Դրեգը Հայաստանում․ արվեստի էվոլյուցիան
Երբ 2016 թվականին Մարգո Պատչին* սկսեց Հայաստանում զբաղվել տրավեստի արվեստով, դրեգ և տրավեստի շոուները նոր էին տարածում գտնում։
«Դրեգ և տրավեստի արտիստները հիմնականում միայն անվճար ելույթներ էին ունենում ԼԳԲՏ+ հասարակական կազմակերպությունների կամ բարերի կողմից տրամադրված վայրերում»,- հիշում է նա:
Մարգոն, ով հենց տրավեստի արտիստ է, նշում է, որ թեև արվեստի այս երկու ձևերը միաժամանակ են տարածում ստացել, տրավեստին սկզբունքորեն տարբերվում է դրեգից: Տրավեստիի արմատները տանում են դեպի թատրոն, և այն կենտրոնանում է դասական կամ կարծրատիպային կանացիության շուրջ: Այն հաճախ արվում է հետերոսեքսուալների կողմից՝ կատակերգության մեջ, և միշտ չէ, որ եղել է քվիր մշակույթի մաս: Դրեգը, որը ևս ներառում է քրոսդրեսինգ (այլ սեռի հագուստ հագնելը), գրեթե միշտ արվել է քվիր մարդկանց կողմից և հիմնականում հենց քվիր տարածքներում:
Լեոնա Լավ Վոդկահաուսը սկսել է ելույթ ունենալ 2017 թվականից: Նա հիշում է, որ իրեն և մյուս արտիստներին այն ժամանակ համարում էին ԼԳԲՏ+ համայնքի «ֆրիկեր»: Նույնիսկ համայնքում շատ մարդիկ ծանոթ չէին արվեստի այս ձևերին: Շատերը դրեգ արտիստներին շփոթում էին տրանսգենդեր կանանց հետ:
«Այն ժամանակ հավես էր, որովհետև լիքը ատելություն կար մեր հանդեպ: Հիմա արդեն ձանձրալի է: Բոլորը սիրում են մեզ: Ատելությունն ինձ ավելի շատ էր մոտիվացնում՝ դրեգը ներկայացնել որպես բողոք, այլ ոչ թե որպես տոն»,- հիշում է Լեոնան:
«Դրեգ անելը միշտ թանկ է, և մենք դա անում էինք առանց բյուջեի` օգտագործելով մեր սեփական ռեսուրսները»,- շարունակում է նա: «Արվեստի բոլոր ձևերը գոյության և զարգացման համար ֆինանսական աջակցության կարիք ունեն, առանց դրա մենք չենք կարող նոր լուքեր ստեղծել կամ զարգացնել մեր դրեգը»:
Մարգոն նշում է, որ մինչև 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը» կար քվիր մարդկանց համար ապահով մի բար, որտեղ էլ դրեգ շոուները հիմնականում տեղի էին ունենում։ Այն փակվեց հարկեր չվճարելու պատճառով՝ նոր կառավարության իշխանության գալուց շատ չանցած: Արտիստներն այսպիսով կախվածության մեջ հայտնվեցին իրենց աջակցող ՀԿ-ներից, իսկ դրանք միշտ չէ, որ դրեգ արտիստներին ստեղծագործական լիակատար ազատություն էին տալիս:
«Միշտ ինչ-որ գրաքննություն կար, որը խոչընդոտներ էր ստեղծում արվեստի ազատության համար», - պատմում է Մարգոն:
2018 թվականից հետո հիմնական արտիստները, ինչպիսիք են Լեոնան և Մարգոն, դադարեցրին իրենց շոուները, քանի որ նրանց համար անվտանգ վայրեր գտնելը չափազանց դժվար դարձավ: Շատերը նույնիսկ լքեցին երկիրը։
Դրեգ արտիստ Սիսին (անունը՝ իսպաներեն` «այո», իսկ ռուսերեն ժարգոնում՝ «կրծքեր» բառերից) որոշեց օգտագործել իր վերջին հանրային ելույթը դրեգ կերպարից դուրս գալու և տղամարդու կերպարով բեմի վրա մնալու համար՝ փորձելով հանդիսատեսին ցույց տալ, թե որքան դժվար է ապրել դրեգ արտիստի կյանքով։
«Ես գիտեի, որ տեղափոխվում եմ Ուկրաինա և այլևս չեմ ուզում դրեգով զբաղվել: Ես կատարել էի իմ առաքելությունը. մոտիվացրել էի ուրիշներին, ուստի ազատ էի մի կողմ քաշվելու», - հիշում է նա:
Նա ոգեշնչվել էր Շառլ Ազնավուրի «What makes a man a man» երգից։ Տարիների ընթացքում շատ դրեգ արտիստներ կատարել են այս համարը, որի ընթացքում նրանք զգեստափոխվում էին ու իրենց առօրյա հագուստը հագնում, մինչ երգը պատմում էր դրեգ անելու դժվարությունների մասին: Սիսին հիշում է, որ իր ելույթի ավարտին հանդիսատեսի մեծ մասն արտասվում էր:
Չորս տարի անց դրեգ արտիստների համար նոր հնարավորություններ իհայտ եկան։ Նախկին արտիստները (օր․՝ Լեոնան), նորից սկսեցին ելույթ ունենալ նոր վայրերում, օրինակ Պոլիգրաֆ տեխնո ակումբում, որտեղ տեղի էին ունենում որոշ քվիր միջոցառումներ:
2022 թվականի դեկտեմբերին Փինք Արմենիայի տարեդարձի երեկույթի ժամանակ հինգ հոգի ելույթ ունեցավ, այդ թվում՝ նոր արտիստներ, ինչպիսիք են Ֆրիգիդ Բարդոն, Լեդի Դայը, Ջիջի Էրիսը և Ռեմի Ջելաթոն։
Նոր արտիստները ոգեշնչվում են արևմտյան դրեգ կատարողներից՝ միաժամանակ ուղիներ փնտրելով հնչեցնելու իրենց ձայնը:
Ռեմի Ջելաթոն առաջին անգամ դրեգ շոու տեսել է 2021 թվականին Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա ապրում էր գրեթե վեց տարի: Վերադառնալուց և այստեղի քվիր համայնքը բացահայտելուց հետո դրեգը դարձավ Ռեմիի կյանքի կարևոր մաս:
Նա որոշեց ամենշաբաթյա դրեգ միջոցառում կազմակերպել Փինք Արմենիայի համայնքային կենտրոնում, որպեսզի նոր արտիստներին ապահով հարթակ տրամադրի՝ դրեգ մշակույթը քննարկելու և դրա պատմության մասին ֆիլմեր դիտելու համար:
Լեդի Դայը, ով ցիսգենդեր կին է՝ դրեգում և դրեգից դուրս, փորձում է հարցադրել քվիր համայնքի նորմերը: Նա ոգեշնչվում է իր կյանքով և հիպերկանացիության գաղափարով, բայց երբեմն ստիպված է լինում իր դրեգը բացատրել ավելի փորձառու արտիստներին:
Լեդի Դայը նշում է, որ իր ամենօրյա դիմահարդարումը, օրինակ, հեշտությամբ կարող է համարվել չափազանցված դրեգ դիմահարդարում, եթե այն լինի տղամարդ վերագրված դրեգ արտիստների դեմքին։ Սա, Լեդի Դայի կարծիքով, ցույց է տալիս, թե որքան ջանք է նա ներդնում իր արվեստի մեջ՝ դրեգ համայնքում ինտեգրվելու համար:
Նա հավելում է, որ բախվում է սլաթ-շեյմինգի, քանի որ կանացի ազատությունը ասոցացվում է սեքս աշխատանքի հետ, ինչն իր հերթին մեր երկրում մեծապես խարանված է:
Ջիջի Էրիսը ձգտում է իր ելույթներում ներկայացնել հայկական մշակույթն ու հասարակությունը, թեև դա ունի իր մարտահրավերները:
«Մանկուց մեզ սովորեցրել են, թե ինչն է հայկական արվեստն ու մշակույթը և որքան մաքուր է այն։ Հիմա, որպես չափահաս քվիր մարդ, ով տեսնում է մեր մշակույթի բոլոր ազդեցություններն ու շերտերը, ինձ շատ դժվար է գտնել այն, ինչ մոտ է իմ սրտին, գտնել ազգային մշակույթի այն հատվածները, որոնք կարող եմ հմտորեն օգտագործել իմ դրեգի մեջ»,- ասում է նա:
Ջիջին կարծում է, որ դրեգը կարող է օգտագործվել ոչ միայն հայոց պատմության ենթադրաբար քվիր ասպեկտները վերականգնելու համար, ինչպիսին է Փարաջանովի ֆիլմերը, այլ նաև մարտահրավեր նետելու այն ասպեկտներին, որոնք մերժել են քվիր համայնքին, օրինակ՝ ելույթների ընթացքում հղվելով հայտնի հայկական կատակերգական շոուներին («Մեր բակ», «Կարգին Հաղորդում»):
Ջիջիի կարծիքով, հենց հիմա ողջ աշխարհում դրեգը փորձում է դասակարգվել որպես արվեստ: Նա ցանկանում է ելույթներ ունենալ Հայաստանում, թեև անվտանգ տարածքներ գտնելը դեռ դժվար է։
«Նախկինում դրեգ արտիստները ֆրիկեր էին և գոյություն ունեին միայն ընդհատակում: Հիմա ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամբողջ աշխարհում դրեգ արտիստները փորձում են ասել, որ իրենք նույնպես իսկական արվեստագետներ են և որ կարող են իրենց արվեստով և՛ փող աշխատել, և՛ ստեղծագործել: Արվեստ, այլ ոչ թե «ֆրիկ շոու», - ասում է Ջիջին: - «Մենք բոլորս ինչ-որ առումով միասին ենք այս ճանապարհին, թեև՝ տարբեր փուլերում:
Հիմա էլ կան անհատներ, ովքեր փորձում են կենդանի պահել Հայաստանում ձևավորվող արվեստի այս ճյուղը։ Ակտիվ արտիստները կարծում են, որ անհրաժեշտ են ապահով տարածքներ և բավարար ֆինանսներ, որպեսզի երկրում դրեգի մշակույթն աճի ու զարգանա:
Սիսին, օրինակ, անհանգստանում է անվտանգ տարածքների մասով: Նա նշում է, որ եթե արտիստները չկարողանան հարմար վայրեր գտնել ու չվարձատրվեն, Հայաստանում դրեգը վերջիվերջո կմարի:
«Մենք պետք է ավելի խելացի լինենք որպես հասարակություն», - ասում է նա: «Առաջինը` բիզնեսի տեսանկյունից սա շատ ձեռնտու կլինի, որովհետև կբերի մարդկանց ու փողի հոսքերի․․․Մեզ՝ արտիստհներիս համար էլ ձեռնտու կլինի այլ տեսանկյունից, քանի որ մեզ համար տարածք կապահովի»։
* Անվտանգության նկատառումներից ելնելով` բոլոր հերոսները ներկայացված են իրենց բեմական անուններով:
Պատմությունը պատրաստվել է Unit-ի օգնությամբ՝ լրագրողների և ակտիվիստների ցանցի, ովքեր աշխատում են ԼԳԲՏ+ թեմաներով:
նվիրաբերեք հիմա