: Նրանց կատարումների հիման վրա ձևավորվեց տղամարդու պարային հստակ ոճ:

«Նրանք տղամարդ պարողներ էին, և… մարդիկ կարող էին մտածել, որ գեյ են: Անկախ նրանից, թե արդյոք դա ճիշտ տեսակետ էր, թե ոչ, պարողներն ունեին հատուկ շարժումներ, որոնք համարվում էին կանացի»,- ասում է նա:

 Tbilisi Pride շարժումը որպես համայնքի խորհրդանիշ ընդունել է կինտո պարողներին։ Իսկ 2022-ին Փարաջանովին ավելացրին այդ խորհրդանիշերի ցանկին, որպես մի անձ, ով հետապնդվել է իր սեքսուալության համար: Անկախ Փարաջանովի սեքսուալությունից, ինքնարտահայտվելու ազատության համար նրա պայքարը նրան գրավիչ օրինակ է դարձնում Վրաստանի քուիր համայնքի համար։ Համայնքը բախվում է մեծ մարտահրավերների, քանի որ պնդում և պաշտպանում է իր իրավունքները: Նրա անդամները պարբերաբար հարձակման են ենթարկվում, և նրանց իրավունքները կասկածի տակ են դրվում երկրի իշխող կուսակցության և վրացական հզոր ուղղափառ եկեղեցու կողմից:

Այս ճնշման պայմաններում Tbilisi Pride  շարժումն օրինակներ է փնտրում՝ խրախուսելու և հզորացնելու երիտասարդներին՝ պաշտպանելու սեփական սեքսուալությունը, նշում է ակտիվիստ Թամարա Կապանաձեն: Թեև այժմ Վրաստանում կան ավելի շատ վայրեր, որտեղ քուիր մարդիկ կարող են իրենց ապահով զգալ, դեռևս կան «շատ ու շատ խնդիրներ»:

Փարաջանովը քուիր համայնքի համար ոչ միայն օրինակ է, որին կարելի է հետեւել, այլեւ ոգեշնչման աղբյուր։

© Յուրի Մեչիտով

«Փարաջանովը սիրում էր այս էկլեկտիկ բազմազանությունը, քանի որ ստեղծագործության հիմնական ոգեշնչման աղբյուրը գեղեցկություն ստեղծելու ցանկությունն էր՝ գունեղ, դեկորատիվ գեղեցկություն»,- ասում է կինոքննադատ Թեո Խատիաշվիլին՝ նշելով, որ նրա ֆիլմերն ու իր կոլաժները, արվեստի ձև, որը նա մշակել է բանտում,  պատմություն պատմելու համար օգտագործում էին դեկոնստրուկցիան և «ապակայունացումը»։ 

«Դա բառացիորեն առօրյա առարկաներ հավաքելն է՝ մի ամբողջ պատմություն կառուցելու համար», - բացատրում է նա: «Նա ստեղծեց ծեսեր և ավանդույթներ, որոնք միշտ ուղղված են ապակայունացմանը»:

Խատիաշվիլին, ով գիրք է գրել Փարաջանովի մասին, բացատրում է, որ արվեստագետի մոտեցումը սեփական սեքսուալության նկատմամբ դրսևորվում է նրա գեղագիտության մեջ։ Փարաջանովի ստեղծագործության սկզբունքը նա համարում է կերպարանափոխությունը՝ նշելով, որ իր ֆիլմերում նա հաճախ խաղում է գենդերային փոփոխության հետ, օրինակ՝ ներգրավվում դերասանուհու, ով մարմնավորում է եւ կնոջ, եւ տղամարդու կերպար: Հարցազրույցներից մեկում Փարաջանովն ասում է, որ տպավորված է պարսկական մի նկարով, որտեղ սիրահարված զույգը նստած է կողք կողքի, և նրանք նույն դեմքն ունեն։ Այս ոճավորված պատկերն ընդհանուր առմամբ  բնորոշ է պարսկական մանրանկարչությանը, որն ազդել է Փարաջանովի վրա և դարձել ներշնչանք «Նռան գույնը» ֆիլմի համար։

Պրոֆեսոր Ֆելդմանն ասում է, որ Փարաջանովը Կովկասը տեսնում էր որպես մի աշխարհ, որը դեռ ազգայնացված չէ եւ սահմաններ չունի: Սա, և սեռի շատ հեղհեղուկ պատկերը, որն իր հերթին միավորում է պատկանելիության հեղհեղուկ պատկերը, ունի մի տեսակ սյուրռեալիստական որակ՝ ասում է նա:

Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը համաձայն է. «Նա մարդ էր Կովկասի կենտրոնից, եկել էր Թբիլիսիից, որտեղ ծանոթացել էր այս տարածաշրջանի բոլոր մշակույթների հետ։ Նրան դուր էր գալիս ստեղծագործելու գործընթացը։ Կարելի է ասել, որ նա սիրում էր խաղեր խաղալ՝ խաղալ տեսարանների, դերասանների ու դերասանուհիների հետ, իրերի հետ: Այս ամենին նա կյանք էր տալիս։ Երբ դուք դիտում եք Փարաջանովի ֆիլմը, կարող եք տեսնել, որ դա պարզապես ֆիլմ չէ, այլ արվեստ է, որը կենդանի է»:

Փարաջանովը մահացել է 1990 թվականին, Երեւանում։ Բացի թանգարանից և նրա արձանից իր հայրենի քաղաքում՝ Թբիլիսիում, քիչ բան կարելի է նշել, որ ցույց է տալիս նրա այստեղից լինելը:

Կինոգետ Խատիաշվիլին նշում է, որ և՛ հայկական, և՛ վրացական մշակույթը դեռևս պահպանողական է, իսկ հոմոֆոբիան՝ համատարած։ «Չեմ կարող ասել, որ Փարաջանովի սեքսուալությունը հիմա է բացահայտվում, նրա համասեռամոլությունը հայտնի փաստ էր: Ուրիշ բան, որ այնպիսի ավանդական մշակույթներում և հասարակություններում, ինչպիսիք են Հայաստանը և Վրաստանը, այլատյացությունն ու ավանդական ընկալումները խանգարում են մարդկանց ազատ մտածել, էլ չեմ խոսում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ ագրեսիայի մասին»։

© Յուրի Մեչիտով

Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Միքայելյանը արտիստին քուիր համայնքի սինվոլի վերածնելու անհրաժեշտություն չի տեսնում. Նրա կարծիքով Փարաջանովի սեռական կողմնորոշումը կարևոր չէ, և ընդհանուր առմամբ քուիր կինոգործիչներն ու ընդհանրապես քուիր մարդիկ այսօր Հայաստանում ավելի շատ ազատություն ունեն։ «Այսօր մենք ունենք կիրթ հասարակություն: Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում դա նշանակություն չունի. Այսօր մենք ունենք լայնախոհ, կիրթ, երիտասարդ սերունդ»,- ասում է նա։

Կապանաձեն նշում է, որ այսօր իր սերնդի ներկայացուցիչներից շատերն ընդհանրապես ոչինչ չգիտեն Փարաջանովի մասին. ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը մեծ ջանքեր չի գործադրում հարգելու նրա ժառանգությունը կամ իրենց հասարակություններին պատմելու արվեստում և կինոյում նրա ունեցած ավանդի մասին:

«1960-ականները Խորհրդային Միության այնքան հետաքրքիր շրջան էր: Փարաջանովը ժողովրդի մեջ էր. Բայց հիմա մենք դպրոցում նրա մասին չենք սովորում, համալսարանում էլ չենք սովորում, բացառությամբ կինոյի կամ արվեստի ֆակուլտետների... Փողոցում մարդուն կարող ես հարցնել, ու նա կարող է ընդհանրապես չճանաչել Փարաջանովին»,- ասում է նա։ 

«Երբ մենք խոսում ենք քուիր արտիստների մասին, տպավորություն է, թե նախկինում Վրաստանում նրանք գրեթե գոյություն չունեին… Հետևաբար, կարևոր է իմանալ նրա մասին՝ նաև որպես քուիր համայնքի մի մաս»:


Նյութը հրապարակվել է Դաշնային արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական հասարակության համագործակցության ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Deutsche Gesellschaft e.V.-ի կողմից։ 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա